1. Ինչո՞ւ Ղարաբաղյան պատերազմում հաղթանակներից հետո, 1994թ. հրադադար հաստատվեց, ոչ թե Ադրբեջանին կապիտուլյացիա թելադրվեց

Հայաստանը պաշտոնապես պատերազմող կողմ չէր համարվում։ Այդ դեպքում Հայաստանը միջազգային հանրության կողմից կճանաչվեր ագրեսոր՝ դրանից բխող շատ վատ, այդ թվում՝ հենց Ղարաբաղը կորցնելու վտանգով։ Հայկական դիվանագիտությունը հասել էր այն բանին, որ Ադրբեջանի դեմ հակամարտող էր ճանաչվել Լեռնային Ղարաբաղը։

Իսկ եթե անգամ դա լիներ պաշտոնապես հայտարարված պատերազմ, ապա Ադրբեջանին կապիտուլյացիա կարելի էր թելադրել միայն Բաքուն գրավելուց հետո։ Իսկ իրականությունը այն էր, որ 1994թ. մայիսին հակամարտության երկու կողմերն էլ գտնվում էին ծայրահեղ ծանր վիճակում, եւ հայտնի չէր, թե ռազմական գործողությունը ո՞ւմ հաջողություն կբերեր առաջիկայում։ Սակայն այդ պահին հայկական զորքերը աշխարհագրական, պաշտպանական առումով գտնվում էին լավագույն բնագծերում։ Հրադադարը հաստատվել է Հայաստանի եւ Ղարաբաղի ռազմական ղեկավարության՝ քաղաքական իշխանությանն ուղղված միասնական խնդրանքով։

2. Ինչո՞ւ 1994թ. հրադադարից հետո ղարաբաղյան հակամարտության կարգավորումը տեղի չունեցավ անմիջապես

Հայաստանի անկախացումից եւ 1991թ. ԽՍՀՄ փլուզումից հետո Լեռնային Ղարաբաղի խնդիրը դարձավ միջազգային հարց։ Այն կարգավորելու համար աշխարհի գերտերությունների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի մասնակցությամբ, ստեղծվեց շատ բարձր մակարդակի միջազգային մարմին՝ Մինսկի խումբը՝ որպես խաղաղության հաստատման միջնորդական մարմին։ 1994թ․ մայիսին հրադադար հաստատելուց հետո միջնորդական այդ մարմինը խաղաղ կարգավորման իր առաջին ծրագրերը հակամարտության կողմերին ներկայացրեց միայն 1997 թվականին։ Ահա թե ինչու՝ դրանից առաջ, առավել եւս պատերազմից անմիջապես հետո դա հնարավոր չէր։

3. Ի՞նչ հիմքերի վրա կարող էր տեղի ունենալ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը

Քանի որ խնդիրը միջազգային հարցի կարգավիճակ էր ստացել, այն , բնականաբար, պետք է կարգավորվեր նույն՝ միջազգային իրավունքի նորմերի հիման վրա։ Այդ նորմերից մեկը կոչվում էր պետությունների տարածքային ամբողջականության սկզբունք, մյուսը՝ ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունք։ Բայց շատ կարեւոր դեր պետք է խաղային նաեւ հրադադարով արձանագրված իրավիճակը եւ խաղաղության պայմանագրի ստորագրման պահին հակամարտող կողմերի ուժերի հարաբերակցությունը։

4. Ինչպիսի՞ն էր հակամարտող կողմերի դիրքերի եւ ուժերի հարաբերակցությունը 1997 թվականին

Այդ պահին ամեն ինչ հօգուտ հայկական կողմի էր՝ հնարավոր առավելագույն չափով.

Նախ՝ հրադադարը հաստատվել էր Հայկական կողմի համար ամենաշահավետ սահմանագծով։

Երկրորդ՝ հայկական դիվանագիտության ջանքերով՝

ա) Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն ճանաչվում էր որպես հակամարտության կողմ,

բ) Համարվում էր, որ ոչ թե Հայաստանը, այլ Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումներն են մասնակցել պատերազմին ու մարզի սահմաններից դուրս տարածքներ գրավել,

գ) Նախկին ԼՂԻՄ-ի սահմաններից դուրս զբաղեցված այդ 7 տարածքները ճանաչվում էին որպես անվտանգության ժամանակավոր երաշխիք, քանի դեռ չկար դրան փոխարինող համարժեք այլ երաշխիք։

դ)Հայաստանը ճանաչվում էր որպես ԼՂ անվտանգության երաշխավոր։

Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Ադրբեջանի տնտեսական եւ զինական ուժերի հարաբերակցությունը, ապա դրանք համարյա հավասար էին։

Շախմատային լեզվով ասած՝ հայկական կողմը 1997-1998թթ. նյութական հավասարություն, բայց դիվանագիտական ասպարեզում թվարկված ձեռքբերումների շնորհիվ դիրքային մեծ առավելություններ ուներ Ադրբեջանի նկատմամբ։ Սա Հայաստանի բարձրակետն էր, խաղաղ կարգավորմամբ Լեռնային Ղարաբաղը կարող էր ստանալ հնարավոր առավելագույնը։ Հնարավո՛ր, ոչ թե երազելի առավելագույնը։

 

5. Հնարավո՞ր էր նախկին ԼՂԻՄ սահմաններից դուրս գրավված շրջանները պահել «նվաճման» կամ «պատմական տարածքների ազատագրման» հիմնավորմամբ

Անհնար էր, քանի որ «նվաճման իրավունքը» գործել է միայն միջնադարում։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հաստատված աշխարհակարգը, պետությունների հաստատված սահմանները, գտնվում են նույն միջազգային հանրության հսկողության տակ։ «Նվաճման» կամ «պատմական հողերի ազատագրման» փաստարկը միջազգային իրավունքի տեսակետից ոչ միայն անընդունելի է, այլեւ արհամարհելի ու դատապարտելի։ Սա մեզնից դուրս գոյություն ունեցող օբյեկտիվ իրողություն է, ինչի հետ անհնար է հաշվի չնստել։

 

6. Հնարավո՞ր էր լուծել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցը

Այս մասին շատ է ասվել.

Հնարավոր էր երկու դեպքում. եթե՝

ա) Ադրբեջանը համաձայներ դրան,

բ) Եթե միջազգային հանրությունը կամ, առնվազն, աշխարհի գերտերություններից որեւէ մեկը ճանաչեր Լեռնային Ղարաբաղի անկախությունը։

Սակայն նման մտադրություն չի եղել երբեւէ, եւ 30 տարվա ընթացքում նման ակնարկ որեւէ գերտերության կողմից երբեք չի արվել։

7. Ո՞րն էր, ուրեմն, հնարավոր լուծման բանաձեւը

Իրավիճակն այսպիսին էր.

  • Ադրբեջանը երբեք չէր համաձայնելու ճանաչել Ղարաբաղի անկախությունը։
  • Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը երբեք չէին համաձայնելու Արցախը Ադրբեջանի կազմում մնալուն։
  • Միջազգային հանրությունը կամ գերտերություններից որեւէ մեկը չէին պատրաստվում ուժով ստիպել Ադրբեջանին, բայց համաձայն էին, որ պետք է ապահովել Արցախի ժողովրդի հուսալի եւ մշտական անվտանգությունը։

Ըստ այդմ՝ մնում էր միջին մի տարբերակ. Ղարաբաղը չճանաչվեր Ադրբեջանի կազմում, բայց նաեւ չճանաչվեր որպես անկախ պետություն։ Որպես Ղարաբաղի անվտանգության երաշխիք՝ զբաղեցված տարածքներում հայկական ուժերի փոխարեն տեղադրվեին միջազգային խաղաղապահ ուժեր, եւ այդ տարածքները դառնային բուֆերային գոտի։ Բուֆերային այդ գոտին խաղաղապահ զորքերով ապահովեին Ղարաբաղի անվտանգությունը — սա է նման դեպքերում միջազգային հանրության ունեցած կարգավորման միակ գործիքը։ Հայաստանի հետ որպես ցամաքային կապ պետք է մնար ամբողջ Լաչինի շրջանը, իսկ Քարվաճառը պետք է մնար այնքան ժամանակ, մինչեւ կճշտվեր Ղարաբաղի կարգավիճակը։ Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է տեղափոխվեր ապագային։ Այս կերպ աշխարհում այլ հակամարտություններ լուծվել են. հաստատվել է վերջնական խաղաղություն, իսկ կարգավիճակի հարցը ձգվել է տասնյակ տարիներ։

Սա հայտնի է որպես «փուլային տարբերակ», որը 1997թ. առաջարկեց Մինսկի խումբը, եւ այն պաշտպանում էր ՀՀ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Այս տարբերակին իր համաձայնությունն էր տվել նաեւ Ադրբեջանը։

8. Ինչո՞ւ Լեւոն Տեր-Պետրոսյանին չհաջողվեց գնալ մինչեւ վերջ եւ այս տարբերակով հասնել խնդրի վերջնական կարգավորման

Նա վճռականորեն գնում էր նման կարգավորման՝ համոզված, որ դա է հարցի լուծման լավագույն պահը։ Այդ մասին է նրա «Պատերազմ, թե՞ խաղաղություն» հոդվածը։ Նրա դեմ դուրս եկան իր իսկ իշխանության առանցքային պաշտոնյաներ՝ վարչապետի պաշտոնն զբաղեցնող Ռոբերտ Քոչարյանը, Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը, Ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանը։ Ընդ որում՝ նրանք ոչ միայն իրենց անհամաձայնությունը հայտնեցին եւ պահանջեցին նախագահի հրաժարականը, այլեւ սպառնացին, որ հակառակ դեպքում քաղաքացիական պատերազմ կսկսեն։ Այդ մասին Լեւոն Տեր-Պետրոսյանը ակնարկել էր արդեն 1998թ. փետրվարի 3-ի հրաժարականի իր հայտարարության մեջ, սակայն ավելի բացահայտ ասաց Հայ ազգային կոնգրեսի համագումարի իր ելույթում՝ նշելով Վազգեն Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի անունները։ Նույն բանը իր «Կյանք եւ ազատություն» գրքում հաստատում է Ռ. Քոչարյանը։

Խնդիրն այն չէ, որ Առաջին նախագահը իշխանության մեջ չուներ բավարար աջակիցներ եւ ուժեր՝ նրանց ճնշելու կամ հաղթելու համար։ Մանավանդ, որ նրան իր օգնությունն էր առաջարկել նաեւ ՌԴ նախագահ Բ. Ելցինը։ Նրա համար առաջնային խնդիրն այն էր, որ նման մի անկայությունից անմիջապես կօգտվեր Ադրբեջանը, կվերսկսեր պատերազմը, եւ մենք կարճ ժամանակում կկորցնեինք Արցախը։ Այդ փորձը կար. 1992-1994թթ. պատերազմում հայկական զորքերի հաջողությունները եղել են հենց այն ժամանակ, երբ Ադրբեջանում ներքին անկայունություններ էին եղել։ Պետական մտածողությամբ առաջնորդվելով եւ Ղարաբաղը նման վտանգից հեռու պահելու համար է, որ նա տեղի տվեց եւ հրաժարվեց նախագահի պաշտոնից։

9. Որո՞նք էին Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման պլանին հակադրվողների հիմնական փաստարկները եւ նպատակները

Նրանք համարում էին, որ Հայաստանը կարող է պահպանել ուժերի նույն հարաբերակցությունը Ադրբեջանի համեմատությամբ, նույնիսկ ավելի արագ հզորանալ , այդ պայմաններում Ադրբեջանը չի համարձակվի դիմել խնդրի ռազմական լուծման եւ ժամանակի ընթացքում կհաշտվի Ղարաբաղի եւ հարակից տարածքների կորստյան հետ։

Սա կոչվում էր ստատուս-քվոն պահպանելու քաղաքականություն։ Սա այն էր, ինչ նրանք ասում էին հրապարակավ։ Քիչ անց պարզվեց, որ բոլորը չէ, որ նույն բանն են մտածել։ 1998թ. Ռ. Քոչարյանի նախագահ դառնալուց մի քանի ամիս հետո Վ. Սարգսյանը հասկացավ, որ իրեն խաբել են՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ հանելով։ Այս մասին վկայել են նրա ամենամոտ զինակիցները։ Սխալն ուղղելու համար նա դաշնակցեց 1998թ. նախագահական ընտրություններում Ռ. Քոչարյանի հակառակորդ Կարեն Դեմիրճյանի հետ եւ 1999թ. խորհրդարանում մեծամասնություն ստանալով՝ դարձավ վարչապետ։ Դրանից հետո, ինչպես այն ժամանակ ասում էին, Քոչարյանը դարձավ «անգլիայի թագուհի», կամ ինչպես հենց ինքը՝ Քոչարյանն էր ասում, դարձավ «դիտորդ», այսինքն զրկվեց իրական իշխանությունից։

Քիչ անց՝ նույն թվականի հոկտեմբերի 27-ին, տեղի ունեցավ հայտնի ոճրագործությունը, որին զոհ գնաց ինչպես Վազգեն Սարգսյանը, այնպես էլ Կարեն Դեմիրճյանը։ Ամբողջ իշխանությունը անցավ Ռ. Քոչարյանին, եւ նա սկսեց այն համակարգի կառուցումը, որը կոչվում է ավազակապետություն, եւ որը 20 տարի թալանեց ու կողոպտեց Հայաստանը։

  • Կարո՞ղ էր Հայաստանը զարգանալ ու հզորանալ Ադրբեջանի համեմատ առաջանցիկ տեմպերով կամ գոնե պահպանել ուժերի՝ 1997-1998թթ. հարաբերակցությունը։

Նկատի ունենալով կողմերի բնական եւ այլ ռեսուրսները, շրջափակված լինել-չլինելու հանգամանքը եւ այլն, դա անհնար էր։ Համապատասխան քաղաքական եւ տնտեսական հաշվարկները եւ կանխատեսումները, որ այդ ժամանակ հրապարակայնորեն ներկայացրել էր Լեւոն Տեր-Պետրոսյանը, քայլ առ քայլ ամբողջությամբ իրականություն դարձան հետագա տարիներին։ Արդեն 2016թ. փորձագիտական գնահատականներով Ադրբեջանի ընդհանուր ներուժը 10 անգամ գերազանցում էր Հայաստանի ներուժին։

  • Ի՞նչ կորցրեց Հայաստանը հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում 1998 թվականից ի վեր

Հայաստանը կորցրեց դիրքային այն հսկայական առավելությունը, որ ուներ բանակցային սեղանին 1997-98 թվականներին։ Քոչարյանը իր իշխանության շրջանում՝

Ա) 1998թ. համաձայնեց կարգավորման մի տարբերակի («Ընդհանուր պետություն»), որով Լեռնային Ղարաբաղը մնում էր Ադրբեջանի կազմում։

Բ) 1999թ․ ստորագրեց միջազգային մի փաստաթուղթ («Ստամբուլյան խարտիա»), որով ճանաչվում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում։

Գ) 2001թ.նա Լեռնային Ղարաբաղին զրկեց հակամարտության կողմի միջազգային մանդատից՝ մի կարգավիճակ, որը Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչման առարկայական հիմքն էր։

Դ) 2001թ., առաջին անգամը լինելով, համաձայնություն տվեց Հայաստանի սուվերեն տարածքների հաշվին հակամարտության կարգավորման մի տարբերակի (Քի-վեստյան փաստաթուղթ, Մեղրիի տարբերակ)։ Դրանով Մեղրիի հարցը դրվեց բանակցությունների սեղանին։

Ե) 2007թ. ընդունեց կարգավորման Մադրիդյան սկզբունքները, որում միջազգային իրավունքի երկու՝ տարածքային ամբողջականության եւ ազգային ինքնորոշման սկզբունքները հիշատակվում էին համատեղ, ինչը նշանակում էր, որ երկրորդը՝ ինքնորոշումը պետք է տեղավորվի առաջինի՝ տարածքային ամբողջականության մեջ։ Հիշեցնենք, որ հենց այսպիսի մի բանաձեւի վրա է 1996-ին Լիսաբոնում «վետո» դրել Լեւոն Տեր-Պետրոսյանը։

Եւ վերջապես, չնայած իր հռչակած տնտեսական երկնիշ աճի հեքիաթին՝ Հայաստան-Ադրբեջան ռազմա-տնտեսական հզորության՝ 1997 թվականի 1:1 հարաբերակցությունը հասավ 1:10-ի (իսկ ըստ Ն. Փաշինյանի՝ 1։20-ի՝ 2016թ. դրությամբ)։

Այսինքն ՝ 1997 թվականի՝ Հայաստանի եւ Արցախի համար ուժերի բարենպաստ փոխհարաբերությունը եւ դիրքային հսկայական առավելությունները միայն Ռ. Քոչարյանի իշխանության շրջանում տրամագծորեն փոխվեցին հօգուտ Ադրբեջանի։ Հետագայում այդ տարբերությունն ավելի խորացավ։

12. Տարածված պատկերացում կա, թե Ն. Փաշինյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի «կադրն» է, քաղաքական «հոգեզավակը», եւ իրականացրեց նրա ծրագիրը։ Իրականում ինչպիսի՞ն է նրանց փոխհարաբերությունների պատմությունը

Ըստ ժամանակագրության՝ հետեւյալն է.

1990-ական թվականներին լրագրող Ն. Փաշինյանը ՀՀՇ-ի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի մոլի քննադատներից էր, իսկ նրա «կուռքը» Վազգեն Մանուկյանն էր։

1998 թվականին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո, աստիճանաբար, նրա խմբագրած թերթի վերաբերմունքը դառնում է չեզոք, ապա՝ դրական։

2006թ․ աշնանից Ն.Փաշինյանը համագործակցում է Բաբկեն Արարքցյանի ղեկավարած «Արմատ» հասարակական կազմակերպության հետ, 2007թ. մայիսին միասին մասնակցում են խորհրդարանական ընտրություններին, եւ այստեղ էլ ունենում է իր առաջին հրապարակային ելույթները։

2007թ. աշուն. նա հայտնվեց Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին, երբ վերջինս նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրեց։

2008թ. մարտի 1-ի հայտնի դեպքերից հետո Ն. Փաշինյանը ընդհատակ է անցնում մոտ մեկ տարի, ապա բանտարկվում, բանտից ազատվում է 2011թ. մայիսին։

2012թ. մայիսին Հայ ազգային կոնգրեսի ցուցակով նա պատգամավոր է ընտրվում եւ մեկ-երկու ամիս հետո խզում իր կապերը Հայ ազգային կոնգրեսի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ։ Քիչ անց՝ 2013թ. ստեղծում է իր «Քաղաքացիական պայմանագիր» կազմակերպությունը։

Պարզ թվաբանությամբ՝ Փաշինյանի բարեկամական «կենդանի շփումները» Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, իրար գումարծ, մեկ տարուց ավելի չեն ձգում։ Բացասական վերաբերմունքի նրա «ստաժը» մոտ երկու տասնամյակ է կազմում։

Իսկ «քաղաքական հոգեզավակ» ասելով՝ պետք է հասկանալ, որ նա շարունակել է Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական գիծը։ Փաշինյանը արել է ճիշտ հակառակը. նա որդեգրեց կարգավորումից խույս տալու՝ ստատուս քվոն պահելու նույն՝ 1998 թվականից սկսված քաղաքականությունը, հիմնական այս հարցում դառնալով իր նախորդների՝ Ռ. Քոչարյանի եւ Ս. Սարգսյանի ուղեգծի ոչ միայն շարունակողը, այլեւ ավելի կոշտ իրականացնողը։

13. Ի՞նչ արեց Նիկոլ Փաշինյանը Ղարաբաղի հարցում

Փաշինյանը՝

  • Բազմապատկված պոպուլիզմով, հայդատական լեզվով սկսեց խոսել ոչ միայն ներքին լսարանի, այլեւ միջազգային հանրության հետ։
  • Հրապարակավ քամահրական վերաբերմունք ցուցաբերեց Մինսկի խմբի նկատմամբ, հոխորտանքներով դադարեցրեց բանակցությունները,
  • Գերազանց իմանալով հակառակորդի ուժերի տասնապատիկ գերազանցությունը՝ ռազմական սադրիչ քայլերի դիմեց սահմանում (տավուշյան դեպքեր),
  • Թուրքիային անբովանդակ սպառնաց «Սեւրի պայմանագրով»։

Այս ամենը յուրատեսակ ու թանկարժեք նվեր էր Ադրբեջանին։

Դրա շնորհիվ է, որ՝

  • Ադրբեջանը կարողացավ հաղթահարել միջազգային հանրության՝ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու արգելքը եւ, փաստորեն, Լեռնային Ղարաբաղի վրա հարձակվելու եւ ռազմական ճանապարհով հարցը լուծելու թույլտվություն ստացավ։։
  • Թուրքիան հիմք ստացավ ավելի ակտիվ եւ առարկայական մասնակցել այդ պատերազմին եւ անսահմանափակ օգնել Ադրբեջանին։
  • Միջազգային հանրությունը անհաղորդ հանդիսատեսի դեր ստանձնեց եւ որեւէ կտրուկ քայլի չդիմեց պատերազմը կանխելու կամ դադարեցնելու ուղղությամբ։

 

14. Հնարավո՞ր էր կանխել պատերազմը։

Ն.Փաշինյանի ուղղակի վկայությամբ՝ այո, հնարավոր էր։ Ահա նրա խոսքը. «Հետահայաց կարող ենք ասել, որ եթե մենք մի տարի առաջ համաձայնած լինեինք այդ բանաձեւին՝ 5 տարածքների վերադարձին, կունենայինք ավելի լավ վիճակ, քան ունենք այսօր, եւ դա ճշմարտություն է» ։

Իսկ այդ՝ մեղմ ասած, «ավելի լավ վիճակը», կամ եթե նա համաձայներ խաղաղ կարգավորման առաջարկված տարբերակին, ապա՝

  • Կունենայինք նախկին ԼՂԻՄ-ը ամբողջական՝ Հադրութով ու Շուշիով հանդերձ, գումարած՝ Քարվաճառն ու Լաչինը,
  • Չէին լինի պատերազմի հազարավոր զոհերը, հաշմանդամները,
  • Չէին խեղվի հարյուր հազարավոր մարդկանց ճակատագրերը,
  • Չէինք տառապի պարտված լինելու զգացողությամբ, չէր լինի համազգային այս սթրեսը, բոլորին հայտնի մյուս արհավիրքները, ավերածությունները։

 

15. Պատերազմը սկսելուց հետո հնարավո՞ր էր այն ընդհատել ավելի շուտ եւ ավելի քիչ կորուստներով։

Այս հարցի պատասխանն էլ է տվել նույն Փաշինյանը։ Պատերազմի 4-րդ օրը, երբ դեռ շատ քիչ բան էր փոխվել, նա հետեւյալ հարցադրումն է արել ԱԺ խմբակցություններին. ինքը կարող է գնալ, ստորագրել կարգավորման նույն պլանը եւ դադարեցնել պատերազմը. հարցրել է՝ համաձայն կլինե՞ն այդ քայլին։ Եթե նման հարցադրում է արել, ուրեմն դա հնարավոր է եղել։

Հայտնի է նաեւ երկրորդ հնարավորության մասին. հոկտեմբերի 19-ին պատերազմի դադարեցման առաջարկ է արվել Ռուսաստանի կողմից, որը Ն. Փաշինյանը մերժել է։ Ճիշտ է՝ այդ առաջարկը եղել է արդեն ավելի պակաս նպաստավոր, քան նախորդները, սակայն տասնյակ անգամ ավելի գերադասելի, քան այն, ինչ ստացվեց վերջում՝ նոյեմբերի 9-ին։

16. Ո՞րն էր, ուրեմն, պատերազմի գնալու եւ այն մինչեւ կապիտուլյացիոն ավարտ ձգելու Փաշինյանի դրդապատճառը

Ակնհայտէ որ հաղթելու հույսը չի եղել։ Ուժերի 1։10-ի (ըստ Փաշինյանի՝ 1։20-ի) հարաբերակցությունը, գումարած Թուրքիայի անսահմանափակ օգնությունը, գումարած միջազգային հանրության անտարբերությունը, գումարած՝ որեւէ դաշնակից չունենալու իրողությունը չէին կարող նման հույս ներշնչել թեկուզ վերջին մոլագարին։

Իսկ այս հարցին Ն. Փաշինյանի տված պատասխանը հայտնի է, եւ տարածված. սեղանին դրված կարգավորման փաստաթուղթը ստորագրելու ու դրանով պատերազմը կանխելու դեպքում ինքը կվաստակեր «հող տվողի» եւ «դավաճանի» պիտակ։ Դրա համար էլ չի գնացել այդ քայլին, գերադասել է պատերազմը՝ շատ լավ իմանալով, թե այն ինչպիսի ավարտ կունենա։

17. Կա՞ արդյոք նոր աղետի սպառնալիք

Այդպիսի սպառնալիքը կպահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ նա է ներկայացնում Հայաստանի Հանրապետությունը։ Հայաստանի սահմանային ամենօրյա իրադարձությունները դրա վառ ապացույցն են։

Նա ծանր պարտություն է կրել, եւ նրա հետ կարող են վարվել ինչպես ուզեն։ Այդ է պատճառը, որ նման պարտություններից հետո պետությունների ղեկավարները հրաժարական են տալիս՝ իրենց երկրներին ավելի շատ չվնասելու համար։ Փաշինյանը այդքան սրտացավություն եւ արժանապատվություն էլ չունեցավ։ Նրա նկատմամբ արտաքին աշխարհի վերաբերմունքում ոչինչ չի փոխվի, եթե անգամ առաջիկա ընտրություններում նա հաղթի։ Այդ դեպքում, ընդամենը, իր հետ միասին ծաղրի առարկա կդառնա Հայաստանի ողջ ժողովուրդը։

Նոր աղետի նույն սպառնալիքը կպահպանվի նաեւ այն ժամանակ, եթե ընտրություններում հաջողության հասնի Ռոբերտ Քոչարյանը, մի մարդ՝ ով ոչ թե զրոյական, այլ մինուս քաղաքական կշիռ ուներ, եւ միայն Ն. Փաշինյանի բազմասերիալ «դատավարությունների» շնորհիվ է, որ կարողացավ ոչ միայն «մարդամեջ» դուրս գալ, այլեւ ընտրություններում հաղթելու հավակնություն ունենալ։ Հիմա իշխանության գալու նրա միակ շարժառիթը վրեժխնդրության զգացումն է, եւ դա ոչ միայն Փաշինյանի դեմ, այլեւ Հայաստանի ժողովրդի, որը նրան իրականում չի ընտրել ո՛չ 1998-ին, ո՛չ 2003 թվականին։ Քոչարյանը ոչ մի սրտացավություն չունի նաեւ իր հայրենիքի՝ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ. Առնվազն 2016 թվականից շատ լավ իմանալով նախապատրաստվող պատերազմի մասին՝ նա ոչինչ չի արել եւ ոչինչ չի ասել կանխելու համար սպասվող այդ արհավիրքը։ Այսպիսի մի մարդու իշխանության գալը նույնպես աշխարհում ծաղրի առարկա կդարձնի Հայաստանը եւ նրա ժողովրդին։

 

***

 

18. «Նաիրիտի» փակման մասին

Մինչեւ Ղարաբաղյան շարժման սկսվելը Հայաստանում բավականին հզոր բնապահպանական շարժում էր ծավալվել, որի հիմնական հարցերը «Նաիրիտն» ու Հայկական ատոմակայանն էին։ «Նաիրիտը», հսկայկան ֆինանսական օգուտ տալով Մոսկվային, սարսափելի ձեւով թունավորում էր Երեւանի օդը։ Ատոմակայանը, հատկապես Չեռնոբիլի ատոմակայանի վթարից հետո, համարվում էր վտանգավոր։

Բնապահպանական այս շարժումը իր օրակարգով հանդերձ միացավ 1988-ի փետրվարից սկսված Ղարաբաղյան շարժմանը, դարձավ նրա մի մասը։

«Նաիրիտի» ամենաթունավոր արտադրությունը՝ «Կաուչուկ -1»-ը, փակվել էր դեռ 1988թ. մայիսին, երբ Ղարաբաղյան շարժումը դեռ չէր էլ հասցրել անդրադառնալ բնապահպանական խնդիրներին։ «Նաիրիտն» ամբողջությամբ փակելու հարցը ՀԽՍՀ Գերագույն խորհրդի քննարկման առարկա դարձավ մեկ տարի անց՝ 1989թ. հունիսի 23-ին։ Հենց խորհրդային իշխանության լուրջ փորձագիտական ուսումնասիրությունները «Նաիրիտի» վնասների ու վտանգների մասին շատ ավելին էին, քան կարելի էր պատկերացնել։ Այստեղ կոմունիստական Գերագույն խորհուրդը որոշում ընդունեց 1989թ. ընթացքում փակել «Նաիրիտն ամբողջությամբ։

Շարժումը պաշտպանում էր «Նաիրիտը» փակելու պահանջը երկու հիմքով.

Ա) Քիմիական այս հսկան, շատ մեծ օգուտներ տալով Մոսկվային, միայն թունավորում էր Երեւանի օդը։

Բ) Այն փակելու սպառնալիքը մի լծակ էր՝ ազդելու Մոսկվայի վրա՝ Լեռնային Ղարաբաղի հարցում զիջումների գնալու համար։

Անկախությունից հետո «Նաիրիտը» վերաբացվեց, քանի որ նրա տված օգուտները այլեւս պիտի մնային Հայաստանին։ Բայց ոչ միայն սա։ Հնարավորինս անվտանգ դարձվեցին դրա արտադրությունները, իսկ ստացված շահույթի մի մասը նախատեսվեց գործարանի հարակից տարածքների բնապահպանական վիճակը կարգավորելու համար։

19. Ատոմակայանի փակման մասին

Ատոմակայանը նույնպես փակվել է Կոմունիստական իշխանության շրջանում։ Դրա աշխատանքի անհուսալիության եւ վտանգավորության մասին միայն 1988թ. ապրիլի 18‑ից մինչեւ մայիսի 3‑ը հանրապետական ՊԱԿ‑ի կողմից չորս գրավոր գաղտնի զեկուցագրեր են ներկայացվել ՀԿԿ ԿԿ: Բնապահպանները, բնականաբար, դրա մասին չգիտեին, նրանց պարզապես անհանգստացրել էր Չեռնոբիլի ատոմակայանի ահավոր վթարը 1986 թվականին։ Բայց դրա մասին գիտեին կոմունիստական իշխանությունները։ Դեռ 1988թ. սեպտեմբերի 13‑ին ՀԿԿ ԿԿ‑ի պլենումում Ս. Հարությունյանը հայտարարեց ատոմակայանի հարցի նկատմամբ «նոր վերաբերմունքի» մասին, դրա կառուցումը համարեց «անհեռատես տեխնաքաղաքականության արգասիք» եւ խոստացավ երեք տարվա ընթացքում փակել ատոմակայանը։։

Ատոմակայանի հարցով Ղարաբաղյան շարժումը չհասցրեց շատ թե քիչ լրջությամբ զբաղվել։

1988թ. դեկտեմբերի 7-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժը խուճապի մատնեց առաջին հերթին հենց կոմունիստական իշխանությանը։

1989թ. հունվարի 17‑ին ԽՍՀՄ կառավարության նախագահ Նիկոլայ Ռիժկովը հայտարարեց Հայկական ատոմակայանը շուտափույթ փակելու՝ կենտրոնական իշխանության մտադրության մասին։ Իսկ նույն թվականի փետրվարի 25-ին ԽՍՀՄ կառավարության որոշմամբ փակվեց Հայկական ատոմակայանը։

Ասենք, որ այդ ժամանակ (1988 թ. դեկտեմբերի 10-ից մինչեւ 1989թ. մայիսի 30-ը) «Ղարաբաղ» կոմիտեն բանտում էր, իսկ Շարժումը զբաղված էր միմիայն նրանց ազատ արձակման հարցերով։

20. Սեփականաշնորհման ընթացքի հետ կապված մեղադրանքներ

Սեփականաշնորհման գործընթացը ծավալվեր էր բոլոր հետխորհրդային նորանկախ հանրապետություններում, քանի որ բոլորը մերժում էին սոցիալիստական տնտեսաձեւը եւ անցում էին կատարում ազատական, շուկայական տնտեսության։

Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության շրջանում, Հայաստանում առաջինը, խորհրդանշական վճարով (փաստորեն՝ անվճար) սեփականաշնորհվեցին հողը և անասնագլխաքանակը։ Նույն կերպ սեփականաշնորհվեց պետական բնակարանային ֆոնդը։ Սկսվեց նաեւ սպասարկման ոլորտի եւ մանր ձեռնարկությունների սեփականաշնորհումը։ Հարյուր հազարավոր մարդիկ դարձան անշարժ գույքի սեփականատեր։ Այս բոլորն անխուսափելի, պարտադրված քայլեր էին տնտեսվարման նոր համակարգի անցման համար, եւ այդ քայլերը կատարվում էին տրամաբանական մի ընթացքով։ Տեր-Պետրոսյանի իշխանության շրջանում չեն սեփականաշնորհվել խոշոր գործարանները, ռազմավարական նշանակության օբյեկտները, հանքերը։ Իսկ սեփականաշնորհման ենթակա ձեռնարկությունների արժեքի 20%-ը վաուչերների տեսքով տրվել է ամբողջ բնակչությանը։

Նրան հաջորդած Ռ. Քոչարյանի ժամանակ խախտվեց տրամաբանական այս ընթացքը։ Բառիս բուն իմաստով «մեջ-մեջ արվեց» հողի պահուստային, անձեռնմխելի 20%-ը՝ այն հարյուրավոր ու հազարավոր հեկտարներով անցավ զանազան պաշտոնյաների ձեռքը։ Նույն կերպ, չնչին վճարների դիմաց սեփականաշնորհվեցին խոշոր ձեռնարկությունները, հողի ընդերքը։ Ընդհանուր առմամբ՝ սեփականաշնորհվեց երկու-երեք անգամ ավելի շատ պետական սեփականություն, քան Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ։

21. Արդյո՞ք Առաջին նախագահի իշխանության տարիներին թալան չի եղել

Ինչպես ցանկացած ժամանակ եւ ցանկացած երկրում, այդ ժամանակ էլ եղել են անբարեխիղճ պաշտոնյաներ, եղել են կաշառակերության, պաշտոնական դիրքի չարաշահման դեպքեր։ Հատկապես պատերազմական եւ ներքին հսկայածավալ բարեփոխումների շրջանում դա անհնար էր ամբողջությամբ կանխել։

Բայց չի եղել ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԹԱԼԱՆ, այսինքն՝ կոռուպցիա։ Երկրի քաղաքական իշխանությունը ոչ միայն ներգրավված չի եղել դրանում, այլև պայքարել է դրա դեմ։ 2007 թվականից սկսված համաժողովրդական շարժման շրջանում Լեւոն Տեր-Պետրոսյանը մի քանի անգամ հրապարակավ առաջարկել է Քոչարյանի իշխանությանը՝ գտնել եւ ներկայացնել իր կատարած թեկուզ 100 դոլարի չարաշահման մի դեպք։ Ավելին՝ նա առաջարկել է Հայաստանի 1000 ամենահարուստ մարդկանց մեջ ցույց տալ գեթ մեկին, ով եղել է իր աշխատակազմի անդամ։ Չի եղել, չեն գտել, թեկուզ այդ ուղղությամբ Քոչարյանի իշխանությունը մանրակրկիտ աշխատել էր առաջին իսկ օրից եւ տարիներ շարունակ։

Կոռուպցիոն համակարգը՝ բուրգը ստեղծեց Ռ. Քոչարանը եւ ժառանգեց Սերժ Սարգսյանին։ Այդ ժամանակվա իշխանությունը ոչ թե պայքարում էր առանձին անհատների չարաշահումների դեմ, այլ, ընդհակառակը, համակարգում էր այդ չարաշահումները եւ թալանը։ Բուրգի ամենավերեւում երկրի ղեկավարն էր, թալանի ամբողջ «հասույթը» կենտրոնանում էր նրա մոտ եւ նա էլ կատարում էր բաշխումը։ Սա էր ավազակապետության տնտեսական հիմքը։

 

22. Ինչո՞ւ Տեր-Պետրոսյանի ժամանակ պատշաճ ուշադրություն չի դարձվել Աղետի գոտուն

Չնայած տնտեսական շրջափակման, գազամուղի եւ երկաթգծի տասնյակ պայթեցումների առաջացրած դժվարություններին, ահռելի ռեսուրսներ եւ միջոցներ կլանող պատերազմին, Աղետի գոտին միշտ եղել է ուշադրության կենտրոնում։ Իր առաջնահերթ կարեւորությամբ եւ խնդիրների լուծման հրատապությամբ այն երկրորդ տեղն է զբաղեցրել Լեռնային Ղարաբաղից հետո։

Հետեւյալ թվերը դրա վառ ապացույցն են.

1993-1996-ին հանրապետությունում կառուցվել է 1 մլն 10 հազար քմ բնակմակերես։ Դա հավասար է 750 հատ 5 հարկանի շենքի: Դրա կեսը՝ 510 հազար քմ-ն, կամ 375 հատ 5 հարկանի բնակելի շենք կառուցվել է Աղետի գոտում: Այդ 375 շենքից 165 հազար քմ-ն կառուցվել է Գյումրիում, այսինքն՝ 120 հատ 5 հարկանի շենք:

Բացի բնակֆոնդից, կառուցվել են գործարաններ, ձեռնարկություններ, դպրոցներ, մանկապարտեզներ եւ այլն։ Եւ այս ամենը՝ Հայաստանի համար ամենածար տարիներին։

23. Ինչո՞ւ Տեր-Պետրոսյանը Քոչարյանին բերեց Հայաստան և «փաթաթեց ժողովրդի վզին»

Ռ. Քոչարանը ղարաբաղյան իր գործունեության ընթացքում բացասական կամ կասկածելի որեւէ բանով աչքի չէր ընկել։ Հայտնի է, որ երբ 1997թ. նա տեղափոխվեց Հայաստան, որեւէ սեփականություն չուներ։

Նա հրավիրվեց զբաղեցնելու Հայաստանի վարչապետի պաշտոնը՝ Արմեն Սարգսյանի անակնկալ հիվանդանալուց եւ այդ պաշտոնից հրաժարվելուց հետո։

Այդ հրավերը մի նպատակ էլ ուներ։ Շուտով պետք է ստացվեին Մինսկի խմբի՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման առաջին փաստաթղթերը։ Անհրաժեշտ էր, որ Լեռնային Ղարաբաղում տեւական ժամանակ աշխատած եւ հայտնի գործիչը կարգավորման խնդիրը կարողանար դիտարկել ոչ միայն ղարաբաղյան, այլ նաեւ ավելի լայն՝ հայաստանյան մեկնակետից։ Ցավոք՝ այդ հույսերը չարդարացան, նա վճռական պահին հակամարտության կարգավորման խնդրիրը սկսեց դիտարկել ոչ թե նույնիսկ ղարաբաղյան կամ հայաստանյան, այլ զուտ անձնական մեկնակետից։

Ինչ վերաբերում է Քոչարյանի՝ նախագահ դառնալուն, ապա, ինչպես բոլորի, այնպես էլ Լեւոն Տեր-Պետրոսյանի համար ակնհայտ էր, որ Քոչարյանը այդ իրավունքը չուներ՝ Սահմանադրությամբ սահմանված՝ 10 տարվա բնակության եւ քաղաքացիության ցենզ չունենալու հանգամանքով։ Այդ մասին անգամ ինքը՝ Քոչարյանն է հայտարարել 1998-ի սկզբին։ Նա Հայաստանում նախագահ դարձավ միմիայն Վազգեն Սարգսյանի եւ նրա ազդեցության ոլորտի շնորհիվ։ Ըստ Քոչարյանի՝ Վազգեն Սարգսյանի հրահանգով «մի խումբ իրավաբաններ» կարողացան «հիմքեր գտնել» Քոչարյանի՝ իբր Հայաստանի 10 տարվա քաղաքացի լինելու եւ 10 տարի Հայաստանում բնակված լինելու մասին։ Շատ լավ իմանալով, որ դա այդպես չէ՝ Քոչարյանը գնաց կեղծ փաստաթղթերով նախագահի թեկնածու առաջադրվելու անպատվաբեր քայլին։ Այսինքն՝ եթե չլինեին փաստաթղթային եւ բուն ընտրական գործընթացում կատարված կեղծիքները, ապա Հայաստանի նախագահ էր դառնալու Կարեն Դեմիրճյանը։

24. Ինչո՞ւ 2008թ. մարտի 1-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը տնից դուրս չեկավ, չգնաց ժողովրդի մոտ

Լեւոն Տեր-Պետրոսյանը երբեք չի խուսափել նման իրավիճակներում ժողովրդի կողքին լինելուց։ 2008թ. մարտի 1-ին, երբ դաժանաբար ցրվեց բողոքի նստացույցը, նա վերջին մարդն էր, որ մնացել էր Ազատության հրապարակում (հայտնի լուսանկարը, հաստատ, տեսել են բոլորը)։

Նստացույցը ցրելուց երկու ժամ հետո նրան ուժի գործադրմամբ մեքենա են նստեցրել, տարել տուն եւ ենթարկել տնային կալանքի։ Ազգային անվտանգության՝ ինքնաձիգներով զինված չորս տասնյակ զինվորներ երկու-երեք շարքով գիշեր ցերեկ հսկում էին նրա առանձնատան մուտքերը։ Այդ բանը տեսել եւ հաստատել են մեկ տասնյակից ավելի լրագրողներ, որոնք նույն օրը մասնակցել են նրա մամուլի ասուլիսին։

Տնային կալանքի փաստի մասին արձանագրել են այդ օրերին նրան այցելած օտարերկրյա դեսպաններ, այդ բանն արձանագրվել է միջազգային փաստաթղթերում։

25. Մենք պարտվեցինք, քանի որ 30 տարի շարունակ թալանել ու թուլացրել են բանակը

30 տարվա մատնանշումը ճիշտ չի կարող լինել։ Թալանված բանակը չէր կարող ռազմական հաղթանակների հասել իրենից մի քանի անգամ հզոր երկրի բանակի դեմ։ Բանակի թալանի մասին կարելի է խոսել միայն այն շրջանի համար, երբ Հայաստանում հաստատվեց ավազակապետական համակարգը, այսինքն՝ մոտ 2000 թվականից սկսած։

Ռ. Քոչարյանի հաստատած կոռուպցիոն համակարգը, որ անխտիր բոլոր բնագավառներում էր, չէր կարող չմտնել բանակ, մանավանդ, որ որեւէ մեկը չի էլ ձգտել դա արգելել։

Անշուշտ, եթե չլիներ 2 տասնամյակ տեւած համակարգված այդ կոռուպցիան, մենք կունենայինք ավելի հզոր ու մարտունակ բանակ։ Խոսքը վերաբերում է ոչ միայն ֆինանսական ներդրումներին, բարձրակարգ զինատեսակների ձեռքբերմանը, այլ նաեւ թվակազմին։ Դժվար չէ հաշվել, թե ինչպիսի ազդեցություն կարող էր ունենալ բանակի թվակազմի վրա մոտ մեկ միլիոն մարդու արտագաղթն այդ տարիներին։

Սակայն, արձանագրելով այս հանգամանքը, պետք է նաեւ իմանալ հետեւյալը. Ադրբեջանի տնտեսական եւ մարդկային ռեսուրսները, նրա շրջափակված չլինելու հանգամանքը, նավթից ստացված տասնյակ միլիարդավոր դոլարները հիմք էին դառնալու, որ նա ժամանակի ընթացքում մի քանի անգամ ավելի հզորանա։ Հենց այդ հաշվարկով էր, որ ղարաբաղյան հակամարտության խնդիրը պետք էր լուծել 1997-1998-ին, երբ դեռ ուժերը համեմատաբար հավասար էին, իսկ մենք բանակցություններում ունեինք դիրքային մեծ առավելություններ, կարեւոր հաղթաթղթեր, որոնք Քոչարյանի իշխանության մի քանի տարիների ընթացքում զրոյացվեցին։

Pin It on Pinterest