Ազգային ժողովում շարունակվում է Մարդու իրավունքների պաշտպանի 2013-ի տարեկան զեկույցի քննարկումը, որը անցնում է առանց ՄԻՊ Կարեն Անդրեասյանի: Ելույթը սկսելուց առաջ Հայ Ազգային Կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, դիմելով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, ասաց. «Ո՞ւմ համար ենք խոսում, եթե մարդու իրավունքների պաշտպանը դահլիճում չէ»:
Հայ Ազգային Կոնգրես խմբակցության քարտուղարն ասաց, որ իր ելույթը վերանագրել է հետևյալ կերպ՝ «Մարդու իրավունքների պաշտպանը պաշտպանության կարիք ունի», ապա նշեց, որ երկրում չի կարող լինել մի բնագավառ, որը լավ է, երբ շրջապատող բնագավառները գտնվում են վատ վիճակում:
Նա դժգոհեց Մարտի մեկի մասով զեկույցում արծարծված գնահատականների մասին՝ ասելով. «Աշխատանքը կատարված է բծախնդիր, մի քանի բաժիններ կան, որոնք լավ են կատարված, բայց կա մի կարևոր բայց: Մենք ունենք լրջագույն պրոբլեմներ: Մասնավորապես՝ Մարտի մեկի խնդիրը արծարված է հպանցիկ, գրված է ընդհամենը, որ վեց տարվա ընթացքում առաջընթաց չի արձանագրվել, մահացածների անձանց իրավահաջորդների իրավունքները խախտված են: Եզրակացությունն էլ այնպիսին է, որ արդյունավետ միջոցներ պետք է կատարել գործն ավարտին հասցնելու համար: Սա լուծում չէ, այստեղ կա վտանգավոր բան, որ արագ որոշումներ կայացնեն տասը զոհերի գործը փակելու համար»:
Արամ Մանուկյանը հիշեցրեց նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հայտարարությունը, որ Մարտի մեկը գործով բոլոր բացահայտումները իրականացված են, ապա դա որակեց որպես անամոթ սուտ:
«Այս գործերի երկարաձգումն այդ մարդկանց հիասթափեցնում է, մի մասը արտագաղթել է ու հույս չկա մարդկանց մոտ: ՄԻՊ զեկույցի մեխը, առանցքը պետք է լիներ Մարտի մեկը, որովհետև նման սպանդ վերջին տարիներին չի եղել: Սա քննություն է նաև ՄԻՊ-ի համար»,- նշեց Մանուկյանը:
[youtube id=”GIhedw8cBbE” width=”700″ height=”390″ fullwidth=”yes”]


