Ազգային ժողովում նոյեմբերի 14-ին մեկնարկեց զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական ապահովության նախագծի քննարկումը:

Խորհրդարանում նախագիծը զեկուցող պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին հարցեր ուղղեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը.

«Պարո´ն Սարգսյան, իհարկե, մեր մահացած և վիրավորված զինվորականների ընտանիքները անպայման պետք է ստանան մի բան էլ ավելին, քան նախատեսված է ձեր կողմից: Սա պետության պարտականությունն է, և բոլորս սա ընդունում ենք: Հարցը գումարի հայթայթման մեխանիզմի հետ է կապված, և ես  մի քանի հարց կուզեի տալ, որ իմ քննադատությունը ավելի ճշգրիտ կառուցեի ելույթում:

Նախ ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ գումարի մասին է խոսքը, այս մեխանիզմով որքա՞ն կհավաքվի: Մեր հաշվարկով խոսքը 500 հազար մարդկանց կողմից 1000-ական դրամ դնելու վերաբերյալ է: Պարզվում է, որ գումարը մոտ 10-15 մլն դոլարի սահմանում է գտնվում: Հիմա ես մի հարց եմ ուզում տալ: Այս գումարի հարցը դուք սկզբունքորեն հնարավոր համարում եք, որ կարելի էր լուծել բյուջեից, այսինքն՝ այս գումարը մտցվեր բյուջեի ծախսերի մեջ:

Երկրորդը՝ չեմ հասկանում ընդհանրապես ոնց կարելի է այս որոշմամբ հաստատել նման խտրականություն այն մարդկանց միջև, ովքեր զոհվել կամ վիրավորվել են մինչև 2017 թվականի հունվարի 28-ը, և այն մարդկանց, ովքեր, աստված չանի, կզոհվեն կամ կվիրավորվեն այդ ժամկետից հետո: Ոնց կարելի է ընդհանրապես Հայաստանի քաղաքացիների միջև սահմանել այսպիսի երկու կատեգորիա: Սա ինձ համար բացարձակապես անընդունելի և անհասկանալի բան է:

Ստացվում է, որ նա հերոս է, որը կստանա անհրաժեշտ փոխհատուցումը, իսկ այն մյուսը հերոս չէ կամ հերոս է, որին մենք մի քիչ այլ կերպ ենք նայում: Ապահովագրական այս մոտեցումը անընդունելի է: Սա ապահովագրություն չի: Սա պետության պարտականությունն է: Եթե ասենք, աստված մեծ լինի, և չլինեն ո´չ զոհեր, ո´չ վիրավորներ ո՞ւր են գնալու այդ գումարները: Այս հարցերը բացարձակապես հիմնավորված չեն»,- ասաց Լևոն Զուրաբյանը:

Հարցուպատասխանն ամբողջությամբ՝ տեսանյութում: 

Pin It on Pinterest