Արամ Մանուկյանի ելույթը Քառյակի հանրահավաքին

images (13)Ընդդիմադիր քառյակի համատեղ հանրահավաքում ելույթ ունեցավ Հայ ազգային Կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը, ով ներկայացրեց թվեր, որոնք առաջին անգամ են հրապարակվում: Նա նշեց, որ Միգրացիայի միջազգային կազմակերպության համաձայն, աշխարհի 45 երկրներում Հայաստանից միգրանտների թիվը 2014 թ.-ի դրությամբ կազմել է 770 հազար: «Սրանք այն մարդիկ են, որոնք դեռեւս ՀՀ քաղաքացի են, բայց պաշտոնապես դիմել են այլ երկրներին՝ կեցության կարգավիճակ ստանալու համար: Այստեղ չեն մտնում ապօրինի միգրանտները, որոնք ոչ մի տեղ գրանցված չեն: Ավելին, 400 հազար մարդ այս տարի քաղաքացիություն է ստացել այլ երկրներում: Կտրուկ կրճատվել են ամուսնությունները, ավելացել` ապահարզանները: 24 տարվա ընթացքում բնական աճը կազմել է ընդամենը 1.1 մլն մարդ: Մինչդեռ հարևան Թուրքիայում և Իրանում  միայն անցած տարի ավելի քան միլիոն մարդ է ծնվել: Այսինքն՝ մեկ տարվա ընթացքում մեր հարեւան երկրներում ծնվում է այնքան մարդ, ինչքան չկա Հայաստանում: Ավելին, Հայաստանի դպրոցների 30%-ում սովորում է 100-ից պակաս աշակերտ, գյուղերը սպառվում են, վերանում: Պաշտոնական տվյալներով՝ այսօրվա դրությամբ մեր երկրում մնացել է 350 հազար աշակերտ, իսկ 15 տարի առաջ եղել է 600 հազար: Հայաստանը ծերանում է, մահանում` իշխանությունների հիմար քաղաքականության պատճառով»,- հայտարարել է Մանուկյանը:

Նրա խոսքով, տեղի է ունեցել ներդրումների կտրուկ անկում. մեկ տարում այն կազմել է 62%. «Ոչ ոք չի ցանկանում կերակրել Սաշիկ Սարգսյանին: Այսպես չի կարելի շարունակվել, սա  ողբերգություն է. հայը թողնում է իր երկիրը , դառնում գաղթական, քանի որ մի քանի անգրագետներ եկել եւ գրավել են մեր երկիրը: Այս շարժումը այդ մի քանի հոգուն իրենց տեղն է ուղարելու, մաքրելու է այս երկիրը: Մենք ժամանակ չունենք. Սերժ Սարգսյանը չարիք է այս երկրի գլխին, մենք կորցնում ենք մեր անվտանգությունը, մեր սուվերենությունը: Հարկավոր է անհապաղ իշխանափոխություն»:

[youtube id=”JgB0OxNL9B4″ width=”700″ height=”390″ fullwidth=”yes”]

Լեւոն Զուրաբյանի ելույթը Ազատության հրապարակում

4Սիրելի հայրենակիցներ,

Բոլորս հպարտ ենք եւ ոգեւորված, տեսնելով մարդկային այս ծովը: Սա մեր նոր պայքարի հրաշալի մեկնարկն է:

Ուստի, թույլ տվեք Ազատության այս հրապարակում հավաքված ժողովրդի անունից  մի երկու խոսք ուղղել Սերժ Սարգսյանին:

Սերժ Սարգսյան, դու եկել ես իշխանության կեղծելով ընտրությունները եւ մարտիմեկյան արյան մեջ ճնշելով ժողովրդի բողոքը: Որպես երկրի գործող նախագահ, դու վեցուկես տարի կառավարել ես Հայաստանը: Քո պաշտոնավարման, ընթացքում, Հայաստանի իշխանավորները, համաձայն միջազգային ֆինանսական հեղինակավոր կազմակերպությունների եւ վերլուծաբանների գնահատականների, ժողովրդից գողացել են մոտ 15 միլիարդ դոլարի գումար, որից առնվազն 6 միլիարդը ապօրինաբար դուրս է բերվել Հայաստանից: Քո անարդար եւ անփառունակ իշխանավարման արդյունքում Հայաստանից արտագաղթել է 250,000 մարդ, այսինքն Հայաստանի բնակչության տաս տոկոսից ավելին: Քո բոլոր արտաքին քաղաքական ՛՛նախաձեռնությունները՛՛ ձախողվել են, Հայաստանի շուրջ նեղանում է դիվանագիտական մեկուսացման օղակը, ինչի հետեւանքով միջազգային ասպարեզում Լեռնային Ղարաբաղի մասին արդեն սկսել են խոսել որպես Ադրբեջանից օկուպացված տարածք:

Այստեղ հավաքված մարդկային ծովը չի կարելի այլ կերպ ընդունել, քան պատսխան՝ քո ձախողված կառավարմանը: Պատասխան՝ մարդասպան Լիսկային մարզպետ նշանակելուն: Պատասխան՝ ցանկացած ներդրողի վզին Սաշիկների անհագուրդ 50 տոկոսանոց փայերի փաթաթմանը, համատարած կոռուպցիայի եւ կրիմինալի իշխանությանը: Պատասխան՝ ունեզրկված ժողովրդի նվաստացուցիչ աղքատությանը:

Ժողովրդի համբերությունը սպառվել է: Այլեւս, հանդուրժել ռեժիմը նշանակում է հանդուրժել Հայաստանի կործանումը: Դու եւ քո հանրապետական ռեժիմը պետք է հեռանաք:

Եկել է ժամանակը հանձնելու իշխանությունը ժողովրդին: Բայց ինչպես՞ ենք դա իրագործելու:

Երբ ժողովուրդը, ոտքի կանգնելով, դառնում է իր ճակատագրի տերը, իշխանությունը երկու ճանապարհ ունի. Կամ ընկրկել ժողովրդի խաղաղ ճնշումից, կամ առերեսվել ժողովրդի ցասմանը:

Մենք չենք ցանկանում ցնցումներ: Մենք առաջարկում ենք իշխանության փոխանցման խաղաղ ճանապարհ: Իշխանությունները եւ ընդդիմությունը պետք է հրապարակային  համաձայնության գան ժողովրդավարության վերականգնման ճանապարհային քարտեզի շուրջ, այն է՝ հրաժարվել սահմանադրական փոփոխությունների միջոցով Սերժ Սարգսյանի վերարտադրման ծրագրից, ընդդիմության վերահսկողությամբ նախապատրաստել պետական ընտրական համակարգը ազատ եւ արդար ընտրությունների համար եւ սեղմ ժամկետում ձեւավորել Հայաստանում լեգիտիմ իշխանություն:  Այդ ճանապարհով շարժվելու համար Հայաստանի իշխանություններին կտանք մի քանի օր ժամանակ:

Աշխարհում բոլոր անցնցում անցումները դեպի ժողովրդավարություն տեղի են ունեցել հենց այս ճանաապարհով: Սա նաեւ պատվավոր ճանապարհ է բռնապետի համար, որը ժամանակին ժողովրդի ճնշման ներքո ընտրել են Պինոչետը Չիլիում եւ գեներալ Յարուզելսկին Լեհաստանում:

Իսկ եթե իշխանությունները համառեն եւ չհամաձայնեն այս ուղով շարժվել, մեր մյուս հանրահավաքը, որը շատ ավելի մարդաշատ է լինելու, միայն մեկ նպատակ պիտի հետապնդի՝ համազգային քաղաքացիական անհնազանդության ալիքով քշել այս իշխանություններին իրենց սիրած ջհանդամի ծոցը:

Միասին՝ դեպի հաղթանակ: ՄԻԱՑՈՒՄ-ՀԱՂԹԱՆԱԿ

[youtube id=”i9N16KzXfvM” width=”700″ height=”390″ fullwidth=”yes”]

Աղբյուրը` ilur.am

Pin It on Pinterest