images (7)Իմ նախորդ ելույթում (18.09.2009) ես խոստացել էի մի այլ առիթով ավելի հանգա­մա­նորեն անդրադառնալ հայ-թուրքական արձանագրություններին։ Կարծում եմ, դրանց ստորագրման արդյունքում հստակեցված ներկա իրավիճակը հարմարագույն առիթն է այդ խոստումը կատարելու համար։ Ես կաշխատեմ զերծ մնալ զգացմունքային գնա­հա­տա­կաններից եւ կատարվածն ու դրա հետեւանքները վերլուծել բացառապես քաղա­քա­կան տեսակետից։ Ստիպված եմ միայն զգուշացնել, որ ի հեճուկս մամուլի սպասումների, ելույթս ոչ թե ծրագրային է, այլ բացատրական, թեեւ չեմ ժխտում նաեւ ծրագրային ելույթի անհրաժեշտությունը։

* * *

Եւ այսպես, հակառակ Հայաստանում եւ Սփյուռքում ծավալված բողոքի տպավո­րիչ ցույցերին, Սերժ Սարգսյանը, ինչպես եւ սպասվում էր, այնուամենայնիվ ստորագրեց խնդրո առարկա վիճահարույց արձանագրությունները՝ ակնհայտորեն ղեկավարվելով ոչ թե պետական կամ ազգային շահերով, այլ արտաքին աշխարհում լեգիտիմություն ձեռքբերելու եւ սեփական իշխանությունը պահպանելու նպատակով։ Հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծման հարցում նրա դրսեւորած անհարկի զիջումը բավական է այս պնդումը անառարկելի համարելու համար, քանի որ որեւէ այլ նկատառումով դա ուղղակի անհնար է բացատրել։ Զարմանալու ոչինչ չկա. կար ժամանակ, երբ հայ թագավորները, համապատասխան ծառայությունների դիմաց, իշխանության տվչություն (ինվեստիտուրա) էին ստանում արաբներից, կար ժամանակ՝ մոնղոլներից, այժմ էլ ահա, Սարգսյանը տվչություն է ստանում Արեւմուտքից։

Արդարությունը պահանջում է նշել, սակայն, որ Սերժ Սարգսյանը միայնակ չիրա­գործեց հայ–թուրքական արձանագրությունների ստորագրման ծրագիրը։ Այդ հարցում նրան անվերապահ աջակցություն ցուցաբերեցին՝ Հայաստանի Հանրապետական, Օրի­նաց Երկիր եւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունները, Հայոց եկեղեցու գերագույն հոգեւոր խորհուրդը՝ առաջնորդությամբ Գարեգին Բ կաթողիկոսի, ՀՀ նախագահին առընթեր Հանրային խորհուրդը՝ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, Ամերիկայի Հայկական համագումարը՝ նախագահությամբ Հրայր Հովնանյանի, Հայ բարեգործական ընդհանուր միությունը՝ պատվո նախագահությամբ Լուիզ-Սիմոն Մանուկյանի, ՀՀ Գիտությունների ակադեմիայի նախագահությունը՝ գլխավորությամբ Ռադիկ Մարտիրոսյանի, Հայաստանի քրեաօլիգարխիկ տնտեսական վերնախավը՝ հանձինս բոլոր մականունավոր հայտնի դեմքերի, Պետական բուհերի ռեկտորները՝ ի դեմս Արամ Սիմոնյանի, Սուրեն Զոլյանի եւ մյուսների, եւ վերջապես, ողջ նոմենկլատուրային մտավորականությունը՝ Զորի Բալայանի, Սոս Սարգսյանի, Պերճ Զեյթունցյանի, Ռուբեն Գեւորգյանցի եւ այլոց լուռ համաձայնությամբ։ Հատկանշական է, սակայն, որ նշածս կազմակերպությունների ու խավերի ներկայացուցիչներից ոչ ոք, բացի հատուկենտ Հանրապետականներից, քաջություն չունեցավ անհատապես պաշտպանելու Սերժ Սարգսյանի որդեգրած քաղաքականությունը, այլ փոքրոգաբար պատսպարվեց անձնական պատասխանա­տվու­թյուն չպահանջող կոլեկտիվ սատարումների եւ հայտարարությունների ետեւում։ Բոլորը, փաստորեն, լքեցին ու մենակ թողին իրենց նախագահին։ Ոչ մի նախարար, ոչ մի ակադեմիկոս, ոչ մի ռեկտոր, ոչ մի օլիգարխ եւ ոչ մի մտավորական անձամբ չկանգնեց նրա կողքին։

Ինչ վերաբերում է հայ–թուրքական արձանագրությունների քննադատներին, ապա որպես այդպիսիք, տարբեր նկատառումներով ու դրսեւորումներով, հանդես եկան սփյուռքահայ զանգվածները, Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությունը, Հայ Ազգային Կոնգրեսը, Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կու­սակ­ցությունը, Ժառանգությունը, Նոր Ժամանակները, Միացում եւ Սարդարապատ հասարակական շարժումները, Ռամկավար-Ազատական կուսակցության որոշ թեւեր, Դաշնակցության հրապարակային միջոցառումներին միացած շուրջ մեկ տասնյակ մանր կազմակերպություններ, ինչպես նաեւ մի քանի անհատ քաղաքական գործիչներ կամ քաղաքագետներ՝ Վարդան Օսկանյան, Տիգրան Թորոսյան, Անդրանիկ Թեւանյան, Արամ Ամատունի, Հակոբ Բադալյան եւ այլք։ Հարկ է նկատի ունենալ, սակայն, որ ընդդիմախոս ճամբարը, առերեւույթ ընդհանրությամբ հանդերձ, ի հայտ բերեց մոտեցումների մի սկզբունքային տարբերություն՝ մոտեցումներ, որոնցից մեկի կրողը Հայ Ազգային Կոնգրեսն է, իսկ մյուսինը՝ մնացյալ բոլոր թվարկված ուժերը։ Այս հանգամանքն առաջացրեց որոշ թյուրըմբռնումներ ու անհասկացողություններ, որոնք կարոտ են հստակ պարզաբանումների։

Մինչ այդ, սակայն, անհրաժեշտ է նշել, որ հստակ սահմանազատված այս երկու ճամբարներից բացի, եղավ նաեւ անտարբերների մի հսկայական զանգված, որն ընդ­հան­րապես որեւէ կերպ չարձագանքեց հայ–թուրքական արձանագրություններին, ինչ­պես չի արձագանքում նաեւ Ղարաբաղյան կարգավորման վտանգավոր զարգացում­նե­րին։ Որքան էլ տխուր ու մտահոգիչ, այս երեւույթը, սակայն, զարմանալի չէ, քանի որ սե­փա­կան իշխանություններից ճնշված, իրավազրկված, կեղեքված ու սովորական գոյա­քար­շության դատապարտված ժողովրդից չի կարելի հայրենասիրական պոռթկում սպա­սել։ Ընդ որում, նշված երեւույթը, որը գիտականորեն ուսումնասիրված է, հատուկ է ոչ միայն մեզ, այլեւ բոլոր մնացյալ ժողովուրդներին։ Այն բազմիցս դրսեւորվել է պատ­մության մեջ եւ եղել շատ պետությունների ու նույնիսկ կայսրությունների կործանման պատճառներից մեկը։ Հասարակության անտարբերությունն, անշուշտ, առայժմ ձեռնտու է իշխանություններին, եւ պետք է, առաջին հերթին, անհանգստացնի ընդդիմությանը։ Բայց վերջին հաշվով, այդ անտարբերությունը շրջվելու է իշխանությունների դեմ։ Երբ որեւէ վճռական պահի նրանք կարիքն ունենան հասարակության աջակցության, այդ աջակցությունը չեն ստա­նալու։ Սակայն սա, թեեւ չափազանց կարեւոր, բայց միանգամայն առանձին հարց է, որը դուրս է մեր քննության բուն առարկայից՝ ընդդիմադիր ճամբարի դիրքորո­շում­ների գնահատականից։

* * *

Ըստ այդմ, անզեն աչքով իսկ նկատելի է, որ ի տարբերություն Կոնգրեսի, որը հայ–թուրքական արձանագրություններին ընդդիմացավ ռեալ քաղաքականության դիր­քե­րից, մյուս ուժերը խնդիրը տեղափոխեցին գաղափարախոսական հարթություն, այսինքն՝ Հայ դատի ոլորտ, որը ոչ մի կապ չունի ռեալ քաղաքականության եւ մեր երկրի իրական շահերի հետ։ Կոնգրեսն արտահայտեց երկու հստակ առարկություն, որոնցից մեկը վերաբերում է Ցեղասպանության իրողությունը կասկածի տակ դնող պատմա­բանների հանձնաժողովի ստեղծմանը, մյուսը՝ արձանագրությունների վավերացման պայմանին, որը Թուրքիայի համար հնարավորություն է ստեղծում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը պայմանավորել Ղարաբաղի հարցի լուծմամբ։ Ի տարբերություն Կոնգրեսի, Հայդատականություն դավանող քաղաքական ուժերը նշված առարկություններին գումարեցին նաեւ հայ–թուրքական ընդհանուր սահմանի ամրագրման անընդունելիության, Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ու հայ ժողովրդի պատմական իրավունքների ճանաչման, ինչպես նաեւ արեւմտահայության կրած նյութական վնասների փոխհատուցման հարցերը։

Այսպիսով, այդ ուժերը տպավորություն ստեղծեցին, թե իբր հայ–թուրքական արձանագրությունների քննադատության հարցում Կոնգրեսը պասիվություն ու անսկզբունքայնություն է դրսեւորում, եւ միայն իրենք են լրջորեն պայքարում Սերժ Սարգսյանի վարած «ազգակործան» քաղաքականության դեմ։ Այնինչ իրականում, իրենց առաջ քաշած իռացիոնալ պահանջներով, նրանք մի կողմից անլրջացրին արձանա­գրու­թյունների պարունակած ամենավտանգավոր դրույթի՝ պատմաբանների հանձնաժողո­վի ստեղծման մերժելիության փաստարկը, մյուս կողմից՝ մեծագույն ծառայություն մատուցեցին Սերժ Սարգսյանին, ակամա բարձրացնելով վերջինիս միջազգային վարկը։ Հակառակ հայաստանյան եւ մանավանդ սփյուռքյան ցույցերում կրած անձնական նվաստացումներին, Սարգսյանը ազգայնական հիստերիայի շնորհիվ միջազգային ասպարեզում անսահմանորեն ուժեղացրեց իր դիրքերը, աշխարհին ներկայանալով որպես 21-րդ դարին արժանի իրատես ու վճռական պետական գործիչ, որը պատրաստ է հանուն իր սկզբունքների դիմել համարձակ ու ոչ ամբոխահաճ իրագործումների։ Ամենեւին պատահական չէ, հետեւաբար, որ արձանագրությունների ստորագրումից անմիջապես հետո նա ճանաչվեց «շաբաթվա եւրոպացի», որից դեպի Նոբելյան մրցանակ մի քայլ է մնում, եւ այդ քայլը հայտնի է բոլորին։

Ծայրահեղ ազգայնականները, մանավանդ Դաշնակցությունը, իրենց անհարմար վիճակի մեջ են դնում նաեւ մի այլ առումով, այն է՝ մի կողմից պաշտպանելով առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման սկզբունքը եւ դրա հիման վրա բողոքելով Թուրքիայի ներկայացրած նախապայմանների դեմ, մյուս կողմից՝ վերջինիս առջեւ սեփական նախապայմանները դնելով։ Մերկապարանոց չթվալու համար հարկ եմ համարում մի ընդարձակ մեջբերում կատարել «ՀՅԴ Հայաստանի կազմակերպության գործունեության ուղենիշերը» վերնագիրը կրող փաստաթղթից (23.10.2009թ.), որում այդ մասին բառացիորեն ասված է հետեւյալը. «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բնականոն հարաբերություններ հաստատելու համար նախադրյալներ կարող են ստեղծվել միայն Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւ հատուցման պատրաս­տակամություն դրսեւորելու, ինչպես նաեւ թուրք–ադրբեջանական միասնական հակա­հայկական քաղաքականությունը դադարեցնելու դեպքում։ Պատմական այս շրջափու­լում առանց նախապայմանների երկկողմ հարաբերությունները կարգավորելու գործըն­թաց սկսելը չափազանց լուրջ եւ պատասխանատու քայլ է եւ Հայաստանի կողմից միակ զիջումը պետք է հանդիսանա։ …ՀՀ արտաքին քաղաքականությունը պետք է անհրա­ժեշտ դիմակայություն ապահովի թուրք–ադրբեջանական տանդեմի հակահայկական ծրագրերին եւ առաջնորդվի հետեւյալ սկզբունքներով. –Թուրքիայի կողմից ներկայաց­վող նախապայմանները գնահատել որպես անօրինական եւ մեր ազգային արժա­նա­պատվությունը վիրավորող. –Բացառել հայ–թուրքական հարաբերությունների եւ ղա­րա­բաղյան հակամարտության կարգավորման առկա գործընթացների փոխկապակ­ցու­մը, ինչը կհանգեցնի Հայ Դատի ամբողջական փաթեթի անթույլատրելի տրոհման. –Չկն­քել որեւէ պայմանագիր, որով կարող է ուժը կորցված ճանաչվել կամ վերացվել ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի միջազգային իրավական նշանակությու­նը. –Մինչեւ բովանդակ հայ ժողովրդի անժամանցելի իրավունքների վերականգնումը ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգի անքակտելի մասը պետք է կազմեն Հայոց ցեղասպանության ճանաչման եւ փոխհատուցման հարցերը. –Բացառել Հայոց ցեղա­սպանության միջազգային ճանաչման գործընթացը թուլացնող որեւէ գործողություն՝ այդպիսով ի չիք դարձնելով ուրացման թուրքական քաղաքականության փորձերը»։

Մարդ կարող է ուղղակի թեւաթափ լինել քաղաքականության հետ կապ չունեցող եւ հակասություններով լի այս բառակույտից։ Եթե խնդիրը չվերաբերեր մի այնպիսի լուրջ թեմայի, ինչպիսին հայ–թուրքական հաշտեցումն է, ապա կարելի էր կարծել, թե մենք գործ ունենք ոչ թե կուսակցական ծրագրի, այլ քաղաքական պամֆլետի հետ։ Այդուհանդերձ, որքան էլ խրթին ու հակասական, ասվածի իմաստը չափազանց պարզ է. ըստ Դաշնակցության՝ Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է կառուցի այնպիսի պայմանագրի հիման վրա, որը չբացառի ապագայում վերջինիս առջեւ Ցեղասպանության ճանաչման եւ տարածքային ու նյութական փոխհատուցման պահանջներ դնելու հնարավորությունը։ Տրված լինելով, որ Թուրքիան երբեք չի համաձայնի նման պայմանների, հետեւաբար, նույնքան պարզ է նաեւ այս դիրքորոշման նպատակը, այն է՝ ամեն ինչ անել հայ–թուրքական հարաբերությունների կարգավորումը վիժեցնելու համար, որքան էլ Դաշնակցությունը պնդի, թե «դեմ չէ եւ երբեք էլ դեմ չի եղել Հայաստան–Թուրքիա հարաբերությունների բնականոնացմանը» (ՀՅԴ առաջարկած փոփոխությունները, Երեւան 2009, էջ 2)։ Դաշնակցության եւ հայդատական մյուս ուժերի պատկերացմամբ՝ հայ–թուրքական հարաբերությունները պետք է բնականոնացվեն ոչ թե փոխզիջումների ու բարի կամքի դրսեւորման, այլ Թուրքիայի անվերապահ կապիտուլյացիայի հիման վրա։ Իսկ քանի որ Թուրքիան, կարծես թե, կապիտուլյացիայի մտադրություն չունի, նրանք քաջություն պետք է ունե­նան բացեիբաց հայտարարելու, որ ընդհանրապես դեմ են հայ–թուրքական հարաբերու­թյունների կարգավորմանը։ Վերջիվերջո, ինչների՞ս է պետք այդ կարգավորումը, եթե Վարդան Օսկանյանի հանճարեղ դատողությամբ՝ Հայաստանը դեռ հարյուր տարի էլ կարող է զարգանալ շրջափակումների պայմաններում։

Բացի այս ամենից, Հայդատական ուժերի առնվազն մի մասի պահվածքն անլուրջ ու խոցելի է նաեւ պարկեշտության առումով։ Բոլորովին անհասկանալի է, օրինակ, թե ինչ իրավունքով է Դաշնակցությունը բողոքում հայ–թուրքական ներկա սահմանների դեմ, երբ ինքն է Ալեքսանդրապոլի պայմանագրով գծել այդ սահմանները։ Կամ ինչպե՞ս է Թուրքիայից պահանջում ճանաչել հայ ժողովրդի պատմական իրավունքները, երբ նույն այդ պայմանագրով հրաժարվել է Սեւրի դաշնագրից։ Ասվածը հավասարապես վերաբերում է Վարդան Օսկանյանին։ Ինչո՞ւ է, հանկարծ, նա հիշել Արեւմտահայաս­տանն ու հայրենի Մարաշը, երբ իր պաշտոնավարության շրջանում որեւէ կերպ չար­ձագանքեց Թուրքիայից հողային պահանջներ չունենալու մասին Ռոբերտ Քոչարյա­նի արած հայտարարությանը, չասաց, որ դա դավաճանություն է, որ դրանով ոտնահար­վում են հայ ժողովրդի պատմական իրավունքները եւ այլն։ Հետեւաբար, Դաշնակցու­թյունն ու Օսկանյանն ո՞ւմ պիտի հավատացնեն, որ իրենց այսօրվա պահվածքն անկեղծ է ու միտված չէ էժան քաղաքական դիվիդենտներ շահելուն։ Թերեւս ավելորդ չէ նշել, որ հասարակության մեծամասնության համոզմամբ, անկեղծություն չի բուրում նաեւ Դաշ­նակցության Հայաստանի կազմակերպության ձեւական բողոքի ցույցերից եւ հայ–թուր­քական արձանագրությունների ստորագրման պատասխանատվությունը Սերժ Սարգս­յա­նի փոխարեն Էդվարդ Նալբանդյանի ուսերին բարդելու համառ ձգտումից։

Վերջապես, Սերժ Սարգսյանի դեմ ուղղված հայդատական քննադատությունն ան­տեղի է նաեւ պատմական ճշմարտության տեսակետից։ Արդարացի չէ նրա գործած բազմաթիվ մեղքերին նաեւ չգործած մեղքեր գումարել։ Սարգսյանը չէ, որ առաջինն է ճանաչել հայ–թուրքական ներկայիս սահմանը — նրանից առաջ դա արել են դաշնակ­ները եւ բոլշեւիկները՝ Ալեքսանդրապոլի եւ Ղարսի պայմանագրերով։ Նա չէ, որ հրա­ժար­վել է Թուրքիայի նկատմամբ տարածքային նկրտումներից — դա արել է Ռոբերտ Քոչարյանը։ Նա չէ, որ Թուրքիայից պահանջելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ի պատասխան ստացել է պատմաբանների հանձնաժողով ստեղծելու առաջարկը — այդ բանն արել են Քոչարյանն ու Վարդան Օսկանյանը։ Նա չէ, որ Ղարաբաղը դուրս է մղել կարգավորման գործընթացից — դա եղել է Քոչարյանի, Օսկանյանի եւ Արկադի Ղուկաս­յանի սեւ գործը։ Եւ վերջիվերջո, Սարգսյանը չէ, որ «նվաճել է» Մադրիդյան սկզբունք­ները — դրանք նա ժառանգել է Քոչարյանից ու Օսկանյանից։ Այս հարցերում Սարգս­յա­նը պատասխանատու է միայն այնքանով, որքանով մաս է կազմել Քոչարյանի վարչա­կազ­մին, ընդ որում ոչ ավելի, քան վերջինիս մաս կազմած կամ նրան սատարած մնաց­յալ ուժերը, որոնցից ոմանք այսօր փորձում են ընդդիմություն խաղալ եւ այդկերպ խուսափել պատասխանատվությունից։

* * *

Հայ–թուրքական արձանագրությունների քննադատության հարցում Կոնգրեսի պա­սի­վության կամ անսկզբունքայնության վերաբերյալ տպավորությունն, արդ, բխում է վերջինիս դիրքորոշումը Հայդատականների ավելի սուր ու արմատական թվացող դիրքորոշման հետ համեմատության մեջ դնելու խաբուսիկ հանգամանքից։ Խաբուսիկ՝ առաջին հերթին այն տարրական ճշմարտությունը անուշադրության մատնելու պատ­ճա­ռով, որ քաղաքականության մեջ արժեքավորը ոչ թե սուրն ու արմատականն է, այլ արդյունավետն ու բանականը։ Ինչ էլ Կոնգրեսի մասին մտածեն, լինելով խիստ ռացիո­նալ քաղաքական շարժում, վերջինս չէր կարող միանալ հայ–թուրքական արձանագրու­թյունների ստորագրման առթիվ ծավալված ազգայնական հիստերիային եւ դրանով նպաստել միջազգային ասպարեզում Սերժ Սարգսյանի դիրքերի էլ ավելի ուժեղացմա­նը։ Անձնապես ես եւ կոնգրեսականներից շատերը այդ բանը չէինք կարող անել նաեւ զուտ գաղափարախոսական նկատառումներով, այն է՝ հայդատականության նկատ­մամբ ունեցած սկզբունքային վերապահումների պատճառով։ Հայ դատը, կամ այլ կերպ՝ պահանջատիրությունը, պետականազուրկ ազգին վայել դավանանք է։ Պետություն ունեցող ազգը պետք է առաջնորդվի բոլորովին այլ կատեգորիաներով։ Ժամանակն է, վերջապես, գիտակցել, որ քաղաքականության եւ իրավագիտության մեջ պատմական իրավունք հասկացություն գոյություն չունի, եւ չի կարելի աշխարհի հետ խոսել այդ լեզվով՝ անմեղսունակի վիճակում չհայտնվելու համար։ Միեւնույն է, այդ լեզուն հասկացող չկա ու երբեք չի լինելու։ Պատմական իրավունք տերմինը պատկանում է պրոպագանդայի ոլոր­տին, իսկ պրոպագանդան, որքան էլ կարեւոր, չի կարող ու չպետք է փոխարինի քաղաքականությանը։

Ասվեց արդեն, որ Կոնգրեսի համար հայ–թուրքական հարաբերությունների կարգավորումը եղել եւ մնում է ոչ թե գաղափարախոսական, այլ քաղաքական խնդիր, հետեւաբար, ստորագրված արձանագրությունները մենք պարտավոր էինք գնահատել բացառապես քաղաքական հարթության վրա, ինչպես եւ վարվել ենք։ Ըստ այդմ, ռեալ քաղաքականության տեսակետից՝ մեզ համար արձանագրությունների պարունակած դրույթներից միակ անընդունելին հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը վերաբերող կետն է։ Ինչո՞ւ ենք մենք առանձնապես կարեւորում այդ հարցը։ Որովհետեւ.

— հակառակ պաշտոնական քարոզչության պնդումներին եւ հավաստիացումնե­րին, այդ հանձնաժողովի քննության գլխավոր, եթե ոչ միակ, առարկան լինելու է Ցեղասպանության հարցը, այլապես նրա ստեղծումը Թուրքիան չէր համարի իր ամենամեծ նվաճումը.

— դրանով ինքնաբերաբար կասկածի տակ է դրվելու Հայոց ցեղասպանության իրողությունը եւ դադարեցվելու է նրա միջազգային ճանաչման գործընթացը։ Մենք չենք հավատում, անշուշտ, որ Հայոց ցեղասպանությունն անցյալում ճանաչած երկրների խորհրդարանները չեղյալ են հայտարարելու իրենց որոշումները, բայց, դրա հետ մեկտեղ, չենք կասկածում, որ ոչ մի այլ երկիր այլեւս նման որոշում չի ընդունելու.

— դրանով նաեւ ծանր բարոյա-հոգեբանական հարված է հասցվելու Սփյուռքին, որի ինքնությունը, սուբյեկտիվ ցանկություններից անկախ, ողբերգական հանգամանք­ների բերմամբ, խարսխված է Ցեղասպա­նու­թյան վրա, թեեւ ես կնախընտրեի, որ այն խարսխված լիներ Հայոց պետականության հզորացման գաղափարի եւ համամարդ­կային արժեքների վրա։

Ո՛ր կողմից էլ հարցը դիտարկելու լինենք, ակնհայտ է դառնում, որ Սերժ Սարգս­յանը, պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը տված համաձայնությամբ, մի այն­պիսի աններելի սխալ է գործել, որը թերեւս երբեւէ հնարավոր չլինի շտկել։ Ընդ որում, սխալն աններելի է ոչ միայն քաղաքական, այլեւ գործնական առումով։ Եթե պատմա­բան­ների հանձնաժողովի ստեղծման նպատակը հայ–թուրքական հաշտեցմանը նպաս­տելն է, ապա հազիվ-թե ծառայի այդ նպատակին, քանի որ, ամենայն հավանա­կանու­թյամբ, այն վերածվելու է անվերջ բանավեճերի թատերաբեմի՝ ավելի եւս խորաց­նելով երկու ժողովուրդների հակասությունները։ Իսկ եթե հանձնաժողովի ստեղծման հարցում դրսեւորած զիջման դիմաց Հայաստանի դիվանագիտությունն ակնկալում է հասնել հայ–թուրքական սահմանի բացմանը, ապա այդ զիջումը միանգամայն անհարկի է, քանի որ սահմանի բացման հարցը կախված է ոչ թե դրանից, այլ Ղարաբաղյան խնդրի լուծումից։ Այսինքն՝ պատմաբանների հանձնաժողով ստեղծվեր, թե ոչ, միեւնույն է, Ղարաբաղյան հակամարտության կարգավորումից հետո կարգա­վորվելու էին նաեւ հայ–թուրքական հարաբերությունները, եւ սահմանը բոլոր դեպքե­րում բացվելու էր։ Այնպես որ, եթե պատմաբանների հանձնաժողովի ստեղծումը սովորական առեւտրային գործարք էլ համարենք, ապա դա միանգամայն ձախորդ գործարք է կամ գործարք է ոչ թե «հանձնա­ժողով՝ սահմանի բացման դիմաց», այլ, լավագույն դեպքում, «հանձնաժողով՝ Սերժ Սարգսյանի լեգիտիմության ճանաչման դիմաց» բովանդակությամբ։

Ի տարբերություն մյուս քաղաքական ուժերի, որոնք պատմաբանների հանձնա­ժողովի ստեղծման առթիվ սկսել են մտահոգություններ արտահայտել հիմնակա­նում հայ–թուրքական արձանագրությունների հրապարակումից հետո (31 օգոստ. 2009), Հայ Ազգային Կոնգրեսն այդ մասին ահազանգել է շատ ավելի վաղ ու բազմիցս։ Վերջին երկու տարվա ընթացքում միայն ես այդ հարցին հանգամանորեն անդրադարձել եմ իմ յոթ տարբեր ելույթներում, առաջին անգամ դեռեւս 2007թ. դեկտեմբերի 8-ին (տե՛ս նաեւ՝ 2008թ. սեպտ. 15; հոկտ. 17; դեկտ. 21; 2009թ. մայիս. 1, մայիս. 15, հունիս. 12)։ Այս փաս­տե­րը ես արձանագրում եմ ոչ թե ուրիշներին կշտամբելու նպատակով, այլ ցավով ու կրկին քաղաքական նկատառումներով։ Կարծում եմ, որ եթե մնացյալ քաղաքական ուժերը ժամանակին արձագանքեին Կոնգրեսի հնչեցրած ահազանգերին եւ կենտ­րո­նա­նային բացառապես տվյալ խնդրի վրա, նամանավանդ առանց այն պղտորելու պահանջատիրական հարցա­դրումներով, ապա թերեւս հնարավոր լիներ կասեցնել հայ–թուրքական արձանագրու­թյուն­ներում պատմաբանների հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ դրույթի ընդ­գրկու­մը։

Բացի պատմաբանների հանձնաժողովի վերաբերյալ ունեցած սկզբունքային առար­կությունից, Կոնգրեսն, ինչպես արդեն նշվեց, մտավախություն էր արտահայտել նաեւ խորհրդարանների կողմից հայ–թուրքական արձանագրությունների վավերացման պայմանի առթիվ։ Նման պայմանն ինքնին խնդիր չպիտի հարուցեր, եթե Թուրքիային հնարավորություն չտար վա­վերացման հարցը կապել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման պահան­ջի հետ։ Որ այս մտավախությունն անհիմն չէ, հաստատվում է ինչպես թուրքական խորհրդարանում արձանագրությունների վավերացման առթիվ սկսված քննարկումնե­րի մթնոլորտով, այնպես էլ այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների անվերջ հայ­տա­րարություններով։ Այս ամենից հետո էլ պնդել, թե իբր հայ–թուրքական հարաբե­րությունների կարգավորումը կապված չէ Ղարաբաղյան խնդրի լուծման հետ, պար­զա­պես անհեթեթություն է։ Ավելին, այդ համառ պնդումները, որոնք անընդհատ հնչում են թե՛ Հայաստանի, թե՛ արեւմտյան երկրների դիվանագետների շուրթերից, ճիշտ հակա­ռակն են ապացուցում՝ այն է, որ հայ–թուրքական կնճիռը եւ Ղարաբաղյան հակամար­տու­թյունը լուծվելու են փաթեթով։ Դա ես կանխատեսել էի դեռեւս 2008թ. հոկտեմբերի 17-ի իմ ելույթում, ավելացնելով նաեւ, որ «փորձ է արվելու այդ փաթեթում ընդգրկել նաեւ Ցեղասպանության ուսումնասիրության նպատակով հայ եւ թուրք պատմաբաննե­րից կազմված հանձնաժողովի ստեղծման հարցը», ինչն այսօր արդեն իրականություն է։

* * *

Քննարկված հարցերի առթիվ ավելի հստակեցնելու համար Կոնգրեսի դիրքորոշու­մը, հարկ եմ համարում եւս մեկ անգամ շեշտել մեր կողմից բազմիցս ներկայացված հետեւյալ հիմնադրույթները.

— Մենք կողմ ենք թե՛ հայ–թուրքական հարաբերությունների, թե՛ Ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորմանը, որը հիմնված պետք է լինի փոխզիջ­ման եւ հավասարակշռվածության սկզբունքների վրա.

— Դրա հետ մեկտեղ, վճռականորեն դեմ ենք հայ եւ թուրք պատմա­բանների հանձնաժողովի ստեղծմանը, որը Հայոց ցեղասպանության իրողությունը կասկածի տակ դնելուց բացի, ոչ թե նպաստելու, այլ ընդհակառակը, խանգարելու է հայ–թուրքական հաշտեցմանը.

— Ղարաբաղի հարցում մեզ համար խնդրահարույց է կարգավորման որեւէ ծրա­գիր, որում հստակեցված չէ խաղաղապահ ուժերի տեղակայ­ման պարագան, սահման­ված չէ Լաչինի միջանցքի կարգավիճակը եւ ամրագրված չեն հանրաքվեի անցկացման պայմանները.

— Հայ–թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղյան հակամարտության կար­գավորման բնագավառներում վտանգավոր զարգացումների կասեցման միակ միջո­ցը իշխանափոխությունն է, որի իրագործումը, սակայն, անհնար է, քանի դեռ այդ բանը չեն գիտակցել բոլոր քաղաքական ուժերը եւ չի հաղթահարվել հասարակության զգալի մասի անտարբերությունն ազգային հարցերի նկատմամբ.

— Քաղաքական ուժերի ջրբաժանը Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցն է։ Ովքեր դա պահանջում են, իրական ընդդիմություն են, իսկ ովքեր չեն պահանջում՝ իշ­խա­նության կողմն են, որքան էլ ձեւացնեն, թե իսկապես մտահոգված են նշված ան­ցան­կալի զարգացումներով.

— Իշխանափոխության եւ Հայաստանում սահմանադրական կարգի վերականգն­ման գործում մենք պատրաստ ենք համագործակցել ցանկացած, այդ թվում՝ ոչ գաղա­փա­րակից ուժի հետ, բացառությամբ արտաքին ուժերի։

Որքան ինձ հայտնի է, որեւէ այլ քաղաքական ուժ այսպիսի հստակ, իրատեսական եւ Հայաստանի ու Ղարաբաղի իրական շահերից բխող դիրքորոշում չի արտահայտել։ «Ոչ մի թիզ հող», «ոչ մի զիջում» կամ «ոչ մի հաշտեցում» կարգախոսները, որքան էլ հստակ թվացող, ինձ համար քաղաքական դիրքորոշում չեն եւ հղի են մեր ժողովրդին ազգային աղետի առջեւ կանգնեցնելու վտանգով։ Իսկ երբ այդ կարգախոսներն ուղեկց­ված չեն իշխանափոխության պահանջով, նրանք նաեւ կեղծ ու փարիսեցիական են։

* * *

Իսկ այժմ տեսնենք, թե ինչ իրադարձություններ են մեզ սպասում առաջիկայում։ Չնայած դժվար է հստակ գուշակություններ կատարել, բայց ինձ հավանական է թվում մոտավորապես հետեւյալ սցենարը.

— Թուրքիայի խորհրդարանը ձգձգելու է արձանագրությունների վավերացման գործընթացը կամ դրանք վավերացնելու է որոշ վերապահումներով՝ ձգտելով այդ եղանակով խթանել Ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորումը.

— Հայաստանի խորհրդարանը սպասողական դիրք է գրավելու եւ փորձելու է արձանագրությունների վավերացման խնդրին անդրադառնալ միայն այն բանից հետո, երբ դրանք կվավերացվեն Թուրքիայի կողմից.

— Այս փակուղային վիճակից դուրս գալու գլխավոր խոչընդոտը համարելով Ղարաբաղի խնդիրը, միջազգային հանրությունը ջանալու է արագացնել վերջինիս հանգուցալուծումը, ինչը բացահայտորեն համընկնում է Թուրքիայի դիրքորոշմանը.

— Սերժ Սարգսյանը, մատնանշելով հայ–թուրքական արձանագրությունների ստո­րա­գր­ման առիթով Հայաստանում եւ Սփյուռքում ծագած սուր հակազդեցությունը, միջնորդներից խնդրելու է որոշ դադար տալ Ղարաբաղյան հակամարտության կարգա­վորման գործընթացում՝ պատճառաբանելով, որ իր համար դժվար կլինի կարճատեւ ժամանակամիջոցում դիմակայել եւս մի այդպիսի հակազդեցության.

— Ըմբռնումով մոտենալով Սարգսյանի պատճառաբանությանը՝ միջազգային հանրությունը, սակայն, նրա թուլությունից օգտվելու պահը չկորցնելու համար, մերժելու է այդ խնդրանքը եւ, ընդհակառակը, Ղարաբաղի հարցում ավելի եւս մեծացնելու է ճնշումները Հայաստանի վրա.

— Ամենայն հավանականությամբ, շահագրգիռ ուժերը Հայաստանին հորդորելու են նաեւ առաջինը վավերացնել հայ–թուրքական արձանագրությունները՝ այն հիմնա­վոր­մամբ, որ դրանից հետո Թուրքիայի համար հեշտ չի լինի ձգձգել վավերացման գործընթացը.

— Իրերի տրամաբանությամբ՝ մոտակա ամիսներին զարգացումներն ընթանալու են ոչ այնքան հայ–թուրքական հարաբերությունների, որքան Ղարաբաղյան հակամար­տության կարգավորման ուղղությամբ, որովհետեւ, վերջին հաշվով, հայ–թուրքական հաշտեցման հիմնապայմանը ոչ իսկ Ցեղասպանության կնճիռն է, այլ Ղարաբաղի խնդրի հանգուցալուծումը։

Ինչպես տեսնում ենք, իրավիճակը չափազանց նուրբ է եւ զգայուն, ինչը մեծ պատասխանատվություն է պահանջում թե՛ իշխանություններից, թե՛ ընդդիմությունից, որոնք հավասարապես կանգնած են բարդագույն խնդիրների առջեւ։ Բարդությունը մի կողմից՝ կայանում է նրանում, որ ներքաղաքական հակասությունները չխանգարեն հայ–թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղյան հակամարտության կարգա­վոր­ման գործընթացներին, մյուս կողմից՝ որ այդ գործընթացները զերծ մնան հայության համար վտանգավոր ու անցանկալի զարգացումներից։ Հայ Ազգային Կոնգրեսը մշտա­պես առաջնորդվել եւ այսուհետեւ եւս առաջնորդվելու է պատասխանատվության այս գիտակցությամբ՝ խուսափելով թե՛ անխոհեմ գործողություններից, թե՛ քաղաքական մաքսիմալիզմից, եւ հաշվի առնելով, առաջին հերթին, պետական շահը։ Դժբախտաբար, նույնը չի կարելի ասել իշխանությունների մասին, որոնք համառորեն չեն ուզում օգտագործել ներքաղաքական խնդիրների լուծման եւ ազգային համերաշխության կայացման միջոցով Հայաստանի դիրքերն ամրացնելու եւ արտաքին մարտահրավեր­ները դիմագրավելու ամենաթանկ ռեսուրսը։

Ինձ համար անհասկանալի է հետեւյալ առեղծվածը։ Քանի կասկած չկա, որ Սերժ Սարգսյանը հայ–թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղյան հակամարտու­թյան կարգավորման հարցերում անհարկի զիջումների է գնում՝ օտարներից լեգի­տիմու­թյուն ստանալու նպատակով, ապա ի՞նչն է նրան խանգարում, այդչափ նվաստանալու փոխարեն, ցանկալի այդ լեգիտիմությունը խնդրել սեփական ժողովրդից եւ ստիպված չլինել այդպիսի զիջումներ կատարելու։ XVII դարում Թուրքիայում կար մի փառամոլ եւ իշխանատենչ հոգեւորական, Եղիազար Այնթապցի անունով, որը կաշառքի ու խարդավանքների միջոցով հաջողացրել էր հռչակվել թրքահայության կաթողիկոս, ահավոր վտանգի տակ դնելով Հայոց եկեղեցու եւ հայ ժողովրդի միասնությունը։ Այնժամ Էջմիածնի միաբանները ժողով են գումարում, եւ դիմելով նրան ասում. «Եղբայր, կաթողիկոս ես ուզում լինել, արի դարձիր Ամենայն հայոց կաթողիկոս, միայն թե ազգի գլխին փորձանք մի՛ բեր ու մի՛ պառակտիր մեր եկե­ղեցին»։ Եղիազարը համաձայնում է, տասը տարի (1681–1691 թթ.) հանգիստ գահակա­լում Մայր աթոռ սուրբ Էջմիածնում, եւ այդպիսով կանխվում է Հայոց եկեղեցուն սպառ­նացող աղետը։ Հայ ժողովրդի ողջ պատմության մեջ ազգային մտածողության ավելի լայնախոհ ու իմաստուն դրսեւորում, քան էջմիածնական միաբանների այս որոշումն է, ինձ հայտնի չէ։ Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանին թվում, թե հայ ժողովուրդն ընդունակ չէ, հանուն ազգային նպատակների, եւս մեկ անգամ նման լայնախոհություն եւ իմաստնություն դրսեւորելու։

Pin It on Pinterest