[youtube id=”XbalH9pzxW0″ width=”700″ height=”390″ fullwidth=”yes”]
Հոկտեմբերի 20-ին Ազգային ժողովում սկսվեց Կառավարության ներկայացրած ծրագրի քննարկումը, իսկ այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ծրագրի վերաբերյալ իրենց դիրքորոշումը արտահայտեցին ԱԺ խմբակցությունները:
Հայ Ազգային Կոնգրես խմբակցության տեսակետը ներկայացրեց Լևոն Զուրաբյանը:
Ելույթն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Հարգելի խորհրդարան, հարգելի կառավարություն, սիրելի ժողովուրդ:
Կառավարության ծրագրի ներկայացումը վերջապես առիթ է ստեղծում խոսելու այս նոր կառավարության նշանակման գործընթացի մասին և առաջին գնահատականները տալու նրա գործունեության վերաբերյալ: Սկսենք նրանից, որ վարչապետի նշանակումը կատարվել է սահմանադրական նորմերի խախտումով: Ինչպես գիտեք, Սահմանադրության անցումային դրույթների համաձայն, դեռևս պահպանվում է վարչապետ նշանակելու հին կարգը, ըստ որի՝ ՀՀ նախագահը պետք է խորհրդակցի խմբակցությունների հետ և դրանից հետո միայն կատարի նշանակումը: Նման խորհրդակցություն Հայ Ազգային Կոնգրես խմբակցության հետ չի եղել: Իհարկե, 2012, 2013, 2014 թվականներին Հայ Ազգային Կոնգրես խմբակցությունը ինքն է մերժել նման խորհրդակցության անցկացումը, բայց դա չի կարող արդարացնել սահմանադրական պարտավորության չկատարումը այս վարչապետին նշանակելիս:
Փորձենք, այնուամենայնիվ, վերանալ այս հանգամանքից, և գնահատել նոր կառավարության ծրագիրը և գործունեությունը: Չի կարելի ժխտել, որ նոր նշանակված վարչապետը մի լավ ու շատ լավ բան արել է: Կառավարությունից և մարզպետի պաշտոնից հեռացվել են մարդիկ, ում կուտակված հարստությունների, չարաշահումների և ապօրինությունների մասին չի խոսել կամ չի գրել միայն ծույլը: Դա, իհարկե, դրական քայլ էր, և պատահական չէ, որ մեր ժողովրդի մի հատվածի մեջ հույսեր են առաջացրել, որ ինչ-որ բան կարող է փոխվել դեպի լավը: Բնականաբար հարց է ծագում, թե արդյո՞ք այս քայլերը նշանակում են, որ այս Կառավարությունը այլևս չի ներկայացնում կոռումպացված այն համակարգը, որ գործել է Հայաստանում վերջին 17 տարիների ընթացքում, և պատրաստ է այդ համակարգի ապամոնտաժման քայլեր կատարել՝ ներառյալ մենաշնորհների, կոռուպցիայի, ապօրինի արտոնությունների վերացումը, ներդրումների համար լավ պայմանների ստեղծումը և երկրի տնտեսական զարգացման ապահովումը, թե՞ սա ընդամենը Սերժ Սարգսյանի հանրապետական իշխանության կողմից մի նախընտրական հնարք է, որի միակ նպատակն է՝ ընտրություններից առաջ մեղմել ժողովրդի համատարած դժգոհությունը և ատելությունը իշխանությունների նկատմամբ, հանդես գալ մարդկային դեմքով և հնարավորինս հեշտացնել ռեժիմի վերարտադրությունը առաջիկա ընտրություններում, որից հետո, սակայն, բոլոր դիմակները նորից կհանվեն, և ռեժիմը նույն ախորժակով ու դաժանությամբ կշարունակի ժողովրդի հարստահարումը և երկրի անխնա թալանը:
Անկեղծ լինենք, մենք դեռևս ոչ մի հիմք չունենք հավատալու առաջին սցենարին: Ասածիս առաջին հիմնավորումը Հարկային օրենսգրքի ընդունման հետ կապված պատմությունն է: Հայտնի է, որ այդ օրենսգիրքը մեծ դժգոհություն է առաջացրել գործարար աշխարհում և ընդունվել է օրենսդրական գործընթացի պատշաճ կազմակերպման և տարրական խորհրդարանական էթիկայի խախտումներով: Քանի որ Հարկային օրենսգիրքը տնտեսության ամենաառանցքային օրենքն է, եթե կուզեք Սահմանադրությունը կամ Աստվածաշունչը, ապա նոր եկած Կառավարությունը պետք է դադարեցներ այս հապշտապ գործընթացը և միայն ծրագրի մշակումից հետո, արմատական փոփոխության ենթարկելով այդ օրենսգիրքը, այն ներկայացներ խորհրդարան՝ բաց և համապարփակ քննարկման համար: Հարկային օրենսգիրքը, այսպիսով, կարող էր դառնալ նոր ստեղծված Կառավարության մտադրությունների մանիֆեստ, եթե նպատակ կար ձերբազատվելու գործող կոռումպացված համակարգից:
Բայց պարզվեց, որ համակարգը հանգիստ ավարտին հասցրեց այն գործը, որ վաղուց սկսել էր, և նոր կառավարությունը ոչ մի կերպ չկարողացավ խանգարել այդ գործընթացին, ինչով և ապացուցվեց, որ ամենաառանցքային հարցերից մեկում հաղթեց համակարգը, և ոչ թե կառավարության կողմից հռչակված նոր քաղաքականությունը:
Երկրորդ խնդիրը, որը խոսում է նոր կառավարության այս գործող համակարգի հետ օրգանական կապի մասին, այն է, որ սույն ծրագիրը ներկայացնելիս կառավարությունը չի ներկայացնում երկրի տնտեսական համակարգի ախտորոշումը: Դուք չեք խոսում այն մասին, որ մեր քաղաքական-տնտեսական համակարգի գլխավոր արատն այն է, որ Հայաստանում բիզնես անելու արտոնություն ունի միայն իշխանությանը մոտ կանգնած մարդկանց մի շատ նեղ շրջանակ, որ դրա պատճառով Հայաստանի ձեռնարկատիրական դասի մեծ մասը լքել է Հայաստանը՝ իրենց էներգիան և կապիտալը ի սպաս դնելով այլ երկրների զարգացմանը, որ այսօրվա տնտեսությունը մի կերպ գոյատևում է Հայաստան իրենց բարեկամներին և ընկերներին ուղարկվող տրանսֆերտների հաշվին, որ այդ տրանսֆերտներով է հիմնականում ձևավորվում Հայաստանում դեռ մնացող բնակչության գնողունակությունը, բայց այդ կապիտալը ուղղված է բացառապես սպառման և ոչ երբեք ներդրման, որովհետև Հայաստանում ապահով ներդրումներ կարելի է անել միայն իշխանավորների հետ փայ մտնելով, որ այդ գնողունակության վրա լայն սպառման ապրանքների շուկաներում մակաբուծում են ապօրինաբար հաստատված մենաշնորհները, որ պետության կողմից տարվող դրամավարկային և ֆինանսա-բյուջետային քաղաքականությունը, ներառյալ դրամի կուրսի կարգավորումը սպասարկում են հենց այդ ներկրող մենաշնորհային օլիգարխիայի շահերը՝ քանդելով արդյունաբերությունը և ծնկի բերելով արտահանողներին, որ գազի և էլեկտրականության գները կարգավորող մեթոդաբանությունը շահութաբերություն է սահմանում ոչ թե օպերացիոն ծախսերի, այլ ակտիվների նկատմամբ, ինչի հետևանքով կատարվում են անարդյունավետ ներդրումներ, որի ամբողջ բեռը նորից ընկնում է սպառողի ուսերի վրա, որ տարիներ շարունակ ներկրումը երեք անգամ գերազանցել է արտահանումը, որ այս մոդելի պահպանումը բերում է միայն կայուն արտագաղթի և պետական պարտքի կուտակմանը: Այս ախտորոշիչ գնահատականները դուք չեք տալիս, այլ ընդամնեը ձեր առջև խնդիր եք դնում «սեղմ ժամկետում իրականացնել կառավարման համակարգի և տնտեսության վիճակի հստակ ախտորոշում»:
Դուք չեք նշում նաև, թե որն է տնտեսության այն տեսլականը, որ դուք կուզեիք ստեղծել Հայաստանում: Եթե սա իսկապես լիներ կառավարության գործունեության ծրագիր, նա պետք է ներկայացներ գործող համակարգի արատները և ստեղծված աղետալի իրավիճակը, բացատրեր, թե տնտեսության ինչ մոդել ենք ուզում ստեղծել երկրում, հաստատել ժամանակային կոնկրետ թիրախներ այդ մոդելի ուղղությամբ շարժվելու համար:
Ծրագիրը, սակայն, եթե կարելի է այն ծրագիր կոչել, ընդամենը ներկայացնում է այն գործիքները, որը կառավարությունը կօգտագործի իր գործունեության մեջ: Մեջբերումներ եմ անում. «Կատարողականի առանցքային ցուցիչների սահմանում և վարկանշում, պատվիրատուների թվի կրճատում, արտոնյալ սակագների սահմանում, պետական բաժնեմասի մասնավորեցման ուսումնասիրում, լիցենզիաների ցանկի կրճատում, ԱԱՀ-ի վերադարձման ժամկետների կրճատում և այլն, և այլն, և այլն»: Միգուցե անիմաստ եք համարել որևէ թիվ մեջբերել այս ծրագրում, որովհետև, միևնույն է, ոչ մի խոստում տարիների ընթացքում չի կատարվել:
Համարյա չկան դրույթներ, թե կառավարության գործունեության արդյունքում երբ և ինչ արդյունքների ենք հասնելու, բացառությամբ այնպիսի օրինակների, ինչպիսին է 5 տարվա ընթացքում զբոսաշրջիկների թվի եռապատկումը: Չկան թիրախային ցուցանիշներ ո՛չ ՀՆԱ-ի, ո՛չ տնտեսական աճի, ո՛չ առևտրական բալանսի, ո՛չ կենսաթոշակների բարձրացման, ո՛չ կրթության կամ գիտության մեջ ներդրվող բյուջետային գումարների չափի վերաբերյալ: Այս ամենը նման է մի շենքի վերակառուցման ծրագրի, որում նշված չեն շենքի ներկա վիճակը, ճարտարապետական ապագա պրոյեկտը և վերակառուցման ժամկետները, բայց ներկայացված են այն գործիքները, որ կօգտագործվեն շինարարների կողմից այդ վերակառուցման համար:
Ինչո՞ւ եք այդ դեպքում այս փաստաթղթի անունը դնում ծրագիր: Եթե սա ծրագիր է. ապա սա ծրագիր է ընտրողների առաջ որևէ քաղաքական պատասխանատվություն չստանձնելու մասին, և պետք չէ համոզել, ինչպես որոշ հանրապետականներ արեցին, որ սա ընդամենը 6 ամսվա ծրագիր է, քանի որ ապրիլին պետք է տեղի ունենան նոր ընտրություններ: Ցանկացած կառավարություն նշանակվելիս պետք է ներկայացնի ծրագիր ոչ թե մինչև ընտրությունների օրը կամ ընտրությունների օրով պայմանավորված լիազորությունների ավարտը, այլ այն ենթադրությամբ, որ տարիներ շարունակ իրեն է վիճակված լինելու երկրի կառավարման ղեկը: Եթե այդպես չեք վարվում, ուրեմն էլ ավելի է խորանում համոզմունքը, որ այս կառավարության նշանակումը կատարված է ընդամենը ընտրություններից առաջ դժգոհությունը մեղմելու նպատակով:
Մինչև ընտրություններ այս համոզմունքը ցրելը բնավ դժվար չէ, պետք է ընդամենը կատարել մի քանի արմատական քայլեր, որոնք վերացնում են մենաշնորհները և էապես թուլացնում կոռումպացված համակարգը: Երկու նման քայլ առաջարկել է Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Մենք լսեցինք կառավարությունից դրական արձագանքներ, բայց առայժմ չկան գործողություններ, չկան կոնկրետ գործողություններ նաև նախորդ կառավարությունների չարաշահումների բացահայտման ուղղությամբ: Ոչ ոք ավելի լավ դիրքում չի, քան դուք, պարոն վարչապետ և ձեր ղեկավարած կառավարությունը, այդ չարաշահումները բացահայտելու, ուսումնասիրելու և իրավապահ մարմիններին ուղարկելու համար: Եթե ասելու եք՝ դա իմ գործը չէ, թող դրանով զբաղվեն իրավապահ մարմինները, ընդամենը հաստատելու եք ձեր կախվածությունը կոռուպցիոն համակարգից:
Եվ վերջապես՝ մենաշնորհները լայն սպառման ապրանքների շուկաներում: Այդ շուկաներում նոր ընկերությունների մուտքի խոչընդոտները վերացնելը ընդամենը քաղաքական կամքի դրսևորման հարց է: Եթե այդ քաղաքական կամքը դրսևորվի, ընդամենը մի քանի ամսվա ընթացքում մենք ականատես կլինենք բենզինի, դիզելի, շաքարի, ալյուրի, և այլ ապրանքների էական էժանացմանը: Եթե ծրագրի բացակայությունը այս պահին ինչ-որ չափով դեռ կարելի է հանդուրժել՝ հաշվի առնելով ժամանակային սղությունը կոնկրետ ձեր նշանակման պայմաններում, ապա ընդամենը քաղաքական կամք պահանջող վերոհիշյալ քայլերի չկատարումը որևէ այլ բացատրություն չի ունենա, քան այն, որ ձեր առաքելությունն է փրկել Հայաստանում իշխող կուսակցության դեմքը ընտրություններից առաջ»,- ասաց Լևոն Զուրաբյանը: