banner-naxagahՍիրելի հայրենակիցներ,

Թվում էր, թե տեղական ինքնակառավարման մարմինների, տվյալ պարագայում Երեւանի ավագանու ընտրությունները առիթ չպիտի տային առանձնապես ծանրանալու արտաքին քաղաքականության խնդիրների վրա։ Սակայն Հայաստանի յուրահատուկ իրավիճակը, որը բնութագրվում է ներքին եւ արտաքին քաղաքականության բացառիկ փոխկապվածությամբ ու փոխկախվածությամբ, ստիպում է կրկին ու կրկին անդրադառնալ այդ խնդիրներին։ Ներկա պահին դրա անհրաժեշտությունը պայմանավորված է նաեւ միջազգային ասպարեզում Հայաստանի շուրջ ընթացող մտահոգիչ զարգացումներով։

Իրադարձությունների զարգացումը

Հայ-թուրքական հաշտության անհաջող փորձի եւ Սերժ Սարգսյանի կողմից Ցեղասպանության ուրացման փաստի շուրջ դեռ կրքերը չհանդարտված, վերջին շաբաթների ընթացքում, նախորդ հանրահավաքից հետո, մենք ականատեսը եղանք երեք անսպասելի եւ ուշագրավ իրադարձությունների, որոնք անհնար է շրջանցել։

  1. Հայաստանը, սեփական նախաձեռնությամբ կամ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ-երկրների ճնշման տակ, անակնկալ կերպով վերջին պահին հրաժարվեց մասնակցել Վրաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի զորավարժություններին.
  2. Լեռնային Ղարաբաղում, ամենավերին մակարդակով, եւ անշուշտ Հայաստանի իշխանությունների հավանությամբ, սկսվեց լուրջ թվացող շարժում` ԼՂՀ-ն հակամարտության լիիրավ կողմ ճանաչելու, այսինքն ԵԱՀԿ-ի Բուդապեշտյան գագաթնաժողովի որոշմամբ սահմանված կարգավիճակը վերականգնելու ուղղությամբ։
  3. Մայիսի 7-ին Պրահայում, Ադրբեջանի նախագահի հետ լարված մթնոլորտում անցած հանդիպման ժամանակ, Սերժ Սարգսյանը կոշտացրեց իր դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրում, ինչի մասին, հակառակ Մինսկի խմբի համանախագահների հերթապահ լավատեսական հայտարարությունների, ընդհանուր առմամբ վկայում են թուրքական եւ ադրբեջանական լրատվամիջոցները, իսկ ավելի հստակորեն` Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Բեռնար Կուշները («Հայկական ժամանակ» 09.05.2009)։

Ի՞նչ է սա նշանակում

Կամ ինչով բացատրել Հայաստանի, ավելի ճիշտ` Սերժ Սարգսյանի, այս կտրուկ քայլերը, որոնք ոչ այնքան ճշգրիտ հաշվարկների վրա հիմնված գործողություններ, որքան ջղաձգություններ են հիշեցնում կամ քաղաքական դեմարշի տպավորություն թողնում։ Դրա պատճառն, անտարակույս, այն է, որ Սարգսյանն, ակնհայտորեն, իրեն Ամերիկայից եւ Թուրքիայից խաբված է զգում, քանի որ նույնիսկ Ցեղասպանությունն ուրանալու դիմաց հայ-թուրքական սահմանը չբացվեց, եւ Թուրքիան, ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման վտանգը կանխելու իր անմիջական խնդիրը լուծելուց հետո, կրկին վերադարձավ Հայաստանի հետ հարաբերությունների հաստատումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ պայմանավորելու իր նախկին դիրքորոշմանը։ Սարգսյանն իրեն խաբված է զգում երեխայի պես։ Նրան ասացին` Ցեղասպանությունը տուր, այսինքն համաձայնիր հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը, եւ մենք կբացենք սահմանը։ Ցեղասպանությունն ստացան, բայց սահմանը չբացեցին։ Իսկ այժմ ասում են` Ղարաբաղը տուր, եւ մենք կբացենք սահմանը։ Այսքան ողորմելի վիճակում պետության որեւէ ղեկավար դեռ չի հայտնվել։

Սարգսյանի հուսախաբությունն ու զայրույթը միանգամայն հասկանալի մարդկային զգացումներ են. թե՛ Հայաստանում, եւ թե՛ մանավանդ Սփյուռքում, վտանգելով իր հեղինակությունն ու նույնիսկ դավաճանի պիտակ վաստակելով, նա ոչ միայն դույզն-իսկ չավելացրեց իր լեգիտիմությունն ու չամրապնդեց իր երերացող իշխանությունը, այլեւ չբավարարեց անգամ հայ-թուրքական սահմանի բացման միջոցով երկրի առջեւ կանգնած սուր տնտեսական խնդիրների հաղթահարման իր ակնկալիքը, ինչի իրականացման պարագայում նա, թերեւս, կարողանար որոշ չափով արդարացնել Թուրքիայի նկատմամբ վարած իր ձախորդ քաղաքականությունը։ Մարդկային զգացումներ լինելով հանդերձ, հուսախաբությունն ու զայրույթը պետության ղեկավարին անհարիր ու հակացուցված հոգեկան վիճակներ են, որոնք կարող են որեւէ երկրի ու ժողովրդի համար աղետալի հետեւանքների պատճառ դառնալ, ինչի վկան, օրինակ, անցյալ տարվա օգոստոսին, մենք դարձանք հարեւան Վրաստանում։ Ցանկացած իրավիճակում պետության ղեկավարից պահանջվում է լիակատար սառնասրտություն եւ պահի թելադրանքին չենթարկվելու կամ հապշտապ ու չհաշվարկված որոշումներ չկայացնելու անհրաժեշտ կարողություն։ Հուսախաբությունը, զայրույթը եւ նմանատիպ այլ զգացմունքային հակազդեցությունները ոչ միայն ամենեւին չեն նպաստում արդեն գործված սխալների շտկմանը, այլեւ նորանոր սխալների պատճառ են դառնում։

Արեւմուտքի պատասխանները Սերժ Սարգսյանի դեմարշին

Միամիտ պետք էր լինել` կարծելու համար, թե Արեւմուտքն անպատասխան է թողնելու Սերժ Սարգսյանի դեմարշը։ Եւ պատասխանը չուշացավ.

  1. Եւրոխորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը (ԵԽԽՎ) անսպասելիորեն որոշեց իր հունիսյան նստաշրջանում կրկին քննարկման դնել ժողովրդավարության եւ մարդու իրավունքների բնագավառում Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման հարցը։
  2. Պարզվեց, որ ԱՄՆ-ի կառավարության 2010թ. բյուջեի նախագծով նախատեսված է շուրջ 40%-ով կրճատել Հայաստանին հատկացվող ֆինանսական օգնությունը, դադարեցնել ԼՂՀ-ին հատկացվող հումանիտար օգնությունը, եւ ընդհակառակը, ավելացնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը («Հայկական ժամանակ», «Չորրորդ իշխանություն». 09.05.2009թ.)։
  3. Եւ վերջապես, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը սպառնաց, օգտվելով իր երկրի` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ լինելու հանգամանքից, ջանքեր գործադրել` այդ ատյանում Հայաստանը օկուպանտ-երկիր ճանաչելու ուղղությամբ («Ժամանակ». 08.05.2009թ.)։

Այս քայլերն անպայման չեն նշանակում, որ Արեւմուտքը որոշել է պատժել Սերժ Սարգսյանին։ Նա չափազանց թանկ եւ գնահատված գործընկեր է Արեւմուտքի համար։ Պատահական չէ, որ Սարգսյանն ինքն էլ օրերս հայտարարել է, թե որքան իրեն շատ են հայհոյում Հայաստանում, այնքան Եւրոպայում իրեն գովում են։ Նշված խստություններն, ըստ այդմ, ուղղված են ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ Հայաստանի ու նրա ժողովրդի դեմ։ Ինչ վերաբերում է Սարգսյանի հուսախաբությանն ու վիրավորվածությանը, ապա Արեւմուտքն ունի դրանք փարատելու միջոցը, այն է` աչք փակել վերջինիս ոչ-լեգիտիմ լինելու փաստի վրա եւ հանդուրժել սեփական երկրում նրա գործած բռնությունները։

Բոլոր դեպքերում` Արեւմուտքի եւ Թուրքիայի հակազդեցությունը, եթե ոչ անձամբ Սերժ Սարգսյանի, ապա երկրի համար բավականին լուրջ է, ինչը մտահոգվելու եւ իրավիճակից համապատասխան ելք գտնելու պահանջ է դնում Հայաստանի իշխանությունների եւ ողջ հասարակության առջեւ։

Ո՞րն է ելքը

Սերժ Սարգսյանն ունի երկրի ներկա փակուղային վիճակից դուրս գալու երկու ճանապարհ.

  1. Կոնսոլիդացնել ազգը, որի համար անհրաժեշտ է` անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին եւ երկխոսություն սկսել Հայ Ազգային Կոնգրեսի ու ընդդիմադիր մյուս ուժերի հետ, իսկ նկատի ունենալով ներքաղաքական ընթացիկ օրակարգը, նաեւ ապահովել Երեւանի ավագանու ընտրությունների բացարձակ օրինականությունը։
  2. Խոստովանելով երկրի առջեւ կանգնած խնդիրների հաղթահարման գործում դրսեւորած սեփական ապիկարությունը, պատվով հրաժարական տալ ու հեռանալ քաղաքականությունից, քանի որ, ինչպես ցույց տվեց վերջին մեկ տարվա մղձավանջը, քաղաքականությունը նրա համար ոչ թե պատասխանատվություն է, այլ շահավետ զբաղմունք կամ իշխանատենչությունը բավարարելու միջոց։

Որքան նա ուշացնի ընտրել այս երկու ճանապարհներից մեկը, այնքան կնպաստի Հայաստանի վրա արտաքին ճնշումների ուժեղացմանը եւ ավելի եւս կծանրացնի երկրի, առանց այդ էլ, չափազանց անմխիթար վիճակը։ Համառելու եւ հապաղելու պարագայում Սերժ Սարգսյանն ստիպված է լինելու նորանոր զիջումներ կատարել արտաքին աշխարհին` բացառապես ի հաշիվ ազգային շահերի, ինչպես վարվել է իր իշխանավարության անցած մեկ տարվա ընթացքում։

***

Դե հիմա դուք ասեք` արդյոք կապ կա՞ արտաքին եւ ներքին քաղաքականությունների միջեւ։ Մի՞թե վերոշարադրյալից հետո պարզ չպետք է լինի, որ ընտրությունների կեղծման, քաղաքական հալածանքների, ժողովրդավարության սահմանափակման, մարդու իրավունքների ոտնահարման, կոռուպցիայի դրսեւորման ցանկացած փաստ վերջին հաշվով երկրի վրա անդրադառնում է դիվանագիտական ճակատում կրած անխուսափելի պարտություններով։ Քոչարյանա-սերժական վարչախմբի արտաքին քաղաքականությունն, ահա, դիվանագիտական պարտությունների մի անընդհատ շղթա է ներկայացնում, եւ բոլոր այդ պարտությունները բացատրվում են միայն ու միայն Հայաստանի ներքին կյանքում այդ վարչախմբի վարած բռնատիրական քաղաքականությամբ։ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ջատագովներն ու պաշտպաններն, ի պատասխան նրանց հասցեին հնչող քննադատությունների, մինչ այժմ ասում էին` լա՛վ, թեկուզ Հայաստանում ընտրությունները կեղծվում են, ժողովրդավարությունը բռնաբարվում է, մարդու իրավունքները ոտնահարվում են, օրենքները խախտվում են, կոռուպցիան ծաղկում է, բայց գոնե ազգային հարցերում (Ցեղասպանության ճանաչում, Ղարաբաղյան կարգավորում եւ այլն), Քոչարյանն ու Սարգսյանն անզիջում են եւ երբեք չեն դավաճանի հայ ժողովրդի շահերին։ Կյանքը ցույց տվեց, որ այս առասպելն էլ հօդս ցնդեց, եւ Քոչարյանա-սերժական վարչախումբն այլեւս գոյության որեւէ իմաստ չունի։ Հիշյալ ջատագովներն ու պալատական ներբողագիրներն, անհարմար վիճակից դուրս գալու համար, այժմ փորձում են մասնավորապես հայ-թուրքական հարաբերությունների հարցում հավասարության նշան դնել իմ եւ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության միջեւ, կամ մինչեւ իսկ նույնացնել դրանք։ Ավելորդ եմ համարում պատասխանել այդ անհեթեթություններին։ Մի քանի օրից լույս կտեսնի հայ-թուրքական հարաբերություններին նվիրված իմ ելույթների ժողովածուն, եւ դուք հնարավորություն կունենաք համեմատելու ու տեսնելու, թե որքանով են նույնական իմ եւ Սարգսյանի վարած քաղաքականությունները։

***

Ծանրանալով արտաքին քաղաքականության վրա, կարող է թվալ, թե մենք խուսափում ենք Երեւանի ավագանու ընտրություններին առնչվող հարցերի եւ մայրաքաղաքի կենսագործունեությանն ու զարգացմանը վերաբերող խնդիրների քննարկումից։ Դա ամենեւին այդպես չէ, քանի որ այդ խնդիրներն ամենայն մանրամասնությամբ արտացոլված են Հայ Ազգային Կոնգրեսի նախընտրական ծրագրում, որը տարածված է շուրջ 100 հազար տպաքանակով, իսկ բացի այդ, դրանք մենք մշտապես արծարծում ենք Երեւանի համայնքներում անցկացվող հանրահավաքներում։ Համաժողովրդական հանրահավաքը, ինչպիսին մեր այսօրվա միջոցառումն է, հնարավորություն է տալիս եւ միաժամանակ պահանջում է` խնդրո առարկա  հարցերը տեղադրել համապետական հիմնախնդիրների համատեքստում։

Ըստ այդմ, Հայաստանի արտաքին քաղաքականության լիակատար կախվածությունը ներքին քաղաքականությունից, ինքնըստինքյան ենթադրելու հիմք է տալիս, որ Երեւանի ավագանու ընտրությունները պետք է դիտել ոչ թե սոսկ որպես տեղական ինքնակառավարման մարմնի ձեւավորման սովորական միջոց, այլ երկիրը վտանգավոր քաղաքական հորձանուտից դուրս բերելու բացառիկ հնարավորություն։ Այդ ընտրություններով որոշվելու է ոչ միայն եւ ոչ այնքան Երեւան քաղաքի, որքան Հայոց պետականության, Լեռնային Ղարաբաղի, Ցեղասպանության ճանաչման, եթե կուզեք` ողջ ազգի բախտը։ Ընտրություններին, հետեւաբար, պետք է մասնակցել այս բանի հստակ գիտակցությամբ։ Ովքեր կնախընտրեն մի կողմ քաշվել ու լռել, ովքեր կվաճառեն իրենց քվեն, ովքեր ձայն կտան իշխանության թեկնածուներին, եւ վերջապես, ովքեր, անտարբերություն ցուցաբերելով, չեն մասնակցի ընտրություններին, նրանք ոչ միայն իրենց զավակներին կզրկեն նորմալ, քաղաքակիրթ, ապահով երկրում ապրելու հնարավորությունից, այլեւ կամա թե ակամա մեղսակիցը կդառնան չարագործ իշխանությունների, որոնք ամեն ինչից բացի, բռնել են նաեւ ազգային դավաճանության ճանապարհը։

***

Քաղաքապետի ընտրությունը մեզ համար ամենեւին ինքնանպատակ չէ եւ իշխանատենչությունից չի բխում։ Եթե ոչ այլ բան, ապա մեր հաղթանակը գոնե թույլ կտա հզոր հակակշիռ ստեղծել ներկա ավազակապետական համակարգին, ինչի շնորհիվ հնարավոր կլինի որոշ չափով զսպել վերջինիս` կանխելով նրա հետագա չարագործություններն ու, առավել եւս, դավաճանական մտադրությունները։ Դա կնպաստի նաեւ ազգային կոնսոլիդացիային եւ պետականության ամրապնդմանը։

Ո՞վ է բռնելու, վերջապես, չարագործի ձեռքը, եթե ոչ դուք, ձեզանից յուրաքանչյուրը։ Եթե այս անգամ էլ չխրատվեք, եւ ձեր անտարբերությամբ կամ կրավորականությամբ Քոչարյանա-սերժական ավազակապետությանը թույլ տաք հերթական անգամ կեղծել ընտրությունները, ապա ձեր դժբախտությունների համար այլեւս ուրիշին պատճառ չբռնեք։ Հուսով եմ, սակայն, որ այս պատգամը «ձայն բարբառոյ յանապատի» չի մնա, եւ դուք մեկ մարդու նման կկատարեք ձեր քաղաքացիական եւ հայրենասիրական պարտքը։ Սակայն դա քիչ է։ Այստեղ հավաքվածներդ հանրապետության ամենաակտիվ զանգվածն եք. ձեր պարտքը կատարելուց բացի, դուք պարտավոր եք նաեւ արթնացնել ու ընտրությունների մասնակից դարձնել հասարակության անտարբեր շերտերին։ Արեք այդ ամենը, եւ դուք կհասնեք ձեր բոլոր նպատակներին։

ելույթ 2009թ. մայիսի 15-ի հանրահավաքում

Pin It on Pinterest