Կենսաթոշակային բարեփոխման ծրագիր

Կենսաթոշակային բարեփոխման ծրագիր

Հիմնադրույթներ

ՆԱԽԱԳԻԾ

Հայ Ազգային Կոնգրեսը, ներկայացնելով ընդհանուր տնտեսական վերափոխումների «100 քայլ» ծրագիրը, նաև խոստացել էր ներկայացնել իր մոտեցումները` բնագավառ առ բնագավառ: Ներկա փաստաթուղթը ներառում է կենսաթոշակային ոլորտի բարեփոխումների ծրագիրը: Ծրագրի նպատակը քաղաքացիների վաստակած արժանապատիվ հանգստի ապահովումն է, օրենսդրությամբ դրա երաշխավորումը։
1998-2008թթ, չնայած ամենուրեք գովազդվող տնտեսական աճին, սկզբնական եկամուտների բաշխման դինամիկան ունեցել է բացասական միտումներ։ Հատկապես ակնհայտ է երկու փաստ. 1) միջին կենսաթոշակը (2009թ.) կազմել է միջին աշխատավարձի ընդամենը 20 տոկոսը (1996թ. եղել է 33 տոկոս), և 2) տեղի է ունեցել հարստության աննախադեպ կենտրոնացում մի քանի տասնյակ մարդկանց ձեռքում։ Անհրաժեշտ է կենսաթոշակների արագացված բարձրացում միջին աշխատավարձի նկատմամբ, ինչը կենսաթոշակառուներին թույլ կտա հոգալ իրենց նվազագույն կարիքները:

Հայ Ազգային Կոնգրեսի կենսաթոշակային ոլորտի բարեփոխումների ծրագիրը խարսխված է հետևյալ սկզբունքների զուգակցման վրա.
– քաղաքացու կենսաթոշակային ապահովության պատասխանատվությունը դրվում է պետության, գործատուի և քաղաքացու վրա,
– կայուն, երաշխավորված պետական կենսաթոշակը ձևավորվում է պետական պարտադիր վճարումներից,
լրացուցիչ կենսաթոշակի աղբյուրը քաղաքացիների կամավոր և գործատուների պարտադիր վճարումներն են,
– «այսօրվա աշխատողը վճարում է այսօրվա չաշխատողի համար» սկզբունքին զուգահեռ պետք է գործի նաեւ «այսօրվա աշխատողը վճարում է իր վաղվա օրվա համար» սկզբունքը։
1. Պետական պարտադիր կենսաթոշակային համակարգի (սոցիալական կենսաթոշակներ) բարելավում
Պետք է անցում կատարել կենսաթոշակների նորմատիվային ձևավորման սկզբունքին։ Յուրաքանչյուր տարվա միջին պարտադիր պետական աշխատանքային կենսաթոշակը պետք է սահմանվի տվյալ տարվա միջին աշխատավարձի որոշակի տոկոսով: Նման համակարգը թույլ է տալիս կանսաթոշակը դարձնել մակրոտնտեսական հուսալի գործիք: Այն վստահություն է հաղորդում պետական կենսաթոշակային համակարգին` ի տարբերություն կառավարության այսօրվա մոտեցման, երբ պետական կենսաթոշակը կախվածէ հիմնական կենսաթոշակի չափից, աշխատանքային ստաժից և աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքից: Այս վերջին պարագայում կենսաթոշակառուի նկատմամբ որևէ լուրջ պետական պարտավորություն չկա, և պետական կենսաթոշակի ցանկացած մեծություն կարող է ներկայացվել իբրև կենսաթոշակային բարեփոխման արդյունք:
Ելնելով տվյալ տարվա միջին աշխատավարձի նկատմամբ օրենքով սահմանված նորմատիվից՜ պետությունը նաև պետք է սահմանի, որ՝
1) պարտադիր կենսաթոշակային համակարգի միջոցով ստացվող թոշակների միջին մեծությունը կարճ ժամանակում միջին աշխատավարձի նկատմամբ ներկայիս 20 տոկոսից պետք է հասցնել 30, հետագայում, ընդհանուր կենսաթոշակի տեսքով, մինչեւ 45-50 տոկոսի։
2) Պետական թոշակներն ավելի ուշ պետք է կազմեն ընդհանուր (պետական + լրացուցիչ) կենսաթոշակի 55-60 տոկոսը (ներկայումս այն 100 տոկոս է)։
3) Այս հիմնադրամից տրվող կենսաթոշակի մեծությունը պետք է որոշվի միջին աշխատավարձի նկատմամբ ինտերվալային նորմատիվով. ինտերվալի ստորին սահմանը՝ ցածր աշխատանքային ստաժի /5-18/, միջին սահմանը միջին աշխատանքային ստաժի /19-34/ և վերին սահմանը՝ բարձր աշխատանքային ստաժի /35-49/ համար:
Նվազագույն պետական կենսաթոշակի չափը նույնպես պետք է հաշվարկվի միջին աշխատավարձի նկատմամբ տոկոսով։
(Ծանոթ. 2010թ. հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում միջին անվանական աշխատավարձը, ըստ ՀՀ ԱՎԾ-ի, կազմել է 106 300 դրամ։ Իրականում այն առնվազն կիսով չափ ավելի բարձր է (նկատի ունենանք, որ գործատուները, հարկերից խուսափելու համար, լայնորեն կիրառում են «ստվերային աշխատավարձերի» մեթոդը)։ Ըստ այդմ՝ իշխանափոխությունից, օրենսդրական փոփոխությունից եւ օրինականության հաստատումից կարճ ժամանակ անց, այսօր իսկ, միջին պետական կենսաթոշակի մեծությունը կարելի է հասցնել 40000-45000 դրամի՝ այսօրվա մոտ 25000-ի փոխարեն։ Նվազագույն կենսաթոշակն այս դեպքում կկազմի 33000-35000 դրամ։ Եւ, կապված միջին աշխատավարձի աճի հետ՝ այս թվերն ամեն տարի կբարձրանան)։
2. Պետական պարտադիր կենսաթոշակային համակարգին կատարվող վճարումները
Կենսաթոշակների այս հիմնադրամին կատարվող մուծումները պետք է կատարվեն անձնական եկամուտներից վճարումների (հարթ կամ չափավոր տարբերակման տոկոսադրույքի կամ բացարձակ վճարումների տեսքով) և գործատուների վճարումների տեսքով։ Ընդ որում՝ երկարատև ժամանակաշրջանի համար վճարման չափը կապակցվում է միջին աշխատավարձի հետ։
3. Աշխատանքային և զինվորական կենսաթոշակներ
Աշխատանքային և զինվորական կենսաթոշակների ձևավորումը, նշանակումն ու վճարումը պետք է կատարվի միջին աշխատավարձի նկատմամբ նորմատիվային գործակիցների հիման վրա։
4. Պետական պարտադիր կենսաթոշակային համակարգի գործունեության կարգը
Պետական պարտադիր կենսաթոշակային համակարգից կարելի կլինի օգտվել քաղաքացիների՝ օրենքով սահմանված տարիքային ժամկետը լրանալուց հետո։ Տղամարդկանց կենսաթոշակային տարիքը պետք է հավասարեցնել կանանց կենսաթոշակային տարիքին /դա կարելի է անել 5 տարվա ընթացքում/:

5. Մասնավոր (ոչ պետական) կենսաթոշակային հիմնադրամների ստեղծում և խրախուսում

Պետությունը պետք է երաշխավորի մասնավոր կենսաթոշակային հիմնադրամների գործունեությունը և թույլ տա եկամուտների որոշակի տոկոսը (ինչպես գործավորների, այնպես էլ գործատուների համար) առանց հարկումի փոխանցել նշված հիմնադրամներին, որից կգոյանա քաղաքացիների լրացուցիչ կենսաթոշակը։ Առաջին 5 տարվա համար կարելի է սահմանել աշխատավարձի մինչև 5, հաջորդ հինգ տարվա համար՝ մինչև 6.5 և դրանից հետո՝ մինչև 8 տոկոս նորմատիվ։ Այդ փոխանցուների մասին որոշումը կայացնում է գործավորը՝ կամավորական սկզբունքով /կառավարության այսօրվա ծրագրում սա պարտադիր է բնակչության մեծամասնության համար/ ու օրենքով սահմանված կարգով։ Գործավորի կամավոր որոշման պարագայում գործատուի համաձայնությունը պարտադիր է /կառավարության ծրագրում գործատուն մուծումներ չի կատարում, համավճարները կատարում են պետական բյուջեից, այն է՝ հարկատուների միջոցներից/:

6. Մասնավոր կենսաթոշակային հիմնադրամին հատկացվող միջոցների
հարկումը

Մասնավոր կենսաթոշակային հիմնադրամներին գործավորների և գործատուների մուծումները պետք է հանվեն հարկման բազայից: Սա գործավորներին և գործատուներին տնտեսապես կշահագրգռի մասնակցել մասնավոր կենսաթոշակային հիմնադրամներին, ի տարբերություն կառավարության ծրագրի, ուր տնտեսական շահագրգռվածության փոխարեն օգտագործված է հարկադրանքի մեխանիզմը:

7. Ինքնազբաղված բնակչության կողմից մասնավոր կենսաթոշակային հիմնադրամներին կատարվող մուծումները

Ինքնազբաղված բնակչությունը մասնավոր կենսաթոշակային հիմնադրամներին մուծումները կատարում է ինքնուրույնաբար՝ նկատի ունենալով հաշվետու ժամանակաշրջանում մասնավոր կենսաթոշակային հիմնադրամներին կատարված փաստացի մուծումների մեծությունը։ Զբաղվածության ծառայություններում գրանցված գործազուրկների համար մուծումները կատարում է գործատուն/ մինչև նպաստ ստանալու ժամանակահատվածը/, իսկ դրանից հետո` պետությունը:

8. Պետության մասնակցությունը մասնավոր կենսաթոշակային հիմնադրամների ձևավորմանը

Պետական հիմնարկ ձեռնարկությունների աշխատակիցները նույնպես, օրենքով սահմանված կարգով, կարող են օգտվել մասնավոր կենսաթոշակային համակարգի հնարավորություններից։ Այս դեպքում գործատուն՝ պետությունը, կատարում է պարտադիր մուծումներ գործավորների (պետական ծառայողներ, աշխատակիցներ և այլն) օրենքով սահմանված որոշման առկայության դեպքում։ Պետությունը, օրենքով սահմանված կարգով, իր մասնակցությունը պետք է բերի այն քաղաքացիների մասնավոր պոլիսների ձևավորմանը, որոնց դեպքում այլ գործատուներ չկան (բացառությամբ վերը նշված ինքնազբաղ բնակչության)։

9. Պետական և մասնավոր կենսաթոշակներ

Մասնավոր (լրացուցիչ) կենսաթոշակները առաջիկայում աստիճանաբար պետք է կազմեն միջին կենսաթոշակի 40-50 տոկոսը։ Դրանով իսկ հնրավորություն կստեղծվի միջին ընդհանուր կենսաթոշակը հասցնել միջին աշխատավարձի մինչեւ 45-55 տոկոսին:

(Ծանոթ. Այսինքն, եթե լրացուցիչ կենսաթոշակների աղբյուր մասնավոր կենսաթոշակային հիմնադրամները ձեւավորված լինեին եւ գործեին այսօր, ապա միջին կենսաթոշակը կարող էր կազմել 60000-65000 դրամ։)

10. Պետությունը և մասնավոր կենսաթոշակները

Մասնավոր կենսաթոշակային համակարգը պետք է տարանջատված լինի պետական կենսաթոշակային համակարգից։ Սակայն պետությունը ակտիվ մասնակցություն պետք է ունենա մասնավոր կենսաթոշակային հիմնադրամների միջոցների ձևավորման ու կառավարման գործում։ Նախ, պետությունը պետք է սահմանի ներդրումային ծրագրերի ցանկը։ Կենսաթոշակային հիմնադրամների ներդրումներն այդ օբյեկտներում պետք է երաշխավորվեն։ Երկրորդ, պետությունը պետք է տնօրինի մասնավոր կենսաթոշակային հիմնադրամների պահուստները՝ վճարելով համապատասխան տոկոսադրույք։

11. Թափանցիկության ապահովումը

Մասնավոր կենսաթոշակային հիմնադրամների օրենսդրության պարտադիր հոդվածներից մեկը պետք է լինի մուծումների տարիների, աշխատավարձի նկատմամբ սահմանված մուծումների տոկոսի /5, 6.5 կամ 8 տոկոս/ և վերջում ստացվող ամսական անուիտետի չափի /փայատիրոջ`աշխատողի միջին աշխատավարձի նկատմամբ տոկոսով/ միջև կապը ցույց տվող աղյուսակը:Այս մեխանիզմը/ ի տարբերություն կառավարության ծրագրի/ թույլ կտա պարտավորեցնել կենսաթոշակային հիմնադրամներին՝ սահմանել կենսաթոշակային վճարումների կոնկրետ չափեր և առաջիկա 5-45 տարվա կտրվածքով կբացառի սղաճի ու դրամի արժեզրկման պատրվակով մասնավոր կենսաթոշակների վճարվող ամսական անուիտետի փոշիացումը:

12. Արհմիությունների դերը

Գործատու-գործավոր համաձայնեցման գործում որոշակի դեր պետք է հատկացվի արհմիություններին, որոնց մասնակցությունը աշխատանքային վեճերի կարգավորման, կոլեկտիվ աշխատանքային պայմագրերի կնքման հարցում պետք է բարձրացվի։

13. Մասնավոր կենսաթոշակային հիմնադրամների գործունեության երաշխավորումը

Կառավարությունն` ի դեմս ֆինանսների նախարարության, պետք է երաշխավորի այս հիմնադրամներում ներդրված միջոցները։

14. Մասնավոր կենսաթոշակային հիմնադրամների միջոցների հաշվին կատարվող ներդրումները։

Այս հիմնադրամների միջոցների հաշվին պետք է հիմնականում ֆինանսավորվեն պետական ծրագրերում ընգրկված արտադրական ու սոցիալական ենթակառուցվածքների օբյեկտները՝ ապահովելով կայուն եկամտաբերություն։ Մասնավոր կենսաթոշակային հիմնադրամների միջոցների հաշվին արտասահմանյան երկրների պետական ու ոչ պետական հաստատությունների, հիմնադրամների (այդ թվում՝ ներդրումային), բանկերի, ֆինանսական կառույցների և այլ արժեթղթերի գնումը հնարավոր է բացառապես այն դեպքերում, երբ դրանց (մասնավոր կենսաթոշակային հիմնադրամների) պասիվներում առկա է ոչ ռեզիդենտների կողմից ներդրված համապատասխան միջոցների ծավալ։

15. Ներդրումներ ՀՀ տնտեսության մեջ, կապիտալի արտահանման կանխում:

Առաջարկվող ծրագրով մասնավոր կենսաթոշակային հիմնադրամների միջոցները պետք է մնան հանրապետությունում և ծառայեն հիմնականում հանրապետության տնտեսությունը զարգացնելու խնդիրներին: Իշխանությունների ծրագրով ստեղծվող մասնավոր կենսաթոշակային հիմնադրամների միջոցները հիմնականում ծախսվելու են զարգացած երկրներում արժեթղթեր գնելու վրա, այն է` արտահանվելու են:

16. Գործառույթների իրականացումը։

Ֆինանսների և սոցիալական հարցերի նախարարություններին պետք է վերադարձվեն սոցիալական ապահովության և ապահովագրության պետական կարգավորման գործառույթները։ ՀՀ ԿԲ այստեղ մասնակցություն պետք է ունենա միայն տնտեսական նորմատիվների սահմանման ու հիմնադրամների պահուստային միջոցների կառավարման մասով։

17. Մասնավոր կենսաթոշակային հիմնադրամներից օգտվելու կարգը։

Մասնավոր կենսաթոշակային համակարգի համար կենսաթոշակային տարիքի սահման չպետք է դրվի։ Շահառուները (թոշակառուները) այդ միջոցներից կարող են օգտվել իրենց հայեցողությամբ։ Այդուհանդերձ, պետք է սահմանվեն տարիքային որոշակի սահմանափակումներ, իսկ համակարգից վաղաժամկետ օգտվելու դեպքում՝ օրենսդրական սահմանափակումներ։

18. Մասնավոր կենսաթոշակային հիմնադրամներից վաղաժամկետ օգտվելու կարգը։

Շահառուներին հնարավորություն պետք է տրվի վաղաժամկետ դուրս գալու մասնավոր կենսաթոշակային հիմնադրամից/ կառավարության ծրագրում, որպես կանոն, շահառուն հիմնադրամում պետք է մնա մինչև կենսաթոշակի անցնելը/։ Ընդ որում, հիմնադրամից դուրս գալու համար պետք է սահմանվեն ժամկետային սահմանափակումներ ու տարիքային ցենզ։ Կախված անուիտետի վերածված ամսական գումարի մեծությունից՝ այդ միջոցները կտրվեն ծրագրային կամ միանվագ վճարների ձևով։

02 Սեպտեմբեր 2010

Pin It on Pinterest