Այսօր Մասիսում բացվեց համաժողովրդական շարժման առաջին գրասենյակը, որի բացումը կատարեցին Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանը և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանը:
Այնուհետև, քանի որ գրասենյակի մոտ հավաքվել էր շարժման երեք ուժերի՝ Հայ Ազգային Կոնգրեսի, «Բարգավաճ Հայաստան»-ի և «Ժառանգության» Մասիսի ակտիվը, գրասենյակի մուտքի մոտ հնչեցին նաև ելույթներ:
Հայ Ազգային Կոնգրեսի վարչության անդամ Սամվել Աբրահամյանն իր ելույթում ասաց, որ շտաբների ձևավորումը կընթանա ամբողջ Հայաստանով, ինչը նշանակում է, որ ընդդիմության և իշխանության դիմակայությունը մտնում է վերջնական փուլ:
«Այս շտաբները պետք է դիտարկել իբրև շատ կարևոր քաղաքական կենտրոններ, որոնց հաղորդած ազդակներով են որոշումները կատարվելու Ազատության հրապարակում: Կանցնի ևս մի փոքր ժամանակ, և ձեր որոշումների հիման վրա որոշումներ կկայացվեն Ազատության հրապարակում: Եվ որքան արագ դուք կազմակերպվեք, որքան արագ կարողանաք համախմբել ձեր շուրջը ժողովրդին, քաղաքացիներին, այնքան արագ այս գործընթացը առաջ կգնա: Հետևաբար ձեզ ոչ միայն ծանր աշխատանք է սպասվում, այլ նաև լուրջ պատասխանատվություն: Թող ձեզանից յուրաքանչյուրն իմանա, որ վերջնական որոշում կայացնողն ի վերջո կանգնած է այս հրապարակում և ձեր վերջնական որոշումը որպես ազդակ կփոխանցվի կենտրոն և կենտրոնը կկայացնի իր վերջնական որոշումը: Անկասկած, այս գործընթացը չի կարող չավարտվել հաղթանալով: Եվ մեր խնդիրն է օր առաջ անել այդ գործը և որքան հնարավոր է՝ հաղթանակը մոտեցնել»,- ասաց Սամվել Աբրահամյանը:
Այնուհետ ելույթ ունեցավ Աբրահամ Մանուկյանը, ով նշեց, որ մարզերում բացվող գրասենյակների աշխատանքն է լինելու յուրաքանչյուր քաղաքացու անհատապես տեղյակ պահելը շարժման գաղափարների և վճռականության մասին:
«Ես ձեզ հորդորում եմ, որ սրտացավ աշխատեք, իսկ որ հաղթանակը մերն է լինելու՝ կասկած չկա: Ժողովուրդ ջան, քիչ է մնացել, պետք է համբերենք, և երբ ողջ ազգով ոտքի կկագնենք՝ հաղթանակը այդ րոպեին կլինի: Եվ երբ մեր երեք կուսակցությունների ղեկավարները կահազանգեն՝ որ օրը, որ ժամին պետք է ոտքի կանգնենք, այդ ժամանակ հաղթանակի սկզիբը կդրվի և ավարտը՝ նույնպես: Շնորհակալություն, որ դուք պատրաստակամ եք այս ծանր գործին միանալու»,- ասաց Աբրահամ Մանուկյանը:
Ելույթ ունեցավ նաև շարժման շտաբի ներկայացուցիչ Համլետ Մարգարյանը, ով նշեց, որ վաղվա օրն այսօրվա աշխատանքից է սկսվում:
«Մեր խմբերը երկուշաբթի օրվանից գյուղ առ գյուղ, տուն առ տուն անպայման մտնելու են, խոսելու են ժողովրդի հետ: Այնպես չէ, որ այստեղ խոսեցինք ու սրանով վերջացնում ենք: Մեր աշխատանքը նոր է սկսվում: Եկե՛ք մեկ անգամ գոնե կարողանանք պայքարել մեր իրավունքների համար: Համոզված եմ, որ մեր պայքարը հաղթանակ է բերելու»,- ասաց Համլետ Աբրահամյանը:
Նշենք նաև, որ վաղը նախատեսված է ևս երկու շտաբ բացել Արմավիրի մարզում:
[youtube id=”Qf5SXw1mO2U” width=”700″ height=”390″ fullwidth=”yes”]