[youtube id=”sXQzKDgCXv4″ width=”700″ height=”390″ fullwidth=”yes”]
Սեպտեմբերի 13-ին Ազգային ժողովի 5-րդ գումարման 10-րդ նստաշրջանի առաջին նիստին ելույթով հանդես եկավ Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Հարգելի խորհրդարան, հուլիսյան իրադարձություններից հետո Սերժ Սարգսյանը խոսեց ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու անհրաժեշտության մասին: Այդ թեման առհասարակ վերջերս շատ է արծարծվում: Անշուշտ Հայաստանին, այն էլ հիմա, երբ մեր երկիրը կանգնած է լրջագույն մարտահրավերների առաջ, երբ չի վերացել Արցախում պատերազմական գործողությունների վերսկսման վտանգը, անհրաժեշտ է այնպիսի կառավարություն, որը կհամախմբի հասարակությունը և կնպատակաուղղի նրա ներուժը երկրում կուտակված խնդիրների լուծմանը: Սակայն ակնհայտ է, որ ազգային համաձայնության կառավարության մասին խոսակցությունները որևէ իմաստ չունեն, քանի դեռ իշխանությունը մեր երկրում յուրացվում է: Ի՞նչ ազգային համաձայնության կառավարության մասին կարող է խոսք լինել, երբ ժողովուրդը օտարված է քաղաքականությունից և կապ չունի իշխանության ձևավորման հետ:
Կարելի է կառավարության կազմում ընդգրկել տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների և անունը դնել ազգային համաձայնության կառավարություն, բայց դա կլինի շինծու ազգային համաձայնություն, քանի դեռ ընտրությունները կեղծվում են: Առհասարակ վարչապետ, կառավարություն փոխելը բավարար չէ երկիրը այս ծանր վիճակից դուրս բերելու համար: Հասարակությանը կարող է համախմբել երկրում արդարության հաստատումը: Միայն ազատ, արդար ընտրությունների միջոցով իշխանության ձևավորումը կառողջացնի երկրում առկա գաղջ բարոյա-հոգեբանական մթնոլորտը և նախադրյալներ կստեղծի երկրի բնականոն զարգացման համար: Պետք չէ իշխանությունը բռնազավթել և խոսել ազգային համաձայնության կառավարության մասին: Պետք է պարզապես անցկացնել նորմալ ժողովրդավարական ընտրություններ:
Գալիք խորհրդարանական ընտրությունները չափազանց կարևոր նշանակություն ունեն մեր երկրի ապագայի համար: Հերթական անգամ ընտրությունների կեղծումը հղի է ամենածանր հետևանքներով և կարող է հանգեցնել ամենածայրահեղ դրսևորումների: Վարչախումբը պետք է գիտակցի սա, հրաժարվի իշխանությունը ամեն գնով պահելու գործելակերպից և ապահովի նորմալ ընտրական գործընթաց»,- ասաց Ստեփան Դեմիրճյանը: