Այսօր ԱԺ-ում վարման կարգի վերաբերյալ ձայն խնդրեց ԱԺ Հայ Ազգային Կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Նա նշեց, որ մարտի 20-ին, այսինքն՝ ընդամենը երեք օր առաջ, Հայաստանի վիճակագրական ծառայությունը հրապարակել է տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ Ազգային ժողովը պետք է մի կողմ դնի քառօրյայի՝ արդեն իսկ ձևավորված օրակարգը և զբաղվի ՀՀ տնտեսությունն ազատ անկման խորը ճգնաժամային վիճակից դուրս բերելու հիմնախնդրով:
«Համաձայն այդ տվյալների՝ արտաքին առևտրաշրջանառությունը՝ անցյալ տարվա հունվար-փետրվար ամիսների հետ համեմատած, ընկել է 28%-ով, արտահանումը՝ 25%-ով, ներմուծումը՝ 28,5%-ով, 19%-ով, ավելացել է գործազուրկների թիվը: Սրանք աղետալի թվեր են: Տնտեսական այս անկումը տեսանելի է անզեն աչքով. խանութներում ընկել է առևտուրը, ամբողջ երկրում զանգվածաբար կանգնում է բիզնեսը, էլեկտրաէներգիայի արտադրությունը պակասել է 16%-ով: Մի խոսքով, ակնհայտ է, որ երկրում ծավալվում է խորը սոցիալ-տնտեսական ճգնաժամ, որը սպառնում է մեր երկրի կայունությանն ու անվտանգությանը:
Արդյոք չե՞ք կարծում, որ, որպես Ազգային ժողովի նախագահ, պետք է անհապաղ կազմակերպեք խորհրդարանական լսումներ՝ Հայաստանում հակաճգնաժամային կառավարման կազմակերպման օրակարգով»,- հարցրեց Լևոն Զուրաբյանը: Ի պատասխան Գալուստ Սահակյանն ասաց, որ ոչ մի մարմին չի կարող սահմանել, թե ինչ հարց է քննարկելու ԱԺ–ն իր օրակարգում:
Քիչ անց, առիթ ունենալով արձագանքել Գալուստ Սահակյանին, Լևոն Զուրաբյանն ասաց, որ այն տվյալները, որ ինքը հրապարակեց, չընկալվեցին:
Նա նշեց, որ Սահակյանի պատասխանը վկայում է այն մասին, որ չնայած Հայաստանում աղետալի արագությամբ զարգանում է սոցիալ-տնտեսական խորը ճգնաժամ, որը սպառնում է կաթվածահար անել ՀՀ ֆինանսական և տնտեսական համակարգը՝ Հայաստանի իշխանավորները, նախագահական վարչակազմը, Ազգային ժողովի իշխող մեծամասնությունը և նրանց կողմից ձևավորված կառավարությունը ոչ միայն չունեն այս աղետալի զարգացումներին դիմակայելու որևէ դեղատոմս, այլ, ընդհանրապես, հրաժարվում են ընդունել նման ճգնաժամի գոյությունն անգամ:
«Իսկ սա արդեն լուրջ կասկածի տակ է դնում Հայաստանի այսօրվա իշխանավորների ադեկվատությունը: Դուք հագեցրել եք Ազգային ժողովի օրակարգը երրորդական-չորրորդական կարևորության հարցերով, ինչն իսպառ բացառում է մեր պետական կենսական շահերին և ժողովրդի ամենահիմնական հույզերին վերաբերող հարցերի քննարկումը մի պետական մարմնում, որը կոչված է քննարկելու և լուծելու մեր ժողովրդի և պետության գործունեությանն ու գոյատևմանը վերաբերող ամենառանցքային խնդիրները: Առաջ մենք գոնե ունեինք քառասունչորս ստորագրություն հավաքելու և ժողովրդին հուզող առաջնային հարցերը արտահերթ քննարկման դնելու մեխանիզմը: Ընդդիմության դեմ կատարված Սերժ Սարգսյանի՝ փետրվարյան հակասահմանադրական հարձակումների արդյունքում դուք մեր հանրությանը զրկեցիք անգամ այդ պարզ հնարավորությունից: Ի՞նչ ասեմ, եթե դուք չզբաղվեք ճգնաժամով, ճգնաժամը կզբաղվի ձեզանով»,- եզրափակեց Լևոն Զուրաբյանը:


