Հարցուպատասխան Հայ Ազգային Կոնգրեսի մասին

1. Ի՞նչ է Հայ Ազգային Կոնգրեսը

«Հայ Ազգային Կոնգրես» անվանումը առաջին անգամ ստացել է 2008 թ. օգոստոսի 1-ին հռչակված քաղաքական ուժերի դաշինքը, որը միավորում էր 2008թ. նախագահական ընտրություններում ՀՀ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարած 18 ընդդիմադիր քաղաքական կուսակցություններին, ինչպես նաեւ համաժողովրդական շարժման մասնակից մի շարք այլ կազմակերպությունների եւ հազարավոր անհատների:

2013թ. նույն՝ Հայ Ազգային Կոնգրես անվանմամբ այն դարձավ կուսակցություն՝ երկու հիմնական բաղադրիչի՝ ա) Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) կուսակցության, բ) Համաժողովրդական շարժման մասնակից այլ կազմակերպությունների միաձուլմամբ։

2. Որո՞նք են Հայ Ազգային Կոնգրեսի գաղափարական հիմքերը եւ քաղաքական հավատամքը

Հայ Ազգային Կոնգրեսը որդեգրել է քաղաքական այն սկզբունքները եւ գործելակերպը, որը դրված է եղել 1988-1990թթ. Ղարաբաղյան կամ Հայկական ժողովրդավարական շարժման գործունեության հիմքում՝ արձանագրված Հայոց համազգային շարժման 1988թ. օգոստոսի 19-ին հրապարակված եւ 1989թ. նոյեմբերի 6-ին ընդունված Ծրագրում։ Նույն այդ գաղափարների եւ սկզբունքների հիման վրա է ընդունվել Հայաստանի անկախության հռչակագիրը, 1995թ. ընդունված ՀՀ առաջին Սահմանադրությունը։ Այդ հիմքով է վարվել 1990-1998թթ. իշխանության ներքին եւ արտաքին քաղաքականությունը՝ որպես արդյունք ունենալով ՀՀ անկախության ձեռքբերումը, Արցախի ազատագրումը եւ անվտանգության մեխանիզմների հաստատումը, Հայաստանի պետականության կառուցումը։ Այս ամենին գումարվել են նաեւ 2008 թվականից ծայր առած Համաժողովրդական շարժման քաղաքական ավանդները։

Ըստ այդմ՝ Կոնգրեսի քաղաքական հավատամքի բաղկացուցիչներն են.

Ա) Ժողովուրդն իր ազգային ծրագրերն իրագործելիս պետք է ապավինի իր ուժերին՝ հույս չդնելով ուրիշի հովանավորության վրա։ Հայ ժողովրդի քայլերը պետք է համաչափ լինեն իր ուժերին եւ հնարավորություններին։

Բ) Ձեւակերպված որեւէ քաղաքական խնդիր չպետք է հակասի երկրի Սահմանադրությանը եւ միջազգային իրավունքի նորմերին, ինչպես նաեւ ապահովված լինի լուծման համար անհրաժեշտ ռեսուրսներով։

Գ) Ազգը մեկընդմիշտ պետք է հրաժարվի իրեն այլ ազգերից եւ ժողովուրդներից գերադասելու մտայնությունից։ Ազգային սնապարծությունը չարիք է, որը զրկում է իրողությունները սթափ գնահատելու եւ մյուս ժողովուրդների հետ ռացիոնալ հենքի վրա հարաբերվելու ունակությունից։ Միեւնույն ժամանակ, ազգը չպետք է իրեն ստորադասի այլոց, տառապի թերարժեքության բարդույթով, պետք է կարողանա ճիշտ գնահատել սեփական դերն ու նշանակությունը ժողովուրդների համաշխարհային ընտանիքում։

Դ) Պետության եւ ժողովրդի առջեւ ծառացած հիմնախնդիրների լուծումը հնարավոր է, երբ դրանք հետապնդվում են որպես քաղաքական խնդիր՝ իրատես քաղաքականության հիմքի վրա։ Եւ ընդհակառակը, որեւէ խնդրի լուծում դառնում է անհնար, եթե այն տեղափոխվում է պատմական իրավունքի եւ գաղափարախոսության հարթություն, դարձվում գաղափարախոսական կանխադրույթ, արհամարհվում է իրատեսական մոտեցումը։

Ե) Պատմական փորձն անառարկելիորեն հաստատում է, որ հայ ժողովրդի պատմության արդի փուլում անհատի քաղաքական, տնտեսական եւ բոլոր այլ իրավունքների ապահովման, ինչպես նաեւ ազգային խնդիրների լուծման նախապայմանը ժողովրդի ազատությունն է, իսկ վերջինիս երաշխիքը՝ ազգային անկախ պետականությունը։

Զ) Բազմակուսակցական համակարգը, խոսքի, մամուլի, խղճի եւ այլ ազատությունները ինքնին անհրաժեշտ, սակայն բավարար պայմաններ չեն իրական ժողովրդավարության հաստատման համար։ Ժողովրդավարության հիմքը քաղաքացիների տնտեսական անկախությունն է, բարեկեցությունը, քանի որ տնտեսապես անկախ անհատն է, որ մանիպուլյացիաների առարկա չի դառնա տարբեր պետական ու քաղաքական կազմակերպությունների ձեռքին։

Է) Պատմականորեն ձեւավորված թյուրըմբռնում է ազգային եւ պետական շահերի տարբերության մասին պատկերացումը։ Անկախ պետականության պայմաններում ազգային գերագույն արժեքը սահմանադրությամբ օժտված, ժողովրդավար, ազատ, անկախ պետությունն է։ Պետության հոգածության առաջնային օբյեկտը նրա քաղաքացին է։ Ներքին թե արտաքին ասպարեզներում պետության հետապնդած յուրաքանչյուր խնդիր պետք է բխի Հայաստանի ժողովրդի եւ քաղաքացու շահերից ու սպասարկի նրա կարիքները։

Ը) Արտաքին վտանգներին համաչափ ռազմական կարողությունների եւ պաշտպանական մասնագիտացված կառույցների հզորացումը անկախ պետության առաջնային խնդիրն է, ինչը ժամանակակից աշխարհում պահանջում է տնտեսական համակարգի բարձր մակարդակ եւ ֆինանսատնտեսական մեծ ռեսուրսներ։ Ուստիեւ՝ որպես պետական անկախության անվտանգության երաշխիք, մեծանում է զարգացող եւ մրցունակ տնտեսության, սոցիալական արդարություն ապահովող համակարգերի, համաշխարհային եւ տարածաշրջանային կառույցներին, տնտեսական ծրագրերին ինտեգրվելու դերը։

Թ) Ազատությունը եւ սոցիալական արդարությունը փոխկապակցված են. ազատությունը կարող է պահպանվել այն հասարակություններում, որոնք ձգտում են սոցիալական արդարության։ Սոցիալական արդարությունը,  հնարավորությունների հավասարության սկզբունքի հիման վրա, ապահովում է մարդու ազատ եւ դյուրին անցման հնարավորությունը սոցիալական պակաս ապահով խմբից ավելի ապահովը։

Ժ) Հայաստանում հատուկ հոգածության առարկա պետք է լինի հայոց լեզուն՝ որպես ՀՀ պետական լեզու։ Հայկական մշակույթի զարգացման պայմանները պետք է բավարարեն մի կողմից՝ նրա ազգային նկարագրի եւ ինքնության պահպանմանը, մյուս կողմից՝ համաշխարհային մշակույթի նվաճումների յուրացմանը, ինչպես եղել է դարեր շարունակ։

3. Ի՞նչ ուղղության քաղաքական ուժ է Հայ Ազգային Կոնգրեսը

Որպես գաղափարախոսական ուղենիշ կուսակցությունը որդեգրել է սոցիալ-ազատականությունը։ Ազատականությունը եւ սոցիալական արդարությունը փոխկապակցված են եւ փոխլրացնում են միմյանց։ Հնարավոր չէ ունենալ ազատ հասարակություն՝ միաժամանակ չձգտելով սոցիալական արդարության, ինչպես հնարավոր չէ ապահովել արդարություն, երբ սահմանափակված են քաղաքացիական եւ տնտեսական ազատությունները։

4. Որո՞նք են պետականության այն հիմնադրույթները, որոնք դավանում է Կոնգրեսը

Ա) Պետության առաջնային խնդիրը երկրի զարգացման, իր քաղաքացիների անվտանգության, արժանապատիվ կյանքի, ազգային ինքնության պահպանման, ապագայի նկատմամբ անսասան հավատի ապահովումն է։ Այս դեպքում է, որ կարող է լուծվել ազգային անվտանգության եւ ազգի գոյատեւման ու զարգացման առումով ամենակարեւոր՝ ժողովրդագրության հարցը, կդադարի արտագաղթը, կաճի բնակչության թիվը, կհարատեւի ազգային կյանքը։

Բ) Ինչպես պատմական ցանկացած շրջափուլում, առավել եւս ներկա աշխարհում, պետության առաջնային խնդիրների լուծման լավագույն եւ անհրաժեշտ պայմանը խաղաղությունն է։

Գ) Միայն խաղաղ զարգացումը կարող է ապահովել տնտեսական առաջընթաց, միայն տնտեսական առաջընթացի վրա կարող է ապահովվել քաղաքացու արժանապատիվ կյանքը, ամրապնդվել երկրի պաշտպանական համակարգը՝ որպես նույն խաղաղության ապահովման երաշխիք։

Դ) Հայաստանը պետք է բարիդրացիական հարաբերություններ ունենա տարածաշրջանի երկրների եւ առաջին հերթին իր անմիջական հարեւանների հետ՝ այն դիտելով անվտանգության ապահովման համակարգի կարեւոր մի բաղադրիչ։

Ե) Քաղաքական խնդիրների ձեւակերպման հիմքում պետք է դրվեն իրական, հաշվարկելի ռեսուրսներ, իսկ քաղաքական գործելակերպի հիմքում՝ իրատեսական մոտեցում։ Բավարար ռեսուրսներով չապահովված որեւէ խնդիր պետության քաղաքական օրակարգի հարց հռչակելը արկածախնդրություն է՝ հղի կորուստների եւ աղետների սպառնալիքով։

5. Ինչպե՞ս է պատկերացնում Հայ Ազգային Կոնգրեսը Հայաստանի զարգացումը եւ ապագան

Հայաստանը պետք է զարգանա որպես ազգային պետություն՝ օժտված իրավականության, ժողովրդավարության, սոցիալական արդարության, մարդու իրավունքների ապահովման համապատասխան մեխանիզմներով։ Հարատեւ եւ հուսալի խաղաղությունն է այն առաջնային նախապայմանը, որը հնարավոր կդարձնի երկրի բնականոն զարգացումը եւ հզորացումը, նրա քաղաքացիների կենսամակարդակի բարձրացումը, արտագաղթի դադարեցումը, ներգաղթի ծավալումը։ Մենք տեսնում ենք ապագա Հայաստանը որպես տեխնոլոգիապես առաջադեմ եւ էկոլոգիապես մաքուր երկիր, որը գրավիչ է սեփական քաղաքացիների եւ այցելուների համար։

6. Ինչպիսի՞ն է Կոնգրեսի կառուցվածքը

Կուսակցության կառուցվածքային մարմիններն են՝

  1. Համագումարը,
  2. Կուսակցության նախագահը,
  3. Վարչությունը,
  4. Հանրապետական խորհուրդը,
  5. Տարածքային կազմակերպությունների ընդհանուր ժողովները,
  6. Տարածքային կազմակերպությունների խորհուրդները:

7. Ինչպե՞ս կարելի է անդամագրվել Կոնգրեսին

Կուսակցությանն անդամագրվելու համար պետք է դիմել տարածքային կազմակերպություններ կամ կուսակցության վարչություն։

Pin It on Pinterest