904a44c9f835d747346c2f2b072223b0Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ քնննարկումներ ծավալելու մասին ԱԺ որոշման նախագծի քննարկման ժամանակ Կոնգրեսի խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հարց ուղղեց հիմնական զեկուցող Ռուբիկ Հակոբյանին՝ ռոմանտիզմ չէ՞ արդյոք հավատալ, որ ԱԺ ՀՀԿ-աան մեծամասնությունը կընդունի Ընտրական օրենսգիրքը փոփոխելու մասին առաջարկությունը:  Նա հիշեց, որ Հակոբյանը «ոչ ռոմանտիկ» Գեղարքունիքի մարզից է ՝ ի տարբերություն իրեն, որ «միամիտ ու ռոմանտիկ լոռեցի է»:

Ի պատասխան, Ռուբիկ Հակոբյանը նշեց, որ թեեւ իր հայրենի Գավառում բնությունը շռայլ չի գտնվել, բայց առանձին ռոմանտիկ անհատներ այնտեղ լինում են, «Ափսոս, որ Հրանուշ Հակոբյանն այստեղ չէ», — ավելացրեց պատգամվորը:

«Գիտեք, իսկապես հույսը վերջինն է մեռնում: Օրինակ, երբ նայում եմ դեմքներին (ՀՀԿ-ական պատգամավորների-խմբ), երբ նրանք գլխով համաձայնության նշան են անում, հույս եմ ունենում, որ նրանք կքվեարկեն այս օրինագծի օգտին: Ի վերջո, եղել է Սերժ Սարգսյանի ուղերձը, որ եկեք աշխատենք, ստեղծենք համագործակցության դաշտ», — նշեց նա:

Արամ Մանուկյանը նշեց, որ ինքն էլ է փորձելու ՀՀԿ-ականներին համոզել, որ լավ նախագիծ է ներկայացվել: «Վստահ եմ, որ ընթացքում կաթիլը հոսանք կդառնա: Ցանկալի չէ, որ սա ճնշման ներքո լինի, լավ կլինի, որ սա «խաթրով» լինի», — ասաց նա:

Հիմնական զեկուցողին նաեւ հարց ուղղեց ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանը: Նա նշեց, որ Սերժ Սարգսյանի ներկայացրած սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը անդրադարձել է ընտրական բարեփոխումների անհրաժեշտությանը:

«Արդյոք կարեւոր համարու՞մ եք, որ այս գնահատականի շրջանակում ընտրական համակարգի պահանջներն ամրագրվեն Սահմանադրության մեջ որպես հիմնարար նորմ», — հարցրեց Մինասյանը:

Դաշնակցական պատգամավորին հետաքրքրում էր նաեւ հիմնական զեկուցողի գնահատականը օրենքով կուսակցություններին հատկացված գումարների սղության եւ կուսակցությունների ներսում ժողովրդավարության պակասի վերաբերյալ:

Ռուբիկ Հակոբյանն ի պատասխան նշեց, որ դեմ է, որ ընտրական գործընթացները կարգավորվեն Սահմանադրությամբ: Նա նշեց, որ մոլորության մեջ են այն մարդիկ, ովքեր համարում են, որ ընտրական համակարգը պետք է ամրագրվի հիմնական օրենքի մեջ: Ինչ վբերաբերում է մոյւս հարցերին, ապա Հակոբյանը համաձայնեց Մինասյանի հետ՝ նշելով, որ պետք է մեծացնել կուսակցությունների ֆինանսավորման չափը եւ մեխանիզմներ մշակել ներկուսակցական դեմոկրատիայի մակարդակն ավելացնելու համար: