ՀՀ Ազգային Ժողովի 2026 թ. ընտրություններում Հայ Ազգային Կոնգրես կուսակցության պատգամավորության թեկնածուների հակիրճ կենսագրությունները։

ՏԱԹԵՎ ԶՈՐՅԱՆ
Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակի 3-րդ համարը Տաթեւ Զորյանն է: Տաթեւը քաղաքագետ է, հանրային քաղաքականության եւ ռազմավարական հաղորդակցության մասնագետ:
2008 թվականից անդամակցում է Հայ ազգային կոնգրեսի քաղաքական թիմին՝ ակտիվորեն մասնակցելով Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքին։ Տարիների ընթացքում ներգրավված է եղել քաղաքական եւ քաղաքացիական բազմաթիվ նախաձեռնություններում, կազմակերպչական գործընթացներում եւ հանրային պայքարներում՝ ձեւավորվելով որպես սկզբունքային, գաղափարական եւ հետեւողական քաղաքական գործիչ։
2021 թվականից ընտրվել, իսկ 2026-ին վերընտրվել է Հայ ազգային կոնգրեսի վարչության անդամ՝ շարունակելով իր ակտիվ ներգրավվածությունը քաղաքական եւ կազմակերպչական գործընթացներում։
Բացի քաղաքական եւ մասնագիտական գործունեությունից, Տաթեւ Զորյանը կարեւորում է նաեւ մշակութային եւ անձնական զարգացումը։ Ունի երաժշտական կրթություն, հետաքրքրված է դասական երաժշտությամբ եւ բարձր արվեստով, որոնք, իր համոզմամբ, ձեւավորում են ներքին կարգապահություն, մտածողության խորություն եւ մարդու արժեքային համակարգը։ Ազատ ժամանակ նախընտրում է զբաղվել սպորտով եւ առողջ ապրելակերպ վարել՝ կարեւորելով ֆիզիկական եւ մտավոր հավասարակշռությունը։

ՍԱՄՎԵԼ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
ՀԱԿ պատգամավորության թեկնածուների ցուցակում 4-րդը Սամվել Աբրահամյանն է: 1988-ից ղարաբաղյան շարժմանն ակտիվորեն մասնակցած Սամվել Աբրահամյանը ՀՀՇ (ՀԱԿ) կուսակցության վարչության անդամ է 1994 թվականից ի վեր։ 2010 թվականին ընտրվել է ՀՀՇ փոխնախագահ, իսկ 2013-ից մինչ օրս ՀԱԿ-ի վարչության գործադիր քարտուղարն է։
1990-1993 թթ. ղեկավարել է ՀՀՇ (ՀԱԿ) կուսակցության Աբովյանի տարածքային կազմակերպությունը։ 1993-1995 թթ. աշխատել է ՀՀ Նախագահին առընթեր վերահսկողական ծառայությունում։ 1995-1999 թվականներին եղել է ՀՀ Ազգային ժողովի առաջին գումարման պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
1995-1999 թվականներին եղել է ՀՀ Հարկային պետական տեսչության պետի տեղակալ, գույքային հարկերի վարչության պետ։ Ունի հարկային ծառայության 3-րդ դասի պետական խորհրդականի կոչում։
2000-2008 թվականներին աշխատել է բանկային համակարգում՝ որպես վարկային վարչության պետ։ «Բանկային գործ» բուհական դասագրքի (Երեւան, 2004) համահեղինակ է։
2006 թվականին իր մի շարք ընկերների հետ հիմնադրել է «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնությունը։
Սամվել Աբրահամյանը համոզված է, որ քաղաքական ուժի առաքելությունն առկա իրավիճակը, հնարավոր զարգացումները ճիշտ գնահատելն է, պետություն եւ հասարակության կյանքի առջեւ ծառացած ամենակարեւոր, գլխավոր խնդիրները վեր հանելը, դրանք ուսումնասիրելը եւ դրանց լուծման ռազմավարական ուղիներ առաջարկելը:

ԱՎԵՏԻՍ ԱՎԱԳՅԱՆ
Հայ Ազգային Կոնգրեսի համամասնական ցուցակի 5-րդ համարը Ավետիս Ավագյանն է: Նա այն գործիչներից է, որն իր քաղաքական ուժի ամենաամուր եւ վստահելի հենասյուներից մեկն է:
Ավետիս Ավագյանը ծնվել է 1965 թվականին՝ Երեւանում: 1982-1990 թթ. սովորել է Մոսկվայի Ժողովուրդների բարեկամության համալսարանի (РУДН) ֆիզմաթ եւ բնական գիտությունների ֆակուլտետում։ Նա ոչ միայն ստացել է մաթեմատիկոսի, այլեւ իսպաներենից ռուսերեն թարգմանչի որակավորում։ Ճշգրիտ հաշվարկի եւ հումանիտար հաղորդակցության այս համադրությունը հետագայում վճռորոշ դեր է խաղացել նրա դիվանագիտական կարիերայում։
Խորհրդային բանակում ծառայելուց (1983-1985 թթ.) եւ բուհն ավարտելուց հետո նա ընդունվում է Մոսկվայի Ժողովուրդների բարեկամության համալսարանի ասպիրանտուրա (1990-1991 թթ.)։ Սակայն 1991-ին՝ Հայաստանի համար պատմական ու անկյունադարձային ժամանակաշրջանում, կիսատ է թողնում ակադեմիական ուղին ու վերադառնում Երեւան՝ ծառայելու նոր ձեւավորվող պետականությանը։ Վերադառնալով հայրենիք՝ Ավետիս Ավագյանն արագորեն ինտեգրվում է պետական ապարատին։ 1992-1993 թթ. աշխատում է ՀՀ Գերագույն խորհրդի միջպառլամենտական կապերի բաժնում։
1993 թ. մարտին Ավետիս Ավագյանը նշանակվում է ՀՀ ԱԳՆ Լատինական Ամերիկայի բաժնի առաջին քարտուղար, իսկ արդեն նույն տարվա վերջից գործուղվում է Արգենտինա՝ որպես ՀՀ դեսպանության առաջին քարտուղար (1993-1996 թթ.), որտեղ կայացնում է Հայաստանի դիվանագիտական ներկայությունը հարավամերիկյան մայրցամաքում։
1996 թ. հուլիսից նրա աշխատանքային ուղին տեղափոխվում է ՀՀ Նախագահի աշխատակազմ (նախ՝ լրատվական բաժին, ապա՝ Նախագահի օգնական)։ Սա այն շրջանն էր, երբ սկիզբ է դրվում Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ նրա տասնամյակների անխզելի համագործակցությանը։ Երբ 1998 թ. փետրվարին Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց, Ավետիս Ավագյանը չհեռացավ քաղաքական թիմից։ Ընդհակառակը, 1998 թ. հունիսից նա ստանձնեց ՀՀ Առաջին նախագահի գրասենյակի տնօրենի պաշտոնը՝ այն անփոփոխ ղեկավարելով մինչ օրս։
Ավետիս Ավագյանն առանցքային դերակատարում է ունեցել նաեւ Հայաստանի նորագույն պատմության ընդդիմադիր ամենամեծ շարժումներից մեկի ձեւավորման եւ կառավարման գործում: Եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի եւ համաժողովրդական շարժման (ապա՝ ՀԱԿ-ի) առանցքային կազմակերպիչներից մեկը։ 2013 թ. ապրիլից, երբ Հայ Ազգային Կոնգրեսը վերածվեց կուսակցության, Ավագյանը ընտրվել եւ առ այսօր կուսակցության վարչության անդամ է։ Այժմ էլ նա ՀԱԿ-ի նախընտրական շտաբի ղեկավարն է:

ԱԼԵՔՍԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ
ՀԱԿ համամասնական ցուցակի 7-րդ համարը Ալեքսան Հակոբյանն է։ Մեր պետականաշինության ակունքներում կանգնած մարդկանցից մեկն է Ալեքսան Հակոբյանը: Նա «Ղարաբաղ» կոմիտեի 11 անդամներից մեկն է: 1993-2004 թթ. եղել է ԼՂՀ Քաշաթաղի վարչական շրջանի ղեկավարը։
Ալեքսան Հակոբյանը Գիտությունների դոկտոր է, Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանի ասպետ։ Երեւանի Պետական Համալսարանն ավարտելուց հետո նա ուսումը շարունակել է Լենինգրադի արեւելագիտության ինստիտուտի ասպիրանտուրայում։ 1990-1991 թվականներին եղել է կառավարությանն առընթեր միգրացիայի եւ փախստականների կոմիտեի նախագահ, 1991-1995 թվականներին՝ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի, 1995-2003 թվականներին՝ Ազգային ժողովի պատգամավոր։
2005-ից աշխատում է ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտոում, Քրիստոնյա Արեւելքի բաժնի վարիչն է։

ՄԱՄԻԿՈՆ ԿԱՆՈՅԱՆ
ՀԱԿ համամասնական ցուցակի 10-րդ համարը Մամիկոն Կանոյանն է: Մամիկոնը ՀԱԿ վարչության անդամ է: Ծնվել է 1992 թվականին Երեւանում: 2009 թվականից՝ 17 տարեկան հասակում, սկսել է գործունեությունը ծրագրավորման ոլորտում եւ ներգրավված է եղել բազմաթիվ խոշոր միջազգային եւ մասնավոր նախագծերում, որոնց զգալի մասը պաշտպանված է եղել NDA (չհրապարակման պայմանագրերով)։
Զուտ կոդավորմամբ չսահմանափակվելով՝ նա ընտրել է ակադեմիական այնպիսի ուղի, որը հնարավորություն կտար կառավարելու թվային գործընթացները։ 2013-ին ավարտել է ԵՊՀ Կառավարման ֆակուլտետի բակալավրիատը, իսկ 2015-ին՝ ստացել մագիստրոսի աստիճան Կառավարման տեղեկատվական համակարգեր ծրագրով։
Մասնագիտական հաջողություններին զուգահեռ, Մամիկոն Կանոյանն անմասն չի մնացել երկրի քաղաքական կյանքից։ Նրա մուտքը քաղաքականություն կապված է Հայ Ազգային Կոնգրես (ՀԱԿ) կուսակցության հետ, որտեղ նա ներկայացնում է քաղաքական գործիչների երիտասարդ, պրագմատիկ թեւը։
Լինելով Կոնգրեսի համակիր եւ ակտիվ անդամ՝ նա իր տեխնոլոգիական եւ կառավարչական փորձառությունը ծառայեցնում է կուսակցության գաղափարների տարածմանը, նախընտրական գործընթացների օպտիմալացմանն ու քաղաքական թիմի արդիականացմանը։ Նա ՀԱԿ-ի այն երիտասարդ դեմքերից է, որոնք ապացուցում են, որ պետության կառավարումը պահանջում է համակարգային, ինժեներական մտածողություն եւ տվյալների վրա հիմնված որոշումներ։ Մամիկոն Կանոյանը սինթեզում է թվային աշխարհի ճշգրտությունն ու ՀԱԿ-ի պետականակենտրոն գաղափարախոսությունը՝ ապացուցելով, որ ժամանակակից քաղաքական գործիչը նախեւառաջ պետք է լինի խելացի կառավարիչ եւ տեխնոլոգիաներին տիրապետող նորարար։

ՆԱՐԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀԱԿ նախընտրական ցուցակի 12 համարը Նարինե Հովհաննիսյանն է: Նարինեն ծնվել է 1966 թվականին Վարդենիսի շրջանի Մեծ Մասրիկ գյուղում:
1986-1991թթ. սովորել է Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի «Ընդհանուր տեխնիկական առարկաներ եւ աշխատանք» ֆակուլտետում: Բարձրագույն կրթություն ստանալուց հետո նա երկու տարի աշխատել է Վարդենիսի թիվ 2 դպրոցում, որից հետո տեղափոխվել է Երեւան եւ մասնագիտական աշխատանքային գործունեություն այլեւս չի ծավալել:
2007 թվականից Նարինե Հովհաննիսյանն ակտիվորեն ներգրավվել է քաղաքական գործընթացներում՝ դառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Համաժողովրդական շարժման ակտիվ մասնակից: Այնուհետեւ նա անդամագրվել է Հայ Ազգային Կոնգրես (ՀԱԿ) կուսակցությանը՝ հանդես գալով որպես կուսակցության ակտիվիստ:
Իր հասարակական-քաղաքական գործունեության շրջանակում նա ընդգրկված է եղել ՀԱԿ-ի նախընտրական ցուցակում նաեւ 2017 եւ 2021 թվականների ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ:

ԱՐՇԱՎԻՐ ՂՈՒԿԱՍՅԱՆ
ՀԱԿ ցուցակի 13 համարն Արշավիր Ղուկասյանն է: Ծնվել է Աշոցքի Թորոսգյուղում, ապրում է Վանաձորում, դասավանդում Վանաձորի պետական համալսարանում: Ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետը եւ Մոսկվայի առեւտրի եւ իրավունքի ինստիտուտի տնտեսագիտական ֆակուլտետը:
Արշավիր Ղուկասյանը 1988-ից Հայոց համազգային շարժման, հետագայում՝ Հայ Ազգային Կոնգրեսի անդամ է: 1991-1996 թթ. եղել է Վանաձորի քաղխորհրդի պատգամավոր, նախագահության անդամ: «Մասնակցային կառավարում» տեղական իշխանությունների համար ձեռնարկի համահեղինակ է:
Ունի պետական կառավարման 15 տարվա փորձ՝ ՀՀ կառավարությունում, քաղաքաշինության նախարարությունում, Լոռու մարզպետարանում, աշխատանքի փորձ՝ մոտ 3 տարվա՝ միջազգային կազմակերպությունում, 8 տարվա՝ հասարակական կազմակերպությունում, շինարար-կոնստրուկտորի ավել քան 12 տարվա փորձ, նախագծել է արդյունաբերական շենքեր:
Հեղինակավոր միջազգային եւ տեղական բազմաթիվ կազմակերպությունների պատվերով ավելի քան 27 տարի վարել է դասընթացներ եւ մատուցել փորձագիտական ծառայություններ:
Արշավիրը համարում է, որ ՀԱԿ-ը, հավատարիմ մնալով իր սկզբունքներին, ամենաիրատեսական եւ ռացիոնալ մտածող ուժն է, որը, գալով իշխանության, կարող է հաստատել իրական խաղություն, երկրում հաստատել համերաշխության ու հանդորժողականության մթնոլորտ, կասեցնել երկրի գահավեժ ընթացքը, զարգացնել տնտեսությունն ու գիտությունը, արտաքին հարաբերություններում վերականգնել արժանապատիվ գործընկերային հարաբերությունները:

ՏԻԳՐԱՆ ՊԱՊՈՅԱՆ
ՀԱԿ համամասնական ցուցակի 16 համարը Տիգրան Պապոյանն է: Ծնվել է 1970 թվականին: 1987-1991 թվականներին սովորել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական եւ շինարարական ֆակուլտետում: Նրա անցած ուղին ընդգրկում է պետական ծառայության, մասնավոր հատվածի, ինչպես նաեւ ակտիվ քաղաքական ու տեղական ինքնակառավարման ոլորտները։ 1992 թվականին աշխատանքի է անցել ՀՀ մաքսային վարչությունում՝ որպես տեսուչ Այրում-Ջիլիզա մաքսային կետում։
1995-1997 թվականներին Տիգրան Պապոյանը ծառայել է ՀՀ զինված ուժերում։ Զորացրվելուց հետո նա վերադարձել է մասնագիտական աշխատանքին՝ շարունակելով ծառայությունը Այրումի մաքսային կետում։ Տարիներ անց՝ 2003 թվականից, փոխել է գործունեության ոլորտը եւ սկսել զբաղվել անհատ ձեռնարկատիրությամբ։
Նրա ակտիվ քաղաքական կյանքը սկսվել է 2007 թվականի հոկտեմբերից, երբ միացավ ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնած ընդդիմադիր Համաժողովրդական շարժմանը։
2022 թվականին Պապոյանն իր քաղաքական փորձառությունը տեղափոխեց տեղական ինքնակառավարման հարթակ։ Մասնակցելով Ալավերդի խոշորացված համայնքի ավագանու ընտրություններին՝ նա նախ ընտրվեց ավագանու անդամ, ապա «Ապրելու երկիր» կուսակցության հետ կոալիցիոն դաշինքի արդյունքում ստանձնեց Ալավերդի համայնքի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը։ Այս պատասխանատու պաշտոնը նա զբաղեցրեց մինչեւ 2023 թվականի դեկտեմբերը։
Տիգրան Պապոյանն ամուսնացած է, ունի երկու երեխա։ Ազատ ժամանակը նախընտրում է անցկացնել բնության գրկում։ Նա ակտիվորեն հետաքրքրվում է բնապահպանությամբ եւ սիրում է զբաղվել ձկնորսությամբ։

ՆԱՐԻՆԵ ԳԻԺԼԱՐՅԱՆ
ՀԱԿ պատգամավորության թեկնածուների ցուցակի 18 համարը Նարինե Գիժլարյանն է: ՀԱԿ վարչության անդամ է: Ծնվել է Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Վերին Կարմիր Աղբյուր գյուղում: Ավարտել է Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Աշխատել է հանրապետական մամուլում որպես խմբագիր, թարգմանիչ: Հանրային հեռուստաընկերության, «Շողակաթ», «Արմնյուզ», «ATV» եւ այլ հեռուստաընկերությունների համար թարգմանել եւ խմբագրել է բազմաթիվ գիտահանրամատչելի եւ գեղարվեստական ֆիլմեր, հեռուստասերիալներ:
Հայաստանի ազգային գրադարանում եւ Ավետիք Իսահակյանի անվան քաղաքային կենտրոնական գրադարանում զբաղվել է հանրային կապերով եւ սոցիալական մեդիայի մենեջմենթով: Եղել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնի հանրային կապերի պատասխանատուն: Գրքի երեւանյան միջազգային փառատոնում քանիցս եղել է գրական մրցույթների ժյուրիի անդամ: Այժմ գլխավորապես զբաղվում է գրքերի թարգմանությամբ:
Եղել է Հայոց համազգային շարժման համակիր, աշխատել «Չորրորդ իշխանություն» թերթում: 2007-ից մասնակցել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Համաժողովրդական շարժմանը, այնուհետեւ անդամակցել Հայ Ազգային Կոնգրեսին:

ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱԲԵԿՅԱՆ
ՀԱԿ նախընտրական ցուցակի 23 համարը Սամվել Կարաբեկյանն է: ՀԱԿ վարչության անդամ է: Սամվել Կարաբեկյանը բարձրագույն կրթության ոլորտում շուրջ 40 տարվա աշխատանքային փորձառություն ունի։ Այդ ընթացքում պատրաստել է «Ասիայի հին եւ նոր լեզուներ» մասնագիտությամբ 15 գիտությունների թեկնածուի։
1992-2008 թթ. Երեւանի պետական համալսարանի արաբագիտության ամբիոնի վարիչն էր։ 2006-2008 թթ. միաժամանակ ղեկավարել է ԵՊՀ Համալսարանական կրթության զարգացման վարչությունը։
2009-2018թթ. դասավանդել է Երեւանի Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի կրթության կառավարման եւ պլանավորման ամբիոնում եւ ղեկավարել Համալսարանական շարունակական կրթության կենտրոնը։
2014 թ. ընտրվել է Ցկյանս ուսումնառության Հայաստանյան լիգայի նախագահ, պաշտոնավարել է մինչեւ 2018թ.։ Այժմ դասավանդում է Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի արեւելագիտության ինստիտուտում:
Ունի աշխատանքի փորձ պետական եւ դիվանագիտական կառույցներում, փորձագիտական գործունեություն է վարում բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտում:

ՍՈՖՅԱ ՅՈՐԴԵԿՅԱՆ
ՀԱԿ ընտրական ցուցակի 21-րդ համարը Սոֆյա Յորդեկյանն է: Նա տարիներ շարունակ հասարակական-քաղաքական ակտիվ գործունեություն է ծավալել Հայ ազգային կոնգրեսի շարքերում: Այժմ ՀԱԿ «Կենտրոն» տարածքի կառույցի խորհրդի նախագահն է:
Զբաղվում է էսթետիկ կոսմետոլոգիայիով: Նախկինում ունեցել է նաեւ սեփական բիզնեսը կառավարելու հաջող փորձ։ Ակտիվ առօրյային զուգահեռ՝ զբաղվում է երաժշտությամբ եւ մարմնամարզությամբ
Որպես պատգամավորության թեկնածու՝ նա համոզված է. երկիրը ճգնաժամից դուրս բերելու բանալին Ազգային Ժողովում ՀԱԿ-ի ծանրակշիռ ներկայությունն է։

ՍԱՍՈՒՆ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
ՀԱԿ Համամասնական ցուցակի 28 համարը Սասուն Վարդումյանն է: ՀԱԿ վարչության անդամ է: Ծնվել է 1987 թվականին՝ պատմամշակութային հարուստ ժառանգություն ունեցող Ախթալա քաղաքում։
2005-2007 թվականներին ծառայել է ՀՀ ՊՆ ինժեներական զորքերում:
2008-2011 թվականներին ուսանում է Վանաձորի ավտոմոբիլային տեխնիկումում՝ ստանալով տրանսպորտի կազմակերպման եւ կառավարման (լոգիստիկայի) մասնագետի որակավորում։ Ուսմանը զուգահեռ, նա մուտք է գործում աշխատանքային դաշտ՝ ընդունվելով Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ։ Այստեղ՝ 2008-ից մինչեւ 2016 թվականը, նա աշխատել է վարորդ, ավտոտնտեսության մեխանիկ, այնուհետեւ՝ պարկի գլխավոր պահեստապետ։
Տեսնելով համայնքի խնդիրներն ու ունենալով դրանք լուծելու կամք՝ Սասուն Վարդումյանը սկսում է ակտիվորեն զբաղվել հասարակական եւ քաղաքական գործունեությամբ։ 2012 թվականին նա ընտրվում է Ախթալա քաղաքի ավագանու անդամ՝ ստանձնելով համաքաղաքացիների վստահությունը։
2017-2022 թվականներին նա եղել է Ախթալա համայնքի ղեկավարի տեղակալ, 2023-2024 թվականներին՝ ստանձնել Ալավերդի խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալի պարտականությունները (որպես ժամանակավոր պաշտոնակատար)։ 2023 թվականին նա ընդունվել է ՀՀ ԱԻՆ (ՆԳՆ) Ճգնաժամային կառավարման ակադեմիա՝ կատարելագործելով կառավարման իր հմտությունները։
Հետաքրքրված է Հայաստանի Առաջին Հանրապետության բարդ ու հերոսական դրվագներով, ֆիդայական շարժմամբ, ինչպես նաեւ հարազատ Լոռվա եւ Ախթալայի հարուստ պատմությամբ։ Սասունը գրում է բանաստեղծություններ, գրքի հեղինակ է:

ՆԱՐԵ ՇՄԱՎՈՆՅԱՆ
ՀԱԿ համամասնական ցուցակի 82-րդ համարը Նարե Շմավոնյանն է: Նարեի քաղաքական ընտրությունը խորհրդանշական է եւ արմատներով գնում է դեպի ընտանեկան արժեքներն ու հայոց պետականության ակունքները: Դեռեւս 2008 թվականից նա հոր հետ միասին կանգնել է համաժողովրդական պայքարի ակունքներում՝ հանուն ազատ, արդար եւ բարեկեցիկ Հայաստանի:
Ծնված լինելով պատմական մի օր, երբ ընթերցվում էր Հայաստանի Անկախության հռչակագիրը, նա իր ուղին ու գործունեությունը տեսնում է հենց այն պետականամետ գործիչների կողքին, որոնք կերտեցին անկախությունը, ազատագրեցին Արցախը եւ այսօր մեր երկրում խաղաղության իրական ջահակիրներն են:
Նարեն 2012-2018 թթ. ուսանել է Ջիվանու անվան աշուղական դպրոցի ժողովրդական եւ աշուղական երգեցողության բաժնում: 2020-2026 թթ. բակալավրի, ապա նաեւ մագիստրոսի աստիճանով ավարտել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ակադեմիական երգեցողության բաժինը: Մասնագիտանալով որպես երաժշտաթերապեւտ՝ Նարեն արվեստը ծառայեցնում է մարդկանց ապաքինմանն ու հոգեւոր ներդաշնակության վերականգնմանը: Նրա հանրային գործունեության եւ արժեհամակարգի առանցքային նպատակներից է Հայաստանում ներառական կրթության խթանումն ու զարգացումը՝ ապահովելով հավասար եւ արժանապատիվ հնարավորություններ բոլորի համար:
Գրում է բանաստեղծություններ, այժմ տպագրության է պատրաստում հեղինակային բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուն:

ՎԱՐԴԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀԱԿ համամասնական ցուցակի 31 համարը Վարդան Հարությունյանն է: ՀԱԿ վարչության անդամ է:
2007-2012 թվականներին սովորել է Վանաձորի պետական մանկավարժական համալսարանի Կենսաքիմիայի ֆակուլտետում։ 2007 թվականին ուսմանը զուգահեռ աշխատել է շինարարության ոլորտում («Երուկրշին»), իսկ հետագայում՝ որպես ինտերնետ օպերատոր։
2018-2019 թվականներին եղել է «ԷՕՆ» հակասրճարանի մենեջեր: 2015-2018 թթ. եւ 2021-2022 թթ. զբաղվել է ազատ գրաֆիկով ծրագրավորմամբ եւ վիդեոմոնտաժով։ 2022-2023 թթ զբաղվել է վաճառքի կազմակերպմամբ՝ որպես մենեջեր «Դեկորա գրուպ»-ի «Դոմուս» խանութների ցանցում:
Վարդան Հարությունյանի կյանքում կենտրոնական տեղ է զբաղեցնում մարդասիրությունն ու հանրային ծառայությունը։ Նա 2006 թվականից առ այսօր կամավորագրված է «Կարմիր խաչի» ընկերությունում։ Քաղաքացիական հասարակության զարգացմանն ու ժողովրդավարական արժեքներին նրա նվիրվածությունը փաստում է նաեւ 2009 թվականից Ֆրիդրիխ Նաումանի եւ Կոնրադ Ադենաուերի հեղինակավոր հիմնադրամների ծրագրերին մշտական մասնակցությունը։
Վարդանի ակտիվ եւ պահանջատեր քաղաքացիական դիրքորոշումը տրամաբանորեն առաջնորդել է նրան դեպի քաղաքական դաշտ։ Դեռեւս 2011 թվականին նա համալրել է ՀՀՇ շարքերը, ապա դարձել Հայ Ազգային Կոնգրեսի (ՀԱԿ) գաղափարակիցն ու անդամը։

ՎԻԿՏՈՐ ՄԻՐՈՒՄՅԱՆ
Կոնգրեսի նախընտրական ցուցակի 90 համարը Վիկտոր Միրումյանն է: ՀԱԿ վարչության անդամ է: 1990թ. ավարտել է Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական ինստիտուտը՝ ստանալով պատմաբան-ուսուցչի որակավորում:
1991թ. ՀՀ լուսավորության նախարարության կողմից նշանակվել է Հրազդանի թիվ 13 միջնակարգ դպորցի տնօրեն: 1996թ. ՀՀ ԿԳՆ նախարարի հրամանով Հրազդանի թիվ 13 միջնակարգ դպորցի բազայի վրա հիմնադրել է «Հովսեփ Օրբելի» կրթահամալիրը եւ մինչեւ 1999թ. եղել կրթահամալիրի տնօրենը: 1999-2009 թթ. ընդգրկվել է ՀՀ ԿԳՆ ստեղծած կրթության կառավարման մասնագիտական հանձնաժողովների կազմում, մասնակցել հանրակրթության կառավարման վերաբերյալ ստեղծված օրենսդրական ակտերի եւ փաստաթղթերի մշակմանը:
2003թ. աշխատել է «Վիամիր» ՍՊԸ-ում որպես տնօրեն, իսկ 2007թ.՝ փոխտնօրեն: 2010թ. ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս քարտուղար Բաբկեն Հարությունյանի հետ համահեղինակել է «Հայոց պատմության» ուսումնական առարկայի պատմական քարտեզների ցանկը՝ 47 անվանակարգով: Տարբեր տարիների, որպես հրատարակիչ, պատմական գիտությունների դոկտոր Ալեքսան Հակոբյանի խմբագրությամբ ձեռնարկել եւ հրատարակել է ՈՒխտանես եպիսկոպոսի, Շապուհ Բագրատունու «Պատմություն» աշխատությունները, Վարագ Առաքելյանի «Գրաբարի» ձեռնակ դասագիրքը: Հեղինակել եւ կազմել է ՀՀ հանրակրթության կառավարման, գործավարական աշխատանքների վերաբերյալ շուրջ 70-ի հասնող մեթոդական ուղեցույցներ, գործավարական բազմաբնույթ փաստաթղթեր:
2016-ից առ այսօր աշխատում է «Վիամիր գրատուն» ՍՊԸ-ում որպես փոխտնօրեն եւ «Ուսումնական հետազոտությունների կենտրոնի» գիտական ղեկավար:
1982-1984 եւ 1990-1995 թթ. ընտրվել է Հրազդան քաղաքի եւ շրջանի ժողովրդական պատգամավորների խորհուրդների պատգամավոր:
1989 թվականից ՀՀՇ, ապա՝ ՀԱԿ կուսակցության անդամ է:

ՆԱՐԵԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ
ՀԱԿ ցուցակի 60 համարը Նարեկ Ստեփանյանն է: Նարեկը 2008 թվականից մասնակցել է Մալաթիա-Սեբաստիայի շրջանում նախագահական, ՏԻՄ, ազգային ժողովի եւ այլ ընտրություններին, եղել վստահված անձ, դիտորդ, հանձնաժողովի անդամ, հանձնաժողովի նախագահ։
2002-2004 թթ. սովորել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմավարժական վարժարանում, 2004-2005թթ.՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում։ 2005-2008 թթ. ավարտել է «Նավասարդ» ինստիտուտի իրավագիտության ֆակուլտետը։
2010-2011թթ. աշխատել է ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղական համայնքի աշխատակազմում որպես քարտուղար։ 2011-2012թթ. սովորել է երիտասարդ առաջնորդների իստիտուտում(USAID)։ 2016-2026թթ. աշխատել եմ «Երեւան Սիթի» ՍՊԸ-ում, 2026 թ. հունվարից աշխատում է «Արդիս» ՍՊԸ-ում: 2018 թվականից եղել է Ավան վարչական շրջանի ընտրական հանձնաժողովի անդամ, հանձնաժողովի նախագահ։ Նշում է, որ դեռ ՀՀՇ-ի ժամանակ է դարձել կուսակցական, կուսակցության հետ վերապրել բոլոր փորձությունները՝ թրծվելով պայքարի բովում: Եղել է «Էլեկտրիկ Երեւանի» կազմակերպչական խմբից:

ՀԱՄԼԵՏ ԱՂԱՄԻՐՅԱՆ
ՀԱԿ ցուցակի 35 համարը Համլետ Աղամիրյանն է: Հրազդանի ՀԱԿ կառույցի ղեկավարն է: Ծնվել է 1990թ. օգոստոսի 8-ին, քաղաք Հրազդանում: 2007-ին ավարտել է դպրոցը, միջին մասնագիտական կրթություն ստացել Հրազդանի պետական քոլեջում: 2008-2010թթ. ծառայել է Շամշադինում (այժմ՝ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջան):
2007-ից հետաքրքրվում է քաղաքականությամբ: Շինարար է, աշխատում է մադնավոր սեկտորում: Ամուսնացած է, ունի, 2 աղջիկ 1 տղա: Ազատ ժամանակ կարդում է, սիրում է Մաթեւոսյան, Սիրադեղյան, Դեֆո, Օրուել:

ՀՐԱՉԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ
ՀԱԿ ցուցակի 72 համարը Հրաչիկ Ստեփանյանն է: Նա ավելի քան 30 տարի՝ 1991 թվականից սկսած, աշխատել է ՏԻՄ համակարգում՝ իր փորձն ու գիտելիքները ներդնելով համայնքային կառավարման գործում։ Աշխատել է Շենգավիթի շրջգործկոմում, Երեւանի քաղաքապետարանում, իսկ 2004-2023 թթ.՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։
Դեռեւս 1990 թվականից Հրաչիկ Ստեփանյանը մշտապես ներգրավված է եղել համապետական եւ տեղական ընտրությունների կազմակերպման գործում՝ Շենգավիթի շրջանում ակտիվորեն մասնակցելով Նախագահական, Ազգային ժողովի, ՏԻՄ եւ այլ ընտրությունների։ Նա տարբեր տարիների հանդես է եկել որպես դիտորդ, վստահված անձ, հանձնաժողովի անդամ, իսկ մեծամասամբ ստանձնել է ընտրական հանձնաժողովի նախագահի պատասխանատու պաշտոնը։
Այսօր էլ Հրաչիկ Ստեփանյանը շարունակում է իր ակտիվ գործունեությունը Ավան վարչական շրջանում՝ 2018 թվականից հանդիսանալով ընտրական հանձնաժողովի անդամ եւ վստահված անձ։

ԱՆՈՒՇԱՎԱՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
ՀԱԿ նախընտրական ցուցակի 54 համարը Անուշավան Նահապետյանն է: Ծնվել է 2001 թվականի ապրիլի 16-ին Շիրակի մարզի Արթիկ քաղաքում։ Սովորել է Երեւանի պետական համալսարանի Ֆիզիկայի ինստիտուտում: Գիտական հետաքրքրությունների կենտրոնում տեսական ֆիզիկան է, մասնավորապես՝ գրավիտացիոն ալիքների ուսումնասիրությունը։ Որպես նոր սերնդի մասնագետ՝ հավատում է, որ տեխնոլոգիան զարգացման միակ լեզուն է, դրա համար ավարտել է «Python Development» դասընթացը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում եւ մասնագիտացել տվյալագիտության ոլորտում՝ վերապատրաստվելով «BSC Business Support Center» կազմակերպությունում։
2019-2021 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում (Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակ)։ Որպես սերժանտ եւ 44-օրյա պատերազմի մասնակից՝ զինվորական ծառայության ընթացքում ստանձնել է հրամանատարական պատասխանատվություն եւ ձեռք բերել ճգնաժամային իրավիճակներում արագ ու պատասխանատու որոշումներ կայացնելու հմտություն։
«Կլիմայի Կայուն Զարգացում» բնապահպանական ՀԿ-ի հիմնադիր անդամ է։ Աշխատում է որպես ֆիզիկայի դասախոս-կրկնուսույց։ Աշխատանքային փորձ ունի նաեւ տվյալագիտության, արհեստական բանականության, սպասարկման ոլորտներում։
STARMUS VI միջազգային փառատոնի շրջանակում եղել է Նոբելյան մրցանակակիր, աստղաֆիզիկոս, դոկտոր Միշել Մայորի անձնական օգնականը (Attaché)՝ ապահովելով բարձր մակարդակի պրոֆեսիոնալ հաղորդակցություն։ Որպես պատասխանատու համակարգող՝ իրականացրել է «Optics 11» միջազգային գիտաժողովի եւ «Ֆիզիկայի ճամբար» նախաձեռնության կազմակերպչական ու լոգիստիկ աշխատանքները։
Ներկայացնում է մի սերունդ, որը պատրաստ է ստանձնելու պատասխանատվություն եւ կառուցելու նոր իրականություն, որտեղ ինտելեկտը հզորության գլխավոր երաշխիքն է։ Վստահ է, որ պետության հզորությունը պահանջում է կարգապահության, գիտելիքի եւ ստեղծագործական ազատության սինթեզ։

ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀԱԿ պատգամավորության թեկնածուների ցուցակի 11 համարը Արմեն Խաչատրյանն է՝ Կոնգրեսի իրավաբանը: 2007թ․ ներգրավվել է Լեւոն Տեր-Պետրոսյանի Շենգավիթի նախընտրական շտաբում, իսկ Մարտի 1-ի դեպքերից հետո արդեն կենտրոնական գրասենյակում եւ զբաղվել քաղաքական բանտարկյալների պաշտպանության գործով։ Հետագայում ընդգրկվել է Հայ Ազգային Կոնգրես կուսակցության Իրավական հանձնաժողովի կազմ, իսկ 2019թ․-ից ղեկավարում է հանձնաժողովը։ 2021 եւ 2026 թվականներին ընտրվել է կուսակցության վարչության անդամ։ Համահեղինակ է «Մարտի 1-ի ոճրագործությունը» եւ «Անկախությունը եւ ազատական բարեփոխումները» ժողովածուների։
2001-2007թթ, մինչեւ ամբողջովին քաղաքական գործունեությամբ զբաղվելը, եղել է «Տանիք» իրավապաշտպան հասարակական կազմակերպության անդամ, ապա ղեկավար, զբաղվել իրավապաշտպան գործունեությամբ։ Մինչեւ 2008թ համաժողովրդական շարժումը գործել է մասնավոր դաշտում՝ լինելով առաջին հայկական B2B Համակարգերից մեկի հիմնադիրներից։
Սովորել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի գիմնազիյում, ԵՊՀ պատմության եւ «Գլաձոր» համալսարանի իրավագիտության ֆակուլտետներում։ Ծառայել է ՀՀ նորաստեղծ բանակում, Սիսիական գումարտակի, այնուհետ գնդի կազմում մասնակցել ղարաբաղյան առաջին պատերազմին, որտեղ ամենաշատն է հասկացել խաղաղության գինն ու դրա իմաստը;
Ծառայությունից հետո զբաղվել է գործարարությամբ, եղել է «Այոն գրուպ» ՍՊԸ-ի համահիմնադիրը, որտեղ աշխատել է որպես արտադրության ղեկավար։ Եղել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Մեխակ» կրթամշակութային կենտրոնի տնօրեն, հետագայում՝ «Հեռակա դպրոց» եւ այլ ծրագրերի ղեկավար։ Այնուհետ երկու տարով հմտությունները փորձել է մարքեթինգի ոլորտում, եղել ամերիկյան հեղինակավոր «AC Nielson» ընկերության հայկական մասնաճյուղի փոխտնօրեն։ 2025թ․ փաստաբան Հովիկ Արսենյանի հետ հիմնադրել է «Արսենյան եւ գործընկերներ փաստաբանական գրասենյակ» ՍՊԸ-ն, որի տնօրեն է։

ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՅԱՆ
ՀԱԿ նախընտրական ցուցակի 30 համարը Հասմիկ Բաբայանն է: Ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրության ֆակուլտետը: 1991 թվականից, մեկ տասնամյակից ավելի, աշխատել է Հայաստանի ազգային ռադիոյում, քաղաքական հաղորդումների գլխավոր խմբագրությունում:
Անկախությունից հետո, մինչեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ կառավարության հրաժարականը, համատեղությամբ եղել է ՀՀ կապի նախարար Գրիգոր Պողպատյանի մամուլի քարտուղարը: 2003 թվականից աշխատել է Երկիր Մեդիա հեռուստաընկերությունում, եղել «Սպառողի իրավունք» հաղորդաշարի հեղինակն ու վարողը: Ճիշտ այդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանի վերահսկողության ծառայությունից առաջարկ է եղել համագործակցելու իր թիմի հետ, ինչից հրաժարվել է եւ դուրս եկել Երկիր Մեդիայից:
1989 թվականից Շարժման կողքին է, ՀԱԿ-ի ակունքներում, ՀԱԿ կուսակցության անդամ՝ կուսակցության ստեղծման օրից: Որպես շարքային քաղաքացի, որպես մտավորական եւ ժուռնալիստ, լինելով Հայաստանում ծավալված դեպքերի ականատեսը, ապրելով Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի, ապա նաեւ Նիկոլ Փաշինյանի «ղեկավարած» Հայաստանում, ունենալով բազում հուսահատական պահեր, միշտ համոզված է եղել եւ այժմ էլ համոզված է, որ կործանման եզրին հայտնված մեր երկիրը հնարավոր է վերականգնել միայն ու միայն Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ Ազգային Կոնգրես կուսակցության շնորհիվ: Ուստի հիմա, օրհասական այս պահին, առավել քան երբեւէ, լրջանալու պահն է, եւ պետք է ընտրել Հայաստանի խելամիտ ուղին:

ԱՐԱՄ ԲԱՐԵՂԱՄՅԱՆ
ՀԱԿ ցուցակի 8 համարը Արամ Բարեղամյանն է: ՀԱԿ վարչության անդամ Արամ Բարեղամյանը եղել է համազգային շարժման ակունքներում: 1995-1997թթ. ընտրվել է Հրազդանի ՀՀՇ տարածքային խորհրդի նախագահ: 2008 թվականին եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Հրազդանի նախընտրական շտաբի պետը, մարտի 1-ի իրադարձությունների գործով դատապարտվել է 6 տարի ազատազրկման: 2011 թվականին պայմանական վաղաժամկետ ազատվել է «Սեւան» ՔԿ հիմնարկից:
Ծնվել է 1963 թվականին, Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում։ Ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի ռադիոտեխնիկական ֆակուլտետը եւ Հրազդանի Իրավական գիտելիքների ժողովրդակիան համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:
2005-2008 թթ. եղել է «Կենտրոն» ՍՊԸ-ի տնօրեն, 2011-2016թթ.՝ Լեռնաբեկոր ՍՊԸ-ի տնօրեն: 2018 թվականից աշխատում է ՀԷՑ ՓԲԸ Գեղամա մասնաճյուղում: Ամուսնացած է, ունի 1 դուստր, 1 որդի:

ՆՈՒՆԵ ՂԱԶԱՐՅԱՆ
ՀԱԿ նախընտրական ցուցակի 27 համարը Նունե Ղազարյանն է: Ծնվել է 1970 թվականին՝ Երեւանում։
Սովորել է Երեւանի ագրարային համալսարանի տնտեսագիտական բաժնում, ստացել տնտեսագետի եւ գլխավոր հաշվապահի որակավորում։
Աշխատանքային ուղին սկսել է մասնավոր հատվածում որպես գլխավոր հաշվապահ՝ տարիների ընթացքում ձեռք բերելով խորքային փորձ ֆինանսների կառավարման, հաշվապահական հաշվառման եւ հարկային քաղաքականության ոլորտներում։
Արժանացել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից շնորհվող «Որակավորված գլխավոր հաշվապահի» վկայականին։
2019 թվականից «Էն Ջի Բիզնես» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենն է, որն իրականացնում է հաշվապահական ծառայություններ եւ հարկային խորհրդատվություն։ Նրա ղեկավարությամբ ընկերությունը նպաստում է բիզնեսների կայացմանը, օրինական գործունեության ամրապնդմանը եւ տնտեսության առողջացմանը։
Շարունակում է ակտիվ մասնագիտական գործունեությունը՝ միաժամանակ մշտապես ներգրավված լինելով տնտեսական եւ հասարակական գործընթացների վերլուծության ու զարգացման մեջ։
Նունեն վստահ է, որ ՀԱԿ-ը այն քաղաքական ուժն է, որն ունի փորձ ու կարողություն՝ պահպանելու եւ զարգացնելու մեր պետությունը: Քվեարկելով Հայ Ազգային Կոնգրեսի օգտին՝ ընտրում ես խաղաղությունը, կայունությունը եւ երկրի զարգացումը:

ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ՀԱԿ ցուցակի 14 համարը Գեւորգ Գեւորգյանն է։ Հայ Ազգային Կոնգրեսի վարչության անդամ Գեւորգ Գեւորգյանը ծնունդով Արագածոտնի Ապարանի տարածաշրջանի Քուչակ գյուղից է։
1988-ից մասնակցել է Արցախյան շարժմանը: 1990-1994 թթ Ապարանի կամավորականների եւ Երկրապահ ջոկատի կազմում մասնակցել է ՀՀ եւ Արցախի սահմանների պաշտպանությանը։
Երկար տարիներ կարեւոր դիրքեր է զբաղեցրել սոցիալական ապահովության կառույցներում, եղել է Ապարանի շրջխորհրդի նախագահ, Արագածոտնի մարզպետարանի քարտուղար, 1998-ից մինչեւ 2008-ի մարտի մեկը աշխատել է ՀՀ սոցապահովագրության պետական հիմնադրամում որպես բաժնի վարիչ, վարչության պետ։
Սիրում է կարդալ փիլիսոփաներին, արվեստի վերաբերյալ գրականություն. հետաքրքրված է հատկապես հայ եւ իտալական արվեստով:

ԼԻԼԻԿ ԹԱՌԼԱՄԱԶՅԱՆ
ՀԱԿ համամասնական ցուցակի 9-րդ համարը Լիլիկ Թառլամազյանն է: Լիլիկն արդեն շուրջ մեկ ու կես տասնամյակ Հայ Ազգային Կոնգրեսի շարքերում է: 2012-2017 թվականներին ՀՀ Ազգային Ժողովում Հայ Ազգային Կոնգրես խմբակցության գործավարն էր, 2017-ից մինչեւ այժմ՝ ՀԱԿ գրասենյակի գործավարը: 2021 թվականից ընտրվել, իսկ 2026-ին վերընտրվել է Հայ ազգային կոնգրեսի վարչության անդամ:
Ծնվել է Երեւանում, 1992թ: 1993- 2007 թթ. ապրել է Մոսկվայում, սովորել մոսկովյան դպրոցներում, այնուհետեւ, վերադառնալով Հայաստան, ուսումը շարունակել Երեւանում:
2008-2013 սովորել է Ակադեմիական Միջազգային Ինստիտուտի իրավաբանական բաժնում:
2008 թվականից անդամակցում է Հայ ազգային կոնգրեսի քաղաքական թիմին՝ ակտիվորեն մասնակցելով Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքին։ Տարիների ընթացքում ներգրավված է եղել քաղաքական եւ քաղաքացիական բազմաթիվ նախաձեռնություններում, կազմակերպչական գործընթացներում եւ հանրային պայքարներում՝ ձեւավորվելով որպես սկզբունքային, գաղափարական եւ հետեւողական քաղաքական գործիչ։
Աշխատել է տարբեր ոլորտներում. գովազդային, վարկային, տուրիզմ, ներքին անվտանգություն, մոնիտորինգ, 2024թ-ից մինչ այժմ «Ֆոենիսք» ՍՊԸ-ի կոնտենտ մենեջերն է:
Սիրում է կարդալ, ճամփորդել, կենդանասեր է:

ԱՐՏԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀԱԿ ցուցակի 19-րդ համարը Արտակ Հարությունյանն է: ՀԱԿ վարչության անդամ է: Արտակի քաղաքական ակտիվությունն ու կուսակցական պատկանելությունը պարզապես ընտրություն չեն, այլ՝ պետականամետ մտածողության եւ պրագմատիկ քաղաքականության ջատագովության տրամաբանական շարունակություն։
Մասնագիտությամբ ռադիոֆիզիկոս է (ԵՊՀ մագիստրոս), բայց տեխնոլոգիական աշխարհում նրան միշտ հետաքրքրել է հայկականի պահպանումը։ Երբ հայատառ համացանցը դեռ երազանք էր, հիմնել է akumb.am ֆորումային հարթակը, ապա, ընկերների հետ, hayeren.am հայերենի տեքստի հետ աշխատող գործիքների համակարգը՝ հազարավոր մարդկանց սովորեցնելով ու հնարավորություն տալով համացանցում հայերենը գրելու հայատառ։
2014-ին լույս է տեսել Արտակ Հարությունյանի «Մեր միջի գազանը. բանակային օրագիր» պատմվածքների ժողովածուն: «Համացանցի ուսուցման ձեռնարկ», «Անվտանգ համացանց», «Դպրոցական կայքերի պատրաստումը» ուսումնաօժանդակ ձեռնարկների հեղինակ կամ համահեղինակ է: Տասնամյակներով աշխատել է ծրագրավորման ոլորտում։ Այժմ վերադարձել է գրքերի ստեղծմանը, ձեւավորմանն ու էջադրմանը, ինչն իր իրական կոչումն է համարում։

ԹԵԼՄԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ՀԱԿ նախընտրական ցուցակի 17 համարը Թելման Պետրոսյանն է: Հայ Ազգային Կոնգրեսի վարչության անդամ է: Արմատներով Արեւմտյան Հայաստանի Մոկս գավառի Հավարիս գյուղից է։ Ծնվել է 1997 թվականին։ Ապրում է Էջմիածին քաղաքում։
Ընդունվել է Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ, հետագայում փոխել որոշումը եւ ընդունվել Հայաստանի ազգային ագրարային համալսարան՝ «Կաթնամթերքի տեխնոլոգիա» մասնագիտությամբ։ Ուսումը կիսատ է թողել հանգամանքներից ելնելով։
Արդեն շուրջ 10 տարի աշխատում է որպես կաթնամթերքի տեխնոլոգ՝ «Էջմիածին Կաթ» եւ «Արարատ Կաթ» ընկերություններում, իսկ այժմ՝ «Կաթնաղբյուր» ՍՊԸ-ում՝ որպես պանրի արտադրամասի ղեկավար։
Ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում (2016–2018 թթ.), ստացել սերժանտի կոչում, մասնակցել մարտական գործողություններին, եղել հենակետի ավագ։
Դպրոցական տարիքից պայքարել է խելամիտ եւ արժանապատիվ Հայաստանի համար՝ շարժվելով նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գաղափարներով: Այդ պայքարը եղել է նրա հստակ դիրքորոշումն ու սկզբունքային ընտրությունը: Հպարտությամբ նշում է, որ ներկայացնում է այն քաղաքական ուժը, որը կանգնած է եղել Հայաստանի Երրորդ Հանրապետության ստեղծման ակունքներում, այն պետականամետ ուժը, որը երբեք չի շեղվել պետականության գաղափարից եւ պատասխանատու քաղաքականությունից։ Հայաստանին պետք է խելամիտ ուղի, որը կապահովի խաղաղություն, անվտանգություն, օրենքի գերակայություն եւ ինքնիշխան ապագա։
Հետաքրքրված է համաշխարհային եւ Հայաստանի պատմությամբ, ինչպես նաեւ՝ ՀՀ նորագույն պատմությամբ։ Սիրում է զբաղվել սպորտով, հիմնականում ֆուտբոլով, նաեւ վոլեյբոլով, մեծ սեր ունի մեծ թենիսի նկատմամբ։ Բացի դրանից, զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ հիմնականում անասնաբուծությամբ՝ կապված մասնագիտության հետ։
Ամուսնացած է, ունի երեք որդի։

ԱՇՈՏ ՄԵԼՔՈՆՅԱՆ
ՀԱԿ համամասնական ցուցակի 32 համարը Աշոտ Մելքոնյանն է: Ծնվել է 1975 թվականին՝ Երեւանում: 1992 թվականին ընդունվել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի դեկորատիվ-կիրառական արվեստի բաժին։ 1993 թվականին, ընդհատելով կրթությունը, զորակոչվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության բանակ։ Զորացրվելով 1995 թվականին՝ Աշոտը վերադարձել է ուսումնարան, շարունակել կրթությունը եւ 1998 թվականին հաջողությամբ ավարտել այն՝ ստանալով նկարիչ-վարպետի որակավորում։
Ուսումն ավարտելուց հետո ակտիվորեն մուտք է գործել արվեստի ոլորտ։ Մասնակցել է տարբեր ցուցահանդեսների եւ իրականացրել անհատական ստեղծագործական պատվերներ։ Նույն՝ 1998 թվականից, նա սկսել է զբաղվել կաշվե եւ մետաղե ձեռագործ զարդերի ու եզակի աքսեսուարների պատրաստմամբ: Այժմ շարունակում է ստեղծագործական ուղին՝ աշխատելով որպես ազատ նկարիչ։
Աշոտի քաղաքական հայացքների եւ ակտիվության վրա շրջադարձային ազդեցություն են ունեցել 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձությունները։ Դրանից անմիջապես հետո նա անդամակցել է Հայ Ազգային Կոնգրես դաշինքին։ 2011 թվականին միացել է Հայոց Համազգային Շարժում կուսակցությանը, որն արդեն 2013-ին վերակազմավորվել եւ վերանվանվել է որպես Հայ Ազգային Կոնգրես կուսակցություն։
2020 թվականի պատերազմի օրերին կամավորագրվել է զինկոմիսարիատում՝ Արցախի պաշտպանության համար։
2021 թվականին ՀԱԿ համագումարում նա ընտրվել է վարչության անդամ։ Շարունակելով ակտիվ կուսակցական գործունեությունը՝ 2026 թվականի համագումարում նա վերընտրվել է վարչության կազմում։

ԱԲՐԱՀԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ
ՀԱԿ նախընտրական ցուցակի 31 համարը Աբրահամ Սարգսյանն է։ Նա Հայ Ազգային Կոնգրեսի Մեղրիի տարածքային պատասխանատուն է։
Ծնվել է 1982 թվականին՝ Մեղրու շրջանի Ագարակ ավանում (այժմ՝ ՀՀ Սյունիքի մարզի Ագարակ քաղաք)։ 1999-2007 թվականներին սովորել եւ գերազանցությամբ ավարտել է Երեւանի պետական ագրարային ակադեմիան՝ հիդրոինժեներ մասնագիտությամբ։ Աշխատել է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում, Սյունիքի մարզի Տաշտուն գյուղի տարածքում շահագործվող «ԱՏ-Մետալս» ՍՊԸ Մեղրասարի ոսկու կորզման գործարանում։
2013-2015 թվականներին եղել է «Նախաձեռնություն եւ Զարգացում, Համայնքային Զարգացման» հասարակական կազմակերպության հիմնադիր անդամ եւ գյուղատնտեսության ու բնապահպանության գծով մասնագետ՝ Ագարակում։
2015 թվականից մինչեւ 2022 թվականի հունվար ծառայել է ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայության համակարգում՝ Մեղրու զորամասում, ենթասպայական հաստիքով՝ որպես զորամասի օպերատիվ բաժնի գրագիր-քարտեզագետ։
2022 թվականի սկզբից մինչեւ 2023 թվականի հունիս աշխատել է ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմում՝ որպես քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության եւ գույքիկառավարման բաժնի պետ։
2006 թվականից մտել է ակտիվ քաղաքականություն՝ ընդգրկվելով «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնությունում, մասնակցել «Իմպիչմենտ» դաշինքի քաղաքական աշխատանքներին։ 2007 թվականի հոկտեմբերին, երբ ՀՀ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը վերադարձավ ակտիվ քաղաքական դաշտ՝ երկրում տիրող անարդարությունների դեմ պայքարելու եւ 2008 թվականի նախագահական ընտրություններին պատրաստվելու համար, որպես երիտասարդ քաղաքական ընդիմադիր ակտիվիստ միացել է նրա թիմին եւ Մեղրու շտաբում գործել որպես վստահված անձ։ Քաղաքական գործունեությունը շարունակել եւ շարունակում է Հայ Ազգային Կոնգրես կուսակցության շարքերում՝ անցնելով քաղաքական փորձառության եւ գաղափարական ձեւավորման կարեւոր ուղի։


