Արդյունաբերության զարգացման ծրագիր

Արդյունաբերության զարգացման ծրագիր

Հայ Ազգային Կոնգրես

 

(2012-2022 թթ.)

2012-2022 թթ. ՀՀ արդյունաբերության զարգացման հիմնական թիրախներն են լինելու.

– Արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալների ավելացում 2012-2022 թթ.՝ 2.6 անգամ, և ՀՆԱ կառուցվածքում արդյունաբերության տեսակարար կշռի բարձրացում՝ 2010թ. 31.8%–ից մինչև 35%-ի՝ 2022թ։ Այդ նույն ժամանակաշրջանում ՀՀ ՀՆԱ-ն կաճի 2.35 անգամ։

– 2022 թթ. արդյունաբերական արտադրանքի 8.3 մլրդ դոլարի (2010թ գներով՝ առանց հաշվի առնելու գնողունակության պարիտետը) ծավալի ապահովում (ներկայիս 3.2 մլրդ դոլարից)։ 2012-2022թթ.  ընթացքում ՀՀ ՀՆԱ բացարձակ ծավալները 2011-ի գներով 10 մլրդ դոլարից կաճեն մինչև 23.6 մլրդ դոլար։  

– 2012-2022 թթ. ՀՀ ՀՆԱ էներգատարությունը կկազմի 8 դոլար՝ 1 դոլարի էներգիայի ծախսի դիմաց։ Ընդհանուր էներգետիկայի համախառն արտադրանքը կկազմի 2.8 մլրդ դոլար՝ 2010-ի 2 մլրդ դոլարի փոխարեն։ 1 դոլարի ՀՆԱ արտադրության համար կծախսվի 0.33 կվտ/ժամ էլեկտրաէներգիա՝ 2010-ի 0.49-ի փոխարեն։ 

– 2012-2022 թթ., նախևառաջ՝ արդյունաբերության զարգացման շնորհիվ, հնարավոր կլինի երկրի արտահանման ծավալները հասցնել 7.8 մլրդ դոլարի, այդ թվում՝ արդյունաբերական արտադրանքի մասնաբաժինը կկազմի 4 մլրդ դոլար։ Բարձր տեխնոլոգիական արտադրանքի արտահանման ծավալները կկազմեն 1 մլրդ դոլար։ Արդյունաբերության առաջնությունը կտրվի բարձր ավելացված արժեք ունեցող ճյուղերին՝ բարձր տեխնոլոգիական արտադրանքին։

 

Էներգետիկա

Էլեկտրաէներգետիկա

1. 2012-2022 թթ. էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի պետական ծրագրերի շրջանակներում իրականացված էներգիայի արտադրության կառուցվածքային փոփոխությունների (նոր, ավելի արդյունավետ ԱԷԿ-ի գործարկում, շոգետուրբինային գեներատորների, փոքր ՀԷԿ-երի, արևի ու քամու էներգիայի օգտագործում) իրականացման,  կենսատեխնոլոգիայի, ջերմամեկուսացման, էներգախնայող լուսային, կենցաղային սարքերի կիրառման, էներգետիկայում շուկայական հարաբերությունների խորացման և գերնորմատիվային կորուստների բացառման,  համակարգի ապակենտրոնացման միջոցառումների իրականացման արդյունքում ՀՆԱ աճը և տնտեսության զարգացումը կապահովվեն էներգառեսուրսների էական աճի շնորհիվ։ 

Գերակայությունը կտրվի համակարգի արդյունավետ կառավարման խնդիրներին, ինչին էլ կուղղվի ներդրումների մեծ մասը։

Պետական ներդրումների և պետություն – մասնավոր հատված գործընկերության շրջանակներում կհաջողվի տնտեսել 3.86 մլրդ կվտ/ժամ էլեկտրաէներգիա (տարեկան հաշվարկով)։ ՀՆԱ էներգատարության հարաբերական իջեցման շնորհիվ 2022 թ. կտնտեսվեն 1.77 մլրդ դոլարի էներգակիրներ (տարեկան հաշվարկով)։  

2.  Էական փոփոխության կենթարկվեն էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքն ու ծավալները։ 

2012-2022 թթ. էլեկտրաէներգիայի արտադրությունը կաճի 16 տոկոսով՝ 6.1 մլրդ կվտ/ժամից հասնելով 7.7 մլրդ կվտ/ժամի։ Էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքը կլինի հետևյալը. ՀԱԷԿ 2.7 մլրդ կվտ/ժամ (կգործարկվի նոր ատոմակայանի 550 մգվտ հզորության էներգաբլոկը, իսկ գործող էներգաբլոկի շահագործումը կդադարեցվի), Հրազդանի ՋԷԿ (5-րդ էներգաբլոկ՝ 300 մգվտ)՝ 0.8 մլրդ կվտ/ժամ (կաշխատի միայն 5-րդ էներգաբլոկը), Երևանի ՋԷԿ՝ 1.1 մլրդ կվտ/ժամ (420 մգվտ), Սևան-Հրազդան կասկադ՝ 0.6 մլրդ կվտ/ժամ, Որոտան՝ 1.1 մլրդ կվտ/ժամ, Մեղրու ՀԷԿ և Լոռիբերդ (համապատասխանաբար՝ 140 և 60 մգվտ)` 0.7 մլրդ կվտ/ժամ, փոքր ՀԷԿ-եր՝ 0.4 մլրդ կվտ/ժամ,   և արևային կայաններ ու հողմային կայաններ՝ 0.3 մլրդ կվտ/ ժամ։ Սևան-Հրազդան կասկադում կկառուցվի 200-250 մգվտ հզորության հիդրոակումուլյացիոն կայան։ Այդ նույն ժամանակաշրջանում կկառուցվի նաև Եղվարդի ջրամբարը (228 մլն խորանարդ մետր), ինչը թույլ կտա Սևանից էներգետիկ նպատակներով ջրի բացթողումը կատարել ձմռանը, իսկ այդ նույն ջուրը ամռանն օգտագործել ոռոգման նպատակներով։ 

3. էներգիայի խնայողության խիստ նորմերի և նորմատիվների սահմանում։ 

Պետությունը կսահմանի կենցաղում, հասարակական վայրերում, արտադրության մեջ ջերմա- և էլեկտրատաքացուցիչների, լուսավորման լամպերի, կենցաղային էլեկտրատեխնիկայի, էլեկտրական սարքավորումների կողմից միավոր օգտակար արդյունքի նկատմամբ ջերմային և էլեկտրական էներգիայի սպառման խիստ նորմատիվներ, որոնց խախտման դեպքում տնտեսվարող սուբյեկտները (անկախ սեփականության ձևից), պետական հիմնարկները, կազմակեպությունները, քաղաքացիները տնտեսական պատիժներ կկրեն։ Կվերանայվեն նաև շինարարական նորմերն ու նորմատիվները։ Մասնավորապես, կնախատեսվեն նորմատիվներ ժամանակակից նյութերով շենքերի ջերմամեկուսացումն ապահովելու համար։

Բնական գազի սեկտոր

4. Գազամատակարարման աղբյուրների և ընկերությունների դիվերսիֆիկացիա։ 

Նկատի ունենալով այն, որ Հայաստանը ներկայումս բնական գազ ստանում է 2 մատակարարներից, նպատակահարմար է Հայռուսգազարդ ՓԲԸ-ի կողքին ձևավորել բնական գազի մատակարարման երկրորդ ընկերությունը՝ պետական բաժնեմասով։ 

5. Գազամատակարարման ապակենտրոնացում, մեծածախ և մանրածախ շուկաների տարանջատում։ 

Գազամատակարարման մեծածախ և մանրածախ շուկաները (բարձր ու ցածր ճնշման գազատարները) կազմակերպչականորեն կառանձնացվեն։ Հայռուսագազարդից բացի՝ գազի ներմուծմամբ կզբաղվի հայ-իրանական ընկերությունը։ Դա թույլ կտա առանձին դեպքերում սպառողներին ընտրության հնարավորություն տալու  ռուսական կամ իրանական գազի միջև։ Բացի այդ, խոշոր բնակավայրերի գազաբաշխիչ ցանցերը կտրվեն (կգնվեն) համապատասխան ինքնակառավարման մարմինների կողմից՝ այն հաշվով, որպեսզի տվյալ բնակավայրում միավորված սպառողները հնարավորություն ունենան գազը ստանալ մեծածախ, բարձր ճնշման գազի համար սահմանված սակագնով։

6. Սպառողներին գազի մատակարարման կանոնակարգում։ 

Տեխնիկական կանոնակարգերի միջոցով գազի մատակարարման գործընթացը կդառնա թափանցիկ և վերահսկելի։ Այսպես, սպառողներին հնարավորություն կտրվի  ստուգելու գազի որակը, հաշվիչի ցուցմունքը (գազամատակարարը հնարավորություն չի ունենա առանց սպառողի՝ ինքնուրույն բացելու գազի հաշվիչը և հաշվառելու սպառված գազի թիվը), սպառողներին վճարման ենթակա գումարի առանձին հաշիվ-ապրանքագրերի տրամադրումը և այլն։  

7. Իրանական գազի ներմուծման ծավալների ավելացում։ 

Գործող գազամուղին զուգահեռ՝ պետք է կառուցվի ևս մեկ գազամուղ՝ 700 մմ տրամագծով՝ իրանական գազի մատակարարման ծավալները հասցնելով տարեկան մինչև 2.0-2.2 մլրդ մ3։ 

8. Էներգետիկայի զարգացմանն ուղղված միջոցների կոնսոլիդացիա։ 

Էներգետիկայի զարգացմանն ուղղված ֆինանսական միջոցների հիմնական աղբյուրներն են լինելու. ա) պետական բյուջեն, բ) համայնքային բյուջեները, գ) վարկերը (ներքին և արտաքին), դ) պետական կայունացման հիմնադրամի (ստեղծվելու է ԿԲ կողմից դրսից ստացվող դրամական տրանսֆերտների ստերիլիզացիայի հաշվին) միջոցները, ե) մասնավոր ընկերությունների և բնակչության միջոցները (ներդրումային հիմնադրամների միջոցով), զ) սակագնային քաղաքականության հետևանքով ստացվող միջոցները, է)  արտանետվող ջերմոցային գազերի քվոտաների վաճառքից ստացվող գումարները և միջազգային կազմակերպություններից ստացվող գրանտները։

Արդյունաբերություն 

9. Արդյունաբերության զարգացման թիրախներն են լինելու` ավելացված արժեքի ծավալի շեշտակի աճը (վերամշակող արդյունաբերության շեշտակի զարգացում) և ճյուղի ժամանակակից կառուցվածքի ձևավորումը։  

ՀՀ արդյունաբերության կառուցվածքային փոփոխություննները բերված են աղյուսակ 1-ում։

Աղյուսակ 1

Արդյունաբերական արտադրանքի կառուցվածքը 2012 և 2022 թթ.

Արդյունաբերական արտադրանքի կառուցվածքը 2012 եւ 2022 թթ.

2022 թ. ՀՀ արդյունաբերությունը պետք է ի վիճակի լինի արտահանելու ավելի քան 4 մլրդ դոլարի արտադրանք, այդ թվում 1 մլրդը՝ բարձր տեխնոլոգիական արտադրանք։ 

10. Պետության և տնտեսության մասնավոր հատվածի համակարգային գործակցություն (PPP)։ 

PPP-ն կլինի արդյունաբերության այս կամ այն ճյուղը զարգացնելու 7 հիմնական գործիքներից մեկը։ Ընդ որում՝ PPP-ի միջոցով կիրացվի պետական ու համայնքային բյուջեներից ֆինանսավորվող մասնավոր սեկտորի հետ համատեղ իրականացվող ծրագրերի մեծ մասը։ PPP-երը կկիրառվեն համեմատաբար խոշոր, համընդհանուր նշանակության տնտեսական նախագծերը կյանքի կոչելու համար։ PPP-ի պարագայում ֆինանսավորման հիմնական աղբյուրը մասնավոր գործընկերոջ (գործընկերների) և բյուջետային (նաև՝ համայնքային) միջոցներն են, ինչպես նաև ապահովագրական երկար փողերը։ Որպես կանոն՝ ծրագրի ավարտից հետո պետությունը (համայնքը) սահմանված կարգով իր փայը կվաճառի մասնավոր գործընկերոջը։ PPP-ի շրջանակներում պետությունն իր մասնակցությունը պետք է բերի համաժողովրդական նշանակության բիզնես նախագծերին՝ գնելով դրանց բաժնետոմսերի մի մասը՝ հետագայում պարտադիր կարգով դրանք մասնավոր ձեռներեցներին վաճառելու պայմանով։ 

11. Տեխնո և իննովացիոն պարկերը, ինկուբատորները  կկիրարկվեն բարձր տեխնոլոգիական արտադրանքի ստացման ու տարածման նպատակով։

Արդյունաբերության զարգացման խթանման այս ձևը կլինի ավելի ժողովրդական, հասանելի ցանկացած կարող ուժի համար։ Պետական օժանդակության ձևերն այս դեպքում ավելի բազմազան են. բյուջետային միջոցներ, հարկային արտոնություններ (հիմնականում՝ ժամկետային վճարումների առումով), վճարման հետաձգումով ծառայություններ և այլն։

12. Սկզբնական հասարակական առաջարկի (IPO) մեխանիզմի տարածում։ 

Այս մեխանիզմը թույլ կտա տնտեսության մեջ քիչ թե շատ հաջող՚ության հասած փորձը մեծացնել, ծավալել, տալ համընդհանուր բնույթ։ IPO-երի հետագա հաջողությունը հնարավոր է միմիայն այն դեպքում, երբ արժեթղթերի շուկան ամբողջովին դուրս կբերվի ՀՀ Կենտրոնական բանկի իրավասությունից։ 

13. Ներդրումներ պետական ու համայնքային բյուջեներից, ապահովագրական հիմնադրամներից։ 

Ներդրումների այս ձևը հիմնականում բնորոշ կլինի համընդհանուր նշանակության ենթակառուցվածքների պարագայում։ Այս մեխանիզմն արդյունավետ ձևով կաշխատի երկար փողերի՝ ապահովագրական միջոցների տեղաբաշխման դեպքում։ Ներդրումների այս մեխանիզմը կկիրարկվի պետական երաշխիքների համակարգի հետ միասին։

14. Կենտրոնական բանկի կողմից երկարատև ներդրումների համար սահմանված ցածր տնտեսական նորմատիվների հիման վրա բանկային վարկավորում։ 

Այս մեխանիզմի կիրարկումը կհանգեցնի ներդրումային բանկերի և հիմնադրամների ինստիտուտի ձևավորմանը ՀՀ տարածքում։ Այն պետք է զուգակցել երկար փողերի՝ ապահովագրական ընկերությունների գործունեության ընդլայնմանը զուգահեռ։ Մեխանիզմի զարգացումը հնարավոր է գործընթացները ՀՀ ԿԲ իրավասությունից դուրս բերելու պարագայում։

15. Վենչուրային հիմնադրամների ստեղծում։ 

Վենչուրային հիմնադրամների միջոցով կֆինանսավորվեն գիտա-կիրառական մշակումները: Իմաստն այն է, որ ստեղծվում է վենչուրային ընկերություն բարձրորակ մասնագետների մասնակցությամբ,  հիմնված  փորձարկված կիրառական գաղափարի վրա: Ընկերությունը անվերադարձ ֆինանսավորվում է վենչուրային ֆոնդի միջոցով, հետագայում ներդրողը ձեռք է բերում սեփականության իրավունք գիտա-հետազոտական ու փորձարարա-կոնստրուկտորական մշակումների արդյունքի վրա:  Իսկ շուկայում արտադրանքի  հաջողություն ունենալու դեպքում ֆոնդը հանդիսանում է հիմնադիր կապիտալի շահույթի տեր և հիմնական բաժնետեր: Վենչուրային ֆոնդերը կարող են ստեղծվել և պետության մասնակցությամբ, և առանց դրա: 

16. Արդյունաբերական կլաստերների ֆիանանսավորումը զարգացման  և կայունացման հիմնադրամից։ 

Զարգացման և կայունացման հիմնադրամի ձևավորման աղբյուրը ԿԲ-ի կողմից դրսից եկող տրանսֆերտների ստերիլիզացիայի, պետական գույքի վաճառքի, հանքահումքային արդյունաբերության արտահանումից ստացվող միջոցների մի մասի հավաքագրման հաշվին ձևավորվող միջոցներն են։ Սրանք կայուն եկամտաբերության երաշխիքով կծառայեն առանձին արտահանման պոտենցիալ ունեցող կլաստերների ստեղծման  նպատակին։ 

17. Արդյունաբերական կլաստերներ։ 

Արդյունաբերության զարգացումը պահանջում է հսկայական վերլուծական աշխատանք զարգացման ենթակա ճյուղերի (գերակայությունների) ճշգրտման և համապատասխան կլաստերների ձևավորման ուղղությամբ։ Ներկա պահի դրությամբ կլաստերային կառավարման անհրաժեշտությունը հասունացել է մետաղական հանքագործական արդյունաբերության, ոչ մետաղական հանքահումքային արդյունաբերության (այդ թվում՝ ջերմամեկուսիչների, ֆիլտրերի, կատալիզատորների, պարարտանյութերի, կոմպոզիցիոն նյութերի), կոնյակագործության, հանքային ջրերի, որոշ գյուղատնտեսական մթերքների, սննդի արտադրանքի, փոքր քիմիայի, դեղագործության, բժշկության որոշ ոլորտների, օպտոէլեկտրոնիկայի (գիշերային տեսողության սարքեր և այլն), ադամանդագործության և այլ բնագավառներում, ուր կա կուտակված փորձ ու ավելացված արժեք։ Ծայրահեղ անհրաժեշտություն է առաջընթացն ու ավելացված արժեքի ստեղծումը նանոտեխնոլոգիաների, գենոմի և կոմունիկացիոն տեխնոլոգիաների, գինեգործության ոլորտներում: Ճյուղերի ցանկը կարող է փոփոխվել՝ ելնելով համաշխարհային շուկայում կոնյունկտուրայի դինամիկայից։ Դրա հետ կապված՝ առաջիկայում հնարավոր է թեթև արդյունաբերության, կոշկագործության, բոքսիտների, ներկերի, կոսմետոլոգիայի, խորդենու յուղի, միջուկային տեխնոլոգիաների զարգացումը։ Այս ճյուղերի ցանկը հաստատվում է կառավարության կողմից միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքներում և թարմացվում է ըստ անհրաժեշտության։ 

18. Պետության կողմից մրցակցային դաշտի կարգավորում։  

Սրա նպատակն է մոնոպոլիաների, օլիգոպոլիաների, կարտելային համաձայնությունների վերահսկողությունը ներքին շուկայում և «արդյունաբերական լիդերների» ու   «պիոներների խրախուսումն» արտաքին շուկայում (արտահանման խրախուսում)։ 

19. Արդյունաբերական քաղաքականության իրականացման պետական կազմակերպչական համակարգը։ 

Արդյունաբերության զարգացման համար, գործող համապատասխան նախարարությունից բացի, պետք է նկատի ունենալ մրցակցության կարգավորման պետական կառույցը, պետական հիմնադրամները, կառավարությանն ու գերատեսչություններին առընթեր հանձնաժողովներն ու խորհուրդները՝ մասնավոր հատվածի մասնակցությամբ։ Արտաքին տնտեսական գործունեության ակտիվացման նպատակով կստեղծվի պետական երաշխիքային կորպորացիա։ Վերջինիս գործունեության մեկնակետը կլինի արտահանման սուբսիդավորումը։

20. Ռազմա-արդյունաբերական համալիր (ՌԱՀ)։  

ՌԱՀ-ը պետք է դուրս բերվի պատվիրատուի՝ ՊՆ համակարգից և գործի կառավարության (վարչապետի) անմիջական ենթակայության տակ։ 

21. Բարձր տեխնոլոգիական արտադրություններում կիրառվող հիմնական միջոցների արագացված ամորտիզացիա։ 

Կառավարության կողմից հաստատված չափանիշների հիման վրա աշխատող բարձր տեխնոլոգիական արտադրությունները հնարավորություն կստանան հիմնական միջոցների (հատկապես՝ դրանց ակտիվ տարրերի) արագացված ամորտիզացիայի հաշվին լրացուցիչ ռեսուրսներ ստանալ ներդրումներ կատարելու համար։ 

22. Փոքր քաղաքներում, հեռավոր և սահմանամերձ գյուղերում մշտական աշխատատեղերի ստեղծման խրախուսում։ 

Այս բնակավայրերի՝ նախօրոք հաստատված ցանկի շրջանակներում այս բնակավայրերում ներդրումներ կատարած գործարարները կստանան խրախուսական պարգևներ յուրաքանչյուր գործող մշտական աշխատատեղի համար։ 

23. Մտավոր սեփականության և ապրանքային նշանների պաշտպանություն։ 

Առանց մտավոր սեփականության արդյունավետ պաշտպանության գործիքների՝ հնարավոր չի լինի խրախուսել որևէ նորարություն։  Համապատասխան օրենսդրությունը կհստակեցնի մտավոր սեփականության առարկան և, ամենակարևորը, կստեղծի այդ սեփականության խախտման պարագայում կանխարգելիչ և արդյունավետ տնտեսական պատժամիջոցներ։ Առանձին դեպքերում համապատասխան հոդվածներ կնախատեսվեն քրեական օրենսգրքում։ Մտավոր սեփականության պրոդուկտի գրանցումը կկատարվի էլեկտրոնային, հեռակա եղանակով։  Նույնը վերաբերում է նաև ապրանաքային նշանների պաշտպանությանը: Հայաստանը պետք է լինի արդյունաբերական սեփականության պաշտպանության Փարիզյան կոնվենցիայի, TRIPS  համաձայնագրի, Մադրիդյան համաձայնագրի, WIPO, EPO և այլ   կազմակերպությունների ակտիվ անդամ և ի վիճակի լինի գործնականում պաշտպանելու սեփական ռեզիդենտների շահերը:

24. Պատենտային քաղաքականություն, տեխնիկական կանոնակարգեր և ստանդարտներ։ 

Տնտեսավարող սուբյեկտների խնդրանքի, ինչպես նաև պետության առաջնահերթությունների հետ համընկնելու պարագայում պատենտային քաղաքականությունը, ինչպես նաև նոր ապրանքանիշերի գրանցումը կիրականացվեն պետության միջոցների, մասնագետների և կապուղիների միջոցով՝ ձևակերպվելով իբրև դրամական մրցանակ և/կամ երկարաժամկետ անտոկոս (կամ սիմվոլիկ տոկոսով) վարկ: Մինչև 5 տարվա ժամանակաշրջանում Հայաստանում արտասահմանյան առաջավոր տեխնիկական կանոնակարգերի և ստանդարտների պահանջները կտարածվեն արտադրության համապատասխան ճյուղերի և սպառման ոլորտների վրա։  Արտահանման պոտենցիալ ունեցող և համապետական մասնագիտացման կլաստերների արտադրանքի արտադրական տեխնիկական (տեխնոլոգիական) առանձնահատուկ բնութագրերը կառանձնացվեն ու կպաշտպանվեն օրենքով։ Հայաստանը ակտիվորեն  կհամագործակցի միջազգային կառույցների հետ ԳՀՓԿՄ բնագավառում, մասնավորապես՝ ԵՄ «Արդյունաբերական  ԳՀՓԿՄ համագործակցություն ծրագրի» և EUREKA շրջանակներում:

25. ՀՀ ծագում ունեցող արդյունաբերական ապրանքների մրցունակությունը արտաքին շուկաներում բարձրացնելու նպատակով որակի ենթակառուցվածքների (հավատարմագրում, չափաբերում, սերտիֆիկացում) բարելավում: 

ՀՀ ծագում ունեցող  արտահանման հեռանկար ունեցող որոշ արդյունաբերական ապրանքների  համար, պետական աջակցությամբ, կբարելավվի որակի համակարգը, ապրանքների որակական չափանիշները կհամապատասխանեցվեն զարգացած երկրների շուկաների պահանջներին: Մասնավորապես` այդ արտադրատեսակների համար կներդրվեն միջազգային չափանիշներին համապատասխան տեխնիկական կանոնակարգեր, կստեղծվեն միջազգային չափանիշներին համապատասխան փորձագիտական լաբորատորիաներ, ՀՀ սերտիֆիկացնող մարմիններին  աջակցություն կցուցաբերվի՝ համապատասխան միջազգային (ճանաչված) կառույցներում հավատարմագրվելու համար։

28 Մարտ 2012

Pin It on Pinterest