Սարգսյանական վարչախումբը շարունակում է որպես իր իշխանության պահպանման հիմնական զենք օգտագործել ահաբեկչական գործողությունները:
Մասնավորապես հունվարի 17-ին Երեւանի Կողբացի փողոցում դիմակավորված եւ մահակներով զինված անհայտ անձինք հարձակվել են քաղաքացիական ակտիվիստ, իր գրառումներով իշխանություններին ակտիվորեն քննադատող Վիլեն Գաբրիելյանի վրա: Նա տեղափոխվել է հիվանդանոց՝ գլխի շրջանում բազմաթիվ վնասվածքներով:
Քաղաքի բանուկ հատվածում, որտեղ բազմաթիվ տեսանկարահանող սարքեր են տեղադրված, կատարված հանցագործությունը բացահայտելու համար ընդամենը անհրաժեշտ է քաղաքական կամք: Քաղաքական գործիչների և քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ այս և նախորդ հարձակումների չբացահայտելը ուղղակիորեն վկայում են դրանց՝ իշխանության կողմից կազմակերպած լինելը:
Մենք համոզված ենք, որ սա քաղաքական հաշվեհարդարի հերթական դեպքն է: Նման դեպքերի շարունակականությունը ապացուցում է, որ իշխանության ներկայացուցիչների՝ բռնությունները դատապարտող հայտարարությունները կրում են ձևական բնույթ:
Երիտասարդական Կոնգրեսը դատապարտում է տեղի ունեցածը և վերահասատատում է իր դիրքորոշումն առ այն, որ նման բռնությունները բացառելու միակ ճանապարհը վարչախմբի շուտափույթ հեռացումն ու լեգիտիմ իշխանությունների ձևավորումն է:
Իշխանության նման գործելաոճը պարտադրում է պետության ապագայով մտահոգ բոլոր երիտասարդներիս՝ անկախ տարաձայնություններից, գործել միասնական, պայքարել համատեղ ուժերով ու ձևավորել իրավական Հայաստան:
anc.am


