Այսօր՝ մայիսի 19-ին, խորհրդարանը շարունակեց քննարկել ՀՀ Կենտրոնական բանկի 2015 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը: Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ներկայացրեց 2015 թվականի ԿԲ հաշվետվությունը:
Հարակից զեկուցող, ֆինանսների նախարարի տեղակալ Պավել Սաֆարյանին ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը վարկերի արդյունավետության վերաբերյալ հարց ուղղեց:
Նա հետաքրքրվեց` արդյոք անարդյունավետ վարկեր վերցնելու համար բիզնես ծրագիր կազմողը կամ որևէ մեկը պատասխանատվության ենթարկվո՞ւմ է: Որպես օրինակ Արամ Մանուկյանը բերեց «Հրազդան-ցեմենտի» համար վերցված վարկը, և նշեց, որ արդյունքում հիմնարկ է վնասվել, հետո էլ էժան գնով վաճառվել է, իսկ հիմա 500 աշխատողի աշխատանքի խնդրի լուծման հարց կա:
«Բայց չէ՞ որ մինչ այդ 5 միլիարդ վարկ են վերցրել, բիզնես ծրագիր է եղել, բայց արդյունքում հասել են նրան, որ և՛ հիմնարկն է ծախվել, և՛ հիմա էլ տույժ-տուգանքները պետք է ներվե՞ն: Սա անարդյունավետ վարկ չէ՞, հիմա այս անարդյունավետ խախտման համար ինչ-որ մեկը պատասխան չի՞ տալու»,- հարցրեց պատգամավորը:
[youtube id=”pbOXmWna8Ms” width=”700″ height=”390″ fullwidth=”yes”]
Արամ Մանուկյանը հարցեր ուղղեց նաև հաշվետվության հիմնական զեկուցող ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին: Նա մասնավորապես ասաց.
«Եթե արտաքին պարտքերը, վարկերն արդյունավետ չեն և անընդհատ աճում են, դա արդեն թշնամություն է սերունդների նկատմամբ: Խոշոր վարկերը, որոնք գալիս են Համաշխարհային բանկից, և որի եզրակացությունը ԿԲ-ն տալիս է, արդյո՞ք վերջում արդյունավետությանը նայում են: Բոլոր այն վարկերը, որոնք դեռևս ընթացքի մեջ են, նախաստորագրման փուլում են, սակայն ԱԺ-ում չեն հաստատվել, դրանց գումարը մոտավոր ի՞նչ կարգի է»,- հարցրեց Արամ Մանուկյանը:
Պատգամավորը նաև նշեց, որ իր տեղեկությամբ՝ դեֆիցիտը ՀՆԱ-ի հետ հասել է մինչև 4.4 տոկոսի և հարցրեց, թե ինչպիսի՞ն է այս պահին, ինչպես նաև եկող տարվա համար դեֆիցիտի համադրությունը ՀՆԱ-ի հետ կապված:
[youtube id=”4iqwOfBkKS0″ width=”700″ height=”390″ fullwidth=”yes”]