«Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը այսօր Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ լրագրողների խնդրանքով անդրադարաձավ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանի հետ ԱԺ միջանցքում տեղի ունեցած միջադեպին:
Նա նշեց, որ խոսում է այդ մասին, որովհետև Ֆարմանյանն ինքն է «վազել լրատվամիջոցների մոտ և զոռ տալով երևակայությանը՝ սուտ խոսել»:
«Ժողովուրդը լավ գիտի, թե ինչ բառով են բնութագրում նման միջադեպերը հրապարակայնացնողներին: Մյուս կողմից, շատ լավ եմ հասկանում Ֆարմանյանին. նա նեղվել է, որովհետև մոտիկից է ծանոթացել իմ ոտքի հետ»,-ասաց Զուրաբյանը:
Նա նշեց, որ ինքն ականատես է եղել այդ պատահարին եւ, որպես օբյեկտիվ մարդ, հաստատում է, որ իր ոտքը «այնուամենայնիվ, անցել է անհրաժեշտ ինքնապաշտպանության սահմանները»:
«Ես դատապարտում եմ իմ ոտքի արարքը: Խիստ նկատողություն եմ արել նրան եւ նա խոսացել է, որ նման բան չի կրկնվի».- ասաց պատգամավորը: Նա նշեց նաև, թե հասկանալով, որ իր բոլոր ասածները կարող են ոտքի դեմ օգտագործվել, այլևս ոչինչ չի ասի այդ միջադեպի կապակցությամբ:
Հիշեցնենք, որ երեկ Սամվել Ֆարմանյանը կեղծ լուրեր էր տարածել Ազգային ժողովում Զուրաբյանի եւ իր միջեւ տեղի ունեցած միջադեպի մասին:


