Հայաստանի խելամիտ ուղին

Իրատեսություն. Ռազմավարություն. Նորարարություն

Հայաստանն այսօր ձգտում է խաղաղության եւ ստեղծագործական աշխատանքի, որը նրան կբերի շենացում եւ բարեկեցություն։ Ամբողջ աշխարհը մինչդեռ անկայուն իրավիճակի մեջ է, խարխլվում է անվտանգության ավանդական աշխարհակարգը, ծավալվում են պատերազմներ, խզվում են տնտեսական կապերը։ Օրվա իշխանություններն ի վիճակի չեն վարել Հայաստանի նավը այս համաշխարհային փոթորկում։ Նրանք մեզ տարել են դեպի աղետալի պատերազմներ եւ այդպես էլ չեն կարողացել վերջնական եւ կայուն խաղաղություն հաստատել։ Նրանք ոչինչ չեն հասկանում կառավարման գործից եւ թաղվել են կոռուպցիայի ու հանրային միջոցների թալանի մեջ։ Նրանք հարձակվում են մեր պատմամշակութային ինքնության վրա, սերմանում պառակտում ու անօրինություն, ենթարկվել են օտարածին օրակարգերի, տանում են Հայաստանը դեպի ոչնչացում։

 

Հայաստանին պետք է նոր առաջնորդող ուժ, որը

  • Հենվելով ԻՐԱՏԵՍՈՒԹՅԱՆ եւ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿԻ վրա, կապահովի Հայաստանի անվտանգությունը,
  • Մշտապես դավանել է ԻՆՔՆԻՇԽԱՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ սկզբունքը,
  • Գիտի, թե ինչպես է պետք ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌԵԼ հարաբերությունները գերտերությունների հետ եւ ՊԱՇՏՊԱՆԵԼ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ
  • Կարող է Հայաստանի զարգացմանն ուղղված մեծ ենթակառուցվածքային նախագծեր իրականացնել, ինչպես օրինակ՝ Հայաստանն Իրանին կապող ԵՐԿԱԹՈՒՂՈՒ կառուցումը եւ Հյուսիս֊Հարավ ավտոճանապարհի ավարտը
  • Ցանկանում է Հայաստանում ստեղծել այնպիսի ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, որը ծառայում է ԲՈԼՈՐԻՆ
  • Ի վիճակի է իրականացնել ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ եւ Հայաստանը դարձնել գիտատեխնիկական զարգացման ԱՌԱՋԱՏԱՐ
  • Կապահովի ժողովրդավարությունն ու հարգանքը մարդու իրավունքների նկատմամբ, կվերականգնի հանրային համերաշխությունը, կապահովի Սահմանադրության եւ օրենքների գերակայությունը, կապահովի արդյունավետ արդարադատության համակարգ, կհարգի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու իրավունքներն ու դերակատարությունը
  • Կպաշտպանի Հայաստանի անկախությունն ու նրա հիմքերը, մեր պատմամշակութային ինքնությունը։

Այս նպատակների իրագործմանն է ուղղված ստորեւ ներկայացված նախընտրական ծրագիրը։

1. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ

Հիմնախնդիրը

Այսօր ամենակենսական խնդիրը Հայաստանի Հանրապետության քաղաքացու անվտանգությունն է, պետության պահպանումը, ազգային ինքնության եւ պատմամշակութային արժեքների պաշտպանությունն ու զարգացումը։ Հայաստանի ինքնիշխանության ապահովումը ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմաններում արտաքին քաղաքականության գերխնդիրն է։

Ինքնիշխան խաղաղության հաստատում. TRIPP+BRICS հայեցակարգ

Մենք կհարգենք Հայաստանի ստանձնած միջազգային պայմանագրային պարտավորությունները, կշարունակենք Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ խաղաղության հաստատման եւ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այդ գործընթացն արդյունավետ դարձնելու եւ դրա փոխադարձությունն ապահովելու, ինչպես նաեւ Հայաստանի ներքին կառավարման գործերին միջամտելու բոլոր փորձերը բացառելու համար, սակայն, անհրաժեշտ են Հայաստանի ինքնիշխանությունն ու դիմադրողականությունը ամրապնդող քայլեր։

Խաղաղությունը կայուն, երաշխավորված, երկարաժամկետ դարձնելու եւ Հայաստանի ինքնիշխանությունն ապահովելու համար պետք է ստեղծվի հաղորդակցման ուղիների այնպիսի ենթակառուցվածք, որը 

  • կբացառի Հայաստանի միակողմանի կախվածությունը Ադրբեջանից եւ Թուրքիայից
  • Հայաստանի ինքնիշխան տարածքում կապահովի աշխարհաքաղաքական մրցակցության մեջ գտնվող գերտերությունների եւ տարածաշրջանային տերությունների շահերի հավասարակշռումն ու ներդաշնակեցումը 

Այս նպատակների իրագործման համար Հայաստանի տարածքում կկառուցվի ռազմավարական նշանակություն ունեցող տրանսպորտային հաղորդակցության հանգույց, որը կապահովի երկրի կապը ինչպես Արեւմուտք-Արեւելք, այնպես էլ Հյուսիս-Հարավ առանցքներով։ Այդ հանգույցի կարեւորագույն մասն է Հայաստանն Իրանին կապող երկաթուղին։ Հայաստանի եւ նախագծի շուրջ ստեղծվող միջազգային մեծ կոալիցիայի ֆինանսավորմամբ եւ փայատիրությամբ «TRIPP+BRICS» նախաձեռնության շրջանակում Հայաստանը կհաղթահարի ծովից կտրված երկրի կարգավիճակը՝ դառնալով ռազմավարական միջազգային տրանզիտային կենտրոն։

Հավասարակշռված արտաքին քաղաքականություն եւ «Երկիր-կամուրջ» հայեցակարգ

Արեւմուտք-Արեւելք գլոբալ աշխարհաքաղաքական հակամարտության մեջ Հայաստանը չպետք է որեւէ կողմ բռնի, այլապես մեր երկիրը կվերածվի գերտերությունների կռվախնձորի եւ կենթարկվի հակառակորդ կողմի կործանարար պատժամիջոցների։ Որպես գոյատեւման եւ զարգացման միակ միջոց պետք է ընտրվի բոլոր ուղղություններով փոխշահավետ համագործակցության զարգացումը, Արեւմուտք-Ռուսաստան հակամարտության նկատմամբ չեզոքությունը, Հայաստանի դիրքավորումը որպես համագործակցության կամուրջ բոլոր շահագրգիռ կողմերի համար։ Հնարավոր է վստահելի հարաբերություններ ունենալ միաժամանակ եւ՛ Ռուսաստանի, եւ՛ ԱՄՆ-ի ու Եվրոպական Միության, եւ՛ Իրանի, Հնդկաստանի, Չինաստանի հետ, եթե առաջնորդվում ես քո իրական շահերով։ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն արդյունավետ կիրականանա հենց այս ուժեղ, հավասարակշռված դիրքերից։

Պաշտպանունակություն եւ բանակի վերածնունդ

Ջախջախված բանակի վերականգնումը հրամայական է։ Զինված ուժերի վերակառուցումը հիմնված կլինի ռազմավարական դաշնակիցների եւ բարեկամ պետությունների հետ ինստիտուցիոնալ համագործակցության, առաջադեմ ռազմական տեխնոլոգիաների ներդրման, համատեղ արտադրական հզորությունների ստեղծման եւ բանակի կառավարման համակարգի արմատական վերակառուցման վրա։

  • Հայաստանը տեսանելի ապագայում կունենա խառը տիպի բանակ` կազմավորված ինչպես համընդհանուր զորակոչի ենթակա քաղաքացիներից, այնպես էլ պայմանագրային զինվորականններից։ Կբացառվի օրենսդրության ընդունում, ըստ որի հնարավոր լինի վճարման դիմաց ազատվել զինվորական ծառայությունից։ 
  • Կներդրվի «ունիվերսալ զինվորի» ստանդարտը։ Ամբողջ անձնակազմը` առանց բացառության, կսովորի իր ստորաբաժանման ներսում փոխադարձ փոխարինելիության եւ հոգեբանական կայունության, մարտական բժշկության, ինքնօգնության եւ փոխօգնության հմտությունները` բարձրացնելով ստորաբաժանումների կենսունակությունը եւ մեր որդիների կյանքի ապահովումն ու անվտանգությունը։ Զինված ուժերի առօրյան կհագեցվի մարտական պատրաստությամբ եւ ուսուցմամբ, կվերականգվեն ակտիվ զորավարժությունները։
  • Զինված ուժերի կառավարումը բոլոր օղակներում՝ հաշվարկված սահմաններում, կապակենտրոնացվի, ինչը կտա ստորին օղակներում նախաձեռնության լայն հնարավորություն եւ կտրուկ կբարձրացնի որոշումների կայացման եւ իրականացման արագությունը։
  • Ռազմական գիտությունը եւ տեխնոլոգիաները որպես առաջընթացի շարժիչ կմղվեն առաջին պլան։ Պետության եւ պաշտպանության նախարարության համակարգերում կստեղծվեն գիտահետազոտական կենտրոններ նոր զինատեսակների եւ զինամթերքի մշակման համար։ Ռազմատեխնոլոգիական ներուժն ամրապնդելու եւ արհեստական բանականության, կիբերանվտանգության, անօդաչու թռչող սարքերի, ռազմական էլեկտրոնիկայի ոլորտներում հետազոտություններ կատարելու եւ նոր զինատեսակներ ստեղծելու եւ փորձարկելու նպատակով կստեղծվեն պետություն-մասնավոր գործընկերություններ (ՊՄԳ)։ Ռազմարդյունաբերական համալիրի ոլորտում մշակումները հզոր լիցք կհաղորդեն քաղաքացիական տնտեսությանը եւ նրա տեխնոլոգիական հատվածին։
  • Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համապատասխան որակավորում ունեցող զինակոչիկները եւ զինծառայողները կծառայեն իրենց որակավորմանը համապատասխան այդ կենտրոններում եւ կդառնան կամուրջ բանակի, ռազմաարդյունաբերական եւ բարձր տեխնոլոգիական ձեռնարկությունների համագործակցության համակարգում։ Նույն տրամաբանությունը կգործի նաեւ մոբիլիզացիոն ռեզերվի նկատմամբ։
  • Ուսանողների ուսուցումը բանակի պահանջած հիմնարար եւ կիրառական գիտությունների ուղղությամբ կդառնա անվճար։ Անցնելով խիստ ընտրություն՝ այդ ուսանողները կստանան երաշխավորված աշխատատեղ պաշտպանության ոլորտում` կարճ ժամկետներում ձեւավորելով ռազմական դասախոսների եւ ինժեներների դաս։ 
  • Զինված ուժերի եւ այլ ուժային կառույցների, ինչպես նաեւ զինված ուժերի ներսում ցամաքային զորքերի եւ մյուս զորատեսակների միջեւ թվաքանակի հարաբերակցությունը եւ կառուցվածքը կբերվի համաչափ եւ օպտիմալ սահմանների։
  • Կկատարվեն պետության տարածքի օպերատիվ կահավորման աշխատանքներ։ Կզարգացվեն կոմունիկացիաները երկրի ներսում, կստեղծվի պետական պահպանման եւ զինված ուժերի ՆՏ ապահովման պահեստների ցանց, այդ թվում` ստորգետնյա կառույցների, կկատարելագործվի պետական կառավարման եւ կապի ցանցը, կվերագործարկվի օդանավակայանային ենթակառուցվածքը։
  • Կվերամշակվեն եւ կվերաիմաստավորվեն ռազմական դոկտրինն ու ռազմարվեստի դրույթները` համապատասխանեցնելով զինված ուժերի կարողություններին, ստորաբաժանումների համալրվածությանը եւ ասիմետրիկ գործողությունների մոտեցումներին։ 
  • ՀՀ-ում արդեն իսկ ձեւավորված եւ գործող ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությունների ջանքերը կուղղվեն երիտասարդների եւ ուսանողության նախնական զինվորական պատրաստության մակարդակի բարձրացմանը։
  • Կվերականգնվի հասարակական վերահսկողությունը զինված ուժերի նկատմամբ։
Արցախի եւ արցախցիների խնդիրները

Արցախցիների հավաքական վերադարձի իրավունքը պաշտպանելով՝ պետությունը այս ժամանակաշրջանում պետք է կենտրոնանա Հայաստանում նրանց սոցիալ-տնտեսական ինտեգրման վրա եւ պաշտպանի նրանց գույքային ու այլ իրավունքները միջազգային ատյաններում ու դատարաններում։ Պետական քաղաքականության հիմնական նպատակները պետք է լինեն ոչ թե Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար իրականացվող կարճաժամկետ ծրագրերը՝ նվազագույն աջակցության միջոցով, այլ նրանց արժանապատիվ, անվտանգ եւ կայուն ապագայի կառուցումը Հայաստանում՝ միաժամանակ պաշտպանելով նրանց վերադարձի, սեփականության ու այլ իրավունքները միջազգային ատյաններում ու դատարաններում։

  • Բնակարանային իրականացվող ծրագրին զուգահեռ, ցանկացողների համար կկատարվեն հողահատկացումներ, եւ կտրվի տան կառուցման օժանդակություն։ 
  • Հողահատկացումները կկատարվեն այն տրամաբանությամբ, որպեսզի արցախահայերը ցանկության դեպքում կարողանան վերստեղծել իրենց նախկին համայնքները համատեղ կոմպակտ բնակվելու պայմաններում ըստ շրջանների, քաղաքների եւ գյուղերի` ինտեգրվելով հայաստանյան համապատասխան բնակավայրերում։
  • Բնակարանային ծրագիրը կհամապատասխանեցնի աջակցության չափը իրատեսական շուկայական գներին։ Կապահովվեն ցածր տոկոսադրույքներով, երկար մարման ժամկետներով եւ համարժեք կանխավճարի աջակցությամբ շատ ավելի մատչելի հիփոթեքային պայմաններ։ Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի մարզերում բնակեցմանը՝ բնակարանային ծրագիրը փոխկապակցելով տնտեսական գործունեության, զբաղվածության ծրագրերի հետ՝ ապահովելով աշխատանք, դպրոց, բուժծառայություն եւ համայնքային ենթակառուցվածքներ, որպեսզի մարզ տեղափոխվելը դառնա ոչ թե պարտադրված, այլ գրավիչ ընտրություն։
  • Ֆինանսական աջակցությունը կշարունակվի, քանի դեռ ընտանիքները չունեն սեփական բնակարան, կայուն աշխատանք կամ բավարար եկամուտ։ Հատուկ աջակցություն կտրվի խոցելի խմբերին, փոքր ընտանիքներին, տարեցներին, հաշմանդամություն ունեցող անձանց, զոհվածների ընտանիքներին։
  • Կմշակվեն վերապատրաստման, աշխատանքի տեղավորման, մասնագիտական վերաորակավորման եւ ձեռնարկատիրության աջակցության ծրագրեր` հատկապես երիտասարդների, ուսուցիչների, բուժաշխատողների, նախկին պետական ու համայնքային ծառայողների, գյուղատնտեսությամբ զբաղվողների եւ փոքր բիզնես սկսողների համար։
Օրենք բարեկամական երկրների մասին
  • Կընդունվի «Բարեկամական երկրների մասին» օրենք, որը կսահմանի հատուկ նպաստավոր ներդրումային եւ միգրացիոն ռեժիմ այն երկրների համար որոնք ձեռք են բերում «Բարեկամ երկրի» կարգավիճակ։ Այդ կարգավիճակը կշնորհվի միայն Ազգային Ժողովի որրոշմամբ՝ տվյալ երկրում պետական մակարդակով տարվող հայատյացության քարոզչության բացակայության եզրակացության հիման վրա։

2. ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ. ԱՊԱՇՐՋԱՓԱԿՈՒՄ, ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ, ԱԶԱՏ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ

Տրանսպորտային ապաշրջափակում

Խաղաղության եւ անվտանգության ամրապնդումից զատ, Հայաստան-Իրան երկաթուղու կառուցումը՝ մաս կազմելով «Հյուսիս-Հարավ» (INSTC) միջազգային տրանսպորտային միջանցքին որպես «Զանգեզուրի հանգույց», հիմք կդնի Հայաստանի տնտեսության թռիչքաձեւ աճին եւ սոցիալ֊տնտեսական զարգացմանը, հաղորդակցության մայրուղիներին հարակից տարածքներում նպաստավոր տնտեսական միջավայրի ձեւավորմանը։ 

Հաղորդակցության նոր ստեղծվող ենթակառուցվածքը Հայաստանը կկապի Պարսից ծոցի, Իրանի, Հնդկաստանի, Վրաստանի, Չինաստանի ու Ռուսաստանի, Եվրոպայի եւ Միջին Արեւելքի հետ՝ Երեւանի ձեռքում ունենալով բացառիկ քաղաքական ու տնտեսական լծակներ։ Սա կնվազեցնի կախվածությունը Ադրբեջանի ու Թուրքիայի կամքից, կդիվերսիֆիկացնի երթուղիները, կկայացնի Հայաստանը որպես ռազմավարական տրանզիտային կենտրոն։ 

Ֆիզիկական ենթակառուցվածքին զուգահեռ կստեղծվի հզոր օպտիկամանրաթելային ցանց, ժամանակակից Տվյալների կենտրոններ (Data Centers), ինչը կրիտիկական նշանակություն ունի թվային տնտեսության ու էլեկտրոնային առեւտրի զարգացման համար։

Էներգետիկա

Հայաստանի էներգետիկ եւ տնտեսական կայունության հիմքը շարունակում է մնալ ռուսական էժան գազի կայուն մատակարարումը եւ Ռուսաստանի հետ համագործակցությունը ատոմային էներգետիկայի բնագավառում։ Ատոմային էներգետիկայի անվտանգության եւ զարգացման համար հույժ կարեւոր է նոր ատոմակայանի կառուցումը։ Միաժամանակ պետք է շարունակել բարձրացնել արեւային էներգետիկայի տեսակարար կշիռը։ Այս հարցում գլխավոր խնդիրն այն է, որ արեւային էներգետիկան հասել է տարեկան մոտավորապես 1 GWh (Գիգավատժամ) արտադրության ծավալի, եւ առանց կուտակային հզորությունների կառուցման, արեւային էներգետիկայի հետագա զարգացումը սպառնում է ստեղծել անկայունություն եւ զանգվածային վթարային անջատումներ: 

Այսօր Հայաստանի կուտակային հզորությունները գտնվում են զրոյական մակարդակի վրա, ինչը գործող իշխանությունների ռազմավարական մոտեցման բացակայության հետեւանք է: Արեւային էներգետիկայի հետագա զարգացման համար պետք է ստեղծվեն անհրաժեշտ կուտակային հզորություններ:

Հայաստանի էներգետիկ համակարգի զարգացման մեր գլխավոր անելիքները, ըստ այդմ, հետեւյալն են. 

  • Կկառուցվի 1.2 GW (Գիգավատ) հզորությամբ նոր ատոմակայան Ռուսաստանի առաջարկած փաթեթի հիման վրա:
  • Կարդիականացվի Սեւան-Հրազդանի կասկադը՝ 150 Mwh հզորությամբ հիդրոկուտակիչ էլեկտրակայանի վերածելու նպատակով:
  • Առաջնային ուղղություն կդառնա ԱՄՆ-ի, Նիդերլանդների, Գերմանիայի եւ Իտալիայի առաջատար ընկերությունների հետ համագործակցությամբ` մետաղաիոնային եւ կիսահաղորդիչ-մատրիցային փոխարկիչների տեխնոլոգիաների հիման վրա 1-2 MWh հզորությամբ կուտակիչ սարքավորումների ձեռքբերումն ու բաշխումը էներգետիկ համակարգում:
  • Այնուհետեւ նորից զարկ կտրվի արեւային էներգետիկայի զարգացմանը։
Ջրային ռեսուրսների կառավարում

Ժամանակակից աշխարհում ջուրը ամենակարեւոր ռազմավարական ռեսուրսներից է։ Հայաստանը, սակայն, չունի ջրի հավաքման եւ կառավարման արդյունավետ համակարգ, ինչի հետեւանքով Հայաստանի տարածքում տեղումների ընդամենը երեսուն տոկոսն է հավաքվում եւ օգտագործվում։ Արդյունքում, պետությունը չի կարող բավարարել ջրի պահանջարկը գյուղատնտեսության համար, չունի ջրի ամբարման, բաշխման, ջրհեղեղների կառավարմանը եւ վնասների նվազեցմանն անհրաժեշտ ջրամբարների եւ ջրանցքների համակարգ։ Այդ պատճառով նաեւ վտանգավոր մակարդակի է հասել ստորերկրյա ջրառը, որը սպառնում է անշրջելի կորուստներով եւ փլուզումներով։ Ջրային ռեսուրսների կառավարումը Հայաստանում անհրաժեշտ է բարձրացնել ռազմավարական մակարդակի։ Անհրաժեշտ են, հետեւաբար, հետեւյալ միջոցառումներն ու քայլերը.

  • Կստեղծվի Ջրային ռեսուրսների կառավարման նախարարություն 
  • Արագացված տեմպերով կավարտվի Եղվարդի 228 մլն մ³ եւ Կապսի 90 մլն մ³ տարողությամբ ջրամբարների շինարարությունը
  • Աշտարակի, Աբովյանի եւ Շիրակի տարծաշրջաններում կիրականացվի 60000 հեկտար տարածքների ոռոգման ծրագիր 
  • Ջրային ռեսուրսների պահպանման հաշվին կվերականգնվի ստորերկրյա ջրային ավազանի մակարդակը
  • Ստորերկրյա ջրառի մակարդակը մեկ վայրկյանում 50 մ³ կիջեցվի մինչեւ 30 մ³ 
  • Կվերանորոգվի եւ կվերականգնվի Արփա-Սեւան թունելն ամբողջությամբ 
  • Կստեղծվի լեռնային գետերի եւ լեռնային շրջանների ջրային ռեսուրսների պահպանման կասկադային համակարգ 
  • Կկառուցվի ոռոգման ներտնտեսային ցանցի արդյունավետ համակարգ
Ոչ բնական մենաշնորհների վերացում, արդար մրցակցություն

Մենաշնորհները եւ լայն սպառման ապրանքների շուկաներում գերիշխող դիրքի չարաշահումը շարունակում են մնալ խոչընդոտ տնտեսական զարգացման համար եւ գների բարձրության աղբյուր։ Պետական կարգավորումը պետք է ստեղծի պայմաններ շուկայական մեխանիզմների կյանքի կոչման եւ արդար մրցակցության համար։

  • Կընդունվի հակամենաշնորհային նոր օրենսդրություն, կընդլայնվեն մրցակցության պաշտպանության հանձնաժողովի լիազորությունները։
  • Լայն սպառման ապրանքների ներքին շուկայում որեւէ ընկերության շուկայական մասնաբաժինը (բացի բնական մենաշնորհներից) կսահմանափակվի 33.33%-ով։
  • Օրենսդրորեն կտարանջատվի մեծածախ ու մանրածախ առեւտուրը, կարգելվի դրանց միաժամանակյա ծավալումը, կամրապնդվեն փոքր ու ընտանեկան բիզնեսի դիրքերը։
  • Կկասեցվի տնտեսական հանցագործությունների ավելորդ քրեականացումը։
Ներդրումային ու հարկային խրախուսման մոդել

Արտաքին արտադրողի սպասարկման մոդելից պետք է կատարվի անցում դեպի ներքին տնտեսվարողին խրախուսելու մոդելը։ Անհրաժեշտ է արմատապես բարելավել հարկային համակարգը՝ «բյուջեն լցնելու» մոդելից անցում կատարելով դեպի տնտեսվարողին խրախուսելու մոդել։ Պետք է ապահովել բարձր եւ միջին մակարդակի տեխնիկական մասնագետների ներհոսքը եւ պատրաստումը։ 

  • Կամրագրվի հարկային ռեժիմի կայունությունը եռամյա հորիզոնով. հարկային բեռի ցանկացած ծանրացում տեղի կունենա համապատասխան օրենքի ընդունումից երեք տարի հետո։
  • 1-5 մլն ԱՄՆ դոլար ներդրում կատարած ընկերությունները 2 տարով, 5 մլն-ից ավելի ներդրածները՝ 5 տարով կազատվեն շահութահարկից, իսկ վերաներդրվող շահույթը կազատվի շահութահարկից։
  • Կկիրառվի տնտեսական ակտիվությունը խրախուսող հարկային քաղաքականություն եւ վարչարարություն, կսահմանափակվի պետության միջամտությունը բիզնեսին։ 
  • Տնտեսական քաղաքականություն իրականացնելիս հարկաբյուջետային գործիքները կնպատակաուղղվեն արտահանման ուղղվածություն ունեցող եւ բարձր տեխնոլոգիաների արտադրություն։
  • Համակարգային բարեփոխումների եւ եկամուտների հայտարարագրման համակարգի կատարելագործումից հետո միայն, առաջիկայում, անցում կկատարվի շահութահարկի «էստոնական մոդելին»՝ կսահմանվի զրոյական դրույքաչափ վերաներդրվող շահույթի համար՝ հարկումն իրականացնելով բացառապես շահույթի բաշխման (դիվիդենտների վճարման) պահին։
  • Կխրախուսվի Հայաստանի տնտեսությանն անհրաժեշտ մասնագետների ներգաղթը, կվերականգնվի պրոֆտեխնիկական ուսումնարանների համակարգը։
  • Գույքահարկը կտրուկ կկրճատվի, հատկապես վարձակալության տրված կամ ձեռնարկատիրական գործունեության համար օգտագործվող հողերի եւ գույքերի պարագայում։
Գյուղատնտեսություն

Գյուղատնտեսությունը ՀՀ տնտեսական ինքնիշխանության, ազգային անվտանգության եւ պարենային անկախության հիմնասյունն է։ Այսօր առաջնային նպատակը գյուղատնտեսության շահութաբերության ապահովումն է, որը մի կողմից հարվածի տակ է գտնվում վառելիքի, սերմացուի, պարարտանյութի, ջրի, սառնարանների թանկության պատճառով, մյուս կողմից՝ իրացման դժվարությունների պատճառով։ Պետությունը այդպես էլ չստեղծեց գյուղացիների համարժեք ֆինանսավորման, մատակարարման, մասնագիտական խորհրդատվական աջակցության, իրացման խնդիրների լուծման արդյունավետ մեխանիզմներ։ 

 Պետության տնտեսական ինքնիշխանության համար ռազմավարական մեծ նշանակություն ունի Հայաստանի դիրքավորումը որպես օրգանիկ արտադրանքի մատակարար։ Սա ենթադրում է անցում զանգվածային արտադրության մոդելից բացառիկ որակի եւ բարձր արժեքի ռազմավարությանը` թիրախավորելով միջազգային առաջնակարգ շուկայի խորշը։ Հայաստանն այսպիսով կկողմնորոշվի դեպի այն սպառողը, որը գնահատում է մթերքի էկոլոգիական մաքրությունը, համային հատկանիշները եւ սոցիալական պատասխանատվությունը։

Ծրագրի հիմնական նպատակներից մեկը գյուղացու նվազագույն շահութաբերության երաշխավորումն է՝ շուկայական մրցակցության սկզբունքների պահպանմամբ։ 

    • Կարեւորելով գյուղատնտեսության զարգացման ռազմավարական նշանակությունը, կվերականգնվի գյուղատնտեսության նախարարությունը։
  • Գյուղատնտեսական գործունեության արդյունավետ կազմակերպման նպատակով կներդրվի պետական օպերատորների համակարգ։ Մրցույթով ընտրված մասնագիտացված մասնավոր կազմակերպությունները կդառնան գյուղացու հավատարմատար կառավարիչն ու իրավաբանական ներկայացուցիչը։ Այս համակարգի միջոցով պետությունը յուրաքանչյուր բարեխիղճ գյուղացու համար կապահովի կանխատեսելի ու երաշխավորված նվազագույն շահույթ, իսկ օպերատորները կերաշխավորեն արդար մրցակցություն եւ բերքի իրացման լավագույն պայմաններ։ 
  • Օպերատորները կիրականացնեն արտադրանքի իրացումը մեծածախ շուկայում՝ առաջնորդվելով բացառապես ընթացիկ շուկայական գներով եւ պաշտպանելով գյուղացու շահերը։ Գյուղացին կստանա իր բերքի իրական շուկայական արժեքը, քանի որ օպերատորը կվաճառի ապրանքն առանց հավելյալ միջնորդավճարների՝ ստանձնելով նաեւ բոլոր իրավական եւ հաշվապահական հարցերի լուծումը։ 
  • Շուկայական ավելցուկի կամ գնանկման ռիսկերը չեզոքացնելու նպատակով օպերատորները կիրականացնեն բերքի պահեստավորում սառնարանային տնտեսություններում, իսկ անհրաժեշտության դեպքում պետությունը կսուբսիդավորի գները՝ ապահովելով գյուղացու երաշխավորված նվազագույն եկամուտը։ 
  • Օպերատորի ֆինանսավորումը կձեւավորվի գնորդից գանձվող ծառայության վճարներից, պետության կողմից տրվող կառավարման ֆիքսված վճարից եւ արդյունքի վրա հիմնված պարգեւավճարներից, ինչպես նաեւ արտահանումից ստացված հավելյալ շահույթի մասնահանումից։
  • Գյուղատնտեսության նախարարության հետազոտությունների հիման վրա կիրականացվի գիտականորեն հիմնավորված գոտեվորում եւ քվոտավորում՝ յուրաքանչյուր տարածաշրջանի համար սահմանելով առավելագույն բերքատվություն ապահովող մշակաբույսերի ցանկը։ Քվոտաները առաջնահերթ կտրամադրվեն այն գյուղացիներին, որոնք կհետեւեն մասնագիտական ցուցումներին՝ նվազեցնելով բերքի կորստի ռիսկերը եւ ապահովելով բարձր որակ։ 
  • Պետությունը կսուբսիդավորի տեղական սերմնաբուծությունը, ինչը կապահովի տեղանքին հարմարված բարձրորակ սերմացուի հասանելիությունն ու ոլորտի զարգացումը։ 
  • Ոռոգելի հողերի անգործությունը կանխելու նպատակով կկիրառվի չմշակվող հողի հարկ, ինչը կխթանի գյուղացուն կա՛մ ինքնուրույն մշակել հողը օպերատորի երաշխիքով, կա՛մ վարձակալության հանձնել վերջինիս միջնորդությամբ։ Դրա հետ մեկտեղ, պետությունն անվերապահ պարտավորություն կստանձնի՝ ապահովելու համար ոռոգելի ջրի անխափան հասանելիությունը բոլոր ոռոգվող հողատարածքներին, գյուղացիական եւ ֆերմերական տնտեսություններին։ 
  • Օպերատորները կիրականացնեն անհրաժեշտ ռեսուրսների (վառելիք, սերմացու, պարարտանյութ եւ թունաքիմիկատներ) կենտրոնացված մեծածախ գնումներ՝ ապահովելով ցածր ինքնարժեք։ Ֆերմերները նախքան ցանքսը հնարավորություն կունենան ընտրելու առավել մրցունակ առաջարկը բաց էլեկտրոնային հարթակի միջոցով, որտեղ իրական ժամանակում կհրապարակվեն բոլոր գործարքների գներն ու որակի հավաստագրերը՝ երաշխավորելով լիակատար թափանցիկություն եւ բացառելով կոռուպցիոն ռիսկերը։ 
  • Կստեղծվի բարեխիղճ ֆերմերների միասնական ռեգիստր, որում ընդգրկված տնտեսվարողները կօգտվեն արտոնյալ վարկավորումից, տեխնոլոգիական վերազինման աջակցությունից եւ մասնագիտական վերապատրաստումներից։ Պետական աջակցության ծրագրերը կկրեն անհատական եւ անձեռնմխելի բնույթ. գյուղացու իրավունքը չի սահմանափակվի այլ սուբյեկտների թերացումների պատճառով, իսկ պատասխանատվությունը կլինի բացառապես անհատական։

Միջազգային շուկաներում բարձր մրցունակություն ապահովելու նպատակով կներդրվեն միջազգային ստանդարտներին համապատասխանող հավաստագրման մեխանիզմներ եւ պետական-մասնավոր լաբորատոր հանգույցներ, որոնց հիման վրա կձեւավորվի «Organic Armenia» միասնական պետական հովանոցային բրենդը՝ ներկայացնելով Հայաստանը որպես էկոլոգիապես մաքուր գյուղատնտեսական արտադրանքի միջազգային կենտրոն։

Զբոսաշրջություն

Հայաստանի տուրիզմի զարգացումը պահանջում է պետության եւ մասնավոր հատվածի ռազմավարական գործընկերություն։ Մեր նպատակն է ենթակառուցվածքների բարելավման միջոցով խթանել էկո, բժշկական, պատմամշակութային, գինու եւ արկածային ուղղությունները։ 

  • Հյուրատների կառուցմանն ուղղված ներդրումները կազատվեն հարկերից խոշոր ներդրողների համար մինչեւ 10-20 տոկոս, իսկ փոքր եւ միջին հյուրատների համար ներդրումների մինչեւ 50 տոկոս վերադարձը։
  • Պետությունը կսահմանի զբոսաշրջային բարձր պոտենցիալ ունեցող առաջնահերթ գոտիներ եւ կիրականացնի ենթակառուցվածքների (բարեկարգ ճանապարհ, էլեկտրականություն, ջրամատակարարում եւ կապ) ամբողջական կառուցումը մինչեւ «հյուրատան դարպասը»։ 
  • Պետությունը կհոգա բոլոր տեսակի թույլտվությունների ծախսերը՝ վերացնելով բիզնեսի մեկնարկային արգելքները։
  • Կներդրվի տրանսպորտի եւ թանգարանների միասնական «Omni-pass» համընդհանուր թվային տոմսային համակարգ։ Տեսարժան վայրերում կտեղադրվեն GIS քարտեզների վրա հիմնված բազմալեզու QR-գիդեր։
  • Ճանապարհային ցուցանակները կհամապատասխանեցվեն միջազգային չափանիշներին՝ անգլերենի պարտադիր ներառմամբ։
  • Պետությունը կսուբսիդավորի կլինիկաների միջազգային (JCI եւ ISO) սերտիֆիկացման ծախսերը եւ կներդնի մեխանիզմներ՝ օտարերկրյա ապահովագրական փաթեթներով Հայաստանում բուժսպասարկում ստանալու համար։
  • Հայաստանը հանդես կգա որպես բժշկական, առողջարարական, էկոլոգիական եւ մշակութային տուրիզմի հաբ։
  • Կներդրվի տուրօպերատորների վարկանիշավորման համակարգ։ Պետությունը կֆինանսավորի բարձր վարկանիշ եւ ISO սերտիֆիկատ ունեցող ընկերությունների մասնակցությունը միջազգային ցուցահանդեսներին, ինչպես նաեւ կհոգա ոլորտի մասնագետների վերապատրաստումը միջազգային փորձագետների ներգրավմամբ։
  • Երեւանի, Գյումրու, Գորիսի եւ տուրիզմի տեսակետից խոստումնալից այլ քաղաքների հին թաղամասերում կստեղծվեն հատուկ տուրիստական եւ հանրային գոտիներ՝ համապատասխան ենթակառուցվածքներով։

3. ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՈՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՌՈՂՋԱՑՈՒՄ

Սահմանադրություն, անձնիշխանության հաստատման եւ գործադիր իշխանության կամայականության ինստիտուցիոնալ հիմքերի վերացում

2015 թ. «ընդունված» Սահմանադրությունը մշակվել է կառավարող ուժի իշխանությունը հավերժացնելու նպատակով։ 44-օրյա պատերազմը եւս ապացուցեց, որ խորհրդարանական համակարգն ի վիճակի չէ ապահովել ազգային անվտանգության արդյունավետ կառավարում. ծնում է մշտական ճգնաժամ, օլիգարխացում, պատասխանատվության լղոզում։

Հայ Ազգային Կոնգրեսն առաջնային խնդիր է համարում 1990 թ. ազգային կոնսենսուսով ընդունված նախագահական-խորհրդարանական (կիսանախագահական) կառավարման մոդելի վերականգնումը։

  • Երկու տարվա ընթացքում կանցկացվի Սահմանադրական հանրաքվե՝ վերադառնալով կիսանախագահական կառավարման համակարգին։
  • Նոր Սահմանադրության հիման վրա, հաջորդ մեկ տարվա ընթացքում կանցկացվի ՀՀ Նախագահի ընտրություն։
  • Նոր Սահմանադրությամբ կստեղծվեն անկախ սահմանադրական մարմիններ՝ անկախ դատական համակարգի, դատախազության, Քննչական կոմիտեի ու ԿԸՀ-ի արդյունավետ անկախությունն ապահովելու գործառույթներով։
  • Կկանխվի Սահմանադրության կամայական փոփոխությունների կործանարար պրակտիկան. կառավարման մոդելի կայունությունը դառնալու է սկզբունք։
  • Սահմանադրության մեջ կպահպանվի հղումը Անկախության հռչակագրին։
Դատական համակարգի բարեփոխում
  • Ապօրինի վճիռներ կայացրած, անմեղ քաղաքացիներ ապօրինի կալանավորած, քաղաքացիների սեփականության ու հիմնարար իրավունքները դիտավորությամբ ոտնահարած բոլոր դատավորները կենթարկվեն կարգապահական ու քրեական պատասխանատվության, կդադարեցվեն նրանց լիազորությունները։
  • Կներդրվի առաջին ատյանի դատարանների երկօղակ կառուցվածք. 1) Տեղական դատարաններ՝ ոչ ծանր գործեր ու մինչեւ 3 մլն դրամ քաղաքացիական վեճերի վարույթ; 2) Ավագ դատարաններ՝ ծանր հանցագործություններ ու 3 մլն դրամից ավելի գույքի շուրջ վեճերի վարույթ։
Ժողովրդավարության ամրապնդում
  • Կդադարեցվեն բոլոր քաղաքական հալածանքները, ազատ կարձակվեն բոլոր քաղբանտարկյալները, կերաշխավորվեն խոսքի, խղճի ու քաղաքացիական բոլոր ազատությունները։
  • ԿԸՀ-ի ու Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի անկախությունը կսահմանվի օրենսդրորեն. քաղաքական միջամտությունն ամբողջությամբ կբացառվի։
  • Կբացառվի հոգեւորականների հանդեպ ցանկացած ապօրինի հետապնդում։ Հայ Առաքելական Եկեղեցու գործերին միջամտությունն ամբողջությամբ կդադարեցվի։
Պետական կառավարման արդյունավետության բարձրացում, կադրային ներուժի զարգացում եւ կոռուպցիայի կանխարգելում

Հանրային կառավարման նոր մոդելը պետք է հենվի զսպումների եւ հակակշիռների ճկուն համակարգին։ Կկիրառվի ռազմավարություն, որը պատժի վրա հիմնված մոդելից անցում կկատարի կոռուպցիայի նախադրյալների եւ կառավարման համակարգային սխալների վերացմանը։ 

  • Անցում կկատարվի գործառնությունների տարանջատման (Policy-Service Decoupling) մոդելին, որը ենթադրում է քաղաքականություն մշակող եւ ծառայություն մատուցող գործառույթների հստակ բաժանում: Նախարարությունները կենտրոնանում են ռազմավարության վրա, իսկ սպասարկումը պատվիրակվում է ինքնավար գործակալություններին: Վերջիններս օժտված կլինեն գործառնական մեծ անկախությամբ՝ սեփական բյուջեն տնօրինելու, անձնակազմն ինքնուրույն հավաքագրելու եւ աշխատավարձերի ճկուն սանդղակ սահմանելու իրավունքներով: Կստեղծվի կառավարման «բիզնես-մոդել», որտեղ սպասարկող օղակը կողմնորոշված է դեպի վերջնական արդյունքը եւ արդյունավետությունը, այլ ոչ թե բյուրոկրատական վերահսկողությունը:
  • Կգործի «Մեկ կանգառի» սկզբունքը. քաղաքացին դիմում է սպասարկման կենտրոն (Front-office), իսկ միջգերատեսչական գործընթացները կատարվում են հետնաբեմում (Back-office)՝ բացառելով «թղթային վազքը»: Սպասարկման կենտրոնը հանդես կգա բացառապես որպես սպասարկող` ընդունելով եւ թվայնացնելով հայտը առանց որոշում կայացնելու (լիցենզավորում, թույլտվություն եւ այլն) լիազորության: Որոշում կայացնող մասնագետն անջատված կլինի սպասարկողից եւ կստանա ապանձնավորված (ծածկագրված) տվյալներ, առանց իմանալու հայտատուի ինքնությունը։ Այսպիսով, կզրոյացվի հովանավորչության եւ կոռուպցիայի ռիսկը:
  • Պետական գործընթացները կնախագծվեն այնպես, որ պաշտոնյան չունենա սուբյեկտիվ որոշում կայացնելու լիազորություն: Որոշումները կպատվիրակվեն անկողմնակալ ալգորիթմներին։
  • Կվերացվեն կոռուպցիայի առիթ հանդիսացող ավելորդ կարգավորումները։ Պետական գնումներում բյուրոկրատական հսկողությունը (սուբյեկտիվ գնահատումներ, հայտերի հաստատում) կփոխարինվի մասնավոր բանկային, ապահովագրական եւ աուդիտորական կազմակերպությունների վերահսկողությամբ, որոնք նաեւ ֆինանսական պատասխանատվություն կստանձնեն մատակարարի պարտավորությունների կատարման համար։
  • Կներդրվի «ինքնաշխատ դրական պատասխանի» գործիքը։ Եթե պաշտոնյան սահմանված ժամկետում չի հիմնավորում մերժումը, համակարգն ավտոմատ կգեներացնի թույլտվությունը։ Սա կբացառի արհեստական ձգձգումների միջոցով կաշառք կորզելու հնարավորությունը։
  • Կներդրվի առավելագույն ավտոմատացման համակարգը, որը տվյալները անմիջապես կմուտքագրի ալգորիթմացված շտեմարաններ` նվազեցնելով «քաղաքացի֊պաշտոնյա» ֆիզիկական կապը, բացառելով կամայականությունները եւ կոռուպցիոն ռիսկերը։
  • Կներմուծվեն պետական կառավարման ապարատի ձեւավորման շնորհապետական (մերիտոկրատիկ) սկզբունքներ։ Կսահմանվեն պետական ծառայողի աշխատանքի գնահատման հստակ թվային նշաձողեր, որոնք հիմնված են լինելու «արագությունը, որակը եւ գոհունակությունը» գնահատելու օբյեկտիվ չափանիշների վրա, ինչի արդյունքնում կսահմանվի վարձատրությունն ու ծառայողական աճը։ Առաջխաղացումը կհիմնվի բացառապես հաջողությունները եւ կրթական աճը բնութագրող հստակ թվային ցուցանիշների վրա։
  • Կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար մղելու գործում կառավարությունը կհամագործակցի քաղաքացիական հասարակության, զանգվածային լրատվամիջոցների հետ։ 
  • Ոստիկանության գործունեության մեջ կբացառվի քաղաքական կամայականությունը, կներդրվեն անաչառ համակարգային վերահսկողության մեխանիզմներ, ներառյալ տեսախցիկներով ինտենսիվ մոնիտորինգը եւ ԱԲ֊ով կառավարվող՝ խախտումների ավտոմատացված արձանագրումը, ալգորիթմներով բացառելով մարդկային սուբյեկտիվ գործոնն ու հայեցողությունը։
Առողջ ապրելակերպի, զանգվածային սպորտի եւ ֆիզիկական ակտիվության խրախուսում, հանրային գոտիների ստեղծում

Առողջ ապրելակերպի գաղափարի տարածման համար անհրաժեշտ է զարգացնել զանգվածային սպորտը եւ պետական աջակցության ծրագրեր իրականացնել՝ ուղղված համայնքային մարզադաշտերի, բակային խաղահրապարակների եւ բացօթյա մարզասարքերի ցանցի ընդլայնմանը բոլոր մարզերում:

  • Յուրաքանչյուր վարչական շրջանում կստեղծվեն ազատ եւ անվճար հանրային տարածքներ, որոնք հարմարեցված կլինեն թե՛ սպորտային, թե՛ մշակութային միջոցառումների եւ երիտասարդության սպորտային ու մշակութային ակտիվության համար:
  • Կրթօջախներում ֆիզիկական ակտիվությունը խրախուսելու համար կարդիականացվեն դպրոցական մարզադահլիճները, եւ կներդրվի արտադպրոցական մարզական խմբակների անվճար համակարգ:
  • Կներդրվեն պետական սուբսիդավորման մեխանիզմներ, որոնք կխթանեն մշակութային միջոցառումների (ցուցահանդեսներ, համերգներ, ներկայացումներ) անցկացումը հանրային բաց տարածքներում՝ դրանք դարձնելով առօրյա կյանքի բնական մաս:
  • Կմշակվի կանխարգելիչ առողջապահության համակարգ. տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ կիրականացվեն «առողջ համայնք» ծրագրեր, որոնք կներառեն զանգվածային մարզական փառատոններ եւ հանրային իրազեկման արշավներ:
  • Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության վերակազմակերպման արդյունքում կստեղծվի Հանրային կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի նախարարություն։
Թմրամիջոցների տարածումը կանխելու, համակարգային կանխարգելման եւ վերականգնողական միջոցառումների ծրագիր

Թմրամոլությունն ու խաղամոլությունը հիրավի վերածվել են հասարակական աղետի։ Հանրային անվտանգության համակարգի վերականգնման նպատակով պետությունը կներդնի թմրաշրջանառության դեմ պայքարի համալիր ռազմավարություն, որի շրջանակներում բացարձակ անհանդուրժողականության մոդելը կիրականացնի թմրամիջոցների սպառողի եւ իրացնողի խիստ տարանջատում՝ կիրառելով վիրահատական ճշգրտության պատժիչ եւ վերականգնողական գործիքակազմ: Թմրամոլության դեմ պայքարի պետական ռազմավարությունը պետք է հիմնվի ոչ միայն պատժիչ կամ բժշկական միջամտությունների, այլեւ կանխարգելիչ համալիր միջոցառումների եւ զբաղվածության համակարգի ներդրման վրա։

  • Քանի որ թմրամիջոցների տարածումը դարձել է լուրջ սպառնալիք հանրային անվտանգության համար, Բարձրագույն դատական խորհուրդին (ԲԴԽ) կառաջարկվի ներդնել վիճակագրության ուսումնասիրության ավտոմատացված համակարգ։ Այն դեպքում, երբ համակարգը արձանագրի որոշակի հանցատեսակի կտրուկ աճ, դատարանները պաշտոնապես կտեղեկացվեն իրավիճակի վտանգավորության մասին։ Սա հիմք կտա հանցանքը համարել առավել վտանգավոր եւ կիրառել խիստ պատժաչափեր՝ բացառելով անհարկի մեղմացումները։ Նպատակը հանցավոր տարրերին հասարակությունից մեկուսացնելն ու հետագա սպառնալիքները կանխելն է։ 
  • Կիրականացվի իրավապահ համակարգի՝ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարում ընդգրկված ստորաբաժանումների կարողությունների համալրում, այդ թվում՝ ստորաբաժանումներում ծառայող անձնակազմի ընդլայնում, վերապատրաստումներ, տեխնիկական միջոցների արդիականացում եւ զարգացում, կինոլոգիական ծառայությունների զարգացում, թմրամիջոցների դեմ պայքարում ընդգրկված տարբեր գերատեսչությունների միջեւ մշտական համագործակցային եւ արդյունավետ կապի ապահովում: 
  • Տեխնոլոգիական վերազինումը թույլ կտա ավտոմատացնել թաքստոցներում տեղադրման կամ փոխանցման գործողությունների հայտնաբերումը՝ ապահովելով պարեկային ստորաբաժանումների ակնթարթային թիրախային արձագանքը հանցանքի վայրում։
  • Կկիրառվեն ավտոմատացված տեխնոլոգիաներ այնպիսի ուղղություններում, ինչպիսիք են մոնիտորինգը եւ թվային պատնեշի ստեղծման միջոցով առցանց իրացման հարթակների մեկուսացումը եւ նրանց ծառայությունների մասին ինտերնետում տեղեկություններ փնտրողներին իրավախախտման հետեւանքների մասին իրազեկումը, իրացման բարձր ռիսկայնությամբ գոտիների քարտեզագրումը, ինչը հնարավորություն կտա ոստիկանական ուժերը նպատակային կենտրոնացնելու առավել վտանգված թաղամասերում եւ բակային տարածքներում։ Ավտոմատացված համակարգը նաեւ կապահովի կասկածելի անձանց եւ տրանսպորտային միջոցների տեղաշարժի ավտոմատ հետագծում, ինչը հիմնարար նշանակություն կունենա թմրաշրջանառության մատակարարման շղթաները եւ իրացնողների ցանցերը լիարժեք բացահայտելու համար։
  • Ոստիկանության համակարգի արդիականացման շրջանակներում կներդրվի արհեստական բանականությամբ օժտված տեսահսկման միասնական ցանց, որն ունակ է իրական ժամանակում նույնականացնել փողոցային իրացման տիպային սխեմաները եւ կասկածելի վարքագծային դրսեւորումները։
  • Պարտադիր բուժման մեխանիզմը կկիրառվի բացառապես այն դեպքերում, երբ թմրամիջոցների սպառողի վարքագիծը ներկայացնում է հանրային վտանգավորություն կամ սպառնալիք շրջապատի անվտանգությանը: Դրան զուգահեռ կներդրվի կամավոր վերականգնողական համակարգ, որն անձի հոգեսոցիալական վերափոխումը կիրականացնի մասնագիտացված թերապեւտիկ համայնքների եւ ներքին մոտիվացիայի խթանման միջոցով։
  • Այս համատեքստում առանցքային է նաեւ քրեակատարողական համակարգում հատկապես թմրամիջոցներով պայմանավորված հանցագործությունների համար դատապարտված անձանց կարիքների գնահատումը եւ դրա հիման վրա որակյալ բժշկական օգնության ու սոցիալ-հոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրումը: 
  • Ոււսումնական հաստատություններում՝ դպրոցներում եւ բուհերում, սովորողների շրջանում թմրամիջոցների գործածման վտանգների վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացումը՝ հիմնված միջազգային առաջավոր փորձի վրա: Միաժամանակ, պետական բյուջեի նպատակային ուղղորդումը դեպի զանգվածային սպորտի, մշակութային կրթօջախների եւ ստեղծարար կենտրոնների հասանելիության ապահովումը թույլ կտա ստեղծել «ալտերնատիվ սոցիալականացման» միջավայր: Նման մոտեցմամբ երիտասարդի ազատ ժամանակը վերածվում է ինքնակատարելագործման ռեսուրսի՝ նվազեցնելով վնասակար սովորույթների ձեւավորման հավանականությունը։
ԱԲ տեխնոլոգիաներն ընդդեմ խաղամոլության

Մենք չենք արգելում խաղը, մենք բացառում ենք անպատասխանատու սնանկացումը։ Պետության կողմից քաղաքացու կորուստների ռիսկի նվազեցումը երաշխիք է ընտանիքների կայունության եւ հասարակության անվտանգության համար։ Կարգախոսն է. «Ոչ թե արգելել, այլ պաշտպանել թվային վերահսկողության միջոցով»։ Ծրագիրը կներդրվի պիլոտային ձեւաչափով, իսկ հիմնական ծախսերը կհոգան խաղային օպերատորները։ Սահմանափակումները կվերանայվեն եւ կարող են չեղարկվել, երբ խաղամոլության վնասները էապես նվազեն։

«Խելացի մուտք» համակարգը բարձր տեխնոլոգիական թվային լուծում է, որը գործում է որպես «խելացի ֆիլտր» քաղաքացու եւ ազարտային խաղային հարթակների միջեւ։ Համակարգը ավտոմատ կերպով գնահատում է անձի ֆինանսական հնարավորությունները եւ թույլատրում է մասնակցել խաղերին միայն այնպիսի չափաբաժնով, որը չի վնասի նրա սոցիալական վիճակը եւ չի հանգեցնի սնանկացման։

Մեր քաղաքական ուժը կիրականացնի արմատական բարեփոխում խաղամոլության դեմ պայքարի ոլորտում։ Մենք անարդյունավետ արգելքները կփոխարինենք բարձր տեխնոլոգիական պաշտպանությամբ՝ ներդնելով «Խելացի մուտք» համակարգը, որը կկանխի քաղաքացիների սնանկացումը։

  • Կստեղծվի տվյալների մշակման պետական կենտրոնացված հանգույց։ Արհեստական բանականության (ԱԲ) վերլուծական գործիքները վայրկյանների ընթացքում կիրականացնեն օգտատիրոջ ամբողջական վերիֆիկացիա եւ ռիսկերի գնահատում՝ ստանալով անձի թույլտվությունը մշակելու իր անձնական եւ ֆինանսական տեղեկատվությունը, ինչը խաղային հարթակներ մուտք գործելու պարտադիր նախապայման է։
  • Առաջին փուլում որպես հիմնական գործիքակազմ կներդրվի խաղալու իրավունքի նախապայմանների եւ ֆինանսական կարգապահության մոդելը։ Խաղային հարթակներից օգտվելու իրավունք կունենան բացառապես այն քաղաքացիները, որոնք չունեն չմարված որեւէ պարտավորություն պետության կամ բանկային համակարգի առաջ։ Սա նշանակում է, որ ցանկացած ժամկետանց վարկ կամ հարկային թերացում ավտոմատ կերպով կասեցնում է անձի մուտքը խաղային տիրույթ։ Մուտքը կարգելափակվի նաեւ վարկային գերծանրաբեռնվածության առաջացման դեպքում՝ մինչեւ անձի վարկային վարկանիշի վերականգնումը եւ ռիսկային գոտուց դուրս գալը։ Զուգահեռաբար, յուրաքանչյուր խաղացող հնարավորություն կունենա ինքնուրույն սահմանելու իր խաղային հաշվի համալրման (դեպոզիտային) անհատական սահմանաչափերը։
  • Երկրորդ փուլում, եթե առաջին փուլի մեխանիզմները բավարար արդյունք չտան, պետությունը կանցնի ավելի խիստ կարգավորման։ Այս փուլում խաղադրույքների սահմանաչափը կկապվի անձի պաշտոնական եկամուտների որոշակի տոկոսի հետ։ Սա կծառայի որպես հուսալի պաշտպանություն՝ կանխելով քաղաքացու հիմնական միջոցների վտանգը հուզական որոշումների կամ ազարտի պահին։
  • Օնլայն կազինոների համար կսահմանվեն բարձր հարկեր ռեզիդենտներից ստացված խաղադրույքներից։
  • Մեր ծրագիրը հաշվի կառնի Հայաստանի Հանրապետության բոլոր այն քաղաքացիների շահերը, որոնց ֆինանսական տեղեկատվությունը բացակայում է պետական շտեմարաններից (արտերկրյա կամ չհայտարարագրված եկամուտներ)։ 
  • Համակարգը կարգելափակի մուտքը բոլոր այն անձանց համար, ովքեր ստանում են պետական սոցիալական աջակցություն (նպաստ) կամ չեն համապատասխանում օրենքով սահմանված տարիքային շեմին։
  • Կներդնենք բանկային գործարքների մոնիտորինգի ավտոմատացված համակարգ, որը կիրականացնի անօրինական հարթակների շրջափակում։
  • Կկիրառվեն կիբերանվտանգության բարձրագույն ստանդարտներ եւ տվյալների ապակենտրոնացված պահպանման համակարգեր՝ քաղաքացիների անձնական տվյալների անվտանգությունն ու համակարգի կայունությունն ապահովելու համար։

4. ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ. ՃԵՂՔՈՒՄԱՅԻՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Զարգացման լոկոմոտիվը

Աշխարհի պատմության ընթացքում որեւէ երկիր չի ապահովել կայուն սոցիալ-տնտեսական զարգացում, եթե չի կառուցել իր տնտեսությունը գիտական առաջընթացի եւ արդիական ճեղքումային տեխնոլոգիաների հիմքի վրա։ Տնտեսությունն առաջ շարժող մեծագույն հավելյալ արժեքը ստեղծվում է տեխնոլոգիաների առաջնագծում, եւ միայն դառնալով տեխնոլոգիական առաջընթացի ուրույն ուղղությունների առաջատար՝ Հայաստանը կգտնի իր տեղը համաշխարհային տնտեսական համակարգում։ Պետությունը պետք է հսկայական ֆինանսական ներդրումներ կատարի Բարձր տեխնոլոգիական (ՀայԹեք) արդյունաբերության խորշային սեգմենտներում յուրահատուկ մրցակցային առավելություններ ստացած ստարտափների եւ կայացած ընկերությունների գիտահետազոտական (R&D) աշխատանքների եւ գյուտարարության արտոնագրման ուղղությամբ։ Հատուկ ուշադրություն պետք է դարձվի այնպիսի ուղղությունների վրա, ինչպիսիք են արհեստական բանականությունը, բիոտեխնոլոգիան, ալտերնատիվ կուտակային էներգետիկան, օրգանիկ գյուղատնտեսությունը, ֆինտեխը եւ կրիպտո-ինդուստրիան։ Պետականորեն խրախուսվող տեխնոլոգիական առաջընթացը պետք է դառնա երկրի տնտեսական զարգացման, պաշտպանունակության եւ բանակի ամրապնդման, գիտության, կրթության, առողջապահության, ճարտարապետության եւ մշակույթի լոկոմոտիվը եւ այդ բնագավառները մեկ միասնական համակարգի մեջ իրար կապող գլխավոր օղակը։ 

Գիտահետազոտական աշխատանքների պետական ֆինանսավորում, ռազմավարական ուղղություններ եւ տնտեսական մոդելի Էվոլյուցիա՝ աութսորսինգից դեպի սեփական արտադրություն, Արհեստական բանականության եւ Խորը տեխնոլոգիաների (Deep-Tech) զարգացման խրախուսում
  • Կներմուծվի ճեղքումային տեխնոլոգիաներ մշակող ընկերությունների գիտահետազոտական գործունեության պետական ֆինանսավորման համակարգ` ձեւավորելով կառավարությանը կից միջգերատեսչական Բարձրագույն տեխնոլոգիական խորհուրդ (ԲՏԽ)՝ ԲՏԱՆ, ՊՆ, ԿԳՄՍ, ԷՆ-ի մասնակցությամբ։ Ֆինանսավորումը աստիճանաբար կհասցվի ՀՆԱ-ի 1%-ին։
  • Ռեսուրսները կկենտրոնացվեն առավելություն ունեցող խորշային 4 ուղղությամբ. Արհեստական բանականություն (AI/ML), Կիսահաղորդիչներ ու չիպերի դիզայն, Ստեղծարար տեխնոլոգիաներ, Կենսատեխնոլոգիաներ։
  • Պետությունը կդառնա հայկական տեխնոլոգիական ապրանքների առաջին ու խոշոր պատվիրատուն՝ ստեղծելով շուկա տեղական ստարտափների համար։
  • Կստեղծվեն հանրային֊մասնավոր ձեռնարկություններ (PPP)` արհեստական բանականության, նանոտեխնոլոգիայի ու ռազմարդյունաբերական տեխնոլոգիաների ոլորտներում։
  • Լրացուցիչ արտոնություններ կտրամադրվեն այն ձեռնարկություններին, որոնք շահույթի առնվազն 15%-ը վերաներդնում են սեփական ապրանքների հետազոտության եւ մշակման (R&D-ի) մեջ։ 
  • Կձեռնարկվեն մտավոր սեփականության (IP) պաշտպանությունը ամրապնդող օրենսդրական բարեփոխումներ, որոնք Հայաստանը կդարձնեն գրավիչ վայր մտավոր սեփականության գրանցման եւ կառավարման համար՝ նվազեցնելով կախվածությունը օֆշորային գոտիներից։

Կստեղծվի Արհեստական բանականության ազգային սուվերեն համակարգ՝ թվային ինքնիշխանության ապահովման համար։

Մարդկային, մասնագիտական (Brain Gain) եւ ֆինանսական կապիտալի ներհոսքի ապահովում
  • Հիմնադրամների հիմնադրամ (Fund of Funds) մոդելի կիրառմամբ պետությունը Սահմանափակ գործընկերոջ (LP) կարգավիճակով կմասնակցի հայաստանյան վենչուրային կապիտալի հիմնադրամներում՝ խթանելով մասնավոր կապիտալ ներհոսքը։
  • Կստեղծվի Սփյուռքի ներդրումային կամուրջ. հարթակ, որտեղ սփյուռքահայերը կարող են համակարգված ներդրումներ անել հայկական վենչուրային կապիտալի հիմնադրամներում եւ ոչ թե միայն առանձին ստարտափներում։
  • Կընդունվի Էստոնական էլեկտրոնային ռեզիդենտության (e-Residency) մոդելը. արտասահմանցի, հատկապես սփյուռքահայ, ձեռնարկատերերին հնարավորություն տալով Հայաստանում առցանց ստեղծել ու կառավարել ընկերություններ, կառուցել հայաստանակենտրոն գլոբալ բիզնես-համայնք։
  • Կամրագրվի տեխնոլոգիական ոլորտի արտոնությունների 10-ամյա անփոփոխ հորիզոն՝ ներդրողներին կանխատեսելիություն ապահովելու համար։
  • Կկառուցվի Բարձր տեխնոլոգիաների կենտրոն֊համալիր միջազգային կոնֆերանսների, տեխնոինկուբատորների, ցուցահանդեսների եւ նեթվորքինգի կազմակերպման համար` բոլոր անհրաժեշտ հարմարություններով, ակտիվ մասնակցությամբ միջազգային կոնֆերանսներին ու ցուցահանդեսներին` խթանելով Հայաստանի բրենդինգը որպես առաջատար տեխնոլոգիական երկիր։
  • Կսահմանվեն ֆինանսական արտոնություններ ավագ (senior) մակարդակի մասնագետների համար, որոնք Հայաստանում ստեղծում են ապրանքներ ու ծառայություններ: Կընդունվեն «փափուկ վայրէջքի» ծրագրեր հայրենադարձ մասնագետների ու նրանց ընտանիքների համար (բնակարան, կրթություն)։
Կրիպտոոլորտի ազատականացում, ֆինանսական առաջատար տեխնոլոգիաների խրախուսում
  • Կազատականացվի կրիպտոարդյունաբերության կարգավորումը, կվերացվի Կենտրոնական բանկի կողմից չափազանց խիստ վերահսկողությունը կրիպտոփոխանակման նկատմամբ, օրենսդրորեն կբացառվեն ապօրինի ու արհեստական արգելանքները կրիպտոբորսաների հաշիվների սպասարկման ոլորտում։
  • Կստեղծվի բիզնեսի համար առաջատար ֆինանսական տեխնոլոգիաների կիրառմամբ (crowdfunding, ICO, STO, IEO) ֆինանսավորման հստակ իրավական կարգ, որը կբացառի խարդախությունը։
Թվային պետություն
  • Կստեղծվի սուվերեն Արհեստական բանականության գործիքակազմ, եւ կընդունվեն հատուկ կարգավորումներ, որոնք կխթանեն պետական կառավարման տարբեր մակարդակներում ընդունվող ակտերի եւ որոշումների փորձագիտական եզրակացությունը սուվերեն Արհեստական բանականության կողմից։
  • Թղթային փաստաթղթերից ամբողջական անցում կկատարվի դեպի մեկ պատուհան էլեկտրոնային կառավարում։ Բոլոր պետական ծառայությունները (հարկեր, թույլտվություններ, գրանցումներ, սոցիալական նպաստներ, առողջապահական գրառումներ եւ դատական փաստաթղթեր) կդառնան լիովին թվային եւ հասանելի մեկ ընդլայնված պորտալի միջոցով (e-gov.am-ի եւ YesEm-ի հիման վրա)։ Կներդրվի պարտադիր «մեկ անգամ տվյալներ» սկզբունքը՝ գերատեսչությունների միջեւ ավտոմատ փոխանակման համար, որպեսզի վերացվի կրկնակի փաստաթղթաշրջանառությունը, եւ ժամկետները կրճատվեն շաբաթներից մինչեւ ժամեր։ Բոլոր ծառայությունները կլինեն մոբայլ-առաջնահերթ՝ պարզ ինտերֆեյսով։
  • Կապահովվի ուժեղ կիբերանվտանգություն, կպաշտպանվեն տվյալների գաղտնիությունը եւ գործադիր իշխանության վերահսկողությունից անկախ կառավարումը։ Կստեղծվի անկախ Ազգային կիբերանվտանգության եւ տվյալների պաշտպանության գործակալություն՝ իրական ժամանակի սպառնալիքների մոնիտորինգով, պարտադիր տարեկան աուդիտներով եւ ԵՄ ստանդարտների (օրինակ՝ GDPR եւ eIDAS) համապատասխանությամբ։ Կապահովվի պաշտպանություն արտաքին կիբերսպառնալիքներից՝ միաժամանակ երաշխավորելով տվյալների ինքնիշխանությունը։ Կստեղծվի Կիբերանվտանգության ակադեմիա (Cyber Defense Academy)՝ կիբերանվտանգության մասնագետների պատրաստման կենտրոն, պաշտպանելու համար պետական ու մասնավոր ենթակառուցվածքները։
  • Հայոց լեզվի թվային լիարժեք կենսունակությունն ապահովելու համար հետեւողականորեն կզարգացվեն հայերեն լեզվական տեխնոլոգիաների հնարավորությունները` նպատակադրելով «հատվածական աջակցություն ունեցող լեզուների» խմբից հայերենը տեղափոխել «միջին աջակցություն ունեցող լեզուների» խումբ։ Որպես թվային ինքնիշխանության ռազմավարական բաղադրիչ կիրականացվի ԱԲ-ի, ծրագրային արտադրանքի, ինտերնետ-ծառայությունների մեջ հայոց լեզվի ներդրմանն ուղղված ծավալուն պետական ծրագիր։
  • Լայնորեն կներմուծվի Շարկապ (Blockchain) տեխնոլոգիաների կիրառումը կադաստրի, կենտրոնական դեպոզիտարիայի, պետական ռեգիստրի, դատարանների աշխատանքում՝ կոռուպցիան կանխելու ու ներդրողների վստահությունն ամրապնդելու նպատակով։

5. ԿՐԹՈՒԹՅՈՒՆ, ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Համընթաց եւ համարժեք արդյունավետություն

Տեխնոլոգիական աննախադեպ արագընթաց եւ արագացող զարգացման պայմաններում կրթությունը պետք է ապահովի համընթաց եւ համարժեք արդյունավետությունը։ Կրթությունը պետք է դուրս գա «գիտելիքների փոխանցման» պասիվ մոդելից ու վերածվի ստեղծագործական ձիրքի, քննական մտածելակերպի, նորարարի հոգեբանության ձեւավորման նոր մոդելի եւ ապահովի տեխնոլոգիական նոր տնտեսության պահանջարկը։ Կրթական ծախսերը անհրաժեշտ է հասցնել ՀՆԱ-ի առնվազն 4%-ի, գիտությանը հատկացվող ֆինանսավորումը՝ ՀՆԱ-ի 1%-ի՝ տարեկան 0.2% աճի կուրսով, ի վերջո հասնելով 3%-ի։

Բարձրագույն կրթության եւ գիտության բարեփոխում
  • Բուհերի եւ գիտական կազմակերպությունների համար կապահովվի ինքնակառավարման ավելի բարձր կարգավիճակ՝ բացառելով ակադեմիական հարցերին պետական մարմինների միջամտությունը։
  • Լայն մասնակցություն ապահովելով՝ կմշակվի, կֆինանսավորվի եւ կիրականացվի բարձրագույն կրթության եւ գիտության հատվածի ենթակառուցվածքների գնահատման եւ արդյունավետ միավորումների պետական ծրագիր՝ իրական հիմքեր ստեղծելով գիտական հետազոտությունների եւ բարձրագույն կրթության ծրագրերի ինտեգրման համար։
  • Անցում կկատարվի աշխարհագրորեն տեղաբաշխված բազմապրոֆիլ համալսարաններին՝ դադարեցնելով «ակադեմիական քաղաք» ծրագրի անվան տակ կրթական եւ գիտական հաստատությունները քաղաքներից հեռացնելու քայլերը։ 
  • Կստեղծվի Ուսանողական ներդրումային բանկ, որը ցածր տոկոսներով երկարաժամկետ՝ 20 տարով վարկեր կտրամադրի ուսանողներին՝ դրանով իսկ փոխհատուցելով ուսումնառության հետ կապված ծախսերն ուսանելու ողջ ընթացքում։
  • Տեխնոլոգիական արդյունաբերության առաջատարների մասնակցությամբ կվերանայվեն բուհերի ծրագրերը` հիմնարար ուղղությունների մեջ ներառելով «Արտադրանքի կառավարում» (Product Management), «Օգտագործողի փորձի մշակում» (UX Design), «Աճի մարկետինգ» (Growth Marketing) մասնագիտությունները։
  • Կստեղծվի «Հմտությունների միասնական գրանցամատյան» (Unified Skills Registry)՝ TUMO-ն, Արմաթը, բուհերը եւ հատուկ կոնկրետ հմտությունների ձեռքբերմանն ուղղված կարճատեւ ինտենսիվ ծրագրեր (bootcamp) միավորող կրթական կառավարման համակարգ, որպեսզի պետությունն ունենա տաղանդների իրական պատկերը։
  • Կիրականացվեն կրտսեր մասնագետների (Juniors) արագ առաջխաղացման (Mid-level/Senior) ծրագրեր՝ պետական համաֆինանսավորմամբ։
  •  Կվերանայվեն գիտահետազոտական աշխատանքների արդյունքների գնահատման չափորոշիչները. կձեւավորվի մատենագիտական ամփոփումների եւ մեջբերումների տվյալների ներպետական համակարգը, ինչը թույլ կտա աստիճանաբար վերացնել միջազգային եւ հայաստանյան գիտական հանդեսների հրապարակումների միջեւ տարբերությունը։ 
  • Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի ու Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների վերակազմակերպման արդյունքում կստեղծվի Բարձրագույն կրթության, գիտության եւ բարձր տեխնոլոգիաների նախարարություն։
Դպրոցական կրթության արդիականացում
  • Հանրակրթական ծրագրերում կներդրվեն ժամանակակից տեխնոլոգիաների ուսումնասիրության՝ կյանքի տարբեր ասպարեզներում գործնական կիրառում ունեցող նորագույն տեխնոլոգիական սարքավորումների եւ ծրագրային հավելվածների, մեքենագրման, թիմային աշխատանքի եւ քննական մտածելակերպի, բիզնեսի եւ հաճախորդային ռեսուրսների կազմակերպման (CRM) մեթոդների ու հավելվածների հետ աշխատելու կարողություններ։
  • Կբացառվի դպրոցներ փակելու որեւէ փորձ սակավաթիվ աշակերտներ ունեցող դպրոցներում՝ կիրառելով «ոչ թե աշակերտն է գնում ուսուցչի մոտ, այլ ուսուցիչն է գալիս աշակերտի մոտ» սկզբունքը։ Այդ նպատակով ըստ անհրաժեշտության կկիրառվեն արդիական մանկավարժական տեխնոլոգիաներ` ուսուցումը կազմակերպելով համակցված, դասին միավորելով տարբեր դասարանների աշակերտների, եւ հիբրիդային՝ դասավանդումը կազմակերպելով առցանց (հիմնական) եւ ներկա (օգնական) ուսուցիչների միջոցով։
Նախնական եւ միջին մասնագիտական կրթության բարեփոխում
  • Արմատապես կվերափոխվի նախնական եւ միջին մասնագիտական կրթության ներկայիս համակարգը՝ կիրառական հմտություններ ձեւավորող մասնագիտությունների հիման վրա, կիրականացվի բարձրագույն եւ միջին մասնագիտական կրթության ծրագրերի մերձեցման քաղաքականություն՝ ներդնելով բակալավրիատի կարճ շրջափուլ (short cycle)։
Մասնագիտական ռեսուրսի ձեւավորում եւ զարգացում
  • Կարեւորելով ուսուցիչների եւ դասախոսների մասնագիտական կարողությունների շարունակական զարգացման անհրաժեշտությունը՝ կիրականացվեն լայնածավալ նպատակային վերապատրաստումների պետական ծրագրեր՝ երիտասարդ մասնագետների համար ոլորտում գրավիչ պայմանների ստեղծմանն ուղղված ներդրումային ծրագրի մշակմամբ։ Այդ նպատակով կիրականացվի ոլորտում սերնդափոխությանն ուղղված պետական ծրագիր, այդ թվում՝ համալսարանների կառուցվածքում կնախատեսվի մշտատեւ պայմանագրերով աշխատող պրոֆեսորների պաշտոններ (tenured professor), ինչպես նաեւ կրթության եւ գիտության ոլորտի աշխատողների համար արժանապատիվ կենսաթոշակ ապահովելու նպատակով ստեղծելով հատուկ կենսաթոշակային հիմնադրամ։
Առողջապահություն

Հայաստանի ներկա կառավարությունը վերջապես իրագործեց Հայ Ազգային Կոնգրեսի մշակած եւ 2012, 2017, 2019 եւ 2021 թվականների նախընտրական ծրագրերում տեղ գտած համընդհանուր պարտադիր առողջապահական ապահովագրության բարեփոխումը, որը դրական արդյունքներ է տվել ժողովրդի առողջապահպանության ծառայությունների մատուցման հասանելիության առումով։ Հետագա քայլերը ուղղված կլինեն տեխնոլոգիական առաջընթացին համահունչ լինելուն։

  • Կներդրվի հեռավար բժշկության (telemedicine) կիրառման օրենսդրական կարգավորում՝ պետության ներսում եւ արտերկրից բուժծառայությունների մատուցումը հասանելի դարձնելու նպատակով։
  • Զարկ կտրվի նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ դեղերի, բժշկական սարքերի ու սարքավորումների ազգային արտադրությանը։

6. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ

Սոցիալական աջակցություն ստանալու իրավունք

Բոլորն ունեն բարձրորակ սոցիալական աջակցություն ստանալու իրավունք, երբ հայտնվում են կարիքի մեջ։ Լինելով բիզնեսի աջակից՝ մենք այնումենայնիվ կարծում ենք, որ սոցիալապես խոցելի խմբերը պետք է ստանան հասարակության հոգատար օգնությունը։

Թոշակները

Թոշակները հանրության եւ մասնավորապես նաեւ Հայ Ազգային Կոնգրեսի ճնշման արդյունքում բարձրացան 10 000 դրամով։ Սակայն այդ գործընթացը պետք է շարունակվի, որովհետեւ բարձրացումը չի հասնում միջին աշխատավարձի բարձրացման տեմպին։ 

  • Առաջին իսկ օրվանից կնախաձեռնվի պատշաճ բյուջետային գործընթաց, որի նպատակը կլինի եւս 10 000 դրամով թոշակների բարձրացում
  • Կհաստատվի կապ միջին աշխատավարձի աճի եւ միջին թոշակի բարձրացման միջեւ
Աջակցություն կանանց եւ ընտանիքներին
  • Մինչեւ 3 տարեկան երեխա ունեցող կանանց համար կսահմանվեն հարկային արտոնություններ։
  • Պետությունը կբաշխի մանկապարտեզի կամ դայակի վաուչերներ փոքր երեխաներ ունեցող ընտանիքներին: Սա թույլ կտա, որ հատկապես երիտասարդ մայրերը ավելի հեշտ վերադառնան աշխատանքի։
  • Կիրականացվեն անվճար վերապատրաստման ծրագրեր այն կանանց համար, որոնք ունեն 5 տարեկանից փոքր երեխա:
  • Կիրականացվեն աշխատանքի տեղավորման հատուկ ծրագրեր միայնակ մայրերի համար։ 
  • Կիրականացվի հետծննդաբերական առողջության ծրագիր՝ ծննդից հետո առաջին տարվա ընթացքում կանանց կտրվի անվճար բժշկական եւ հոգեբանական խորհրդատվություն։
  • Կձեռնարկվեն ընտանեկան բռնության դեմ իրական պայքար եւ կանխարգելիչ աշխատանք:
  • Երկու տարում կապահովվի անվճար մանկապարտեզների հասանելիությունը, հատկապես մարզերում:

7. ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Տնտեսական զարգացում՝ մաքուր բնությամբ

Հայաստանը պետք է ընտրի մաքուր բնությամբ տնտեսական զարգացման մոդելը եւ ոչ թե դառնա այլ երկրների համար հումքային կցորդ՝ սեփական քաղաքացիների առողջության առումով անխուսափելի բոլոր բացասական հետեւանքներով։ Հայաստանը պետք է բավարարվի հին ավանդական հանքերի շահագործմամբ եւ չզարգացնի նոր հանքարդյունաբերություն։ Մեր բնակչության առողջությունն ամենից վեր է։

  • Մեր կառավարությունը կխրախուսի էկոգյուղատնտեսություն եւ էկոտուրիզմ։
  • Կփակվեն եւ կկոնսերվացվեն Երեւանի օդը աղտոտող հանքերը։
  • Կվերացվեն աղբավայրերը, եւ կկառուցվեն աղբամշակման գործարաններ։
  • Կխստացվեն քաղաքաշինության նորմերը` մասնավորապես պարկային գոտիների ստեղծման պարտադրանքով։
  • Կարգելվի հանքարդյունաբերության հետագա զարգացումը, իսկ գործող հանքարդյունաբերական տնտեսվարողների նկատմամբ կկիրառվեն խիստ էկոլոգիական չափանիշներ։

ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ

Հայաստան, մայիսի 7, 2026