![]()
![]()
Հարգելի գործընկերներ,
Փորձեմ ձեզ ներկայացնել Հայ Ազգային Կոնգրեսի հայեցակարգային մոտեցումն այնպիսի հիմնարար արժեքներին, ինչպիսիք են մարդու իրավունքները, սոցիալական արդարությունը և հանրային համերաշխությունը։ Մեր պատկերացրած պետության մեջ այս հասկացությունները ոչ թե վերացական կարգախոսներ են, այլ պետականաշինության կոնկրետ հենասյուներ։
Այսօր ես ուզում եմ խոսել մի թեմայի մասին, որը մեր քաղաքական օրակարգերում հաճախ ներկայացվում է սխալ, մակերեսային և խիստ կենցաղային մակարդակով։ Երբ խոսք է բացվում հասարակության խոցելի խմբերի, մասնավորապես՝ հաշմանդամություն ունեցող անձանց, կանանց, կամ ճգնաժամային իրավիճակներում հայտնված մեր հայրենակիցների մասին, հանրային դիսկուրսը սովորաբար սահմանափակվում է էմոցիոնալ կոչերով, խղճահարությամբ կամ լավագույն դեպքում՝ առանձին, հատվածական սոցիալական նպաստների քննարկմամբ։
Հայ Ազգային Կոնգրեսի հայեցակարգը և մեր առաջարկած քաղաքական փիլիսոփայությունը սկզբունքորեն այլ են։ Մենք համարում ենք, որ այս խնդիրները ոչ թե բարեգործության կամ սոցիալական աջակցության տիրույթում են, այլ պետական հոգածության, պետականության որակի, իրավունքի գերակայության և համակարգային ճարտարապետության հարց են։
Այսօր այստեղ ներկա են ոլորտի մասնագետներ, որոնք ավելի խորությամբ ու համակողմանի են տիրապետում խնդիրներին, բայց որոնք, միաժամանակ, առավել սրությամբ են զգում պետական լուրջ աջակցության անհրաժեշտությունը։ Իսկ դրա կյանքի կոչման համար անհրաժեշտ է միայն մի բան՝ քաղաքական կամք:
Մեր հիմնարար համոզմունքն է՝ պետությունը չի կարող լինել հզոր արտաքուստ, եթե այն ներսից կազմալուծված է պառակտումներով, իսկ նրա քաղաքացիները՝ անպաշտպան։ Ցանկացած քաղաքական ուժի հասունություն չափվում է նրանով, թե ինչպիսի համակարգ է նա առաջարկում հասարակության ամենախոցելի խմբերի իրավունքների իրացման համար։
Իրավունքահեն մոդելի հրամայականը
Հայ Ազգային Կոնգրեսի մոտեցումները հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և ներառականության հարցերին հիմնականում տեղավորվում են կուսակցության սոցիալ-տնտեսական ծրագրերի և մարդու իրավունքների պաշտպանության ընդհանուր հայեցակարգի մեջ:
Թեև ՀԱԿ-ն ավանդաբար ավելի շատ հայտնի է իր արտաքին քաղաքական, պետականաշինության և մակրոտնտեսական թեզերով, հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները տարբեր ընտրական փուլերում մշտապես արտացոլվել են կուսակցության ծրագրերում: ՀԱԿ-ն իր հռչակած սկզբունքներում շեշտում է քաղաքացիների հավասարությունը օրենքի առաջ և խտրականության բացառումը:
Կոնգրեսի ներկայացուցիչները տարբեր տարիներին (ներառյալ՝ Ազգային ժողովում խմբակցություն ունեցած ժամանակահատվածում՝ 2012-2017 թվականներին) կողմ են արտահայտվել Հայաստանի կողմից միջազգային հանձնառությունների, մասնավորապես՝ ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի պահանջների լիարժեք կատարմանը, որը մեր երկիրը վավերացրել է դեռևս 2010 թվականին:
Քաղաքականության մեջ սովորաբար խոսում են մեծ-մեծ թվերից, աշխարհաքաղաքական կենտրոններից, հայտարարություններից ու պայմանագրերից։ Բայց պետության ուշադրության կենտրոնում պետք է լինի նախ և առաջ մարդը։ Պետությունը պետություն է նրանով, թե ինչպես է վերաբերվում իր ամենախոցելի, ամենից ոչ նպաստավոր պայմաններում հայտնված քաղաքացուն։ ՀԱԿ-ի համար պետության հզորության գլխավոր չափանիշը մեկն է՝ արդյո՞ք այդ պետությունը հիմնված է իրավունքի, արդարության և հավասարության վրա։ Ոչ թե թղթի վրա գրված, ոչ թե լոզունգների մակարդակում, այլ իրական, առօրյա կյանքում։
Իրականությունն օրենքից անդին
Հայաստանում 2021 թվականին «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի ընդունումը քայլ առաջ էր, սակայն անժխտելի է, որ այսօր կան բազմաթիվ խնդիրներ: ՀԱԿ-ը կարևորում է իրավունքահեն մոտեցումը ու հասկանում, որ պետական լուրջ միջամտություն է պետք թե՛ կարծրատիպերի ու վարքի փոփոխության, և թե՛ հստակ ռազմավարության ոլորտում:
Մենք ողջունում ենք, որ պետությունը հաշմանդամության հին, «բժշկական» մոդելից փորձեց անցում կատարել դեպի «իրավունքահեն ու սոցիալական» մոդել։ Բայց ի՞նչ ունենք այսօր իրական կյանքում։
Այն, ինչի մասին բարձրաձայնում են «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոնը և ոլորտային մյուս հասարակական կազմակերպությունները, դառը ճշմարտություն է։ Ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգը ներդրվեց կիսատ-պռատ՝ առանց կադրերի պատշաճ վերապատրաստման։ Արդյունքում մարդիկ կանգնած են բյուրոկրատական քաշքշուկների ու հսկայական հերթերի առաջ։
«Խելամիտ հարմարեցումների» գաղափարը մնացել է թղթի վրա. պետությունը չունի ո՛չ վերահսկողություն, ո՛չ էլ պատժիչ մեխանիզմներ այն կառույցների հանդեպ, որոնք արհամարհում են մատչելի միջավայրի պահանջը։ Անկախ կյանքի կենտրոններն ու անձնական օգնականի ինստիտուտը զարգանում են այնքան դանդաղ, որ հարյուրավոր մարդիկ, հատկապես մարզերում, շարունակում են մնալ փակված իրենց տներում՝ կտրված աշխարհից։ Սա՞ է իրավունքահեն մոտեցումը։ Ո՛չ։
Իրավունքահեն մոտեցումը նշանակում է՝ պետությունը պետք է հասկանա, որ հաշմանդամություն ունեցող անձին մատչելի միջավայր, կրթություն կամ աշխատանք ապահովելը բարեգործություն չէ, խղճահարություն չէ, լավություն անել չէ։ Դա քաղաքացու հիմնարար իրավունքն է, և պետության սրբազան պարտավորությունը։ Եթե սայլակից օգտվող քաղաքացին չի կարողանում մտնել պետական հիմնարկ կամ հիվանդանոց, խնդիրը նրա առողջությունը չէ, խնդիրը պետության անկարողությունն ու փնթիությունն է։
Բազմակի խտրականություն. Հաշմանդամություն ունեցող կանայք
Բայց խնդիրն էլ ավելի է խորանում, երբ մենք խոսում ենք հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների մասին։ Նրանք բախվում են այն երևույթին, ինչը կոչվում է «բազմակի խտրականություն»։ Նրանք թիրախ են թե՛ որպես կին՝ գենդերային անհավասարության պատճառով, և թե՛ որպես հաշմանդամություն ունեցող անձ։
Նայե՛ք մեր առողջապահական համակարգին։ Որքանո՞վ են մեր բժշկական կենտրոնները, գինեկոլոգիական սենյակներն ու ծննդատները հարմարեցված սայլակից օգտվող կանանց կարիքներին։ Գրեթե ոչ մի տեղ հարմարեցված չեն։
Նայե՛ք հասարակական կարծրատիպերին։ Հասարակությունը, երբեմն նաև ընտանիքը, նրանց զրկում է սեփական կյանքի, ընտանիք կազմելու, մայրության և վերարտադրողական իրավունքների իրացման հնարավորությունից։ Միջազգային վիճակագրությունը փաստում է, որ հաշմանդամություն ունեցող կանայք մի քանի անգամ ավելի հաճախ են ենթարկվում ընտանեկան, ֆիզիկական ու հոգեբանական բռնության, որովհետև նրանք ավելի անպաշտպան են և կախյալ վիճակում են գտնվում։
Եվ հենց այստեղ է, որ պետությունը պետք է հանդես գա որպես ճարտարապետ։ Մեզ պետք է պետական երկարաժամկետ, հստակ, չափելի ռազմավարություն, որը կոտրելու է այս արատավոր կարծրատիպերը՝ սկսած կրթական համակարգից ու իրազեկման արշավներից, վերջացրած՝ աշխատաշուկայում կանանց համար իրական քվոտաներ սահմանելով։ Հաշմանդամության հարցերը չպետք է բաժանել գենդերային հարցերից։ Կանանց հզորացման պետական ցանկացած ծրագիր պետք է ունենա հատուկ ենթաբաժին և քվոտաներ հենց հաշմանդամություն ունեցող կանանց համար։
Հանրային համերաշխություն և Արցախի մեր հայրենակիցները
Խոցելիության թեման այսօր մեր երկրում ստացել է նոր, ցավոտ ու աղաղակող մի շերտ ևս։ Դա Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների վիճակն է։
Այն, ինչ մենք տեսնում ենք վերջին շրջանում հանրային տիրույթում, այն խոսույթն ու ատելության խոսքը, որը հաճախ ուղղակի կամ անուղղակի կերպով հրահրում կամ հանդուրժում է այսօրվա քաղաքական իշխանությունը, պարզապես անընդունելի է։ Դա հակապետական է։ Փորձեր են արվում հասարակությանը պառակտելու, արհեստական ջրբաժաններ դնելու «հայաստանցիների» ու «արցախցիների» միջև, մեղադրելու հայ ժողովրդի մի մասնիկին, որը կորցրել է իր տունը, հայրենիքը, իր դարավոր սրբությունները։
Որպես քաղաքական ուժ՝ մենք հայտարարում ենք. ցանկացած ագրեսիվ խոսույթ երբեք հավասարապես չի հարվածում բոլորին։ Այն առաջին հերթին հարվածում է ամենախոցելի խմբերին։ Ո՞վ է այսօր ամենաշատը տառապում այդ պառակտող խոսույթից։ Արցախցի կանայք և աղջիկները, որ երեք պատերազմների միջով անցնելով՝ կորցրել են ամուսիններին, որդիներին ու հայրերին, որ իրենց ուսերին են բերել շրջափակման ու գաղթի ամբողջ տառապանքը, իսկ այսօր նոր միջավայրում պայքարում են ընտանիքի գոյատևման համար։
Իսկ պատկերացնո՞ւմ եք հաշմանդամություն ունեցող արցախցի կնոջ վիճակը։ Սա եռակի խոցելիություն է։ Նա կորցրել է իր տունը, իր հարմարեցված կենցաղը, իր բժշկական խնամքի շղթան, և այսօր, բացի ֆիզիկական արգելքներից, ստիպված է լսել նաև թունավոր ու պառակտող հայտարարություններ։
Մենք պարտավոր ենք կանգնեցնել այս ընթացքը։ Արցախից բռնի տեղահանված հայությունը մեր հասարակության լիարժեք, հավասարազոր և հարգված մասն է։ Նրանց ինտեգրման ծրագրերը չպետք է լինեն «չոր ու ցամաք» վիճակագրություն։ Դրանք պետք է լինեն հասցեական, նրբանկատ և հաշվի առնեն հենց կանանց, երեխաների ու հաշմանդամություն ունեցողների առանձնահատուկ կարիքները։
Ինստիտուցիոնալ պայքար ընտանեկան բռնության դեմ
Մեկ այլ համակարգային արատ, որի դեմ մենք հետևողականորեն պայքարել և պայքարելու ենք, ընտանեկան բռնությունն է։ Սա այն թեման է, որը հաճախ փորձում են թաքցնել «ավանդական ընտանիքի» կեղծ քողի տակ։ Բայց իրականությունը հետևյալն է. բռնությունը չունի արդարացում, և բռնության դեմ պայքարը ոչ թե ընտանիքի դեմ է, այլ հանուն առողջ, փոխադարձ հարգանքի վրա հիմնված և պաշտպանված ընտանիքի։
Մեր ծրագրում այս հարցն ունի հստակ, ինստիտուցիոնալ լուծումներ.
- Հավելյալ ապաստարանների կառուցում և ընդլայնում մարզերում, որպեսզի բռնության ենթարկված ցանկացած կին, անկախ նրանից, թե երկրի որ ծայրում է ապրում, ունենա հնարավորություն փախչելու բռնարարից և գտնելու անվտանգ տանիք, հոգեբանական ու իրավական աջակցություն։
- Իրավապահ համակարգի և ոստիկանության վերապատրաստում: Ոստիկանը պետք է դադարի առաջնորդվել «ամոթ է, գնա հաշտվիր» կարծրատիպով։ Նա պետք է ունենա գիտելիք ու հմտություն՝ զոհին պաշտպանելու և անհապաղ միջամտության որոշումներ կիրառելու համար։
- Դատական համակարգի մասնագիտացում: Դատարանները պետք է լինեն օպերատիվ, զգայուն գենդերային հարցերի նկատմամբ և բացառեն անպատժելիության մթնոլորտը բռնարարների համար։
Ատելության խոսքը, պառակտումը, խոցելի խմբերի անտեսումը թուլացնում են մեր պետությունը։ Թույլ տալով կամ խրախուսելով ատելությունը՝ ցանկացած իշխանություն հասարակության ներսում բացում է ներքին ագրեսիայի մի ալիք, որը, ի վերջո, հարվածում է ամենաթույլերին ու անպաշտպաններին։
Սիրելի՛ հայրենակիցներ,
Մեր պայքարը հանուն քաղաքակիրթ, իրավական և արժանապատիվ Հայաստանի է, որտեղ հանրային դիսկուրսը հիմնված է հարգանքի, իրավունքի և փոխադարձ պատասխանատվության վրա։
Մենք պարտավոր ենք և առաջ ենք տանելու մարդու իրավունքների, արդարության ու հավասարության հիման վրա կառուցված մարդակենտրոն ծրագրերը։ Մենք սատարելու ենք կանանց, աղջիկներին, հաշմանդամություն ունեցող անձանց, Արցախից տեղահանված մեր քույրերին ու եղբայրներին, բոլոր խոցելի խմբերին։ Ոչ թե խղճահարությունից դրդված, այլ այն հստակ գիտակցումով, որ նրանցից յուրաքանչյուրը մեր պետության լիարժեք քաղաքացին է, մեր հասարակության անկյունաքարը։
Սա այն մարդակենտրոն և արժեքահեն օրակարգն է, որով Հայ Ազգային Կոնգրեսը հանդես է գալիս քաղաքական դաշտում։ Պետական կառավարման և օրենսդրական մակարդակներում այս հանձնառությունը դառնալու է մեր կոնկրետ աշխատանքի հիմքը։
Մեր նպատակն է ստեղծել մի համակարգ, որտեղ իրավունքը, հավասարությունը և արդարությունը երաշխավորված կլինեն յուրաքանչյուր քաղաքացու համար՝ անկախ նրա սեռից, ֆիզիկական հնարավորություններից կամ ծագումից։ Միայն այսպիսի հիմքերի վրա կառուցված պետությունն է ունակ դիմագրավելու արտաքին մարտահրավերներին և ապահովելու մեր ժողովրդի անվտանգ ու զարգացող ապագան։
Միայն այն պետությունն է իսկապես հզոր, կայուն և անվտանգ, որի ներսում յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ սեռից, ֆիզիկական հնարավորություններից, ծագումից կամ սոցիալական կարգավիճակից, ունի իրավական պաշտպանություն և ապրում է արժանապատիվ կյանքով։ Սա է Իրավական Պետության մեր տեսլականը, և սա է այն օրակարգը, որը մենք հետևողականորեն տանելու ենք առաջ։
Եկե՛ք միասին կառուցենք մի պետություն, որտեղ ոչ մի թաքնված պատի հետևում, ոչ մի ընտանիքում և ոչ մի համայնքում մարդու իրավունքն ու արժանապատվությունը չեն ոտնահարվի։ Պետություն, որտեղ յուրաքանչյուր մարդ իրեն կզգա պաշտպանված, հարգված և ազատ։


