ՀՀ Ազգային Ժողովի ժամանակավոր հանձնաժողովն իր եզրակացության մեջ լիովին անտեսել է մարտի 1-2-ի իրադարձություններին բանակի ու զինված ուժերի այլ ստորաբաժանումների ներգրավման օրինականության ու հիմնավորվածության, նրանց ունեցած դերի, իրականացրած գործողությունների իրավաչափության հարցը: Այն դեպքում, երբ հասարակական-քաղաքական քննարկումներում ու գնահատականներում բանակի ներգրավումն արտակարգ դրության ընթացքում լուրջ վեճերի, տարատեսակ, ծայրահեղ հակադիր մեկնաբանությունների տեղիք է տվել, ու մինչ օրս էլ այս խնդրի շուրջ կրքերը ոչ միայն չեն հանդարտվել, այլև միջազգային մարմիններ ու ատյաններ տեղափոխվելու միտումներ են դրսևորում:
Հարցը մեզ համար կարևոր է նաև այն առումով, որ Փաստահավաք խումբը, լուծարումից հետո, ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին քննարկվող խնդրին առնչվող հարուստ փաստական նյութ էր փոխանցել, ինչը ոչ միայն չի ուսումնասիրվել, չի լրացվել ու չի համադրվել ժամանակավոր հանձնաժողովի տրամադրության տակ եղած այլ ապացույցների ու փաստերի հետ, այլև, կարծես միտումնավոր, անտեսվել ու լռության է մատնվել:
Քաղաքական գործընթացներում բանակի ներգրավման կարևորագույն խնդրին ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անտարբեր ու անհասկանալի վերաբերմունքը գնահատելով որպես մարտի 1-2-ի իրադարձությունների իրական հանգամանքներն ու դրանցում պետական մարմինների և առանձին պաշտոնատար անձանց ունեցած դերն ու մասնակցությունը թաքցնելու, կոծկելու փորձ` նախկին Փաստահավաք խմբի անդամներս (Ա.Քոչարյան, Ս.Սաֆարյան), առաջնորդվելով 2009թ. Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի ՙՀայաստանում Ժողովրդավարական ինստիտուտների վիճակի մասին՚ թիվ 1677 բանաձևի 8.1 կետով, անհրաժեշտ համարեցինք հանրությանը ներկայացնել հետընտրական իրադարձություններին բանակի մասնակցության վերաբերյալ մեր տրամադրության տակ ունեցած փաստերը, տվյալները, ՊՆ ղեկավարության հետ ունեցած գրագրության արդյունքները` դրանցից բխող նվազագույն եզրակացություններով:
Ա. Բանակի ու զինված ուժերի կիրառման, գործադրման սահմանադրական և օրենսդրական հիմնադրույթները
ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածը հռչակում է. ՙՀանրապետության սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, և նրա նորմերը գործում են անմիջականորեն: Օրենքները պետք է համապատասխանեն սահմանադրությանը: Այլ իրավական ակտերը պետք է համապատասխանեն սահմանադրությանը և օրենքներին՚:
ՀՀ սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. ՙՊետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են սահմանադրությամբ կամ օրենքներով՚:
ՀՀ սահմանադրության 8.2-րդ հոդվածը սահմանում է. ՙՀՀ Զինված ուժերը ապահովում են ՀՀ անվտանգությունը, պաշտպանությունը և տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը: Քաղաքական հարցերում զինված ուժերը պահպանում են չեզոքություն և գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո՚:
ՀՀ սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ և 13-րդ կետերի համաձայն.
ՙՀՀ նախագահը`
12) Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է, համակարգում է պետական մարմինների գործունեությունը պաշտպանության բնագավառում, նշանակում և ազատում է զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը:
13) Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքում հայտարարում է ռազմական դրություն և կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք և որոշում է ընդունում զինված ուժերի օգտագործման մասին՚:
ՀՀ սահմանադրության 8.2-րդ հոդվածի բովանդակությունից հետևում է, որ ՀՀ Զինված ուժերը կոչված են ապահովելու բացառապես ՀՀ անվտանգությունը, պաշտպանությունը և տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը: Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի և 6-րդ հոդվածի համաձայն, զինված ուժերը, բացառությամբ վերը նշվածի, իրավասու չեն կամ նրանց ուղղակի արգելվում է մասնակցել ու միջամտել այլ խնդիրների լուծմանը (այդ թվում` քաղաքական, սահմանադրական ու հասարակական կարգի պահպանության ու այլ խնդիրների):
Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետը հստակ ու սպառիչ սահմանում է այն դեպքերը, երբ ՀՀ նախագահը Սահմանադրության 8.2-րդ հոդվածով լիազորված է զինված ուժերի գործադրման որոշում ընդունելու: Դրանք են.
ա) Հանրապետության վրա զինված հարձակման ժամանակ.
բ) Հանրապետության վրա զինված հարձակման անմիջական վտանգի դեպքում.
գ) պատերազմ հայտարարվելու դեպքում:
Ընդ որում, Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետը այս բոլոր երեք դեպքերում զինված ուժերի գործադրման որոշում կայացնելու համար նախատեսում է մեկ լրացուցիչ պարտադիր նախապայման ևս` ռազմական դրության հայտարարումը: Այսինքն, նույնիսկ ՀՀ Սահամանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետի վերը թվարկված երեք դեպքերի առկայության պայմաններում ՀՀ նախագահը չի կարող զինված ուժերի գործադրման որոշում ընդունել, քանի դեռ չի հայտարարել ռազմական դրություն:
Անդրադառնանք իրավական ուժի տեսանկյունից ոլորտը կարգավորող երկրորդ իրավական ակտի` ՙՊաշտպանության մասին՚ ՀՀ օրենքի համապատասխան դրույթներին:
Առ 01.03.08թ. դրությամբ գործող ՙՊաշտպանության մասին՚ ՀՀ օրենքի ուսումնասիրությունը վկայում է, որ այս օրենքով ևս հանրապետության զինված ուժերի առջև Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակմանը դիմակայելու, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու, ինչպես նաև ՀՀ միջազգային պայմանագրերից բխող պարտավորություններ կատարելու խնդիր է դրված (հոդված 9-րդ): ՀՀ զինված ուժերի առջև օրենքով այլ խնդիրներ դրված չեն: Նույն օրենքի 4-րդ հոդվածը, որը սահմանում է պաշտպանության բնագավառում ՀՀ նախագահի լիազորությունները, մեզ հետաքրքրող հարցի վերաբերյալ որևէ լրացուցիչ լիազորություն ՀՀ նախագահին չի վերապահում (ու չէր կարող վերապահել), բացառությամբ` Սահմանադրութան 55-րդ հոդվածի 13-րդ կետով նախատեսվածի:
ՙՊաշտպանության մասին՚ ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի (ՙԶինված ուժերի ղեկավարումը և կառավարումը՚) 1-ին և 2-րդ մասերը սահմանում են. ՙԶինված ուժերի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունն` իր լիազորությունների շրջանակներում:
Զինված ուժերի անմիջական ղեկավարումն իրականացնում է ՀՀ պաշտպանության նախարարը՚:
Հետևություններ: Սահմանադրական և օրենսդրական վկայակոչված դրույթների ուսումնասիրությունից ու վերլուծությունից միանշանակ հետևում է.
ա) ՀՀ նախագահի լիազորությունները զինված ուժերի օգտագործման, ղեկավարման ոլորտում սպառիչ թվարկված են Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետում: ՀՀ Սահմանադրությունը, բացի 55-րդ հոդվածի 13-րդ կետից, չի պարունակում որևէ այլ նորմ կամ դրույթ, որը ՀՀ նախագահին ՀՀ Զինված ուժերի գործադրման կամ կիրառման լիազորություն է տալիս:
բ) Առ 01.03.08թ. դրությամբ գործող ՙՊաշտպանության մասին՚ ՀՀ օրենքը լիովին համապատասխանում է խնդիրը կարգավորող ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետին և ՀՀ նախագահի համար զինված ուժերի կիրառման (գործադրման) որևէ լրացուցիչ դրույթ կամ դեպք չի նախատեսում (ու չէր էլ կարող նախատեսել):
Բ. Արտակարգ դրության ժամանակ
բանակի ներգրավման հակասահմանադրականությունը
2008թ. մարտի 1-ին ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանը հրամանագիր է ստորագրել Երևան քաղաքում 20 օր ժամկետով ՙԱրտակարգ դրություն հայտարարելու մասին՚: Հրամանագրի ընդունումը հիմնավորել-պատճառաբանել է ՀՀ Սահմանադրական կարգին սպառնացող վտանգը կանխելու և բնակչության իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու նկատառումներով: Հրամանագիրը ստորագրելիս նախագահը ղեկավարվել է ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ կետով և 117-րդ հոդվածի 6-րդ կետով: ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ կետի համաձայն. ՙՍահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում, խորհրդակցելով Ազգային ժողովի նախագահի ու վարչապետի հետ, հայտարարում է արտակարգ դրություն, իրականացնում է իրավիճակից թելադրվող միջոցառումներ և այդ ամենի մասին ուղերձով դիմում է ժողովրդին:
Արտակարգ դրություն հայտարարելու դեպքում իրավունքի ուժով հրավիրվում է Ազգային ժողովի հատուկ նիստ:
Արտակարգ դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով՚:
ՀՀ Սահմանադրության անցումային դրույթների 117-րդ հոդվածի 6-րդ կետը ՀՀ նախագահին իրավունք է վերապահում արտակարգ դրություն հայտարարել մինչ այդ օրենքի ընդունումը:
ՀՀ Սահմանադրության 56-րդ հոդվածի համաձայն.
ՙՀանրապետության նախագահը հրապարակում է հրամանագրեր ու կարգադրություններ, որոնք չեն կարող հակասել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին ու ենթակա են կատարման հանրապետության ամբողջ տարածքում՚: Ի դեպ, Արտակարգ դրության իրավական ռեժիմը մինչ օրս օրենսդրությամբ սահմանված չէ, չնայած այն հանգամանքին, որ Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ կետի 3-րդ մասը պարտադրում-թելադրում է, որ Արտակարգ դրության իրավական ռեժիմը պետք է սահմանվի օրենքով:
Արձանագրենք, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների ընդունումից անցել էր ավելի քան 5 տարի, նաև` մարտի 1-ի դեպքերից 2 տարի անց, իրավապահ և այլ պետական մարմիններն այդ օրենքի ընդունման ուղղությամբ որևէ քայլ չեն կատարել: Նույնիսկ քննարկման ներկայացված չէ Արտակարգ դրության մասին ՀՀ օրենքի որևէ նախագիծ:
Արտակարգ դրության մասին ՀՀ օրենք ընդունելու անհրաժեշտության և հրատապության առաջարկ չկա նաև ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի առաջարկություններում:
Արտակարգ դրություն հայտարարելու մասին 01.03.08թ. հրամանագրով արգելվել են ժողովների, հավաքների, ցույցերի, երթերի և այլ մասսայական միջոցառումների իրականացումը, զանգվածային լրատվամիջոցների ազատ գործունեությունը, գործի են դրվել բազմաթիվ այլ սահմանափակումներ ու արգելքներ:
Նույն հրամանագրի 3-րդ կետով արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովումը վերապահվել է ՀՀ Ոստիկանությանն ու ՀՀ Պաշտպանության նախարարությանը: Որպեսզի ակնհայտ դառնա այն իրողությունը, որ արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովումը պաշտպանության նախարարությանը վերապահելով` ներգրավվել են ՀՀ Զինված ուժերը, վկայակոչենք 2008թ. մարտի 1-ի դրությամբ գործող Պաշտպանության մասին ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասը: Զինված ուժերը ներառում են պաշտպանության նախարարության զորամասերի, զորախմբերի, զորամիավորումների, զինվորական կառավարման մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների, ռազմա-ուսումնական հաստատությունների ամբողջական համակարգը:
Վկայակոչված օրենքի դրույթը լիովին բավարար է եզրակացնելու համար, որ արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովումը ՀՀ պաշտպանության նախարարությանը վերապահելը նույնական է զինված ուժերին վերապահմանը: Իսկ ՙզինված ուժեր՚ ասվածը բանակն է:
Վերը վկայակոչված Սահմանադրական նորմերի համադրումից ու ուսումնասիրությունից միանշանակ հետևում է, որ ՀՀ նախագահի 01.03.2008թ. ՙԱրտակարգ դրություն հայտարարելու մասին՚ հրամանագրում որպես ղեկավարման իրավական հիմք նշված ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ կետը և 117-րդ հոդվածի 6-րդ կետը ՀՀ նախագահին ՀՀ զինված ուժերի կիրառման կամ գործադրման լիազորությամբ չեն օժտում:
ՀՀ Սահմանադրության համաձայն, զինված ուժերի գործադրման որոշում կարող էր ընդունվել միմիայն հանրապետության վրա անմիջական հարձակման կամ դրա անմիջական վտանգի առկայության, կամ` պատերազմ հայտարարվելու դեպքում, այն էլ` ռազմական դրություն հայտարարելու պարագայում (ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետ):
Ակնհայտ է, որ Արտակարգ դրություն հայտարարելիս զինված ուժերի կիրառման, գործադրման բոլոր սահմանադրական-իրավական հիմքերն իսպառ բացակայել են:
Հետևաբար, նախագահ Ռ. Քոչարյանը Արտակարգ դրություն հայտարարելու մասին 01.03.2008թ. հրամանագրով աներկբա դուրս է եկել Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներից, կատարել է գործողություններ, որոնց համար լիազորված չի եղել ոչ Սահմանադրությամբ, ոչ էլ օրենքներով: Արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագրով Երևան քաղաքում մտցրել է ռազմական դրությանը հատուկ սահմանափակումներ (տես` Ռազմական դրության մասին ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի է, ը, թ, ժ, ժէ կետերը), բանակը ներգրավել է ներքաղաքական գործընթացներում, կատարել է իշխանազանցություն, ինչը հանգեցրել է ծանր հետևանքների` առնվազն 10 մարդ է սպանվել, հարյուրավորները վիրավորվել են, ՀՀ քաղաքացիներին, կազմակերպություններին ու պետությանը պատճառվել է միլիոնավոր դրամների վնաս, ճնշվել ու խափանվել են հազարավոր ՀՀ քաղաքացիների Սահմանադրական իրավունքների ու ազատությունների խաղաղ իրականացումը:
Չնայած Հրամանագրի ընդունումից հետո իրավունքի ուժով գումարված ԱԺ հատուկ նիստի ընթացքում Հրամանագրին դեմ հանդես եկած մի շարք պատգամավորների, ներառյալ “Ժառանգություն” կուսակցության խմբակցության բոլոր պատգամավորների, ԱԺ հատուկ նիստին ներկա պատգամավորների մեծամասնությունը և հարցը ներկայացնող Արդարադատության նախարարը ՙչեն նկատել՚ ՀՀ Սահմանադրության նորմերի աղաղակող խախտումները: Եվ քանի որ միջոցառումների իրականացումը չեղյալ հայտարարելու մասին ԱԺ որոշման նախագիծ որևէ պատգամավոր չի ներկայացրել ԱԺ նախագահին (ԱԺ նախագահ Տ. Թորոսյանը ևս կարող էր դա անել), Ազգային ժողովի կանոնակարգ ՀՀ օրենքի 52-րդ և 92-րդ հոդվածների համաձայն, Արտակարգ դրություն հայտարարելու մասին ՀՀ նախագահի 01.03.2008թ. հրամանագիրը համարվել է հավանության արժանացած:
Ավելին, մարտի 2-ին ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստում ընդունվել է ԱԺ հայտարարություն, որում անհրաժեշտ և իրավաչափ է գնահատվել ՀՀ նախագահի Արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիրը:
Նկատենք, որ Արտակարգ դրություն հայտարարելու մասին 01.03.2008թ. ՀՀ նախագահի հրամանագիրը չի մանրամասնել զինված ուժերի և նրա ստորաբաժանումների օգտագործման նպատակները, խնդիրները, կարգը, պայմանները, եղանակները:
Ի կատարումն նախագահի նշված հրամանագրի` զինված ուժերի ստորաբաժանումների կիրառման դետալացված որոշումը, հավանաբար, կայացրել է կամ ՀՀ պաշտպանության նախարարը, կամ` ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը:
Փաստահավաք խմբի բոլոր փորձերը` ՀՀ պաշտպանության նախարարությունից ստանալ խնդրին առնչվող հրամաններ, քաղվածքներ, հրահանգներ, արդյունք չեն տվել:
Արտակարգ դրություն հայտարարելու մասին ՀՀ նախագահի հրամանագրի հակասահմանադրականության մասին Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ընդդիմադիր շարժումը բազմիցս ահազանգել է թե միջազգային կառույցներին, թե հայաստանյան հասարակությանը, սակայն զրկված էր այդ հրամանագրի սահմանադրականությունը վիճարկելու իրավական հնարավորություններից, լծակներից: Ուստի այդ խնդրանքով Հայ Ազգային Կոնգրեսի Կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանը 20.02.2009թ. գրությամբ դիմել է Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին` խնդրելով հրամանագրի սահմանադրության համապատասխանության հարցը վիճարկել Սահմանադրական դատարանում:
Մեր տրամադրության տակ են Մարդու իրավունքների պաշտպանի 16.03.2009թ. և 20.04.2009թ. գրությունները` ուղղված ՀԱԿ Կենտրոնական գրասենյակի համակարգող Լ. Զուրաբյանին, ըստ որոնց` Ա. Հարությունյանը մերժում է Արտակարգ դրություն հայտարարելու մասին ՀՀ նախագահի հրամանագիրը ՀՀ Սահմանադրական դատարանում վիճարկելու խնդրանքը:
Գ. Բանակի մասնակցությունը հետընտրական գործընթացներին` մինչ Արտակարգ դրություն հայտարարելու մասին 01.03.2008թ. ՀՀնախագահի հրամանագիրը
Մեր տրամադրության տակ բազմաթիվ փաստաթղթեր, լուսանկարներ, տեսաձայնագրություններ և այլ ապացույցներ կան, որոնք հիմք են տալիս պնդելու, որ մինչ Արտակարգ դրություն հայտարարելու մասին 01.03.2008թ. ՀՀ նախագահի հրամանագիրը, ՀՀ զինված ուժերի կառավարման մարմիներն ու ստորաբաժանումները արդեն իսկ նախապատրաստված ու ներգրավված են եղել հետընտրական քաղաքական զարգացումներին ու նաև մարտի 1-ի ցերեկվա ու երեկոյան իրադարձություններին:
2008թ. փետրվարի 23-ին ՌԴ սահմանապահ զորքերի, ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչները այցելել են Երևանի Հաղթանակ զբոսայգի ու ծաղիկներ դրել Անհայտ զինվորի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Ի պատասխան լրագրողի հարցի` ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը մասնավորապես ասել է. ՙԲանակը չի զբաղվում քաղաքականությամբ և կատարում է իր առջև դրված խնդիրներն ու առաջադրանքները՚:
Սակայն, հետագայում բացահայտվեց, որ ՀՀ պաշտպանության նախարարը հենց այդ նույն օրը` 23.02.2008թ.-ին ստորագրել է հույժ գաղտնի 0038 հրամանը (հրամանի քաղվածքը հրապարակվել է մամուլում): Այս հրամանի ի հայտ գալու կապակցությամբ 2010 թ. մայիսի 4-ին Պաշտպանության նախարարության կապիտալ շիանարարության վարչության նախկին պետ, գնդապետ Արմեն Սարգսյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման, իսկ նույն վարչության ինֆորմացիոն խմբի ղեկավար Լյուսյա Այվազյանը` 1 տարվա ազատազրկման:
Ըստ այդ հրամանի, Սահմանադրական պարտականությունների կատարումը ՀՀ զինված ուժերի կողմից ապահովելու նպատակով, ՀՀ զինված ուժերի ողջ անձնակազմը փետրվարի 23-ին, ժամը 18.00-ից տեղափոխվել է զորանոցային վիճակի, ՊՆ կենտրոնական ապարատի վարչություններում, առանձին բաժիններում ստեղծվել են սպայական խմբեր, որոնց զինել են տաբելային զենքերով:
Երևանի կայազորի պետ, պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Յու. Խաչատուրովի հետագա գործունեության ապահովման նպատակով ստեղծվել է կայազորի պետի վարչակազմ: Կայազորի պետ Յու. Խաչատուրովի տեղակալներ են նշանակվել ՀՀ զինվորական կոմիսարը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալը, ՀՀ ԶՈՒ հետախուզության վարչության պետը, անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետի տեղակալը, ՀՀ ԶՈՒ թիկունքի վարչության պետը, ՀՀ ՊՆ սպառազինության վարչության պետը: Կայազորի պետի օգնականներ են նշանակվել ՀՀ ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության ռեժիմի վարչության պետի տեղակալը, իրավական աշխատանքների գծով ՀՀ ՊՆ վարչական ապարատի իրավաբանական վարչության պետը: Կայազորի կապի պետ է նշանակվել ՀՀ ԶՈՒ ԳՇ կապի և ԱԿՆ-ի վարչության պետի տեղակալը, կայազորի բժշկական ծառայության պետ` ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետը:
Երևանի կայազորի պետի աշխատավայրը սահմանվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի մասնաշենքում:
Նույն հրամանով ՀՀ ՊՆ ԿՇ և ԶԲ վարչության պետին հանձնարարվում է.
ըստ զորամիավորումների հայտերի կամ Երևանի կայազորի պետի ցուցումի` տրամադրել ստեղծվող (ժամանող) ստորաբաժանումներին անհրաժեշտ նյութական միջոցներ` ապահովելով նորմալ կենցաղային պայմաններ:
Որպես հրամանի հասցեատերեր նշվում են ՀՀ պաշտպանության նախարարի, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալները, ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ վարչությունների, առանձին բաժինների պետերը, ՀՀ զինվորական կոմիսարը, պաշտպանության բանակի բանակային կորպուսների, զորամասերի հրամանատարները, Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետը:
Հրամանի 14 կետերից կատարված քաղվածքը բաղկացած է միայն 3 կետից` համապատասխան ենթակետերով:
Մեզ օգնելու նպատակով հրավիրված զինվորական մասնագետների աջակցությամբ, հրամանի հրապարակված կետերի ուսումնասիրությունից ու վերլուծությունից հանգել ենք մի շարք եզրակացությունների.
ա. Նախ, ինչպես հայտնի է, փետրվարի 23-ին Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակում չի իրականացվել, չի արձանագրվել նաև զինված հարձակման անմիջական վտանգ, առավել ևս` որևէ պետություն Հայաստանին պատերազմ չէր հայտարարել: Ավելին, երկրում ռազմական դրություն հայտարարված չէր: Ուստի ՀՀ պաշտպանության նախարարի զինվորական կառավարման նոր կառույցի ձևավորման, ստորաբաժանումների տեղաշարժի որևէ հրաման չէր կարող հիմնավորվել ՙՍահմանադրական պարտականությունների կատարումը ՀՀ զինված ուժերի կողմից ապահովելու նպատակով՚ ձևակերպմամբ:
բ. ՊՆ թիվ 0038 հրամանը բացարձակ հակասահմանադրական, հակաօրինական է, որով պաշտպանության նախարարն ինքնագլուխ իրավունք է վերապահել ինքն իրեն` Երևանում ձևավորել զինվորական կառավարման նոր մարմին, որին ենթարկեցրել է ՊՆ-ի և ԶՈւ ԳՇ-ի գրեթե բոլոր կարևորագույն վարչություններն ու բաժինները, ընդունել է զինված ուժերի ստորաբաժանումների կիրառման որոշում: Պատահական չէ, որ հրամանում վկայակոչված չէ ոչ սահմանադրության, ոչ էլ Պաշտպանության մասին ՀՀ օրենքի որևէ նորմ կամ դրույթ:
գ. Պնդում ենք, որ այս հրամանի և ԶՈՒ ստորաբաժանումների տեղաշարժի մասին ՀՀ նախագահը չէր կարող անտեղյակ լինել: Առավել հավանական է, որ այդ հրամանն արձակվել է նրա բանավոր կարգադրության հիման վրա: Կարծում ենք, որ Ռ. Քոչարյանի մոտ այդ հրամանի գաղափարը հասունացել է փետրվարի 23-ին` բարձրագույն զինվորական կազմի մասնակցությամբ կայացած խորհրդակցության ժամանակ, ինչի մասին տեղեկացրել է պաշտոնական լրատվությունը:
դ. Հրամանի մեջ զինված ուժերի ստորաբաժանումների վերաբերյալ օգտագործված է 2 ձևակերպում կամ հասկացություն՝ ՙստեղծվող՚ և ՙժամանող՚: Սա կարող է նշանակել միայն մեկ բան. ՀՀ ԶՈՒ որոշ ստորաբաժանումներ, ըստ 0038 հրամանի (հատուկ նշանակության, պայմանագրային, ռազմական տեխնիկայի և այլն), Երևան են տեղափոխվել առանց կառուցվածքային փոփոխություններ կրելու: Մնացած զորամիավորումներին ու զորամասերին հրամայված է եղել պահանջված քվոտայի շրջանակներում անձնակազմից ձևավորել, ՙստեղծել՚ նոր ստորաբաժանումներ ու խմբեր, այնուհետև` գործուղել Երևան:
ե. Հավանաբար, ՊՆ 0038 հրամանով Երևան ժամանած ստորաբաժանումների սպառազինության, հանդերձանքի, սննդի և այլ հարցերով համապատասխան հանձնարարականներ են տրվել թիկունքի, սպառազինության վարչություններին, քանի որ ԿՇ և ԶԲ վարչության համանման հանձնարարականն առկա է եղել հրամանի քաղվածքում:
Հիշեցնենք. 0038 հրամանը ստորագրելու ժամանակ` 2008թ. փետրվարի 23-ին, Երևանի Ազատության հրապարակում 3 օր շարունակ ընթանում էին բազմահազարանոց խաղաղ հանրահավաքներ, որոնց մասնակիցները պահանջում էին քվեարկության արդյունքների վերահաշվարկ կատարել:
Փաստորեն, մինչև ՀՀ նախագահի 01.03.2008թ. ՙԱրտակարգ դրություն հայտարարելու մասին՚ հակասահմանադրական հրամանագրի ընդունումը, ՀՀ պաշտպանության նախարարի վերը նշված ապօրինի հրամանով` բանակն արդեն կազմ ու պատրաստ ներգրավված էր քաղաքական իրադարձություններին: Զինված ուժերի բազմաթիվ ստորաբաժանումներ դուրս էին բերվել տեղակայման հիմնական վայրերից և տեղափոխվել մայրաքաղաք կամ հարակից բնակավայրեր: Սահմանային զորամիավորումներից ստեղծվել-կազմավորվել էին առանձին ստորաբաժանումներ ու խմբեր, տեղափոխվել ու տեղակայվել Երևանում կամ նրա մերձակայքում (Չարբախի զորահավաքակայան, բանակի սպորտային բազա, Բալահովիտի զորամաս և այլն):
Փաստահավաք խումբ հրավիրված ու հարցաքննված, այդ ժամանակահատվածում ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը, իրեն ուղղված բազմաթիվ հարցերին ի պատասխան, համառորեն հերքում է փետրվարի 23-ի իր 0038 հրամանի գոյությունը ու պնդում, թե մինչև ՙԱրտակարգ դրություն հայտարարելու մասին՚ ՀՀ նախագահի հրամանագրի ստորագրումը` ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները որևէ գործողության չեն մասնակցել ու որևէ դերակատարում չեն ունեցել: Խմբի անդամ Ա. Քոչարյանի հարցին. ՙՍահմանադրությամբ բանակի օգտագործումը ներքին կյանքին` կարելի՞ է, թե ոչ՚, նա պատախանում է. ՙԻհարկե` կարելի է՚: Երբ նրան հակադարձեցին, որ Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետը նման իրավունք չի նախատեսում, Հարությունյանը փորձում է արդարանալ, թե ստորագրվել էր ՙԱրտակարգ դրություն հայտարարելու մասին՚ ՀՀ նախագահի հրամանագիրը, և ինքը ղեկավարվել է այդ հրամանագրով:
Փաստահավաք խմբում պաշտպանության նախկին նախարարի պատասխանները վկայում են, որ նախարարի համար երկրի օրենքներից ու Սահմանադրությունից գերակա են նախագահի կարգադրություններն ու հրամանագրերը: Իրավական ակտերի օրինականությանը վերաբերող հարցերը նա խնդրեց ուղղել ՀՀ նախագահին, նույնիսկ տարակուսեց, թե ինչու են այդ հարցերն իրեն ուղղում:
Մամուլում ՀՀ պաշտպանության նախարարի վերը նշված հրամանի քաղվածքի հրապարակումից հետո ՀՀ պաշտպանության նախարարությունը չհերքեց նման հրամանի առկայությունը` փորձելով պատճառաբանել այդ ամիսներին հայ-ադրբեջանական շփման գծում իրավիճակի լարմամբ: Իշխող Հանրապետական կուսակցության մի քանի ներկայացուցիչներ հրամանի գոյությունը փորձել են արդարացնել առավել զավեշտալի բացատրություններով` Երևանում քաղաքացիական պատերազմ կարող էր սկսվել, և բանակը պետք է պատրաստ լիներ դեպքերի նման զարգացմանը (Ռ. Զոհրաբյան), կամ` դա պետական, պաշտպանական գաղտնիքի է առնչվում, և դրա մասին իրենք չեն ցանկանում խոսել (Դ. Հարությունյան):
ՊՆ N0038 հրամանի օրինականությունն ու հիմնավորվածությունն, առավել մանրամասն, փորձել է փաստարկել ՀՀ նախկին նախագահ Ռ. Քոչարյանը` իր մամուլի խոսնակի միջոցով: ՙՄեդիամաքս՚ գործակալությանը Վիկտոր Սողոմոնյանը հայտնել է հետևյալը (մեջբերում ենք բառացի). ՙՊաշտպանության նախարարի գործողությունները պետք է դիտարկել Հայաստանի անվտանգության և տարածքային ամբողջականության այն իրական սպառնալիքների համատեքստում, որոնք առկա էին 2008թ. հունվար-փետրվար ամիսներին: Ադրբեջանի ագրեսիվ ելույթներն ու զինված ուժերի շփման գծի օպերատիվ իրավիճակը խոսում էին Հայաստանում ստեղծված ներքին քաղաքական իրավիճակից Ադրբեջանի օգտվելու պատրաստակամության մասին՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի ռազմական լուծման նպատակով: Բառացիորեն մի քանի օր հետո (4 մարտի 2008թ.) ԼՂՀ Մարտակերտի շրջանի Լևոնարխ գյուղի մոտ տեղի ունեցած լրջագույն միջադեպը, որը, դատելով հակառակորդի գործողությունների ծավալներից ու բնույթից, կարող էր վերածվել լայնածավալ ռազմական հակամարտության, ապացուցում է նախարարի գործողությունների համարժեքությունը՚: Այնուհետև, մատնելով ինքն իրեն, շարունակում է. ՙՄեր ջանքերն այդ ժամանակ ուղղված էին բանակը քաղաքական գործընթացներից հեռացնելուն, որի մեջ նրան ներքաշում էր ընդդիմությունը, և իշխանության փոփոխության ժամանակահատվածում նրա ուժերը երկրի անվտանգության ապահովման վրա կենտրոնացնելուն: Պետք է չափազանց անտեղյակ կամ չափազանց կողմնակալ լինել, որպեսզի չհասկանալ այդ ժամանակահատվածի ակնհայտ իրականությունը՚:
Մեր ուսումնասիրություններին աջակցած զինվորական մասնագետները պնդում են, որ հակառակորդի հետ շփման գծում իրավիճակը սրվելու դեպքում պաշտպանության նախարարության ու զինված ուժերի գլխավոր շտաբի գործողություններն ու հրամանները միանշանակ պետք է միտված լինեին մարտական հերթապահություն կրող զորամասերի ու սահմանային պաշտպանական շրջանների ուժեղացմանն ու ամրացմանը թե’ զինտեխնիկայով ու անձնակազմով, թե’ զինվորական կառավարման կենտրոնական ապարատից՝ ՊՆ-ից ու ԳՇ-ից սահմանային զորամասեր բարձրաստիճան զինվորականներ գործուղելով: Ընդ որում, ըստ նրանց պնդումների, ՀՀ պաշտպանության նախարարությունը նման կերպ է վարվել անցած 15 տարիներին` սահմանային իրավիճակի յուրաքանչյուր լարման դեպքում: Մինչդեռ 23.02.2008թ. ՊՆ 0038 հրամանի տրամաբանությունը լիովին հակառակն է՝ Երևան են բերվում զինված ուժերի ստորաբաժանումներ, զինտեխնիկա և սահմանային զորամիավորումներից ժամանակավորապես կազմավորված հատուկ խմբեր ու ստորաբաժանումներ, ինչը ոչ մի պարագայում չէր կարող պայմանավորված լինել ու բացատրվել հակառակորդի հետ շփման գծում իրավիճակի լարմամբ:
Վերը շարադրվածից 23.02.2008թ. ՊՆ 0038 հրամանի քաղաքական ենթատեքստը առավել քան ակնհայտ է, եթե հավելենք, որ փետրվարի 23-ին, արդեն 3 օր շարունակ, Երևանի Ազատության հրապարակում ընտրության արդյունքները վիճարկող հարյուր հազարավոր ՀՀ քաղաքացիների խաղաղ հանրահավաքներ էին ընթանում: Քաղաքական ընդդիմության հիմնական պահանջը նախագահական ընտրությունների կեղծված արդյունքների վերահաշվարկն էր:
2008թ. փետրվարի նախագահական ընտրություններից հետո ներքաղաքական գործընթացներում բանակի ապօրինի ներգրավման վերաբերյալ բացահայտումներն ու ահազանգները մնացին անարձագանք թե’ ՀՀ իրավապահ մարմինների, թե’ մարտյան դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի կողմից: Ուստի խիստ կարևոր ենք համարում Եվրոպական կառույցների կողմից խնդրի արծարծումը` որպես ԵԽԽՎ թիվ 1609 բանաձևի ՙ2008թ. մարտի 1-ի իրադարձությունների անկախ, թափանցիկ և վստահելի քննություն անցկացնելու՚ պահանջի կատարմանը նպաստող հանգամանք:
ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում նախապատրաստվել և դրվել է շրջանառության մեջ ՙԲանակի ներգրավումը 2008թ. մարտի հայաստանյան իրադարձություններին՚ վերնագրով բանաձևի նախագիծ: Փաստաթղթի հեղինակը ԵԽԽՎ-ում շվեդական պատվիրակության ղեկավար Գորան Լինդբլադն է: Փաստաթուղթը ստորագրել են ևս 20 պատգամավորներ: Սույն բանաձևը ՀՀ իշխանություններից պահանջում է անհապաղ բացահայտել 2008թ. մարտյան իրադարձություններում բանակի ներգրավման մասին ամբողջ տեղեկատվությունը, թափանցիկ հետաքննություն անցկացնել հետընտրական իրադարձություններում բանակի ներգրավման վերաբերյալ, անհատական պատասխանատվության ենթարկել այս իրադարձություններում բանակի ներգրավման համար պատասխանատու բոլոր պաշտոնյաներին:
Որ մինչև Արտակարգ դրություն հայտարարելու մասին ՀՀ նախագահի հակասահմանադրական հրամանագրի հրապարակումը, բանակն արդեն ներգրավված էր ու մասնակցում էր ներքաղաքական գործընթացներին, վկայում են մի շարք փաստեր.
ա. Մարտի 1-ին, ժամը 16.09-ին ՊՆ ստորաբաժանումներն իրենց տեխնիկայով տեղակայվում են Հանրապետության հրապարակում: Առկա են փաստը հաստատող տեսաժապավեն ու լուսանկար:
բ. Մարտի 1-ին, ժամը 16.11-ին ՊՆ համազգեստներով բանակի ստորաբաժանումները Տիգրան Մեծ փողոցի վրա գտնվող շուկայի դիմաց են տեղակայված: Առկա են փաստը հաստատող տեսաժապավեն ու լուսանկար:
գ. Մարտի 1-ին, ժամը 16.27-ին Մելիք-Ադամյան փողոցում բանակի ստորաբաժանումները զինվում են ինքնաձիգներով: Երևանի կայազորի պետ, գեներալ-լեյտենանտ Յուրի Խաչատուրովի ծառայողկան ավտոմեքենան նույնպես այդտեղ է: Առկա են փաստը հաստատող տեսաժապավեն ու լուսանկար:
դ. Մարտի 1-ին, ժամը 18.14-ին Հանրապետության հրապարակ են բերվում ՊՆ նոր ստորաբաժանումներ՝ ավտոտեխնիկայով: Վկայակոչվածը հաստատվում է տեսաժապավեններով և լուսանկարներով:
Մինչդեռ փաստահավաք խմբի ղեկավար Վ. Ստեփանյանի 14.11.2008թ. հետևյալ հարցմանը. ՙՊաշտպանության նախարարության ի՞նչ ստորաբաժանումներ են մասնակցել 2008թ. մարտի 1-2-ի իրադարձություններին, ի՞նչ հատուկ միջոցներ և ի՞նչ զենք են ունեցել իրենց տրամադրության տակ, ո՞ր ժամին են ստորաբաժանումներն իրականացրել իրենց ծառայությունը՚, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յու. Խաչատուրովն իր 21.11.2008թ. N689/ԳՇ գրությամբ պատասխանում է. ՙ2008թ. մարտի 1-2-ի իրադարձություններին ՀՀ պաշտպանության նախարարության ոչ մի ստորաբաժանում չի մասնակցել՚, և որ` արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագրի արձակումից հետո ՙՊաշտպանության նախարարի կողմից արձակվել է համապատասխան հրաման և հաստատվել է հրահանգ` արտակարգ դրության պայմաններում բնակավայրերում տարվող պարեկապահակակետային ծառայության վերաբերյալ, որի նպատակն է եղել երկրում սահմանադրական կարգի պահպանումը, բնակավայրերում հասարակական կարգ ու կանոնի հաստատումը, պետական կարևորագույն օբյեկտների պահպանությունը և արտակարգ դրության պահանջների կատարումը: Պարեկապահակակետային վերակարգում ծառայության ընդգրկված անձնակազմը առաջնորդվել է ՀՀ օրենքներով, համազորային կանոնադրությունների և ՀՀ պաշտպանության նախարարի հրահանգի պահանջներով, զինվել է անհրաժեշտ հաստիքահաշվեցուցակային զենքով: Արտակարգ դրության ավարտից հետո նշված անձնակազմը, կցագրված հաստիքահաշվեցուցակային զենքով հանդերձ, վերադարձվել է մշտական տեղակայման վայրեր՚:
Այս պատասխանի մեջ զարմանալին այն չէ, որ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը փորձել է հերքել մարտի 1-2-ի դեպքերին բանակի մասնակցության ակնհայտ փաստերը, այլ այն, թե ինչպես է պնդում բանակի մասնակցությունը երկրում սահմանադրական կարգի, բնակավայրերում հասարակական կարգ ու կանոնի հաստատման մասին, ինչով իսկ ուղղակիորեն հերքում է ինքն իրեն` հայտարարելով, որ մարտի 1-2-ի իրադարձություններին բանակի ոչ մի ստորաբաժանում չի մասնակցել:
Սույն պատասխանով զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հաստատում է, որ բանակի ստորաբաժանումները մասնակցել են ՀՀ Սահմանադրությամբ, ՙՊաշտպանության մասին՚ ՀՀ օրենքով, այլ օրենքներով չնախատեսված, հետևաբար` զինված ուժերի ու բանակի համար հակասահմանադրական ու հակաօրինական խնդիրների՝ սահմանադրական կարգի, հասարակական կարգ ու կանոնի պահպանմանը:
Դ. Հատուկ ուշադրության է արժանի մինչև արտակարգ դրությանհայտարարումը պաշտպանության նախարարությանավտոտրանսպորտով զինվորական անձնակազմի տեղաշարժիպաշտոնական վարկածի ուսումնասիրությունը
Փաստահավաք խումբը ձեռք է բերել տասնյակ ապացույցներ, որոնք միանշանակ վկայում են, որ 2008թ. մարտի 1-ի առավոտյան, կեսօրին ու երեկոյան, մինչև արտակարգ դրության հայտարարումը, ՊՆ համարանիշներով բեռնատար ավտոմեքենաները զինվորական անձնակազմով տեղակայված են եղել Երևանի տարբեր մասերում:
Փաստահավաք խմբի 26.11.2008թ. հարցմանն ի պատասխան, ՀՀ Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Ա.Սարգսյանը 18.12.2008թ. գրությամբ պատասխանել է. ՙՄարտի 1-ի առավոտյան տեղի ունեցած իրադարձություններից ելնելով… անհրաժեշտություն է առաջացել ներգրավել ոստիկանության լրացուցիչ ուժեր, որոնց տեղաբաշխումը օպերատիվորեն իրականացնելու նպատակով, ՀՀ Ոստիկանության պետ Հ. Հարությունյանի խնդրանքով, ՀՀ պաշտպանության նախարարության կողմից տրամադրվել են անձնակազմ տեղափոխելու համար նախատեսված ավտոտրանսպորտային միջոցներ՝ իրենց վարորդներով՚:
Փաստահավաք խմբի 15.12.2008թ. հարցմանն ի պատասխան, 30.12.2008թ. գրությամբ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Յու. Խաչատուրովը հաստատել է, որ մարտի 1-ին ՀՀ Ոստիկանության պետի բանավոր խնդրանքի հիման վրա, ՀՀ պաշտպանության նախարարի բանավոր կարգադրությամբ, ՀՀ ՊՆ տարբեր ստորաբաժանումներից 35 միավոր բեռնատար և 15 միավոր ավտոբուս է տրամադրվել ՀՀ Ոստիկանությանը:
ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը փաստահավաք խմբի ղեկավար Վ. Ստեփանյանին ուղղված իր 21.11.2008թ. գրությամբ պնդում է, որ 2008թ. մարտի 1-2-ի իրադարձություններին ՀՀ պաշտպանության նախարարության որևէ ստորաբաժանում չի մասնակցել. ՙՀՀ նախագահի 01.03.2008թ. NՆՀ-35-ն հրամանագիրը արձակվելուց հետո, ըստ որի` արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովումը վերապահվել էր նաև ՀՀ պաշտպանության նախարարությանը, ՀՀ պաշտպանության նախարարի կողմից արձակվել է համապատասխան հրաման և հաստատվել է հրահանգ արտակարգ դրության պայմաններում, բնակավայրերում տարվող պարեկապահակակետային ծառայության վերաբերյալ, որի նպատակն է եղել երկրում սահմանադրական կարգի պահպանումը, բնակավայրերում հասարակական կարգի ու կանոնի հաստատումը, պետական կարևորագույն օբյեկտների պահպանությունը և արտակարգ դրության պահանջների կատարումը՚:
Այժմ, երբ ՀՀ կառավարության շենքի մոտ, Մելիք-Ադամյան փողոցի վրա, Հանրապետության հրապարակում, Տիգրան Մեծ փողոցի վրա գտնվող շուկայի դիմաց և մի շարք այլ վայրերում մարտի 1-ի կեսօրին և երեկոյան տեղակայված ՊՆ համարանիշներով ավտոմեքենաներն ու ՊՆ անձնակազմի առկայությունը հաստատող փաստերն անառարկելի են, իշխանությունները ինչպե՞ս պետք է հերքեին բանակային տեխնիկայի ու ստորաբաժանումների առկայության հանգամանքը: ՙՀիմնավորումը՚ սա է. ՀՀ Ոստիկանությունը ավտոտրանսպորտ է խնդրել պաշտպանության նախարարությունից, նրանք էլ տրամադրել են (մարտի 1-ի առավոտյան): Իսկ բանակային ստորաբաժանումների անձնակազմի քողարկման խնդիրը ավելի դյուրին է, քանի որ նրանք նույնպես կրում են ներքին զորքերի զինծառայողների նման դաշտային համազգեստ: Սակայն ՊՆ զինծառայողների դաշտային համազգեստի վրա առկա է ՊՆ-ի համապատասխան տարբերանշան, որն ակնհայտորեն երևում է բազմաթիվ տեսաերիզներում և լուսանկարների վրա:
Ինչ փաստերի վերլուծությունից ենք հանգում նման եզրակացության.
առաջին. ՀՀ ոստիկանապետը պաշտպանության նախարարից 50 միավոր (ըստ իրենց հայտնած թվերի) ավտոտեխնիկա է խնդրում բանավոր, այն էլ` մարտի 1-ի առավոտյան դեպքերից հետո:
երկրորդ. Պաշտպանության նախարարը նույնպես բանավոր է հանձնարարում ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին (սա փաստահավաք խմբում հարցաքննված, այդ ժամանակահատվածի նախարար Միքայել Հարությունյանի պնդումն է):
երրորդ. Գլխավոր շտաբի պետ Ս.Օհանյանը ևս բանավոր հրամանով է լուծել խնդիրը, մինչդեռ ակնհայտ է, որ բանավոր հրամանով կամ հանձնարարականով հնարավոր չէր կարգավորել այդ քանակի տրանսպորտային միջոցների հատկացումը տարբեր զորամասերից ու զորամիավորումներից, այն էլ` տարբեր չափաքանակներով ու տեսականիով:
չորրորդ. Փաստահավաք խմբի մի շարք հարցումներին ՊՆ-ից ոչ մի որոշակի պատասխան չի տրվել, թե որ զորամասերից և ինչ քանակի ավտոտրանսպորտ է հատկացվել ոստիկանությանը:
հինգերորդ. Փաստահավաք խումբը հարցաքննել է մեկ տասնյակից ավելի ՆԶ սպաների ու զինվորների (երեք հիմնական զորամասերից), և նրանցից ոչ ոք չի հաստատել, թե իրենք կամ իրենց ստորաբաժանումները մարտի 1-ին օգտվել են ՊՆ ավտոտեխնիկայից: Բոլորը միաբերան պնդել են, որ իրենց ստորաբաժանումները տեղափոխվել են հենց իրենց զորամասերի ավտոտեխնիկայով:
վեցերորդ. ՀՀ ոստիկանապետը, փաստահավաք խմբի 26.01.2009թ. հարցմանն ու դրան կից ուղարկված տեսաերիզներին ի պատասխան, հայտնել է, որ տեսաերիզում ՀՀ ՊՆ 84682 զորամասի պայմանագրային զինծառայող Արթուր Անդրեասյանի թիկունքում կանգնած զինվորական համազգեստով ու ինքնաձիգներով զինված մարդիկ կառավարության շենքի պահպանությունն ուժեղացնելու նպատակով Մելիք-Ադամյան փողոցում տեղակայված ՀՀ Ոստիկանության ՆԶ 1033 զորամասի զինծառայողներն են, մինչդեռ թիվ 1033 զորամասի հրամանատար, գնդապետ Արսեն Գալստյանը, զորամասի հրամանատարի առաջին տեղակալ, շտաբի պետ Արմեն Անտոնյանը, նախկինում զորամասի վաշտի հրամանատար, կապիտան Շահինյանը Փաստահավաք խմբում հարցման ժամանակ հայտնել են, որ 1033 զորամասը այդ օրը Մելիք-Ադամյան փողոցում չի եղել:
յոթերորդ. ՀՀ ԱԱԾ տնօրեն Գ. Հակոբյանը իր 18.11.2008թ. և 05.03.2009թ. գրություններով հերքել է Մելիք-Ադամյան փողոցում մարտի 1-ին գտնվող զինծառայողների ԱԱԾ-ին պատկանելությունը և Փաստահավաք խմբին խորհուրդ է տվել դիմել ՀՀ Ոստիկանություն:
Այսպիսով, մարտի 1-ի կեսօրին կառավարության հարակից Մելիք-Ադամյան փողոցում տեղակայված են եղել զինվորական ստորաբաժանում ու ՊՆ համարանիշներով առնվազն 6 ավտոմեքենա (ՊՆ թիվ 84682 զորամասի պայմանագրային զինծառայող Արթուր Անդրեասյանն այս թիվն է հայտնել Փաստահավաք խմբի անդամների հարցերին ի պատասխան), և չկա որևէ գերատեսչություն, որն ընդունի ստորաբաժանման ենթակայությունը:
Ե. ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող Արթուր ՄաթևոսիԱնդրեասյանի` մարտի 1-ին Մելիք–Ադամյան փողոցում հայտնվելուհանգամանքների ուսումնասիրությունը
Եթե վերը շարադրված փաստերին ավելացնենք նաև ՊՆ թիվ 84682 զորամասի պայմանագրային զինծառայող Արթուր Անդրեասյանի` մարտի 1-ին Մելիք-Ադամյան փողոցում ինքնաձիգով զինվելու տեսաերիզի պաշտոնական մեկնաբանման խիստ հետաքրքրաշարժ դրվագները, կարծում ենք` գրեթե հարցականներ չեն մնա:
Չխորանալով ՊՆ ղեկավարության, ՀՀ Ոստիկանության, ԱԱԾ-ի հետ սույն զինծառայողի վերաբերյալ Փաստահավաք խմբի վարած գրագրության մանրամասների մեջ, փորձենք համառոտ ու ամփոփ արձանագրել, թե ինչ է բացահայտվել:
Ըստ պաշտոնական վարկածի, Արթուր Մաթևոսի Անդրեասյանը ՀՀ ՊՆ թիվ 84682 զորամասի պայմանագրային զինծառայող վարորդ է և 2008թ. մարտի 1-ի առավոտյան իրեն ամրակցված Ուրալ-375/236 27-67 Տ ՊՆ համարանիշի ավտոմեքենայով գլխավորել է Երևան մտնող ավտոշարասյունը` մեքենայի ավագ, փոխգնդապետ Վահան Սեդրակյանի ուղեկցությամբ: Առանց անձնակազմի շարասյունը գործուղված էր ՀՀ Ոստիկանության տրամադրության տակ: Շարասյունը հասնում է Երևան մարտի 1-ին, ժամը 13.00-14.00 ժամանակահատվածում և տեղակայվում Մելիք-Ադամյան փողոցին հարող հրապարակում` Կառավարության շենքի հետնամասում: Արթուր Անդրեասյանի ինքնաձիգով զինվելու, այնուհետև բաճկոնը վրայից հագնելու տեսաերիզում արտացոլված դրվագը պատճառաբանվում է հետևյալ կերպ. մեքենայի ավագ, փոխգնդապետ Վահան Սեդրակյանը, որին ամրակցված է եղել ինքնաձիգը, ինչ-որ անձնական կարիքի համար կարճ ժամանակով հեռացել է շարասյունից, և ինքնաձիգը ի պահ է տվել վարորդին: Ինչպես նաև` մեքենայի ավագ փոխգնդապետից բացի, ավտոշարասյան ոչ մի վարորդ զինված չի եղել, Արթուր Անդրեասյանը` նույնպես: Պաշտոնական վարկածը սա է:
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Յու. Խաչատուրովը, ի պատասխան փաստահավաք խմբի 18.12.2008թ. գրության, իր 30.12.2008թ. գրությամբ փաստահավաք խմբի ղեկավար Վ. Ստեփանյանին է ուղարկում Արթուր Մաթևոսի Անդրեասյանի ծառայողական քարտի պատճենը՝ անձնական գործից վերցված տեղեկատվությամբ, որի ուսումնասիրությունից պարզվում է, որ Արթուր Անդրեասյանը ոչ թե ՊՆ թիվ 84682 զորամասի պայմանագրային վարորդ է, այլ նշված զորամասի ԿՍ-19 2-րդ հրետանային մարտկոցի 1-ին դասակի հրանոթի նշանառու: Ընդ որում, այդ պաշտոնին նշանակված է ՀՀ ՊՆ ԶՈւ գլխավոր շտաբի 25.05.2007թ. հրամանով: Ծառայողական քարտում այլ տվյալներ չկան:
Բնական է, որ այս տեղեկությունը փաստահավաք խմբում տարակուսանք առաջացրեց և հիմք տվեց մի քանի ենթադրությունների: Ուստի ստեղծված անբարենպաստ իրավիճակից դուրս գալու ելք գտնելու իշխանությունների փորձերի արձագանքը չուշացավ:
13.01.2009թ., ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը, ի լրումն 30.12.2008թ. գրության, հայցելով փաստահավաք խմբի ղեկավար Վ. Ստեփանյանի ներողամտությունը նախկին տեղեկատվության ոչ ամբողջական լինելու կապակցությամբ, տեղեկացնում է, որ ՀՀ ՊՆ 84682 զորամասի հրամանատար, գնդապետ Մ. Աբրահամյանի 28.12.2007թ. N20 հրամանով Արթուր Անդրեասյանի վրա է դրվել ԿՍ-19 հրետանային մարտկոցին պատկանող Ուրալ-375/236 ՊՆ 27-67 Տ համարանիշի ավտոմեքենայի շահագործումը` միաժամանակ դադարեցնելով նրա հիմնական պարտականությունների կատարումը, այսինքն` որպես նշանառու վերջինիս ծառայությունը:
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը նույն գրությամբ պարզաբանում է, որ նշված հրամանը չէր կարող հիմք հանդիսանալ զինծառայողի ծառայողական քարտում նշագրում կատարելու համար, քանի որ քարտում նշագրում կատարվում է բացառապես ԶՈւ ԳՇ պետի հրամանով նշանակումների դեպքում:
Այս պարագայում առնվազն մի քանի հարց է ծագում.
առաջին. Զորամասի հրամանատարն իրավասու՞ է ՀՀ ԶՈւ ԳՇ պետի հրամանով զինվորական պաշտոնի նշանակած մասնագետին իր հրամանով տեղափոխել այլ պաշտոնի: “Ըստ գործող կարգի` ո’չ” – կասի ցանկացած զինվորական փորձագետ:
երկրորդ. Եթե նույնիսկ, ծառայողական հույժ անհրաժեշտությունից ելնելով, նման հրաման է արձակվել, ապա ինչու՞ չի ուղարկվել ՀՀ ԶՈւ ԳՇ պետին` հետին ամսաթվով վավերացնելու կամ ձևակերպելու համար: Կամ` ինչու՞ այդ հրամանի մասին զորամասի հրամանատարը չի զեկուցել ՀՀ ԶՈւ ԳՇ պետին: Միմիայն մեկ պատճառով. զորամասի հրամանատարը նման հրաման չի արձակել, դա կատարվել է նշանառու-հրաձիգ Արթուր Անդրեասյանին վարորդ ներկայացնելու միտումով` հետին ամսաթվով:
երրորդ. Արթուր Անդրեասյանն ունե՞ր վարորդի փոքրիշատե փորձառություն, որը հիմք կտար վստահելու նրան բանակում խիստ պատասխանատու ԿՍ-19 հրանոթը քարշակող մեքենան: Նրա ծառայողական քարտից և փաստահավաք խմբում նրա պատասխաններից պարզվել է, որ նա երբեք վարորդ չի աշխատել: Այս հանգամանքը ևս չափազանց կասկածելի է դարձնում նրան վարորդ նշանակելու հրամանի իսկությունը:
չորրորդ. Գուցե վարորդի պաշտոնն ավելի շատ է վարձատրվում կամ պայմանագրային վարորդի աշխատանքային-ծառայողական զբաղվածությունը թեթև՞ է: Ոչ: Փաստահավաք խմբում, ըստ Արթուր Անդրեասյանի հայտարարության, իր աշխատավարձը նվազել է: Ավելին, լինելով Արմավիրի մարզի բնակիչ, վարորդի պաշտոնում կորցրել է նաև ամսական 2 շաբաթ մարտական հերթապահությունից հետո 2 շաբաթ տուն վերադառնալու և հանգստանալու իրավունքը, քանի որ պարտավոր է ամեն օր լինել Գեղարքունիքի մարզի Արդանիշ գյուղում, որտեղ տեղակայված է զորամասը: Հարց. արդյո՞ք Արթուր Անդրեասյանը կցանկանար, որ իր կարգավիճակը փոխվեր: Մեր զինվորական փորձագետների կարծիքով` ոչ, քանի որ զրկվել էր ոչ միայն ազատորեն Երևան կամ Էջմիածին գնալ-գալու հնարավորությունից, այլև վարելու էր ծանր բեռնատար ավտոմեքենա, որը նույնիսկ չէր կարող շահագործել իր հայեցողությամբ:
հինգերորդ. Իսկ թե ինչպես է փոխգնդապետ-ավագին ամրակցված ինքնաձիգը հայտնվել Արթուր Անդրեասյանի ուսին, զինծառայությունից քիչ թե շատ տեղյակ յուրաքանչյուր ոք միանշանակ կարող է հաստատել, որ հայկական բանակում բարձր կոչումով զինվորականը (այս դեպքում` փոխգնդապետ-մեքենայի ավագը), շարքային զինծառայողների ներկայության պարագայում ի’նքը չէր գնա ծխախոտ գնելու իր և իրեն ենթակա վարորդների համար (փաստահավաք խմբում Արթուր Անդրեասյանի պնդումն է), առավել ևս` իրեն ամրակցված ինքնաձիգը չէր վստահի շարքայինի: Այսպիսով, այս վարկածը ևս չափազանց կասկածելի է:
վեցերորդ. Ի պատասխան Փաստահավաք խմբի ղեկավար Վ. Ստեփանյանի 10.01.2009թ. և ի լրումն իրենց 18.12.2008թ. գրությունների, ՀՀ ոստիկանապետի տեղակալ Գ.Մհերյանը հայտնել է, որ ՀՀ ՊՆ թիվ 84682 զորամասի զինծառայող Արթուր Մաթևոսի Անդրեասյանը 2008թ. մարտի 1-ին, ժամը 13.00-ից մինչև մարտի 2-ի առավոտյան ժամը 6.00-ն, իր ՙԶիլ՚ մակնիշի ավտոմեքենայով գտնվել է ՀՀ ոստիկանության զորքերի 1033 զորամասի հրամանատար Ա. Գալստյանի տրամադրության տակ: Հարց է ծագում` ինչո՞ւ: Այնուհետև փոխոստիկանապետը շարունակում է. ՙՆշված ավտոմեքենան կայանված է եղել ՀՀ կառավարության շենքի մոտ, այնուհետև մարտի 2-ին, ժամը 6.00-ի սահմաններում Ա. Անդրեասյանը 1033 զորամասի զինծառայողներին տեղափոխել է իրենց զորամաս՚: Սա այն նույն զորամասն է, որի հրամանատարը, ինչպես արդեն նշել ենք, փաստահավաք խմբում հայտարարել է, որ այդ օրերին իրենք օգտվել են միմիայն իրենց զորամասի ավտոտրանսպորտից:
Կարծում ենք, մեկնաբանություններն ավելորդ են:
Փաստահավաք խմբի լուծարումից հետո մենք զրկվեցինք արձանագրած փաստերը ճշտելու հնարավորությունից, իսկ Աժ ժամանակավոր հանձնաժողովին փաստահավաք խմբի փոխանցած ողջ տեղեկատվությունը, նաև այս դրվագով, լռության մատնվեց: Իսկ հատուկ քննչական ծառայությունը բավարարվեց մակերեսային մեկ-երկու տվյալի հրապարակմամբ` չփորձելով նույնիսկ կասկածի տակ դնել մարտի 1-2-ի իրադարձություններին բանակի մասնակցության իշխանական վարկածը:
2-րդ բանակային զորամիավորման թիվ 84682 զորամասի պայմանագրային զինծառայող, ԿՍ-19 հրանոթի նշանառու Արթուր Մաթևոսի Անդրեասյանի` մարտի 1-2-ի իրադարձություններին որպես վարորդ մասնակցելու իշխանական վարկածի տապալումը ևս մեկ անվիճելի վկայություն է, որ բանակը, պաշտպանության նախարարի 23.02.2008թ. թիվ 0038 հրամանի և դեռևս մեզ անհայտ այլ հրամանների ու հրահանգների հիման վրա, ապօրինաբար, ոտնահարելով թե’ ՀՀ Սահմանադրությունը, թե’ գործող օրենքները, մարտի 1-ին, ավելին` մինչ ՙԱրտակարգ դրություն հայտարարելու մասին՚ ՀՀ նախագահի հակասահմանադրական հրամանագրի ընդունումը, ներգրավվել է քաղաքական գործընթացներում:
Զ. Բանակը զինվորական ծանր տեխնիկայով և անմիջականորենմասնակցել է 2008թ. հետընտրական գործընթացներին
Դրա մասին են վկայում մեր տրամադրության տակ գտնվող տեսանյութերը, որոնցում ֆիքսված են ծանր զինվորական տեխնիկայի առկայությունը և մուտքը Երևան` կրկին մինչև արտակարգ դրության հայտարարումը:
առաջին. Փաստահավաք խումբը Աժ ժամանակավոր հանձնաժողովին տեսանյութ է փոխանցվել, որտեղ հստակ երևում է, թե ինչպես են մարտի 1-ին, ժամը 16.00-ին Ռազմական ոստիկանության 2 БРДМ-ներ կայանել ՀՀ կառավարության դիմաց` Հանրապետության հրապարակում.
երկրորդ. Աժ ժամանակավոր հանձնաժողովին է փոխանցվել նաև Ռոյթեր գործակալության նկարահանած տեսանյութը, ըստ որի ակնհայտ է դառնում, որ մարտի 1-ին, ժամը 20.00-ին Երևան քաղաք է մուտք գործում БМП-2 մարտական մեքենաների շարասյունը: Զինվորական մասնագետների հաշվարկներով` այդ մեքենաները, իրենց մշտական տեղակայման վայրից՝ 3-րդ բանակային զորամիավորման ՙԴՈՒՑ՚ կոչվող զորամասից, ժամը 20.00-ին Երևանի մատույցներ հասնելու համար պետք է իրենց շարժը սկսեին առնվազն 8-9 ժամ առաջ, այսինքն` մարտի 1-ի առավոտյան ժամը 11.00-12.00-ին: БМП-2 մարտական մեքենաների համար ժամաքանակի նման հաշվարկը փաստահավաք խմբում հաստատել է նաև պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը:
Վկայակոչված փաստերը ի չիք են դարձնում ՀՀ իշխանությունների փորձերը` հերքելու բանակային ռազմական տեխնիկայի, ավտոտրանսպորտի ու անձնակազմի կիրառումը 2008թ. մարտի 1-ի իրադարձություններում` մինչ արտակարգ դրության հայտարարումը:
Փաստահավաք խմբի անդամներ՝
Անդրանիկ Քոչարյան
Սեդա Սաֆարյան
14 մայիսի, 2010թ.