[youtube id=”RJM6nPLeufM” width=”700″ height=”390″ fullwidth=”yes”]

Սիրելի գաղափարակիցներ եւ զինակիցներ,
Հայոց Համազգային Շարժման եւ, այնուհետեւ,
Հայ Ազգային Կոնգրես֊Շարժման հավատավոր մասնակիցներ,

Ես այսօր չեմ ներկայացնի կուսակցության հաշվետվություն։ Այն քաղաքական ուժը, որն այսօր հավաքվել է այս պատմական դահլիճում, սովորական կուսակցություն չէ։ 88֊ից ի վեր մենք եղել եւ մնում ենք Շարժում, մեր ժողովրդի ամենախորին եւ նվիրական իղձերի կրող հավաքական մի ուժ, որը երբեք չի սահմանափակվել գեթ  սոցիալական դասակարգերի կամ հասարակական խմբերի օրակարգերով, այլ միշտ ձեւակերպել է երկրի գլխավոր մարտահրավերը եւ առաջնորդել մեր ժողովրդին գլխավոր խնդրի լուծման ուղղությամբ։
 
Այդպես է եղել 1988֊1991 թվականներին, երբ Ղարաբաղ կոմիտեի, իսկ այնուհետեւ Հայոց Համազգային Շարժման ղեկավարած Շարժումը առաջնորդեց մեր ժողովրդի պայքարը Ղարաբաղի ազատագրման, Հայաստանի անկախության, երկրում ազատ շուկայական տնտեսության եւ ժողովրդավարական կարգերի հաստատման համար։
 
Այդպես  է եղել, երբ մեր կուսակցությունը դարձավ նորանկախ Հայաստանի առաջին իշխող կուսակցությունը եւ ղեկավարեց հայ ժողովրդի հաղթանակը ղարաբաղյան պատերազմում, Հայաստանի առաջին ժողովրդավարական Սահմանադրության ընդունումը եւ տնտեսության կենսունակության ապահովումը պատերազմի եւ շրջափակումների պայմաններում։
 
Այդպես էլ շարունակվեց, երբ Լեւոն Տեր֊Պետրոսյանը 2007֊ին վերադարձավ քաղաքականություն եւ նորից գլխավորեց ժողովրդի Շարժումը ժողովրդավարության հաստատման համար։ Ի դեպ, խորհրդանշական եմ համարում որ Ղարաբաղ կոմիտեի 11 անդամներից 8֊ը՝Լեւոն Տեր֊Պետրոսյանը, Վանո Սիրադեղյանը, Բաբկեն Արարքցյանը, Ռաֆայել Ղազարյանը, Աշոտ Մանուչարյանը, Սամվել Գեւորգյանը, Ալեքսան Հակոբյանը եւ Սամսոն Ղազարյանը ակտիվորեն աջակցեցին վերածնված Շարժմանը։
 
Լինի դա 2008 թվականի նախագահական ընտրարշավը, ետընտրական շուրջօրյա հանրահավաքները, մարտիմեկյան իրադարձությունները, օգոստոսի 1֊ին Հայ Ազգային Կոնգրեսի ստեղծումը, 2008֊2011 Կոնգրեսի պայքարը քաղբանտարկյալների ազատման եւ հանրահավաքների ազատության իրավունքի վերականգնման համար, լինի դա 2011֊ին Հայ Ազգային Կոնգրես ֊ իշխանություն երկխոսությունը եւ դրան հետեւած երկրորդ շուրջօրյա ցույցերը, մեր քաղաքական ուժը միշտ եղել է քաղաքական զարգացումների կիզակետում, կատարելով ժողովրդի ձգտումների արտահայտողի եւ պայքարի սահմանադրական շրջանակներում նրա քաղաքական ակտիվության գլխավոր կազմակերպողի դերը։
 
Ժողովրդական զանգվածների ակտիվ ներգրավմամբ ներքաղաքական տեւական եւ ազդեցիկ գործընթացների կազմակերպման մեր գաղտնիքը շատ հասարակ է։ Մենք միշտ կարողացել ենք գտնել երկրի ամենակարեւոր, իմաստավորված եւ իրատեսական քաղաքական օրակարգը եւ դրա շուրջը կառուցել հանրահավաքային գործընթաց, որն էլ հնարավոր է դարձրել ընտրված օրակարգի ծավալումը եւ իրականացումը։
 
Այս տրամաչափի կուսակցության, իսկ իրականում Շարժման, գործունեության հաշվետվությունը, հետեւաբար, առաջին հերթին հաշվետվություն է մեր առաջնորդած առանցքային գործընթացների մասին։
 

1. 1. Հանրապետական կուսակցության քաղաքական մեկուսացման ծրագիրը՝ հանրահավաքային եւխորհրդարանական համատեղ ճնշումների միջոցով /2013֊2015 թվականի փետրվար/։

1. 2011 թվականի երկխոսության եւ դրան հաջորդած սեպտեմբերի 30֊ից մինչեւ հոկտեմբերի 8֊ը տեւած շուրջօրյա հանրահավաքների՝ արտահերթ ընտրությունների անցկացման պահանջների կատարման ձախողումը առաջացրեց նոր ռազմավարության մշակման անհրաժեշտություն։ Ակնհայտ էր, որ Հայ Ազգային Կոնգրեսը չի կարող միայն ընդդիմության ուժերով լուծել իշխանափոխության հարցը։ 2011 թվականի նոյեմբերի 25֊ի հանրահավաքի ժամանակ հայտնի «քաղաքագիատկան վերլուծության» հիման վրա որդեգրվեց ԲՀԿ֊ի եւ այլ ուժերի համագործակցության հիման վրա իշխող Հանրապետական կուսակցության քաղաքական մեկուսացման ծրագիրը։ Արդյունքում, ԲՀԿ֊ն հրաժարվեց ՀՀԿ֊ի հետ միասնական ցուցակ կազմելուց, իսկ ընտրություններից հետո դուրս եկավ իշխանական կոալիցիայից։ Հակառակ լայնածավալ ընտրակեղծիքների 2012 թվականին Հայ Ազգային Կոնգրեսին հաջողվեց պարտադրել ռեժիմին թեեւ փոքրաթիվ, բայց ակտիվ խմբակցության ներկայությունը խորհրդարանում։ Խմբակցությունը հանդես եկավ մի քանի օրենսդրական նախաձեռնություններով, որոնց շուրջ հնարավոր դարձավ համախմբել չորս ոչ֊իշխանական խմբակցություններին /ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ, Ժառանգություն/։ Մեծ հանրային հնչեղություն ստացան այլընտրանքային ընտրական օրենսգրքի նախագիծը, հակամենաշնորհային օրենսդրության ընդունման նախագիծը, մարտի 1֊ի իրադարձությունների քննության հարցով ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովի ստեղծման առաջարկը, գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող Ազգային Ժողովի ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը եւ դրա եզրակացության հրապարակումը, Հայաստանի Հանրապետությունում առաջացած կառավարման ճգնաժամը հաղթահարելու ուղիների մասին ԱԺ հայտարարության նախագծի քննարկումը, Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին օրենքի նախագիծը։ Օրենսդրական այս ակտիվությունը շատ արագ զուգորդվեց նաեւ հանրահավաքային պայքարի, Սահմանադրական դատարան դիմելու եւ ընդդիմության օրակարգով արտահերթ նիստեր հրավիրելու գործողությունների հետ, ինչը բավականին դժվար եւ քաղաքականապես մեկուսացված վիճակի մեջ դրեց Հանրապետական իշխանություններին։Քառյակն ակտիվ աջակցություն ցույց տվեց կուտակաին կենսաթոշակային հիմնադրաների դեմ պայքարին եւ մասնակցեց համատեղ հանրահավաքներին։
2. 2014 մարտի 1֊ին Հայ Ազգային Կոնգրեսը կազմակերպեց բազմահազարանոց հանրահավաք, որում Լեւոն Տեր֊Պետրոսյանը ազդարարեց չորս խորհրդարանական ուժերի մասնակցությամբ «Հրաշալի քառյակի» ստեղծումը։ Քառյակի գործունեության հետեւանքով պարտադրվեց Տիգրան Սարգսյանի կառավարության հրաժարականը, ինչպես նաեւ կայացավ լայն հասարակական հնչեղություն ստացած «12+1» ընդդիմության միասնական պահանջների մշակումը եւ առաջքաշումը։
3. Մինչ 2014 սեպտեմբերի 30֊ի վերջնաժամկետը12 պահանջները կատարվեցին միայն մասնակիորեն։ Միեւնույն ժամանակ իշխանությունները հստակեցրեցին Սերժ Սարգսյանի իշխանության երկարացմանն ուղղված սահմանադրական փոփոխություններ կատարելու մտադրությունը։ Դաշնակցությունը լքեց քառյակը, սատարելով սահմանադրական փոփոխությունները։ Ստեղծված վիճակում Հայ Ազգային Կոնգրեսը, ԲՀԿ֊ի եւ Ժառանգության հետ համատեղ, մշակեց հանրահավաքային դիմադրության ծրագիր։ Նպատակն էր երկրում ծավալել հանրահավաքային այնպիսի ալիք, որի հետեւանքով կձախողվեն սահմանադրական փոփոխությունների միջոցով իշխանության վերարտադրման պլանները եւ երկրում կկատարվի խաղաղ իշխանափոխություն։ Հոկտեմբերի 10֊ին եւ 24֊ին կազմակերպվեցին հսկայական հանրահավաքներ սահմանադրական փոփոխություններից հրաժարվելու պահանջով։ Երկրում ծայր առած դժգոհությունը եւ ժողովրդի ակտիվությունը թույլ էին տալիս սկսել շուրջօրյա հանրահավաքներ արտահերթ ընտրություններ պարտադրելու նպատակով։ Ցավոք, ԲՀԿ֊ի հետ մարտավարական անհամաձայնությունների պատճառով, ծրագիրն իրագործել չհաջողվեց։ Հանրահավաքային արշավի հապաղումը թուլ տվեց ռեժիմին անցնել հակագրոհի։ Կազմակերպվեցին բռնություններ ընդդիմության ակտիվիստների նկատմամբ։ Երբ, ի վերջո, փետրվարի 15֊ին որոշվեց փետրվարի 20֊ից սկսած անել շուրջօրյա հանրահավաքներ, ԲՀԿ֊ի ղեկավարության եւ ակտիվիստների դեմ բռնությունների, ճնշումների եւ սպառնալիքների շնորհիվ, իշխանություններին հաջողվեց վիժեցնել շուրջօրյա հանրահավաքների ծրագիրը։ Չնայած մեկուսացման ծրագիրը չհասավ վերջնական նպատակաի իրագործմանը, երեք տարիների համագործակցությունը այլ քաղաքական ուժերի հետ ռեժիմի դեմ թույլ տվեց ակտիվ վիճակում պահել ռեժիմին դիմադրելու հասարակական֊քաղաքական գործընթացները եւ բազմաթից աղմկահարույց եւ փաստական բացահայտումներ անել իշխանությունների չարաշահումների մասին։ Ի հեճուկս դատարկախոս քննադատների, սա համրում եմ հաջողություն։

1. 2. Սահմանադրական հանրաքվեն ռեժիմին անվստահություն հայտնելու վերածման գործընթացը /2015 մարտ֊դեկտեմբեր/։
1. Եռյակի կազմալուծումից հետո, Հայ Ազգային Կոնգրեսը մշակեց իշխող ռեժիմին դիմակայելու նոր քաղաքական ծրագիր։ 2015 թվականի մարտի 1֊ի հանրահավաքում Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարեց, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն վերածելու է Սերժ Սարգսյանի ռեժիմին անվստահություն հայտնելու գործընթացի։ Խնդիրը հատկապես դժվարին էր, քանի որ իշխանություններին, ճնշումների արդյունքում Եռյակի կազմալուծումից հետո, հաջողվել էր հասնել մի իրավիճակի, երբ երկրի հիմնական քաղաքական ուժերը դադարեցրել էին դիմադրությունը սահմանադրական փոփոխություններին։ Հայ Ազգային Կոնգրես եւ Հայաստանի Ժողովրդական կուսակցությունները ստեղծեցին ՈՉ֊ի միասնական շտաբ, որն էլ ստանձնեց սահմանադրական փոփոխությունները մերժելու ընտրարշավը։ ՈՉ—ի ընտրարշավը դարձավ հիրավի համաժողովրդական։ Անցկացվեցին բազմաթիվ հանրահավաքներ եւ հանդիպումներ Հայաստանի երկու հարյուրից ավելի բնակավայրերում։ Ժողովրդի աջակցությամբ հավաքվեցին ընտրարշավը կազմակերպելու համար անհրաժեշտ միջոցները։ Հայ Ազգային Կոնգրեսի հետ համագործակցեց ամբողջ քաղաքացիական հասարակությունը։ Հանրաքվեն անցավ ժողովրդի բարձր մոբիլիզացիայի պայմաններում ու թեեւ հռչակվեց իշխանությունների հաղթանակը, ե՛ւ մեր հասարակության, ե՛ւ միջազգային հանրության համար ակնհայտ էր, որ ՈՉ֊ն իրականում տարել է ջախջախիչ հաղթանակ։
2. Հայ Ազգային Կոնգրեսը Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովին եւ Սահմանադրական Դատարանին ներկայացրեց հանրաքվեի արդյունքների համատարած եւ համակարգված կեղծման բազմաթիվ ապացույցներ։ Ու թեեւ երկու պետական մարմիններն էլ, Սահմանադրության եւ օրենքների կոպիտ խախտումներով մերժեցին հանրաքվեի արդյունքներն անվավեր հայտարարելու դիմումը, հրապարակված փաստաթղթերը ավելի քան բավարար էին Հայաստանյան եւ միջազգային հանրությանը՝ հասկանալու համար, որ տեղի է ունեցել մոտ 600 հազար ձայների ծավալի հասնող ընտրակեղծարարություն, որը գլխիվայր շրջել է ժողովրդի կամարտահայտությունը։
3. Այս գործընթացում մեր գլխավոր հաջողությունը՝ բոլոր կանխատեսումները շրջող եւ իշխանություններին շփոթմունքի մեջ դնող ժողովրդի մոբիլիզացիան էր, հանրաքվեի անհերքելի կեղծման բացահայտումը եւ Հայաստանյան քաղաքականության մեջ Հայ Ազգային Կոնգրեսի առաջատար դերի վերահաստատումը ինչպես մեր հասարակության, այնպես էլ միջազգային հանրության համար։

1. «4+4+4» ձեւաչափով ընտրական օրենսգրքի փոփոխության բանակցությունները եւ համաձայնագիրը /2016 փետրվար֊նոյեմբեր/։
1. Հանրաքվեի արդյունքների ակնհայտ կեղծումն եւ Հայաստանի կոռումպացված ընտրական համակարգի նկատմամբ համատարած դժգոհությունը ե՛ւ Հայաստանում, ե՛ւ միջազգային հանրությունում թույլ տվեցին Հայ Ազգային Կոնգրեսին հանդես գալ նոր քաղաքական ծրագրով։ Մեր կուսակցության նախաձեռնությամբ անցկացվեցին բազմաթիվ հանդիպումներ ընդդիմադիր քաղաքական ուժերի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, որոնց արդյունքում հնարավոր եղավ հանդես գալ Ընտրական օրենսգրքի փոփոխության հինգ առանցքային պահանջներով։ Այդ պահանջների շուրջ տեղի ունեցավ ամբողջ ընդդիմության եւ քաղաքացիական հասրակության կոնսոլիդացիա։ Կոնգրեսի ակտիվ դիվանագիտական աշխատանքը Եվրոպական Միության, ԱՄՆ֊ի, Վենետիկի հանձնաժողովի, ԵԱՀԿ֊ի, ԵԽԽՎ֊ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Ճապոնիայի, Շվեյցարիայի ներկայացուցիչների հետ նպաստեց այդ առաջարկների աջակցմանը միջազգային հանրության կողմից։ Շնորհիվ նման կոնսոլիդացված ճնշումների իշխանությունները ստիպված էին ընդունել Կոնգրեսի առաջարկած «4+4+4» ձեւաչափով բանակցությունները եւ գնալ էական զիջումների։
2. Բազմաթիվ դժվարին փուլերով անցած բանակցությունները ի վերջո արդյունք տվեցին, պսակվելով հինգ խորհրդարանական ուժերի միջեւ ստորագրված համաձայնագրով։ Տասնհինգ տարի դիմադրելուց հետո, իշխանությունները վերջապես համաձայնվեցին ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակմանը եւ տեղամասերում ինտերնետային հեռարձակում եւ տեսագրում ապահովող տեսախցիկների տեղադրմանը։ Հաստատվել են նաեւ օրինականության վերհսկման այլ մեխանիզմներ, ինչպիսիք են փաստաթղթերով ընտրողների իդենտիֆիկացիայի համար օգտագործվող տեղեկատվական շտեմարանի աուդիտը միջազգային հանրության կողմից եւ ներդրվող էլեկտրոնային համակարգի վերահսկման այլ միջոցներ։ Համաձայնագիրը լուրջ երաշխիքներ է ստեղծում ուրիշի փոխարեն քվեարկության դեմ եւ տեղամասերում օրինականության պահպանման համար, ինչը հավասարազոր է մոտ կես միլիոն ձայների կեղծման կանխարգելմանը։
2. 4. Ապրիլյան պատերազմի հետ կապված վարքագիծը
1. Ապրիլյան պատերազմում եւ հետագայում Կոնգրեսի եւ նրա առաջնորդ Լեւոն Տեր֊Պետրոսյանի դիրքորոշումն ու գործողությունները վճռորոշ դեր խաղացին ներքաղաքական կայունության, վտանգի դեմ համազգային համախմբման գործում, նպաստելով ռազմաճակատի ամրապնդման եւ կոշտ դիրքերից բանակցությունները վարելու հնարավորություններին։

Եզրակացություն

Հաշվետու ժամանակաշրջանում մենք ունեցել ենք լուրջ հաջողություններ եւ ձեռքբերումներ, բայց նաեւ դժվարություններ եւ միշտ չէ, որ հասել ենք դրված նպատակներին։ Բայց մեկ բան ակնհայտ է. Հայ Ազգային Կոնգրեսը շարունակում է հավատարիմ մնալ իր գլխավոր առաքելությանը։ Այն է՝ ճշգրիտ սահմանել ազգային կենսական շահերից բխող առաջնային օրակարգը եւ ժողովրդի լայն զանգվածների ներգրավմամբ կառուցել այդ օրակարգի իրականացման համար անհրաժեշտ քաղաքական գործընթացը։ 88֊ից հետո, լավ, թե վատ, դա հաջողվել է միայն մեզ։

Առաջիկա ներքաղաքական գլխավոր օրակարգը եւ գործընթացը 2017 թվականի ապրիլին Ազգային Ժողովի ընտրություններն են։ Հին սահմանադրության պայմանններում մեր ժողովուրդը միայն նախագահական ընտրությունների հետ էր կապում իշխանափոխության հնարավորությունը։ Մենք պետք է կարողանանք հասցնել ժողովրդական լայն զանգվածներին, որ Ազգային Ժողովի ընտրությունների նշանակությունը նոր սահմանդրության պայմաններում ավելի բաձր է անգամ, քան նախագահական ընտրություններինը հին սահմանադրությամբ։Վստահ եմ, որ մեզ կհաջողվի քաղաքականացնել Ազգային Ժողովի ընտրությունները, ինչպես հաջողվեց միայնակ քաղաքականացնել սահմանադրական հանրաքվեն։

Ընտրությունների մենք պետք է գնանք Հայաստանի արտաքին եւ ներքին խնդիրների լուծման հստակ ծրագրով։ Այդ ծրագրի գլխավոր ուղղությունները նշված են ձեզ բաժանված բանաձեի նախագծի մեջ։ Խնդրում ենք լրջորեն այն քննարկել։

Պատմությունը ցույց տվեց, որ մենք շարունակում ենք մնալ միակ քաղաքական ուժը, որը ունակ է ասել ճշմարտությունը սեփական ժողովրդին եւ այսօր դուք դրանում եւս մեկ անգամ կհամոզվեք։

Ստեղծված իրավիճակի սթափ գնահատականով, բաց ճակատով, վստահ մեր ուժերի վրա, դեպի՛ հաղթանակ, որը կոփելու ենք միասին։

Pin It on Pinterest