Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի   Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն

Ա Զ Գ Ա Յ Ի Ն   Ժ Ո Ղ Ո Վ

ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ`

ՊԱՐՈՆ  Գ. ՍԱՀԱԿՅԱՆԻՆ

 

Հարգելի պարոն Սահակյան

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 75-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ և 50-րդ հոդվածներով՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի փաթեթը:

Առաջադրվող ՀՀ օրենքի նախագծի փաթեթին կից ներկայացնում ենք՝

1) օրենքի ընդունման հիմնավորումը.

2) օրենքի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը.

Խնդրում ենք ներկայացված ՀՀ օրենքի նախագծի փաթեթը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Պատգամավորներ`

ՏԵՂԵԿԱՆՔ

 

«Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ օրենքներում փոփոխությունների և լրացումների ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

 

Նախագիծ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.  Օրենքի 5–րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

ա) Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

գ) պետական կառավարման հանրապետական, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինները.

դ) հուշարձանների սեփականատերերը, օգտագործողները.

ե) հուշարձանների պետական հաշվառման, պահպանման, ուսումնասիրման, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման հետ առնչվող իրավաբանական ու ֆիզիկական անձինք:

Հոդված 2.  Օրենքի 8–րդ հոդվածում կատարել հետևյալ փոփոխությունները.

  1. «դ) ՀՀ Ազգային ժողովի հաստատմանն է ներկայացնում անկախ սեփականության ձևից պետական պահպանության կամ սուբսիդավորման վերցված անշարժ հուշարձանների ցուցակը, պահպանության գոտիների ցանկը, դրանց հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման կարգը».
  2. «է) Սույն օրենքով և ՀՀ Ազգային ժողովի կողմից սահմանված կարգով թույլտվություն է տալիս տեղափոխելու և փոփոխելու հանրապետական նշանակության հուշարձանները».

Հոդված 3.  Օրենքի 9–րդ հոդվածի (թ) կետը շարադրել նոր խմբագրությամբ.

  1. «բ) ՀՀ Ազգային Ժողովի հաստատման համար Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում հուշարձանների պետական հաշվառման, պահպանության, ուսումնասիրման, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման գիտամեթոդական կարգը».
  2. «թ) կազմում և սահմանված կարգով ՀՀ Ազգային Ժողովի հաստատմանն է ներկայացնում հուշարձանների պահպանական գոտիների նախագծերն ու դրանց պահպանության կարգը»:

Հոդված 4.  Օրենքի 12–րդ հոդվածի երրորդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հուշարձանների պետական հաշվառումն իրականացնում է լիազորված մարմինը` սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով»:

Հոդված 5.  Օրենքի 13–րդ հոդվածի երկրորդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հուշարձանների պետական ցուցակները հաստատում է ՀՀ Ազգային ժողովը` Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացմամբ»:

Հոդված 6.  Օրենքի 14–րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հուշարձանների պետական ցուցակներում նոր օբյեկտ ընդգրկելը և այդ ցուցակներից հանելը կատարում է ՀՀ Ազգային Ժողովը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով կատարված փորձագիտական եզրակացության հիման վրա»:

Հոդված 7.  Օրենքի 21–րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

  1. «Հուշարձանների քանդումն արգելվում է:

Հանրապետական և տեղական նշանակության հուշարձանների տեղափոխումը, փոփոխումը կարող է կատարվել միայն բացառիկ դեպքերում` Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի կողմից հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով կատարված փորձագիտական եզրակացության հիման վրա:

Նախքան հուշարձանը տեղափոխելը կամ փոփոխելը, իսկ անհրաժեշտության դեպքում նաև դրանք կատարելու ընթացքում, լիազորված մարմինը կազմակերպում է հուշարձանի գիտական ուսումնասիրման, չափագրման և լուսանկարման աշխատանքները:

Սույն հոդվածով նախատեսված աշխատանքների իրականացման հետ կապված ծախսերը կատարվում են հուշարձանի տեղափոխման կամ փոփոխման թույլտվություն ստացողի հաշվին»:

Հոդված 8.  «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (12 դեկտեմբերի 1998 թվականի, ՀՕ-261) 35-րդ հոդվածի երրորդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող այն հուշարձանների ցանկը, որոնք ենթակա չեն օտարման, հաստատում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը»:

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ

 

 

Նկատի է առնված, որ 1998 թվականի դեկտեմբերի 12–ին (ՀՕ-261) ընդունված «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ի սկզբանե Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող հուշարձանների ցանկը, որոնք ենթակա չեն օտարման, հաստատում էր Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը։

Միայն 2003 թվականի ապրիլի 11-ի փոփոխությամբ է այդ իրավասությունը փոխանցվել ՀՀ կառավարությանը, որից հետո պետության կողմից պահպանվող հուշարձաններից շատերը, մասնավորապես մայրաքաղաքում, քաղաքաշինական նպատակներով քանդվել են, բնակիչները տարհանվել և կառուցվել են տարբեր «էլիտար» բարձրահարկ շենքեր։ Կցվում է պետության կողմից պահպանման ենթակա այն հուշարձանների ցանկը, որոնք օրենքի վերոհիշյալ փոփոխությունից հետո քանդվել են, օտարվել կամ ապամոնտաժվել:

Աղաղակող փաստ է, որ մայրաքաղաքը իր պատմական դիմագիծը կորցրել է, հատկապես XIX դարի և XX դարի սկզբին կառուցված, նախկինում պետության կողմից պահպանվող պատմական շենքերի քանդմամբ կամ աղճատմամբ։

Որպես օրինակ կարելի է մատնանշել հանրության մեջ հատկապես բողոքի մեծ ալիք բարձրացրած այնպիսի շենքերի քանդումն ու օտարումը, որպիսիք են՝ «Սպայի տունը» Վազգեն Սարգսյան փողոցում, նախկին Պետդումայի շենքը Շահումյան հրապարակում, «Աֆրիկյանների տունը» Տերյան փողոցում, Գիտությունների Ազգային Ակադեմիայի հին շենքը (Լեզվի ինստիտուտի) Սայաթ Նովայի փողոցում, Երևանի «Փակ շուկան», բազմաթիվ շենքեր Աբովյան, Հանրապետության, Արամի փողոցներում։ Ինչպես նաև Հյուսիսային պողոտայի կառուցման ընթացքում քանդված հին Երևանի  տներն ու շենքերը։

Տեղեկանք
Օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
11 նոյեմբերի 1998 թ.

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Հոդված 2.  Հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառի սուբյեկտներն են`

ա) Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը.

ա) Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

բ) պետական կառավարման հանրապետական, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինները.

գ) հուշարձանների սեփականատերերը, օգտագործողները.

դ) հուշարձանների պետական հաշվառման, պահպանման, ուսումնասիրման, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման հետ առնչվող իրավաբանական ու ֆիզիկական անձինք:

Հոդված 8. Հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունը

 Հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարությունը`

ա) ապահովում է հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում պետական քաղաքականության իրականացումը.

բ) հաստատում է հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառի հանրապետական և մարզային պետական ծրագրերը.

գ) ապահովում է հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառի ֆինանսավորումը` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին.

դ) հաստատում է անշարժ հուշարձանների պետական ցուցակները, դրանց հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման կարգը.

ե) ստեղծում է պատմամշակութային ու բնապատմական արգելոցներ և հաստատում դրանց կանոնադրությունները.

զ) միջազգային նորմերի սահմաններում նպաստում է այլ պետություններում գտնվող հայկական հուշարձանների հաշվառման, ուսումնասիրման, պահպանման, ամրակայման, նորոգման, վերականգնման և քարոզչական միջոցառումների իրականացմանը.

է) թույլտվություն է տալիս հանրապետական նշանակության հուշարձանները տեղափոխելու և փոփոխելու համար.

ը) իրականացնում է օրենսդրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

Հոդված 9. Հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում լիազորված մարմնի իրավասությունը

Լիազորված մարմինը`

ա) մասնակցում է հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառի պետական քաղաքականության ձևավորմանը, Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում պետական ծրագրերի, որոշումների նախագծեր, հաստատումից հետո կազմակերպում և վերահսկում է դրանց իրականացումը.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում հուշարձանների պետական հաշվառման, պահպանության, ուսումնասիրման, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման գիտամեթոդական կարգը.

գ) պետական վերահսկողություն է ապահովում հուշարձանների պահպանության և օգտագործման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ.

դ) իր իրավասության սահմաններում իրականացնում է պետական սեփականություն համարվող և չօգտագործվող հուշարձանների տնօրինումը, կատարում դրանց ամրակայման, վերականգնման և բարեկարգման աշխատանքները.

ե) գրանցում և վերահսկում է հուշարձանի նկատմամբ սեփականության իրավունքի և օգտագործման ձևի փոփոխումները.

զ) միջազգային նորմերի սահմաններում հաշվառում և ուսումնասիրում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող հայկական հուշարձանները, նպաստում դրանց պահպանմանը.

է) ստեղծում է պատմամշակութային արժեքների գիտատեղեկատու շտեմարան, հրատարակում կատալոգներ, ուսումնական, գիտահետազոտական, ճանաչողական նպատակներով ապահովում է հուշարձանների և դրանց վերաբերյալ տեղեկատվության մատչելիությունը.

ը) վարում է հուշարձանների պետական հաշվառումը (կադաստրը).

թ) կազմում և սահմանված կարգով հաստատում է հուշարձանների պահպանական գոտիների նախագծերը ու սահմանում դրանց պահպանության ռեժիմը.

ժ) առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն` պատմամշակութային արգելոց ստեղծելու վերաբերյալ.

ժա) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով համաձայնություն կամ մասնագիտական եզրակացություն է տալիս հուշարձաններ ունեցող բնակավայրերի, դրանց հատվածների հատակագծման, կառուցապատման, ինչպես նաև հուշարձան համարվող առանձին շինությունների և համալիրների ամրակայման, վերականգնման, փոփոխման և բարեկարգման նախագծերի վերաբերյալ, դրանց իրականացման ընթացքում վերահսկում է հուշարձանների անվթարության ապահովումը.

ժբ) թույլտվություն է տալիս հուշարձանների հետախուզման և պեղման աշխատանքների համար, գրանցում դրանք և վերահսկում դրանց կատարման ընթացքը.

ժգ) արգելում կամ դադարեցնում է հուշարձանի պեղման, ամրակայման, նորոգման, վերականգնման, ինչպես նաև շինարարական, գյուղատնտեսական և այլ աշխատանքները, եթե դրանք վնասել են կամ դրանց շարունակումը կարող է վնասել հուշարձանը կամ դրա պահպանական գոտին.

ժդ) նպաստում է ոչ պետական սեփականություն համարվող հուշարձանների պահպանական միջոցառումների իրականացմանը.

ժե) իրականացնում է սույն օրենքով և իրավական այլ ակտերով նախատեսված լիազորություններ:

Հոդված 12. Հուշարձանների պետական հաշվառումը

Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող բոլոր հուշարձանները ենթակա են պետական հաշվառման` անկախ սեփականության ձևից:

Հուշարձանների պետական հաշվառումը ներառում է հուշարձանների հայտնաբերումը, ուսումնասիրումը, հաշվառման փաստաթղթերի ստեղծումը, պետական ցուցակների կազմումը և հաստատումը:

Հուշարձանների պետական հաշվառումն իրականացնում է լիազորված մարմինը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Հուշարձանների պետական հաշվառման փաստաթղթերը պահպանվում են անժամկետ:

Հոդված 13. Հուշարձանների պետական ցուցակների կազմումը և հաստատումը

Հուշարձանների պետական ցուցակները հիմնական փաստաթուղթ և իրավական հիմք են օբյեկտին հուշարձանի կարգավիճակ տալու և պետության կողմից պահպանության վերցնելու համար:

Հուշարձանների պետական ցուցակները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` լիազորված մարմնի ներկայացմամբ:

Լիազորված մարմինը հուշարձանը պետական ցուցակում ընդգրկելու մասին տեղեկացնում է պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններին` ըստ հուշարձանի գտնվելու վայրի, և հուշարձանի սեփականատիրոջը կամ օգտագործողին:

Հուշարձանների պետական ցուցակները պաշտոնապես հրապարակվում են դրանց պատրաստ լինելուց հետո` եռամսյա ժամկետում:

Հոդված 14. Հուշարձանների պետական ցուցակներում նոր օբյեկտ ընդգրկելը և ցուցակից հանելը

Հուշարձանների պետական ցուցակներում նոր օբյեկտ ընդգրկելը և այդ ցուցակներից հանելը կատարվում է փորձագիտական եզրակացության հիման վրա` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

Հոդված 15.

 

Հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության ապահովման միջոցառումների համակարգը

Հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության ապահովման միջոցառումների համակարգը ներառում է`

ա) հուշարձանների հայտնաբերումը և պետական հաշվառումը.

բ) հուշարձանների պահպանության գոտիների սահմանումը.

գ) պատմամշակութային արգելոցների ստեղծումը.

դ) պատմական բնակավայրերի, դրանց առանձին հատվածների պատմամշակութային հիմնավորման նախագծերի կազմումը.

ե) հուշարձանների և դրանց տարածքի պահպանության ապահովումն ու վերահսկումը.

զ) շինարարական, գյուղատնտեսական և այլ աշխատանքների իրականացման ընթացքում հուշարձանների ու դրանց պատմական միջավայրի անվթարության ապահովումը.

է) հուշարձանների պեղումների, ամրակայման, վերականգնման, նորոգման աշխատանքների և օգտագործման կարգերի սահմանումը.

ը) հուշարձանների պահպանության քարոզչությունը:

Հոդված 21. Հուշարձանների քանդման արգելումը: Հուշարձանների տեղափոխման և փոփոխման կարգը

Հուշարձանների քանդումն արգելվում է:

Հանրապետական և տեղական նշանակության հուշարձանների տեղափոխումը, հանրապետական նշանակության հուշարձանների փոփոխումը կարող են կատարվել միայն բացառիկ դեպքերում` Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվությամբ, իսկ տեղական նշանակության հուշարձանների փոփոխումը` պետական կառավարման տարածքային մարմինների թույլտվությամբ:

Հուշարձանների տեղափոխման և փոփոխման թույլտվություն տրվում է միայն լիազորված մարմնի եզրակացության հիման վրա:

Նախքան հուշարձանը տեղափոխելը կամ փոփոխելը, իսկ անհրաժեշտության դեպքում նաև դրանք կատարելու ընթացքում, լիազորված մարմինը կազմակերպում է հուշարձանի գիտական ուսումնասիրման, չափագրման և լուսանկարման աշխատանքները:

Սույն հոդվածով նախատեսված աշխատանքների իրականացման հետ կապված ծախսերը կատարվում են հուշարձանի տեղափոխման կամ փոփոխման թույլտվություն ստացողի հաշվին:

 

Հոդված 35.

 

Պետական սեփականություն համարվող հուշարձանները

Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող բոլոր հուշարձանները, որոնք օրենսդրությամբ սահմանված կարգով չեն համարվում համայնքների, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց սեփականությունը, Հայաստանի Հանրապետության սեփականությունն են:

Պետական պատմամշակութային արգելոցները, դրանց մաս կազմող հուշարձանները, կառույցները և հողատարածքները չեն տարանջատվում և օտարվում:

Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող այն հուշարձանների ցանկը, որոնք ենթակա չեն օտարման, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Pin It on Pinterest