Ազգային ժողովի հոկտեմբերի 5-ի նիստին՝ Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը կենսաթոշակներին վերաբերող հարց բարձրացրած: Նա մասնավորապես նշեց.
«Այս վերջին ընտրարշավի ընթացքում հարյուրավոր հանդիպումներ ենք ունեցել մեր քաղաքացիների հետ և ամենահաճախ հնչող հարցը հետևյալն էր՝ արդյոք հնարավո՞ր է ապրել այն կենսաթոշակներով, որ այսօր գոյություն ունեն Հայաստանում: Հիշեցնեմ, որ Հայաստանում այսօր կենսաթոշակի նվազագույն չափը կազմում է 14. 000 դրամ, իսկ միջին կենսաթոշակը՝ 35.813 դրամ: Եթե համեմատում ենք պաշտոնապես հաստատված սպառողական զամբյուղի հետ, ակնհայտ է, որ այս թոշակներով ուղղակի անհնար է ապրել:
Հիմա նայենք կենսաթոշակային բյուջեին. այն կազմում է 198 մլրդ դրամ, այսինքն մոտավորապես 420 մլն դոլար: Թոշակառուների ընդհանուր թվաքանակը 463 հազար մարդ է: Այս թվերին նայելով՝ հարց է ծագում. ի՞նչ պրոբլեմ է մեր նման պետության համար ավելացնել կենսաթոշակները այնքան, որ միջին կենսաթոշակի չափը գոնե անցնի նվազագույն սպառողական զամբյուղը: Սա կպահանջի 290 մլն դոլարի հավելյալ հատկացում մեր բյուջեից, բայց էապես կլավացնի մոտ կես միլիոն թոշակառուների կենսապայմանները և կխթանի սպառումը երկրում, ինչպես նաև կնպաստի երկրի տնտեսության զարգացմանը:
Ինչպես ցույց են տալիս մեր կատարած հաշվարկները, մասնավորապես վերահսկողական պալատի հաշվետվությունների էքստրապոլացիոն սկզբունքով վերլուծության հիման վրա, բյուջեի վատնումները, մսխումները, իսկ ժողովրդի պարզ լեզվով ասած թալանը կազմում է մոտավորապես տարեկան 700 մլն դոլար: Այս ամենը ցույց է տալիս, որ եթե դադարեցվի պետական բյուջեի կողոպուտը, կարող ենք էապես բարելավել մեր ժողովրդի վիճակը, հասարակության մեջ տիրող մթնոլորտը, նպաստել երկրի զարգացմանը: Միայն այս հարցի լուծումով:
Ինչպե՞ս հասկանանք ֆինանսների նախարարի վերջին հայտարարությունը, որ առաջիկա ամիսներին թոշակների բարձրացում չի նախատեսվում, երբ թոշակառուները գտնվում են ծանր պայմաններում, թշվառության մեջ և ըստ էության իրենց գոյատևման պայքարն են տանում:
Սա մեր կարծիքով արդեն իսկ խոսում է նրա մասին, որ հայտարարում եք կառավարության կապիտուլյացիայի մասին: Եթե այսպես չեք համարում, կարո՞ղ եք արդյոք ասել, թե ի՞նչ հեռանկար կարող են իրենց աչքի առաջ ունենալ 463 հազար թոշակառուները ձեր ենթադրված կառավարման ժամանակաշրջանում»,- հարցրեց Լևոն Զուրաբյանը, ում հարցադրումներին պատասխանեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Հարցուպատասխանն ամբողջությամբ՝ կից տեսանյութում: