Մամլո հաղորդում
Երեւան, 10 հոկտեմբերի, 2019թ.
Հոկտեմբերի 10-ին տեղի ունեցավ Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչների եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան տիկին Լին Թրեյսիի հանդիպումը` վերջինիս նախաձեռնությամբ: Հանդիպման ընթացքում դեսպանի խնդրանքով Կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը ներկայացրեց կուսակցության դիրքորոշումները Հայաստանի ներքաղաքական հարցերի վերաբերյալ` մասնավորապես անդրադարձ կատարեց Հայաստանի տնտեսական զարգացման, ինչպես նաեւ Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման եւ օրինականության հաստատման հարցերին: Ժողովրդավարության ամրապնդման կոնտեքստում կարեւորվեց Ընտրական օրենսգրքի եւ Կուսակցությունների մասին օրենքի բարեփոխումը: Օրինականության հաստատման առումով առանձնահատուկ ընդգծվեցին Մարտի 1-ի գործի լիարժեք բացահայտման, արդար դատավարության եւ բոլոր մեղավորներին պատասխանատվության կանչելու, կոռուպցիայի դեմ պայքարի եւ Սահմանադրական դատարանում առկա ճգնաժամի վերաբերյալ հարցերը:
Անդրադարձ եղավ նաեւ Հայաստանի առջեւ ծառացած արտաքին մարտահրավերներին: Հանգամանորեն ներկայացվեցին Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման, ինչպես նաեւ տարածաշրջանային համագործակցության եւ անվտանգության վերաբերյալ Կոնգրեսի գնահատականները:
Հանդիպմանը մասնակցեցին դեսպանատան քաղաքական-տնտեսական բաժնի փոխղեկավար տիկին Մերի Ալեքսանդրը, Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը, գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանը եւ Տարածքային կառույցների հանձնաժողովի նախագահ Ավետիս Ավագյանը: