Կանոնադրություն

 «ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
  (նոր խմբագրությամբ)

 

1.1. «ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ» կուսակցությունը /այսուհետ` ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ/ իր գաղափարական ծրագրերի հիման վրա, իր անդամների շահերի ընդհանրությամբ ստեղծված կամավոր հասարակական միավորում է, որը գործում է ՀՀ Սահմանադրությանը, օրենսդրությանը, միջազգային պայմանագրերին, «Կուակցությունների մասին» ՀՀ Սահմանադրական օրենքին (այսուհետ՝ ՕՐԵՆՔ), ՕՐԵՆՔԻՆ համապատասխան ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ-իրավական ակտերին և սույն կանոնադրությանը համապատասխան:

1.2. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ արդարադատության նախարարությունում գրանցման պահից ձեռք է բերում ոչ առևտրային կազմակերպություն համարվող իրավաբանական անձի կարգավիճակ և ունի դրոշմակնիք, ձևաթուղթ, կնիք:

1.3. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ հայերեն լրիվ անվանումն է`«Հայ Ազգային  Կոնգրես», կարճ`«Կոնգրես», հապավումը`«ՀԱԿ»: ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անգլերեն լրիվ անվանումն է`    «Armenian National Congress», կարճ`«Congress», հապավումը`«ANC»: ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ռուսերեն լրիվ անվանումն է` «Армянский национальный конгресс», կարճ`«Конгресс», հապավումը`«АНК»:

1.4. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ խորհրդանշանն է.

 

Նկարագրությունը՝  ժամացույցի սլաքի ուղղությամբ  պտտվող եռապարույր հայկական  խոյակապատկեր, որի վերջին պտույտի ծայրից արձակված են կարմիր, կապույտ, նարնջագույն ժապավեններ, որոնք ավարտվում են խոյակապարույրի կենտրոնին հավասար: Ժապավենների վերին մասերը թեքված են դեպի ձախ, իսկ ներքևի մասերը՝ դեպի աջ: Ժապավենների  ստորին սահմանին զուգահեռ երկու տողով հայերեն մեծատառերով գրված են «ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ»  բառերը:

1.5. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ  կենտրոնական գրասենյակի գտնվելու վայրի հասցեն է` ՀՀ, Երևան, Սարյան 38: Էլ․փոստ՝ [email protected], հեռ․ +374 10 535034։

 

2.ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ, ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԵԼԱԿԵՐՊԸ

2.1. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նպատակն է սոցիալ — ազատական, ժողովրդավարական սկզբունքների հիման վրա նպաստել Հայաստանի Հանրապետության քաղաքական, տնտեսական և հոգևոր զարգացմանը, ինչպես նաև՝ ժողովրդի քաղաքական կամքի ձևավորմանն ու արտահայտմանը:

2.2. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ունի իր նպատակին հասնելու քաղաքական ծրագիր, որից ելնելով մշակում և իրականացնում է իր գործունեությունը:

2.3. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ իր ծրագիրն իրականացնելու նպատակով ընտրությունների միջոցով մասնակցում է ՀՀ պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորմանը և դրանց գործունեությանը:

2.4. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ իր նպատակներն իրականացնելիս կարող է համագործակցել ՀՀ այլ կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, պետական հաստատությունների և անձանց հետ: ՀՀ օրենսդրությանը համապատասխան` կարող է համագործակցել նաև միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների հետ:

2.5. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ գործում է օրինականության, կամավորության,

իրավահավասարության, ինքնակառավարման և հրապարակայնության սկզբունքներով:

2.6. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ գործում է ՀՀ ողջ տարածքում: Այլ պետություններում կուսակցությունը կարող է ունենալ ներկայացուցչություններ:

 

 3.ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

3.1. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ իրավունք ունի օրենքով սահմանված կարգով.

1) մասնակցել համապետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, թեկնածուներ առաջադրել Հայաստանի Հանրապետության Նախագահի (եթե Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված է Նախագահի ուղիղ ընտրություն), Ազգային ժողովի պատգամավորների, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների և ավագանու ընտրություններում,

2) ստեղծել տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումներ,

 ներկայացուցչություններ, ինչպես նաև կազմալուծել դրանք,

3) տարածել տեղեկատվություն իր գործունեության մասին, քարոզել իր նպատակները և խնդիրները,

4) հիմնադրել զանգվածային լրատվության միջոցներ և հրատարակչություններ,

5) կազմակերպել հավաքներ և հանրային միջոցառումներ,

6) այլ կուսակցությունների հետ ստեղծել դաշինքներ (միավորումներ),

7) ունենալ քաղաքացիական իրավունքներ և կրել դրանց հետ կապված

պարտականություններ,

8) կնքել պայմանագրեր և գործարքներ,

9) կնքել համաձայնագրեր այլ երկրների ոչ առևտրային և ոչ կառավարական կազմակերպությունների, կուսակցությունների հետ, անդամակցել միջազգային միություններին և ասոցիացիաներին,

10) իրականացնել օրենսդրությամբ չարգելված, իր նպատակներին համապատասխանող այլ գործունեություն:

3.2. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր

պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով:

3.3. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ կարող է իր անունից ձեռք բերել և իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

3.4. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ պատասխանատու չէ իր անդամների պարտավորությունների, իսկ նրա անդամները` ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ պարտավորությունների համար:

3.5. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ պարտավոր է`

1) պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, ինչպես նաև իր կանոնադրությունը, ծրագիրը և որոշումները,

2) օրենքով սահմանված կարգով յուրաքանչյուր տարի պետական լիազոր մարմին ներկայացնել և լիազոր մարմնի, ինչպես նաև ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ կայքէջերում հրապարակել իր ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի մասին տարեկան հաշվետվությունը, ինչպես նաև պետական լիազոր մարմնի պահանջով ներկայացնել հաշվետվության ստուգման համար անհրաժեշտ տեղեկություններ, փաստաթղթեր, այդ թվում՝ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ, արժեթղթերի հետ կապված գործարքների վերաբերյալ տեղեկություններ, ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկություններ, ինչպես նաև վարկային տեղեկատվություն։

3) վարել իր անդամների հաշվառումը:

 

4.ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ, ՆՐԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

4.1. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամ կարող է դառնալ տասնութ տարին լրացած, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կուսակցության անդամ լինելու իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ընտրական իրավունքով օժտված անձը, որն ընդունում է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ծրագիրն ու կանոնադրությունը, ցանկանում է մասնակցել վերջինիս գործունեությանը և չի հանդիսանում այլ կուսակցության անդամ:  ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆՆ անդամությունը կամավոր է, անդամներն իրավահավասար են՝ անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից։

4.2. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ անդամագրվել կամ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ դուրս գալ ցանկացող անձինք սահմանված կարգով գրավոր դիմում են ներկայացնում ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ համապատասխան տարածքային կազմակերպության խորհրդի ղեկավարի անունով:

4.3. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամը սահմանված կարգով մուծում է մուտքի վճար և անդամավճար, որոնց չափը սահմանում է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ հանրապետական խորհուրդը, ստանում է անդամատոմս և ունենում է հաշվառման թերթիկ: Մեկ ֆիզիկական անձի կողմից անդամավճարի առավելագույն չափը տարեկան չի կարող գերազանցել Օրենքով նախատեսված սահմանաչափը:

4.4. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամն իրավունք ունի.

1) ընտրել և ընտրվել ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ մարմիններում, եթե հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի,

2) մասնակցել ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ գործունեությանը, ստանալ սպառիչ տեղեկատվություն ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ գործունեության մասին, այն բարելավելու նպատակով ներկայացնել դիմումներ և առաջարկություններ։ Այդ թվում՝ ծանոթանալ կուսակցության մարմինների արձանագրություններին, ստանալ նրանց ընդունած որոշումների պատճենները, տեղեկատվություն ստանալ կուսակցության ու նրա ղեկավար մարմինների գործունեության վերաբերյալ, ստանալ փաստաթղթերի պատճեններ` կուսակցության կանոնադրության փոփոխությունների, գույքի կառավարումից ստացած դրամական միջոցների, ինչպես նաև՝ կուսակցության ֆինանսական հաշվետվությունների աուդիտն իրականացրած անկախ աուդիտորի եզրակացության վերաբերյալ։

3) սահմանված կարգով մասնակցել ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ մարմինների նիստերին,

4) բողոքարկել ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների որոշումներն ու գործողությունները ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ վերադաս մարմիններում,

5) իր կամքով դուրս գալ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ` մնալով կամ չմնալով նրա համակիրների ցուցակում:

4.5. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նախագահը, վարչության և վերահսկիչ հանձնաժողովի անդամը չի կարող միաժամանակ լինել տարածքային կազմակերպության խորհրդի կամ սկզբնական կազմակերպության ղեկավար:

4.6. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամը պարտավոր է.

1) մուծել անդամավճար,

2)  մասնակցել կուսակցության գործունեությանը,

3)  պաշտպանել կուսակցության կողմից առաջադրված թեկնածուներին համապետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում,

4) չծավալել գործունեություն կուսակցության ծրագրին և կուսակցության մարմինների ընդունած որոշումներին հակառակ,

5) կատարել սույն կանոնադրության պահանջները:

4.7. Մեկ տարվա ընթացքում անդամավճար չմուծած անձինք տարածքային կազմակերպության խորհրդի որոշմամբ կարող են հանվել հաշվառումից` որպես կուսակցության անդամներ:

4.8. Եթե ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամը խախտում է սույն կանոնադրության պահանջները, ապա տարածքային կազմակերպության խորհուրդը կարող է նրան նախազգուշացնել կամ հեռացնել ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամությունից:

4.9. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամի հարցը չի կարող քննարկվել նրա բացակայությամբ,

բացառությամբ այն դեպքերի, երբ կուսակցականը գրավոր կամ հրապարակավ հրաժարվում է քննարկմանը ներկա գտնվելուց, կամ հրավերից հետո անհարգելի պատճառով կամ երեք անգամ անընդմեջ չի ներկայանում համապատասխան նիստին:

4.10. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ հեռացված անդամը կարող է վերականգնել իր անդամությունը ոչ շուտ, քան երեք ամիս անց` ընդհանուր հիմունքներով, կամ մեկ ամսվա ընթացքում բողոքարկել իր հեռացման վերաբերյալ ընդունված որոշումը ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ վարչությանը:

 

5. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՆ ՈՒ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ

5.1. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ կառուցվածքային մարմիններն են.

1) համագումարը,

2) վարչությունը,

3) հանրապետական խորհուրդը,

4) տարածքային կազմակերպությունների ընդհանուր ժողովները,

5) տարածքային կազմակերպությունների խորհուրդները:

5.2. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ վերահսկողություն իրականացնող մարմիններն են.

1) ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ վերահսկիչ հանձնաժողովը,

2) տարածքային կազմակերպությունների վերստուգիչները,

3) հանձնաժողովների (հանձնախմբերի) և ակումբների վերստուգիչները:

5.3. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ տարածքային ստորաբաժանումներն են.

1) տարածքային կազմակերպությունները,

2) ներկայացուցչությունները. ստեղծվում են ըստ անհրաժեշտության,

3) սկզբնական կազմակերպությունները. ստեղծվում են ըստ անհրաժեշտության:

5.4. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ մարմինների կառուցվածքային ստորաբաժանումներն են.

1) հանձնաժողովները (հանձնախմբերը). ստեղծվում են ըստ անհրաժեշտության,

2) ակումբները. ստեղծվում են ըստ անհրաժեշտության:

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ մարմինները կարող են ստեղծել նաև այլ  կառուցվածքային ստորաբաժանումներ:

5.5. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ մարմինների (բացառությամբ համագումարի) և կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կանոնակարգերը հաստատվում են վարչության կողմից:

5.6. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նախագահի և ընտրովի մարմինների ընտրության կարգը վարչության ներկայացմամբ հաստատում է հանրապետական խորհուրդը:

5.7. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ համագումարն իրավազոր է, եթե համագումարին ներկա է (գրանցված է) կուսակցության անդամների ընդհանուր թվի առնվազն կեսը, իսկ համագումարին պատվիրակների մասնակցության դեպքում՝ պատվիրակների ընդհանուր թվի առնվազն կեսը, բայց ոչ պակաս, քան 100 պատվիրակ։ Կուսակցության մյուս մարմինների նիստերն ու ընդհանուր ժողովներն իրավազոր են, եթե նրանց մասնակցում է (գրանցված է) այդ մարմինների անդամների կեսից ավելին:

5.8. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ համագումարի և մյուս մարմինների, ինչպես նաև ընդհանուր ժողովների  որոշումներն ընդունվում են մասնակիցների (գրանցվածների) ձայների պարզ մեծամասնությամբ, բացառությամբ սույն կանոնադրության 5.9. կետում նշված որոշումների:

5.9. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ կանոնադրության և ծրագրի ընդունման, դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարելու, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ վերակազմակերպման, լուծարման, ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմինների ընտրության, մշտապես գործող ղեկավար մարմնի ղեկավարի ընտրության, ինչպես նաև ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ կողմից Հանրապետության նախագահի թեկնածուի առաջադրման (եթե Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված է Նախագահի ուղիղ ընտրություն) մասին որոշումներն ընդունվում են համագումարի պատվիրակների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

5.10.  ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ խորհուրդների և կառուցվածքային ստորաբաժանումների նիստերն իրավազոր են, եթե նիստերին մասնակցում է նրանց անդամների կեսից ավելին: Նիստերի որոշումներն ընդունվում են մասնակիցների ձայների մեծամասնությամբ, բայց ոչ պակաս, քան այդ մարմինների և ստորաբաժանումների անդամների ընդհանուր թվի 1/3-ը:

 

 6.ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ

6.1. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ բարձրագույն մարմինը համագումարն է: Համագումարն իրավասու է քննարկել և լուծել ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ գործունեությանը վերաբերող ցանկացած հարց:

6.2. ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ`

1) ընդունում է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ծրագիրն ու հաստատում կանոնադրությունը, փոփոխություններ և լրացումներ կատարում դրանց մեջ,

2) որոշում է Ազգային ժողովի հերթական ընտրություններում ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ընտրական ցուցակի հաստատման կարգը, հաստատում է Ազգային ժողովի հերթական ընտրություններում ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ընտրական ցուցակի առնվազն առաջին երեք տասնյակ թեկնածուներին, իսկ դաշինքով ընտրություններին մասնակցելու դեպքում՝ կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի մինչև երեք տասնյակ թեկնածուներին։

2)  իր աշխատանքները կազմակերպելու նպատակով ձևավորում է ժամանակավոր

հանձնաժողովներ,

3)  քննարկում և որոշումներ է ընդունում ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ գործունեության կարևորագույն խնդիրների և առկա քաղաքական իրավիճակի վերաբերյալ,

4) պատվիրակներից երեք տարի ժամկետով ընտրում է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նախագահ,

5)  որոշում է վարչության թվակազմը, պատվիրակներից երեք տարի ժամկետով  ընտրում է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ վարչություն: Կանոնադրության 5.9 կետով սահմանված կարգով ընտրված են համարվում առավել ձայներ ստացած թեկնածուները,

6)  որոշում է վերահսկիչ հանձնաժողովի թվակազմը, պատվիրակներից երեք տարի ժամկետով ընտրում է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ վերահսկիչ հանձնաժողով։ Վերահսկիչ հանձնաժողովի անդամը չի կարող միաժամանակ լինել նաև վարչության անդամ։

7)  ստեղծում և կազմալուծում է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ տարածքային կազմակերպությունները,

8) լսում է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նախագահի և վարչության հաշվետվությունները` ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ծրագրի և համագումարների ընդունած որոշումների կատարման վերաբերյալ,

9) վարչության առաջարկով հաստատում է ՀՀ Նախագահական ընտրություններում ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ կողմից առաջադրվող անձի թեկնածությունը (եթե Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված է Նախագահի ուղիղ ընտրություն):

10) որոշում է ընդունում կուսակցության վերակազմակերպման վերաբերյալ։

6.3. Համագումարում ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ղեկավար մարմինները՝ նախագահը և վարչությունը, ընտրվում են գաղտնի քվեարկությամբ՝ Համագումարի կողմից սահմանված կարգով:

6.4. Հերթական համագումարը հրավիրվում է երեք տարին մեկ`վարչության կողմից: Համագումարի հրավիրման և օրակարգի մասին հայտնվում է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամներին ոչ ուշ, քան 30 օր առաջ: Կուսակցության համագումարի անցկացման ժամանակի և վայրի մասին ծանուցումը, ինչպես նաև օրակարգի մասին տեղեկությունները հրապարակվում են Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում՝ http://www.azdarar.am համագումարի անցկացման օրվանից առնվազն 10 օր առաջ:

6.5. Համագումարի պատվիրակ են հանդիսանում ի պաշտոնե ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նախագահը, վարչության անդամները, վերահսկիչ հանձնաժողովի անդամները, կուսակցության կողմից առաջադրված ՀՀ նախագահի թեկնածուն, կուսակցության անդամ Ազգային Ժողովի պատգամավորները և կառավարության անդամները, ինչպես նաև` վարչության սահմանած կարգով համագումարի պատվիրակ ընտրված ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամները:

6.6. Արտահերթ համագումար հրավիրում է վարչությունը` իր կամ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նախագահի նախաձեռնությամբ, կամ տարածքային կազմակերպությունների խորհուրդների առնվազն 1/3-ի պահանջով, կամ կուսակցության առնվազն 200 անդամի նախաձեռնությամբ: Արտահերթ համագումարի հրավիրման և օրակարգի մասին հայտնվում է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամներին ոչ ուշ, քան 10 օր առաջ:

6.7. Արտահերթ համագումարի պատվիրակներ են հանդիսանում նախորդ` հերթական համագումարի պատվիրակները:

6․8․ Համագումարի կողմից ընտրված մարմինների անդամների լիազորությունները կարող են դադարեցվել, եթե տվյալ անդամը դիմում է ներկայացրել իր լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ, կամ՝ եթե տվյալ անդամը դիմում է ներկայացրել ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆՆ իր անդամությունը դադարեցնելու վերաբերյալ, կամ՝ եթե տվյալ անդամը հեռացվել է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ կամ հանվել է հաշվառումից սույն կանոնադրության 4․7 և 4․8 կետերով նախատեսված կարգով, կամ՝ եթե առկա է տվյալ անդամի կողմից իր լիազորությունների կատարման անհնարինություն։ Տվյալ դեպքերում Համագումարի կողմից ընտրված մարմինների անդամների լիազորությունները դադարեցնելու որոշումները կայացնում է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ վարչությունը՝ Հանրապետական խորհրդի եզրակացության հիման վրա։ Համագումարի կողմից ընտրված մարմինների անդամների լիազորությունները դադարեցնելու մասին որոշում կայացնելուց հետո, վարչությունը միաժամանակ որոշումներ է կայացնում Համագումարի կողմից տվյալ մարմնի համար հաստատված թվակազմին համապատասխան տվյալ մարմնի կազմը համալրելու մասին, եթե պահպանվում են կանոնադրության 5․9 կետի և 6․2 կետի հինգերորդ և վեցերորդ ենթակետերի պահանջները։

6.9․ Համագումարի արդյունքներով կազմվում է արձանագրություն: Համագումարի արձանագրությունը ստորագրում են համագումարը նախագահողը, քարտուղարը և հաշվիչ հանձնաժողովի անդամները (առկայության դեպքում):

                           

 7.ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԸ

7.1. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նախագահը իրականացնում է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ընդհանուր ղեկավարումը, ապահովում է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ մարմինների բնականոն գործունեությունը, հետևում է կանոնադրական դրույթների պահպանմանը:

7.2. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նախագահը`

1) ապահովում է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ համագումարների որոշումների իրականացումը,

2) առանց լիազորագրի հանդես է գալիս ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անունից,

3) ներկայացնում է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ պետական, միջազգային և այլ կազմակերպությունների հետ հարաբերություններում,

4) ի պաշտոնե հանդիսանում է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ վարչության ղեկավարը, կազմակերպում է վարչության և հանրապետական խորհրդի աշխատանքները, հրավիրում և վարում է վարչության և հանրապետական խորհրդի նիստեր, ստորագրում դրանց որոշումները և արձանագրությունները,

5) հանդես է գալիս արտահերթ համագումար, ինչպես նաև` վարչության և հանրապետական խորհրդի արտահերթ նիստեր հրավիրելու նախաձեռնությամբ,

6) ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ գործունեությանը վերաբերվող կարևորագույն հարցերը քննարկելու նպատակով, հրավիրում է համաժողովներ, որի ընդունած որոշումներն ունեն ուղենիշային, խորհրդատվական նշանակություն,

7) ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անխափան գործունեությունն ապահովելու համար,

կայացնում է որոշումներ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ մարմինների կողմից կանոնադրությամբ սահմանված իրենց լիազորությունները չկատարելու դեպքում,

8) ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անունից անում է քաղաքական հայտարարություններ,

9) քննության է առնում ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ կառուցվածքային մարմինների (բացառությամբ համագումարի) ընդունած որոշումների դեմ բերված բողոքները և կայացնում է համապատասխան որոշում,

10) վարչության կազմից առաջարկում և վարչության հաստատմանն է ներկայացնում ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նախագահի տեղակալների և վարչության գործադիր քարտուղարի թեկնածությունները,

11) նշանակում է օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ներկայացուցչությունների ղեկավարներին կամ ներկայացուցիչներին,

12) վարչության հաստատմանն է ներկայացնում ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ պաշտոնաթերթի գլխավոր խմբագրի, ինչպես նաև ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ հիմնադրած զանգվածային լրատվության այլ միջոցների կամ հրատարակչությունների ղեկավարների թեկնածությունները,

13) հաստատում է վարչության աշխատակազմի կառուցվածքը և հաստիքացուցակը,

14) վավերացնում է վարչության որոշումները ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ միջոցների ձեռք բերման, օգտագործման և գույքի օտարման մասին,

15) հաստատում և օրենքով սահմանված կարգով ու ժամկետում պետական լիազոր մարմնին է ներկայացնում և հրապարակում է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի մասին տարեկան հաշվետվությունը,

16) ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ղեկավար մարմինների լիազորությունների ժամկետները սպառվելու դեպքում, նախաձեռնում է Համագումարի հրավիրումը և մինչև ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նոր ղեկավար մարմինների ընտրությունը որոշում է կայացնում Վարչության կողմից կանոնադրական պարտականությունների կատարման շարունակման մասին, ապահովելով ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ գործունեության ընդհանուր ղեկավարումը և որոշումների ընդունումը։

7.3. Ազգային ժողովի ընտրություններում ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ պատգամավորության թեկնածուներ առաջադրելու համար, ՀՀ Ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետներում ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նախագահը հրավիրում է վարչության հատուկ նիստ, որում որոշում է ընդունվում Ազգային ժողովի հերթական ընտրություններում ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ընտրական ցուցակի առնվազն առաջին երեք տասնյակ թեկնածուների, իսկ դաշինքով ընտրություններին մասնակցելու դեպքում՝ կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի մինչև երեք տասնյակ թեկնածուների ցուցակը հաստատելու և Համագումարի քննարկմանը ներկայացնելու մասին։ Այդ նիստին մասնակցում են նաև ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

7․3․1 Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ պատգամավորության թեկնածուներ առաջադրելու համար, ՀՀ Ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետներում ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նախագահը հրավիրում է վարչության հատուկ նիստ, որում որոշում է ընդունվում Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ընտրական ցուցակը, իսկ դաշինքով ընտրություններին մասնակցելու դեպքում՝ կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը հաստատելու մասին։ Այդ նիստին մասնակցում են նաև ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

7.4. Երևան քաղաքի ավագանու ընտրություններում ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ընտրական ցուցակը առաջադրելու համար, ՀՀ Ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետներում ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նախագահը հրավիրում է վարչության հատուկ նիստ, որում որոշում է ընդունվում Երևանի ավագանու ընտրություններում ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ընտրական ցուցակը հաստատելու և Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրելու վերաբերյալ: Այդ նիստին մասնակցում են նաև Երևան քաղաքում գործող ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ տարածքային կազմակերպությունների խորհուրդների ղեկավարները, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

7.5. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ հանրապետական խորհրդի կողմից կանոնադրության 9.2(2) և 9.2(3)  կետերով նախատեսված դեպքերում բացասական եզրակացություն տալու պարագայում, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նախագահը, հաշվի առնելով վարչության որոշումը և հանրապետական խորհրդի եզրակացությունը, կայացնում է վերջնական որոշում և ներկայացնում է վարչության հաստատմանը:

7.6. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ մարմինների (բացառությամբ համագումարի)` սույն կանոնադրությամբ չկանոնակարգված միևնույն հարցի վերաբերյալ հակասական որոշումների դեպքում, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նախագահի որոշումը վերջնական է:

7.7. Առանձին դեպքերում ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նախագահը իր լիազորությունների մի մասը կարող է պատվիրակել ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նախագահի տեղակալներին:

7.8. Կուսակցության նախագահի տեղակալները`

1) կատարում են կուսակցության նախագահի հանձնարարությունները և պատվիրակված լիազորությունները և փոխարինում նրան`բացակայության ժամանակ,

2) կատարում են վարչության և հանրապետական խորհրի կանոնակարգերով սահմանված այլ լիազորություններ,

3) ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նախագահի հանձնարարությամբ կամ նրա բացակայության ժամանակ վարում են վարչության կամ հանրապետական խորհրդի նիստերը:

 

8.ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ

8.1. Համագումարների միջև ընկած ժամանակահատվածում ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ` որպես իրավաբանական անձի լիազորությունները և կառավարումն իրականացնում է մշտական գործող ղեկավար մարմինը` վարչությունը:

8.2. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ վարչությունը`

1) կազմակերպում է համագումարների որոշումների կատարումը,

2) որոշում է ընդունում հերթական համագումար հրավիրելու մասին, սահմանում է համագումարի օրակարգը, մշակում է համագումարի քննարկմանը ներկայացվելիք որոշումների, հայտարարությունների, բանաձևերի նախագծերը, սահմանում է հերթական համագումարի պատվիրակներ ընտրելու կարգը,

3) իր, կամ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նախագահի, կամ տարածքային կազմակերպությունների խորհուրդների առնվազն 1/3-ի պահանջով, որոշում է ընդունում արտահերթ համագումար հրավիրելու մասին,

4) համաձայնեցնելով ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նախագահի հետ, իր գործառույթների և լիազորությունների շրջանակներում ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անունից անում է քաղաքական հայտարարություններ, քննարկումներ է անցկացնուն և որոշումներ ընդունում ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ գործունեության ցանկացած հարցի վերաբերյալ, բացառությամբ այն հարցերի, որոնք սույն կանոնադրությամբ վերապահված են ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ համագումարի, նախագահի և հանրապետական խորհրդի բացառիկ իրավասությանը,

5) ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նախագահի առաջարկությամբ նշանակում և ազատում է նախագահի տեղակալներին և վարչության գործադիր քարտուղարին,

6) մինչև հանրապետական խորհրդին ներկայացնելը, քննարկում և հաստատում է վարչության գործադիր քարտուղարի տարեկան հաշվետվությունը ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ միջոցների օգտագործման մասին,

7) մշակում, քննարկում և հաստատում է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նախընտրական ծրագրերը,

8) հաշվի առնելով Ազգային ժողովի հերթական ընտրություններում ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ընտրական ցուցակը կազմելու սկզբունքների և չափորոշիչների վերաբերյալ հանրապետական խորհրդի առաջարկությունները և Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրելու վերաբերյալ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ տարածքային կազմակերպությունների խորհուրդների առաջարկությունները, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նախագահի կողմից հրավիրված հատուկ նիստում հաստատում է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ընտրական ցուցակի առնվազն առաջին երեք տասնյակ թեկնածուների, իսկ դաշինքով ընտրություններին մասնակցելու դեպքում՝ կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի մինչև երեք տասնյակ թեկնածուների ցուցակը և ներկայացնում է Համագումարի քննարկմանը։

8․1) ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նախագահի կողմից հրավիրված հատուկ նիստում որոշում և առաջադրում է Ազգային ժողովի հերթական ընտրություններում կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակների թեկնածուներին այն մասով, որը «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքով և կուսակցության կանոնադրությամբ վերապահված չէ համագումարին։ Փոփոխություններ է կատարում համագումարի կողմից Ազգային ժողովի ընտրությունների համար հաստատված ընտրական ցուցակներում, եթե համագումարի կողմից հաստատվելուց հետո կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունն առաջացել է կուսակցության կամքից անկախ պատճառներով․

8․2) ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նախագահի կողմից հրավիրված հատուկ նիստում որոշում և առաջադրում է Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում կուսակցության և կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակների թեկնածուներին։

9) ընդունում է որոշումներ  ՀՀ նախագահի թեկնածուին պաշտպանելու (եթե Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված է Նախագահի ուղիղ ընտրություն), Ազգային ժողովի նախագահի թեկնածու առաջադրելու կամ պաշտպանելու, վարչապետի թեկնածու առաջարկելու կամ պաշտպանելու վերաբերյալ, և ներկայացնում է հանրապետական խորհրդին` եզրակացության,

10) հաշվի առնելով ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ տարածքային կազմակերպությունների խորհուրդների առաջարկությունները, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նախագահի կողմից հրավիրված հատուկ նիստում որոշում է ընդունում Երևանի ավագանու ընտրություններում ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակը հաստատելու և Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրելու վերաբերյալ,

11) որոշում է կայացնում քաղաքական դաշինքներին ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամակցության վերաբերյալ, և ներկայացնում է հանրապետական խորհրդին` եզրակացության,

12) քննարկում է Ազգային Ժողովում ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ պատգամավորական խմբակցության կամ խմբի գործունեության ծրագիրը, լսում է պատգամավորական խմբակցության կամ խմբի հաղորդումը կատարած աշխատանքների վերաբերյալ,

13) հաստատում է Ազգային Ժողովում ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ պատգամավորական խմբակցության կամ խմբի ղեկավարի թեկնածությունը,

14) համագումարների միջև ընկած ժամանակահատվածում հանրապետական խորհրդին տարեկան հաղորդում է ներկայացնում ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ծրագրի և համագումարների որոշումների կատարման ընթացքի վերաբերյալ,

15) սահմանում է վարչության հերթական նիստերի օրակարգերի ձևավորման կարգը,

16) ստեղծում և կազմալուծում է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ կառուցվածքային ստորաբաժանումները, նշանակում և ազատում է այդ ստորաբաժանումների նախագահներին, քարտուղարներին և վերահսկիչներին, հաստատում է կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները,

17) Տարածքային կազմակերպությունների խորհուրդների ներկայացմանբ, որոշում է ընդունում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակը հաստատելու և համայնքների ղեկավարների թեկնածուներ առաջադրելու վերաբերյալ,: Այդ նիստերին մասնակցում են համապատասխան տարածքային կազմակերպությունների խորհուրդների ղեկավարները,

18) սահմանում է տարածքային կազմակերպությունների գործունեության տարածքը, նշանակում է տարածաքային կազմակերպության խորհրդի ղեկավար` համապատասխան տարածքային կազմակերպության խորհրդի ներկայացմամբ,

19) ստեղծում և կազմալուծում է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ներկայացուցչություններ, սահմանում է ներկայացուցչությունների գործունեության տարածքը,

20) կազմում և ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նախագահի կամ նախագահի որոշմամբ` տեղակալների հաստատմանն է ներկայացնում վարչության աշխատակազմի կառուցվածքը և հաստիքացուցակը,

21) օրենքով սահմանված կարգով հիմնում է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ պաշտոնաթերթ, զանգվածային լրատվության այլ միջոցներ կամ հրատարակչություններ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նախագահի ներկայացմամբ նշանակում և ազատում է պաշտոնաթերթի գլխավոր խմբագրին, ինչպես նաև ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ հիմնադրած զանգվածային լրատվության այլ միջոցների կամ հրատարակչությունների ղեկավարներին,

22) հաստատում է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ տարեկան բյուջեն և ծախսերի նախահաշիվը, ընդունում է որոշումներ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ միջոցների ձեռք բերման, օգտագործման և գույքի օտարման մասին,

23) քննության է առնում ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ մարմինների և անդամների դիմումները

կանոնադրական դրույթների վերաբերյալ և տալիս եզրակացություն,

24) տալիս է եզրակացություն տարածքային և սկզբնական կազմակերպությունների

գործունեությունը կասեցնելու վերաբերյալ,

25) կասեցնում է տարածքային կազմակերպության խորհրդի գործունեությունը` մինչև հանրապետական խորհրդի առաջիկա նիստի որոշումը, որը վերջնական է,

26) մեկ ամսվա ընթացքում քննության է առնում և վերջնական որոշում ընդունում

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամությունից հեռացման կամ այլ հարցերի վերաբերյալ տարածքային կազմակերպությունների խորհուրդների որոշումները բողոքարկելու դեպքում,

27) տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումներին կարող է օգտագործման իրավունքով տրամադրել գույք, սահմանում է տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների կողմից գույքի կառավարման կարգը,

28) սահմանում է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ընտրովի մարմինների ընտրության կարգը և ներկայացնում է հանրապետական խորհրդի հաստատմանը,

29) որոշում է ընդունում միջազգային հասարակական – քաղաքական միավորումներին ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամակցության վերաբերյալ: Կապեր Է հաստատում օտարերկրյա պետությունների քաղաքական կուսակցությունների, հասարակական միավորումների, միջազգային կազմակերպությունների հետ, կարող է կնքել համագործակցության մասին համաձայնագրեր և իրականացնել այլ միջոցառումներ, որոնք չեն հակասում Սահմանադրությանը, միջազգային պայմանագրերին և օրենքներին:

30) Հանրապետական խորհրդի եզրակացության հիման վրա, որոշումներ է կայացնում կանոնադրության 6․8 կետով նախատեսված դեպքերում և կարգով։

31) որոշում է կայացնում կուսակցության լուծարման մասին, եթե համագումարն իրավազոր չի եղել.

8.3. Վարչության գործադիր քարտուղարը`

1) ղեկավարում է վարչության աշխատակազմը,

2) մշակում և վարչության քննարկմանն է ներկայացնում վարչության աշխատակազմի կառուցվածքը և հաստիքացուցակը,

3) վարում է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամների և համակիրների հաշվառումը,

4) ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ մարմինների որոշումների հիման վրա տնօրինում է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ գույքը, կնքում տնտեսական պայմանագրեր,

5) կազմակերպում է մուտքի վճարների և անդամավճարների հավաքագրումը,

6) հանրապետական խորհրդին և վարչությանը ներկայացնում է տարեկան հաշվետվություն ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ միջոցների օգտագործման մասին,

7) ապահովում է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ մարմիններին անհրաժեշտ տեղեկատվությամբ,

8) ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նախագահի հանձնարարությամբ նախապատրաստում է վարչության և հանրապետական խորհրդի նիստերը,

9) ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նախագահի կամ նրա տեղակալների բացակայության ժամանակ վարում է վարչության կամ հանրապետական խորհրդի նիստերը:

8.4. Վարչության նիստ հրավիրվում է առնվազն երկու շաբաթը մեկ անգամ` ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նախագահի, կամ, նախագահի կողմից պատվիրակելու դեպքում` նախագահի տեղակալների կողմից: Նիստի հրավիրման և օրակարգի մասին հայտնվում է վարչության անդամներին ոչ ուշ, քան երեք օր առաջ:

8.5. Վարչության արտահերթ նիստ հրավիրվում է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նախագահի կողմից` իր նախաձեռնությամբ, կամ վարչության անդամների 1/3-ի, կամ հանրապետական խորհրդի անդամների 1/5-ի, կամ որևէ տարածքային կազմակերպության խորհրդի պահանջով:

Վարչության արտահերթ նիստը հրավիրվում է նախաձեռնողի օրակարգով` եռօրյա ժամկետում:

 

9.ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

9.1. Հանրապետական խորհրդի կազմի մեջ մտնում են ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նախագահը, վարչության անդամները, տարածքային կազմակերպությունների խորհուրդների ղեկավարները, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ներկայացուցչությունների ղեկավարները, ինչպես նաև` ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

9.2. Հանրապետական խորհուրդը`

1) համաձայնեցնելով ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նախագահի հետ, իր գործառույթների և լիազորությունների շրջանակներում ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անունից անում է քաղաքական հայտարարություններ, քննարկումներ է անցկացնուն և որոշումներ ընդունում ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ գործունեության ցանկացած հարցի վերաբերյալ`բացառությամբ այն հարցերի, որոնք սույն կանոնադրությամբ վերապահված են ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ համագումարի, նախագահի և վարչության բացառիկ իրավասությանը,

2) վարչությանը ներկայացնում է  առաջարկություններ Ազգային ժողովի ընտրություններում ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ընտրական ցուցակը կազմելու սկզբունքների և չափորոշիչների վերաբերյալ,

3) եզրակացություն է տալիս վարչության որոշումներին` ՀՀ նախագահի թեկնածուին պաշտպանելու, Ազգային ժողովի նախագահի թեկնածու առաջադրելու կամ պաշտպանելու, վարչապետի թեկնածու առաջարկելու կամ պաշտպանելու վերաբերյալ,

4) եզրակացություն է տալիս վարչության որոշմանը` քաղաքական դաշինքներին ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամակցության վերաբերյալ,

5) լսում է վարչության տարեկան հաղորդումը ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ծրագրի և համագումարների որոշումների կատարման ընթացքի վերաբերյալ,

6) վարչության ներկայացմամբ հաստատում է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ընտրովի մարմինների ընտրության կարգը,

7) սահմանում է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆՆ անդամագրվելու և ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամների ու համակիրների հաշվառման կարգը,

8) սահմանում է մուտքի վճարի և անդամավճարի չափը, դրանց մուծման և ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ մարմինների միջև բաշխման կարգը,

9) քննարկում և հաստատատում է վարչության գործադիր քարտուղարի տարեկան հաշվետվությունը ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ միջոցների օգտագործման մասին,

10) վարչության առաջարկով կարող է դադարեցնել տարածքային կազմակերպության խորհրդի գործունեությունը: Նոր խորհրդի ընտրությունը կազմակերպվում է մեկ ամսվա ընթացքում,

11) վարչության առաջարկով կարող է դադարեցնել տարածքային և սկզբնական կազմակերպությունների գործունեությունը: Այդ կազմակերպությունների նոր ընդհանուր ժողովը հրավիրվում է վարչության կողմից եռամսյա ժամկետում,

12) եզրակացություն է տալիս վարչությանը՝ կանոնադրության 6․8 կետով նախատեսված դեպքերում։

9.3. Հանրապետական խորհրդի նիստ հրավիրվում է առնվազն երկու ամիսը մեկ անգամ`ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նախագահի կողմից: Նիստի հրավիրման և օրակարգի մասին հայտնվում է խորհրդի անդամներին ոչ ուշ, քան մեկ շաբաթ առաջ:

9.4. Հանրապետական խորհրդի արտահերթ նիստ հրավիրվում է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նախագահի կողմից` իր նախաձեռնությամբ կամ հանրապետական խորհրդի անդամների 1/3-ի պահանջով, կամ վարչության անդամների 1/3-ի պահանջով: Արտահերթ նիստը հրավիրվում է նախաձեռնողի օրակարգով` եռօրյա ժամկետում:

 

10.ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

10.1. Համագումարների միջև ընկած ժամանակահատվածում ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նյութական և ֆինանսական միջոցների օգտագործումն ուսումնասիրելու և համագումարին այդ մասին եզրակացություն ներկայացնելու համար համագումարի կողմից ընտրվում է վերահսկիչ հանձնաժողով: Վերահսկիչ հանձնաժողովը կազմված է հինգ անդամից:

10.2. Վերահսկիչ հանձնաժողովը գաղտնի քվեարկությամբ իր կազմից ընտրում է վերահսկիչ հանձնաժողովի նախագահ:

10.3. Վերահսկիչ հանձնաժողովի նախագահը ղեկավարում է հանձնաժողովի աշխատանքները:

10.4. Վերահսկիչ հանձնաժողովի նիստը հրավիրվում է 6 ամիսը մեկ անգամ` հանձնաժողովի նախագահի կողմից: Վերահսկիչ հանձնաժողովի նիստի հրավիրման և օրակարգի մասին հայտնվում է հանձնաժողովի անդամներին ոչ ուշ, քան 10 օր առաջ:

10.5. Վերահսկիչ հանձնաժողովի արտահերթ նիստ հրավիրում է հանձնաժողովի նախագահը իր նախաձեռնությամբ` վերահսկիչ հանձնաժողովի անդամների 1/3-ի կամ վարչության կամ հանրապետական խորհրդի որևէ անդամի պահանջով: Վերահսկիչ հանձնաժողովի արտահերթ նիստի հրավիրման և օրակարգի մասին հայտնվում է վերահսկիչ հանձնաժողովի անդամների ոչ ուշ, քան 24 ժամ առաջ:

10.6. Վերահսկիչ հանձնաժողովը կարող է պահանջել ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ գործունեությանն առնչվող ցանկացած տեղեկատվություն:

 

11. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆՏԱՐԱԾՔԱՅԻՆԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ

11.1. Վարչությունը ՀՀ համայնքներում և բնակավայրերում ձևավորում է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ տարածքային կազմակերպություններ և ներկայացնում է համագումարի հաստատմանը:

11.2. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ տարածքային կազմակերպությունը ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ տարածքային ստորաբաժանում է, որը վարչության որոշմամբ իրեն կցված համայնքների տարածքում իրականացնում է ներկայացուցչական և վարչության կողմից հաստատված, կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

11.3. Տարածքային կազմակերպության բարձրագույն մարմինը ընդհանուր ժողովն է:

11.4. Տարածքային կազմակերպության ընդհանուր ժողովը`

1) գաղտնի քվեարկությամբ իր կազմից ընտրում է տարածքային կազմակերպության

խորհուրդ, մինչև մեկ տարի ժամկետով,

2) ընտրում է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ համագումարի պատվիրակներ,

3)  հաստատում է տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի տարեկան

հաշվետվությունը տարածքային կազմակերպության խորհրդի գործունեության և

միջոցների օգտագործման մասին,

4) իր կազմից ընտրում է տարածքային կազմակերպության վերստուգիչ` մեկ տարի ժամկետով, որը կարող է պահանջել տարածքային կազմակերպության գործունեությանը առնչվող ցանկացած տեղեկատվություն:

11.5. Տարածքային կազմակերպության հերթական ընդհանուր ժողովը հրավիրվում է տարին մեկ անգամ` տարածքային կազմակերպության խորհրդի կողմից: Ընդհանուր ժողովի հրավիրման և օրակարգի մասին հայտնվում է տարածքային կազմակերպությունում հաշվառված կուսակցության անդամներին ոչ ուշ, քան 20 օր առաջ:

11.6. Տարածքային կազմակերպության արտահերթ ընդհանուր ժողով հրավիրում է տարածքային կազմակերպության խորհուրդը` իր կամ վարչության  նախաձեռնությամբ, կամ տարածքային կազմակերպության խորհրդի անդամների առնվազն 1/3-ի պահանջով: Արտահերթ ընդհանուր ժողովի հրավիրման և օրակարգի մասին հայտնվում է կազմակերպության անդամներին ոչ ուշ, քան 10 օր առաջ:

11.7. Տարածքային կազմակերպության ընդհանուր ժողովների միջև ընկած ժամանակաշրջանում տարածքային կազմակերպության ղեկավարումն իրականացնում է կազմակերպության խորհուրդը:

11.8. Տարածքային կազմակերպության խորհուրդը`

1) իրականացնում է տարածքային կազմակերպության ընդհանուր ղեկավարումը,

2) գաղտնի քվեարկությամբ իր կազմից ընտրում է տարածքային կազմակերպության

խորհրդի ղեկավարի թեկնածու և ներկայացնում վարչությանը` խորհրդի ղեկավար նշանակելու համար,

3)  քաղաքացիների դիմումների հիման վրա նրանց անդամագրում է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ,

4)  իր անունից անում է հայտարարություններ, քննարկում և ընդունում է որոշումներ

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ տարածքային կազմակերպությանը վերաբերվող ցանկացած հարցի կապակցությամբ, բացառությամբ այն հարցերի, որոնք սույն կանոնադրությամբ վերապահված են տարածքային կազմակերպության ընդհանուր ժողովի բացառիկ իրավասությանը,

5)  ներկայացնում է առաջարկություններ Ազգային Ժողովի ընտրական ցուցակների կազմի մասին,

6)  վարչությանն է առաջարկում տեղական ինքնակառավարման մարմինների

ընտրություններում ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ կողմից առաջադրվող կամ պաշտպանվող թեկնածուների ցուցակը,

7) Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուներ է առաջադրում չխոշորացված համայնքներում։

8)  կարող է բարձրացնել տարածքային կազմակերպության խորհրդի ղեկավարի ազատման հարցը և ներկայացնել վարչության հաստատմանը:

11.9.  Տարածքային կազմակերպության խորհրդի նիստերը հրավիրվում են առնվազն երկու շաբաթը մեկ անգամ` խորհրդի ղեկավարի կողմից: Տարածքային կազմակերպության խորհրդի նիստի հրավիրման և օրակարգի մասին հայտնվում է խորհրդի անդամներին ոչ ուշ, քան 3 օր առաջ:

11.10. Տարածքային կազմակերպության խորհրդի արտահերթ նիստ հրավիրվում է խորհրդի ղեկավարի կողմից` իր նախաձեռնությամբ կամ խորհրդի անդամների 1/3-ի պահանջով:

Տարածքային կազմակերպության խորհրդի արտահերթ նիստ հրավիրվում է նախաձեռնողի օրակարգով` մեկօրյա ժամկետում:

11.11. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ տարածքային կազմակերպության խորհրդի ղեկավարը`

1) ղեկավարում է տարածքային կազմակերպության խորհրդի գործունեությունը,

2) հրավիրում և վարում է տարածքային կազմակերպության խորհրդի նիստերը, ստորագրում դրանց արձանագրությունները,

3) ներկայացնում է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ տարածքային կազմակերպությունը,

4) կազմակերպում է կուսակցական ժողովներ տարածքային կազմակերպությանը կցված համայնքներում,

5) վարում է տարածքային կազմակերպությանը կցված տարածքում բնակվող

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամների և համակիրների հաշվառումը,

6) հանրապետական խորհրդի կողմից սահմանված կարգով կազմակերպում է անդամավճարների գանձումը և դրա որոշված մասի փոխանցումը ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ դրամարկղ,

7) երկու ամիսը մեկ գրավոր տեղեկություններ է հաղորդում վարչության գործադիր քարտուղարին` տարածաքային կազմակերպությունում հաշվառված ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամների, անդամավճարների գանձման և գույքի օգտագործման վերաբերյալ:

                                                       

12. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ

12.1. Տարածքային կազմակերպությունների խորհուրդները ՀՀ համայնքներում ձևավորում են ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ սկզբնական կազմակերպություններ:

12.2. Սկզբնական կազմակերպության բարձրագույն մարմինը կազմակերպության ընդհանուր ժողովն է:

12.3. Սկզբնական կազմակերպությունը գործում է վարչության կողմից հաստատված կանոնակարգի հիման վրա, կարող է ունենալ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ կողմից տրամադրված գույք:

12.4. Սկզբնական կազմակերպության ղեկավարին մեկ տարի ժամկետով նշանակում է տարածքային կազմակերպության խորհուրդը` կազմակերպության ժողովի ներկայացմամբ:

12.5. Սկզբնական կազմակերպության ղեկավարը կազմակերպում է սկզբնական կազմակերպության գործունեությունը:

12.6. Սկզբնական կազմակերպության ղեկավարին ազատում է տարածքային կազմակերպության խորհուրդը ` իր կամ տարածքային կազմակերպության ժողովի կամ սկզբնական կազմակերպության ժողովի նախաձեռնությամբ:

12.7. Սկզբնական կազմակերպության ժողովը հրավիրվում է տարածքային կազմակերպության խորհրդի կողմից` առնվազն տարին մեկ անգամ:

 

13. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ, ԱԿՈՒՄԲՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ

13.1. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՈՒՄ կարող են ստեղծվել հանձնաժողովներ և ակումբներ (օրինակ` երիտասարդական, բնապահպանական, գիտական, մշակութային, վերլուծական և այլն), ինչպես նաև այլ  կառուցվածքային ստորաբաժանումներ:

13.2. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ հանձնաժողովները, ակումբները և այլ կառուցվածքային ստորաբաժանումները ստեղծվում են վարչության կողմից:

13.3. Կառուցվածքային ստորաբաժանումները կազմված են դրանց նախագահներից, քարտուղարներից, վերստուգիչներից, որոնք նշանակվում են վարչության կողմից մեկ տարի ժամկետով և անդամներից:

13.4. Կառուցվածքային ստորաբաժանումներում կարող են ընդգրկվել նաև ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ համակիրները, ինչպես նաև մասնագետներ, որոնք չեն կարող լինել նախագահ, քարտուղար կամ վերստուգիչ:

13.5. Հանձաժողովները, ակումբները և այլ կառուցվածքային ստորաբաժանումները`

1) մշակում և վարչության հաստատմանն են ներկայացնում իրենց

գործունեության ծրագրերը,

2)  նախապատրաստում են զեկույցներ և տեղեկանքներ իրենց գործունեության վերաբերյալ,

3) կազմակերպում են միջոցառումներ, հասարակական քննարկումներ, սեմինարներ կամ բանավեճեր առանձին խնդիրների վերաբերյալ,

4) ունեն վարչության կամ հանրապետական խորհրդի օրակարգում սահմանված կարգով հարց առաջարկելու իրավունք:

13.6. Կառուցվածքային ստորաբաժանումների նախագահները կազմակերպում են այդ ստորաբաժանումների աշխատանքները և ներկայացնում են նրանց հանրապետական խորհրդում:

13.7. Կառուցվածքային ստորաբաժանումների քարտուղարները կազմակերպում են այդ ստորաբաժանումների գործավարությունը:

13.8. Կառուցվածքային ստորաբաժանումների վերստուգիչները կարող են պահանջել այդ ստորաբաժանումների գործունեությանն առնչվող ցանկացած տեղեկատվություն:

   

14.  ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈԻԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ և ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ                                                                ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ և ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

14.1. Օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ վարչությունը օրենքով և կանոնադրությամբ սահմանված կարգով  ստեղծում է ներկայացուցչություններ` ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ծրագիրը, շահերը, պաշտոնական տեսակետները ներկայացնելու և պաշտպանելու նպատակով:

14.2. Օտարերկրյա պետություններում ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ներկայացուցչությունների ղեկավարները, իսկ միջազգային կազմակերպություններում ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ներկայացուցիչները նշանակվում են ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նախագահի կողմից մեկ տարի ժամկետով և գործում են ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նախագահի կողմից տրված լիազորագրի հիման վրա:

14.3. Օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ներկայացուցիչներ կամ ներկայացուցչությունների ղեկավարներ կարող են հանդիսանալ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամները:

14.4. Օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ներկայացուցիչները կամ ներկայացուցչությունների ղեկավարները`

1) լիազորագրի հիման վրա հանդես են գալիս ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անունից,

2) մշակում և վարչության հաստատմանն են ներկայացնում իրենց

գործունեության ծրագրերը,

3)  նախապատրաստում և ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նախագահին և վարչությանը ներկայացնում են զեկույցներ և տեղեկանքներ իրենց գործունեության վերաբերյալ,

4) կազմակերպում են միջոցառումներ, հասարակական քննարկումներ, սեմինարներ կամ բանավեճեր առանձին խնդիրների վերաբերյալ:

 

 15. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆԵՎ ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ  ԿԱՄ  ԽՄԲԵՐԸ

15.1. ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր կամ Երևանի ավագանու անդամ ընտրված ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծում են Ազգային Ժողովի կամ Երևանի ավագանու ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ խմբակցություն կամ խումբ:

15.2. ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր կամ Երևանի ավագանու անդամ ընտրված ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամները պարտավոր են ընդգրկվել Ազգային Ժողովի կամ Երևանի ավագանու ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ խմբակցության կամ խմբի մեջ:

15.3. Վարչության համաձայնությամբ կարող է ստեղծվել Ազգային Ժողովի կամ Երևանի ավագանու համատեղ խումբ այլ կուսակցությունների հետ:

15.4.  ՀՀ Ազգային Ժողովի կամ Երևանի ավագանու ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ խմբակցությունը կամ խումբը`

1) վարչության քննարկմանն է ներկայացնում իր գործունեության ծրագիրը,

2) յուրաքանչյուր նստաշրջանից հետո վարչությանը հաղորդում է ներկայացնում կատարած աշխատանքների վերաբերյալ,

3) վարչության հաստատմանն է ներկայացնում խմբակցության կամ խմբի ղեկավարի թեկնածությունը,

4) ՀՀ Ազգային Ժողովի ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ խմբակցությունը կամ խումբը վարչության և հանրապետական խորհրդի որոշումների հիման վրա առաջադրում է Ազգային ժողովի և վարչապետի թեկնածությունները, կամ հայտարարում է Ազգային ժողովի նախագահի կամ վարչապետի թեկնածությունները պաշտպանելու մասին:

 

16.ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳՈՒՅՔԸ

16.1. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

16.2. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ, որպես սեփականություն, կարող է ունենալ անշարժ և շարժական գույք (ներառյալ` դրամական միջոցներ, արժեթղթեր և գույքային իրավունքներ), ինչպես նաև մտավոր սեփականություն:

16.3. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամը նրա սեփականության նկատմամբ բաժնի իրավունք չունի: Կուսակցությունն իր գույքով պատասխանատվություն չի կրում իր անդամների պարտավորությունների համար, իսկ կուսակցության անդամը իր գույքով պատասխանատվություն չի կրում կուսակցության պարտավորությունների համար:

16.4. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ սեփականությունը գոյանում է`

1) անդամավճարներից և մուտքի վճարներից,

2) Օրենքով սահմանված կարգով իրականացված հրատարակչական գործունեությունից և հիմնադրված զանգվածային լրատվության միջոցների գործունեությունից,

3) Օրենքով նախատեսված կարգով ֆիզիկական անձանցից ստացվող դրամական և գույքային  նվիրատվություններից, ժառանգություն ստացվող գույքից, մշակութային միջոցառումներից։ Նվիրատվություն են համարվում նաև կուսակցության օգտին անհատույց աշխատանքների կատարումը, ծառայությունների մատուցումը, կուսակցությանը սեփականության իրավունքով գույքի փոխանցումը, օգտագործման հանձնումը կամ նույն կամ համանման ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների համար գործող շուկայական արժեքից էականորեն ցածր գնով կուսակցության օգտին աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման կամ կուսակցությանը սեփականության իրավունքով գույքի փոխանցման կամ վարձակալության հանձնելու հետևանքով կուսակցության մոտ ձևավորված խնայողությունը (բնեղենով նվիրատվությունը): 

4) Օրենքով նախատեսված կարգով բյուջետային ֆինանսավորումից,

5) գույքը վարձակալության հանձնելուց,

6) օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:

16.4.1 Իր գործունեության ֆինանսավորման, այդ թվում` նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման նպատակով ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ կարող է ստանալ վարկեր Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերից, վարկային կազմակերպություններից, ինչպես նաև ներդնել ավանդներ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում.

16.5. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ միջոցներն օգտագործվում են միայն նրա գործունեության, կանոնադրական նպատակների իրականացման համար` ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նախագահի և վարչության որոշումների հիման վրա՝ հաստատված տարեկան բյուջեին և ծախսերի նախահաշվին համապատասխան:

16.6. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումները ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ գույքը կառավարում են վարչության կողմից սահմանված կարգով:

 

17. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

17.1. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ կարող է լուծարվել և վերակազմակերպվել (միաձուլվել, միացվել, բաժանվել, առանձնացվել,) համագումարի որոշմամբ` օրենքով սահմանված կարգով:

17.2. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ կարող է լուծարվել (գործունեությունը դադարեցնել առանց նրա իրավունքներն ու պարտականությունները իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու) օրենքով սահմանված կարգով և օրենքով սահմանված դեպքերում:

Սույն կանոնադրությունը կազմված է 14.12.2025թ. և բաղկացած է 20 (քսան) թերթից: