Սեպտեմբերի 13-ին Ազգային ժողովում պատգամավորներին իր ծրագիրն է ներկայացնում ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանը, ում հարց ուղղեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Պատգամավորը հետաքրքրվեց Մարտի 1-ի քրեական գործի ընթացքից:
«Պարոն Դավթյան, ձեր նախորդի նախորդը համարձակություն ունեցավ հայտարարելու, թե զոհերի ծնողներն են մեղավոր, որ գործը չի բացահայտվում: Դեռ այդպիսի ակնհայտ կոծկում չէր եղել: Իսկ ձեր նախորդը եկավ ու լուրջ խոստումներ տվեց ու տղամարդու խոստում տվեց, որ սայլը տեղից շատ արագ կշարժվի: Ինքն էլ գնաց իր խոստումներով, ու Մարտի մեկի գործը մեր պատմության ու իշխանությունների գլխին կախված է, սա խարան է: Եթե չես բացահայտում գործը, ուրեմն դու հովանավոր ես: Հիմա Մարտի մեկի գործը Եվրադատարան է հասել, ինչպիսի՞ն է ձեր մոտեցումը՝ այս ոչ սովորական հանցագործության վերաբերյալ, ի՞նչ ջանքեր եք ներդնելու»,- հարցրեց Մանուկյանը:
Դատախազի թեկնածուն պատասխանեց, թե իր համար չբացահայտվող քրեական գործեր չկան, և հայտարարեց, թե Մարտի մեկի գործն իր համար առաջնահերթություն է.
«Այս պահին քրեական գործի նախաքննությունն ընթացքի մեջ է ու կասեցված չէ, ինձ պետք է այդ գործի մանրամասն ուսումնասիրությունը: Մարտի մեկի բացահայտումն ու հասարակությանը տեղեկատվության տրամադրումը իմ առաջնահերթություններից մեկն է լինելու»,- արձագանքեց Արթուր Դավթյանը:
Արամ Մանուկյանը Դավթյանին առաջարկեց, որ խորհրդարանի առաջ խոստանա, որ Մարտի մեկի գործով առաջիկա 5 ամսվա ընթացքում պարբերաբար կտեղեկացնի, թե ինչ իրավական գործողություններ են կատարվել. «Հիմա խոստացեք, ասեք՝ այո կամ ոչ»:
Գլխավոր դատախազի թեկնածու առաջադրված Դավթյանը մանևրեց և այդպես էլ չխոստացավ պարբերաբար տեղեկություններ տրամադրել: Միայն կրկնեց, որ Մարտի մեկի գործն իր առաջնահերթություններից է:
[youtube id=”_jNx8MWeY9c” width=”700″ height=”390″ fullwidth=”yes”]
ՀՀ Գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանին հարց ուղղեց ՀԱԿ պատգամավոր ԳագիկՋհանգիրյանը` նշելով. «Գլխավոր դատախազի պաշտոնը կարևոր է՝ գոնե այս ոլորտում փոփոխություն մտցնելու համար: Լիահույս եմ, որ այդ ուղղությամբ քայլեր եք ձեռնարկելու: Մի բան էլ եմ ուզում ասել՝ Քրեական օրենսգիրքը պետք է բացառել քաղաքական գործընթացներին մասնակից դարձնելուց: Եթե մենք չապահովենք օրենքի առաջ հավասարության սկզբունքը, ոչ մի բանի էլ չենք հասնի: Հաջողություն եմ մաղթում»:
Ի պատասխան Արթուր Դավթյանը շնորհակալություն հայտնեց ու վստահեցրեց, որ շատ լավ հասկանում է նշված խնդիրների կարևորությունը. «Ես տեսնում եմ այդ խնդիրների լուծման կարճ ու արդյունավետ ուղիները»:
[youtube id=”1II5uCFQgPE” width=”700″ height=”390″ fullwidth=”yes”]
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նախ շնորհակալություն հայտնեց դատախազի թեկնածուին իրենց խմբակցություն այցելելու և ամենատարբեր հարցերի շուրջ մանրամասն քննարկումներ անցկացնելու համար:
«Ես կխնդրեի ներկայացնել ընտրակեղծարարության դեմ պայքարին ուղղված ձեր քայլերը: Դեկտեմբերի 6-ին կայացած սահմանադրական հանրաքվեի ընտրակեղծարարության գործերով597 տարբեր բնույթի տեղեկատվություն եղավ, հարուցվել է 79 քրգործ, 46 քրեական գործով 49 անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 35 քրեական գործով 38 անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ: Բոլոր քրեական գործերով դատարաններում կատարվել է արագացված դատաքննության կարգ: Սա նշանակում է, որ մեղադրյալները առանց ապացույցների ներկայացման ընդունել են իրենց մեղքը և դրանով գործը ավարտվել է:
Մենք պնդում ենք, որ ընտրակեղծարարությունը կրել է կազմակերպված բնույթ ամբողջ Հայաստանով, բայց այդ վարկածը ստուգելու համար դատախազը պարտավոր էր առարկել արագացված դատավարության սկզբունքի կիրառմանը: Այդպես չի վարվել և դա նշանակում է, որ պետականորեն դատախազության կողմից պարտակվել է ընտրակեղծարարությունը: Ես կցանկանայի իմանալ ձեր մոտեցումը՝ դուք նման դեպքում ինչպե՞ս կվարվեիք»,- հարց ուղղեց Լևոն Զուրաբյանը:
[youtube id=”m9gcFl_6tBI” width=”700″ height=”390″ fullwidth=”yes”]