«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկումների ժամանակ Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը իր ելույթում նշեց, որ քրեական օրենսգիրքը պետք է հանել Ազգային ժողովի սրահից, իսկ չհանելու դեպքում՝ կարգազանցին հնարավոր չէ պաշտոնեական կեղծիքի համար քրեական պատասխանատվության ենթարկել, իսկ օրինակ աղմկողին՝ խուլիգանության համար: Հիշեցնենք, որ փոփոխությունների մասին նախագծով ենթադրվում է, որ նախեւառաջ պատասխանատվության պետք է ենթարկվեն ուրիշ պատգամավորների փոխարեն քվեարկած եւ գրանցված պատգամավորները:

«Ուզում եմ, որ հստակ լինի, եթե մենք քրեական օրենսգիրքը բերենք եւ գործադրենք դահլիճում, ապա կարծում եմ՝ այստեղ քաղաքական մեծամասնությունը չի տուժելու, որովհետեւ թե՛ դատախազը, թե՛ բոլոր պաշտոնյաները իրենցն են: Դրա համար մենք այն նախագծից, որը առաջին տարբերակով ներկայացրել էր Զարուհի Փոտանջյանը, ընտրել ենք այս մինիմալը՝ ասելով, որ այդ քրեաիրավական հետապնդման դրույթները դրվեն մի կողմ եւ ուղղակի լրամշակվեն 45-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները, որտեղ խոսքը գնում է աղմկելու, վիրավորելու եւ այլնի մասին: Սա է խնդիրը»,- նշեց Գագիկ Ջհանգիրյանը:

Նրա խոսքով՝ նախագծի վերոնշյալ տեսքով ներկայացվելու դեպքում բուռն ելույթներ չէին լինի: «Իհարկե, մենք պետք է պայքարենք մեկ այլ պատգամավորի փոխարեն գրանցվելու, մեկ ուրիշի տեղը քվեարկելու երեւույթի դեմ, սակայն քրեական օրենսգիրքը բերելը եւ այս դահլիճում գործադրելը  կարող է շատ վատ նախադեպեր ստեղծել»,- նշեց Գագիկ Ջհանգիրյանը, հավելելով՝ փաստաբանը խոսում է դատի տալու, պատժելու մասին, տնտեսագետը՝ կախելու, գնդակահարելու մասին: «Պետք չէ նման բաներ անել. այստեղ մենք հստակեցնում ենք այդ նորմը եւ նիստը վարողին հնարավորություն ենք տալիս ավելի հստակ պայմաններում այդ պատգամավորին հայտարարել կարգազանց»,- հավելեց Գագիկ Ջհանգիրյանը:

Աղբյուրը` ilur.am, Տեսանյութը՝ Tert.am-ի:

[youtube id=”35nHsXl4nSw” width=”700″ height=”390″ fullwidth=”yes”]