1413794367,0036Օգտվելով արտահերթ նախաձեռնություններ անելու իր իրավունքից, խորհրդարանական ընդդիմությունը 44-ից ավելի ստորագրություններով այսօր մեկնարկած ԱԺ քառօրյա նստաշրջանին  ներկայացրել է երկու արտահերթ հարց: Այս մասին հայտարարեց Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

 Նա ասաց, որ ընդդիմությունը արտահերթ կարգով կներկայացնի Հայաստանում կառավարման ճգնաժամի մասին հայտարարությունը եւ մեկ այլ հարց՝ ընտրական օրենսգրքի փոփոխության ընթացակարգերի հետ կապված:

Զուրաբյանը նշեց, որ քառօրյայում ընդգրկված է նաեւ չորս հարց՝ ներկայացված կառավարությունից, որոնք անհետաձգելի են համարվել:

«Կառավարության կողմից անհետաձգելի համարված հարցերը ներկայացվել են մեկ շաբաթ առաջ, ինչը նշանակում է, որ երեք ամիս դեռ ժամկետ կա՝ համաձայն Սահմանադրության: Այս առումով, քանի որ ԱԺ նախագահը արտահերթ հարցերի քննարկման հաջորդականություն սահմանելու լիազորություն չունի, ակնհայտ է, որ ընդդիմության կողմից առաջ քաշված հարցերը առաջնահերթ են կառավարության ներկայացրած հարցերի նկատմամբ», — ասաց Լեւոն Զուրաբյանը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ի պատասխան խնդրեց չսահմանել իր իրավունքների շրջանակը. «Որովհետեւ դա կանոնակարգ օրենքն է, եւ ընդհանրապես օրենքները: Ինչպես կանոնակարգ օրենքն է պահանջում, այն ոգով էլ կքննարկենք ձեր նախագծերը», — ասաց Սահակյանը:

Լեւոն Զուրաբյանը պնդեց, որ ներկայացված հարցերը պետք է անհետաձգելիորեն քննարկվեն:
«Հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում տասնյակ հազարավոր մարդիկ արձանագրել են, որ Հայաստանի իշխանութունները ձախողել են բոլոր ուղղությունները՝ կոռուպցիոն համակարգ են ձեւավորել, արտագաղթ են առաջացրել, ձախողել են արտաքին քաղաքականության բոլոր ուղղությունները: Ամբողջ ժողովուրդը սպասում է այս հայտարարությանը», — ասաց Զուրաբյանը:
Նա կրկին վկայակոչեց ԱԺ կանոնակարգ-օրենքը, համաձյան որի՝ ԱԺ նախագահը արտահերթ քննարկվող հարցերի հաջորդականություն սահմանելու լիազորություն չունի:

Աղբյուրը` ilur.am, newsline.am

[youtube id=”jqavejehYp0″ width=”700″ height=”390″ fullwidth=”yes”]