d5d40ba6d83aa10f67fd49125768fb22Իշխանությունները խուսափեցին 2015 թվականի բյուջեի վերաբերյալ բանավեճից, ընդդիմության որևէ պնդմանը ոչ մի արձագանք չտրվեց, իսկ բացատրությունն այն է, որ իշխանությունը ոչ մի ասելիք կամ բացատրություն չունի իրենց կողմից վարվող քաղաքականության առումով: Այս մասին ասաց Հայ Ազգային Կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ ընդգծելով նաև, որ այդ է պատճառը, որ բյուջեի քննարկմանը վախեցավ մասնակցել վարչապետը՝ «դեմ տալով» մի քանի նախարարների, որոնք սահմանափակվեցին ընդհանուր ֆրազներով:

Պատգամավորը, խոսելով 12 կետերը վերանայելու՝ Սերժ Սարգսյանիառաջարկին մասին, ներկայացրեց Եռյակի տեսակետը:

«Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի առաջարկը, որը, չգիտես ինչու, արվեց 5-6 ամիս ուշացումով, խոսում է այն բանի մասին, որ նրանք որոշել են, չգիտես ինչու, ընդդիմության առաջարկները լուրջ ընդունել: Բացատրության համար շատ հեռու պետք չէ գնալ, խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանը վախեցել է ընդդիմության հանրավաքներից, այն թափից, որ շարժումն առնում է, որոշել է ընդդիմությանը ներքաշել մի գործընթացի մեջ, որում ինքը սպասում է, որ ընդդիմությունը կգնա ինչ-որ փոխզիջումների, մտնի ծանր երկարատև բանակցային գործընթացի մեջ, և ինչպես եղավ 2011 թվականին եղավ, ցանկանում է ընդդիմությանը նորից բերել մի իրավիճակի, որտեղ ինքն ամրապնդած կլինի իր իշխանությունը»,- մանրամասնեց Զուրաբյանը՝ շեշտելով, որ իրենք, բնականաբար, այդ գործընթացի մեջ չեն ներքաշվելու:

Ըստ խմբակցության ղեկավարի՝ պատճառն այն է, որ իրենք չեն հավատում Սարգսյանի որևէ ասածին:

«Սերժ Սարգսյանի խոսքերը մեզ համար  ոչ մի արժեք չունեն: Մեր պատասխանը Սերժ Սարգսյանին հետևյալն է. համարեք, որ Սերժ Սարգսյանը ոչինչ չի ասել: Մենք չենք հավատում խոսքերին, այլ հավատում ենք միայն գործերին: Բանակցություններ չեն լինելու, մենք նրանց հետ ոչ մի բան չենք քննարկելու: Եթե բան ունեն անելու, այլ ոչ թե ասելու, թող անեն: Այդ առումով մենք Եռյակում պլանավորում ենք այսպիսի մի քայլ. մենք կներկայացնենք 12 կետերից մեկի իրականացման առաջարկ, ավելի ճիշտ՝ առաջարկ չէ, այլ քայլ»,- պարզաբանեց Զուրաբյանը:

Պատգամավորի խոսքով՝ Եռյակը պլանավորում է կազմակերպել արտահերթ նիստ, որի ժամանակ քննարկվի 12 կետերից այն կետը, որը վերաբերում է ընտրական համակարգի վերափոխմանը, այսինքն 100 համամասնական ընտրությունների անցումն ու ցուցակների հրապարակնամն խնդիրը:

«Դրանից հետո պարզ կլինի, թե Սերժ Սարսգայնն ինքն իր խոսքերին որևէ արժեք տալի՞ս է, որ մենք էլ որևէ ուշադրություն դարձնենք այդ խոսքերին»,- ընդգծեց պատգամավորը՝ որակելով այն, որպես թեստ, ստուգում, որն առաջարկվում է իշխանություններին:

Եռյակն այն կարծիքին է, որ եթե իշխանությունն ուզում է մի լավ բան ասել, ապա իրենք այդ հնարավորությունը տալիս են, սակայն չեն պատրաստվում համագործակցել:

Խոսելով հանրահավաքների մասին՝ բանախոսը նկատեց, որ առաջիկա հանրահավաքը լինելու է գործողություննրի հանրահավաք, իսկ Եռյակի գործողությունները լինելու են միասնական: