[youtube id=”tXNbd52_TLc” width=”700″ height=”390″ fullwidth=”yes”]

2017թ. բյուջեն քննարկելուց առաջ կուզեի Ձեր ուշադրությունը դարձնել երկու արտառոց իրադարձությունների վրա, որ տեղի ունեցան վերջերս: Երկուսն էլ կապված են մեր երկրի համար բախտորոշ խնդիրների հետ և երկու դեպքում էլ մեր պետությունը ցույց տվեց իր վտանգավոր անվճարունակությունը: Առաջին դեպքը կապված է ընտրական գործընթացի օրինականության մեխանիզմների շուրջ համաձայնագրի ֆիանանսավորման հետ: Եթե հիշում եք, երկրի հինգ խորհրդարանական ուժեր կնքեցին մի համաձայնագիր, որը եվրոպական միության ներկայացուցիչը համարեց պատմական ոչ միայն Հայաստանի, այլ ամբողջ հետխորդային տարածքի համար:

Եվ իսկապես, դրված էր խնդիր ապահովել ժողովրդի և հասարակության վստահությունը 2017թ. Ազգային ժողովի ընտրությունների նկատմամբ: Հայաստանում ազատ և արդար ընտրություններ անցկացնելու խնդրից ավելի կարևոր բան ուղակի գոյություն չունի, քանի որ մեր երկրի բոլոր խնդիրների լուծումը բխում է հենց ընտրական համակարգի առողջացումից: Բայց արի ու տես, որ այս պարզագույն խնդրի իրականացման համար մեր իշխանությունները չէին կարող հայհայթել ընդամենը մի քանի միլիոն դոլարի գումար: Բազմաթիվ քննարկումներ ունեցանք կառավարության հետ, ՄԱԿ-ի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ճապոնիայի, Շվեյցարիայի ներկայացուցիչների հետ, և մեր կառավարությունը պնդում էր մեկ բան՝ բյուջեում փող չկա: Հարցն ի վերջո լուծվեց Եվրոպական միության, Միացյալ Նահանգների, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի ֆինանսավորմամբ:

Հիմա մեկ այլ խնդիր, այս տխրահռչակ 1000 դրամի օրենքը: Նորից պարզվեց, որ զինվորականների կյանքի և առողջության հատուցման հետ կապված կարևորագույն, առաջնագույն, բախտորոշ խնդրի լուծման համար բյուջեում չկա այդ հիմնադրամը աշխատացնելու համար անհրաժեշտ 5 մլրդ դրամ, որի պատճառով հակառակ ժողովրդի վրդովմունքի և ցասման 500.000 ֆիզիկական անձանց վրա հաստատվեց ամսական 1000 դրամի նոր հարկատեսակ:

Այս երկու իրադարձությունը, երբ առաջնային, բախտորոշ, կենսական կարիքները հոգալու համար պետությունը ի վիճակի չեղավ բյուջում փող գտնել, վկայում են մի բան՝ մեր պետությունը, ըստ էության, արդեն գտնվում է չհայտարարված դեֆոլտի վիճակի մեջ:

Նույնը վկայում է 2017թ. պետական բյուջեի նախագծով ներկայացված փաստաթուղթը: Այդ փաստաթղթից մենք տեղեկանում ենք, որ այս տարվա բյուջեի պակասորդը կազմելու է աներևակայելի 5.8 տոկոս: 2017-19թթ. միջնաժամկետ ծրագրից հասկանում ենք, որ 2020թ. մեր պարտքը արդեն կկազմի 6.4 մլրդ դրամ, իսկ այդ պարտքի սպասարկման համար միայն կծախսվի բյուջեի 28 տոկոսը: Ինչպես ասացի արդեն հարցեր տալու ժամանակ, սա նշանակում է, որ մենք գտնվում ենք պարտքային մի փոսի մեջ, որը գնալով էլ ավելի է խորանում:

Ընդհանրապես այն հանգամանքը, որ մեր պետությունը մեծ պարտք ունի, ինքնին դեռ ոչ մի վատ բան չի նշանակում, աշխարհի բոլոր պետությունները, այդ թվում ամենազարգացած և կենսունակ ֆինանսատնտնեսական համակարգ ունեցող պետությունները ձևավորում են լուրջ պարտքային գործիքներ և օգտագործում դրանք երկրի զարգացման համար: Բայց այդ դեպքում գոյություն ունի առողջ բալանս պարտքի ծավալի և զարգացման տեմպերի միջև: Այսինքն զարգացման առողջ տեմպերը թույլ են տալիս ավելի մեծ միջոցներ պարտք վերցնել՝ ավելի ցածր տոկոսներով:

Հայաստանի պարագայում վիճակը բացարձակապես այլ է: Պարտքի աճը չի զուգակցվում համապատասխան զարգացման տեմպերով: Կատաստրոֆիկ անկում են ապրել օտարերկրյա ուղղակի ներդրումները: Եթե 2008թ. այդ ներդրումները կազմում էին 1 մլրդ 132 մլն դոլար, 2 տարի առաջ ընդամենը 388 մլն, իսկ անցյալ տարի արդեն 169 մլն դոլար: Ներդրումներ ՀՆԱ հարաբերակցությունը 2008թ. 41 տոկոսից իջել, հավասարվել է 2015թ. 20.4 տոկոսին, իսկ համաձայն 2017-2019թթ ներկացված միջնաժամկետ ծախսերի ծրագրի, ընկնելու է 20 տոկոսից էլ ցած: Այսինքն կառավարությունը ինքն էլ չի պլանավորել երկրի համար որևէ զարգացում:

Միջազգային տնտեսագետների գնահատականներով, Հայաստանի նման երկիրը զարգացման ուղու վրա դնելու համար մինչդեռ անհրաժետ է ներդրումներ-ՀՆԱ հարաբերակցության 35 տոկոս չափը: Պատահական չէ, որ միայն 2016թ. ընթացքում Կենտրոնական բանակը, տնտեսության աշխուժացումը խթանելու նպատակով, 6 անգամ որոշում է կայացրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցնելու մասին (8.75%-ից մինչև 6.75%), սակայն տնտեսությունը որևէ կերպ չի արձագանքնել այդ քայլերին: Սա նշանակում է, որ իրականում մեր տնտեսությունը գտնվում է խորը ստագնացիայի վիճակում: Դրա ուղիղ հետևանքն է նաև այն, որ աղետալի վիճակում է հայտնվել բանկային համակարգը:

Շահութաբերությունը ըստ ակտիվների առաջին անգամ հասել է բացասականի՝ -0.06 տոկոս, շահութաբերությունը ըստ կապիտալի՝ -4.3 տոկոս, 7 բանկ այլևս աշխատում են վնասով: Բայց, իհարկե, տնտեսական անկման լավագույն ցուցիչը դա տարեկան 50 հազար մարդ արտագաղթն է և 18 տոկոսանոց գործազրկությունը, ինչի մասին, չգիտես ինչու, կառավարության բերած որևէ փաստաթղթում չի խոսվում: Եվ իսկապես, եթե մենք ունենայինք պատասխանատու կառավարություն, այն կարձանագրեր արտագաղթի այս ցուցանիշը և կներկայացներ դրա հաղթահարման պլանը: Ընդ որում՝ ըստ տարիների:

Ինչ է կատարվում որևէ երկրի հետ, երբ որ նրա զարգացումը հետ է ընկնում պարտքերի կուտակման տեմպերից: Պարտքի միջազգային դոնորները հասկանում են, որ տվյալ երկիրը ոչ թե կամաց կամաց դուրս է գալիս պարտքային փոսից, այլ գնալով ավելի ու ավելի շատ է խրվում պարտքերի մեջ՝ առանց երկրի համապատասխան զարգացման: Այդ դեպքում անմիջապես փոխվում են պարտքի տրամադրման պայմանները: Պարտքը տալիս են շատ ավելի դժվար և շատ ավելի բարձր տոկոսներով, քանի որ այն համարվում է ռիսկային: Դա է պատճառը, որ մարտի 18-ին համաշխարհային, հեղինակավոր Moody’s գործակալությունը սահմանեց Հայաստանի պետական պարտատոմսերի համար նոր ռեյտինգ՝ տեղափոխելով, այսպես կոչված Ba3 կատեգորիայից B1 կատեգորիա, որը ֆինանսական աշխարհի ժառգոնով կոչվում է «աղբային կատեգորիա»:

Եթե զարգացման տեմպը շարունակական հետ է մնում պարտքերի կուտակումից, երկրի կառավարությունը ունենում է երեք հնարավորություն: Առաջինը՝ ծախսերի կրճատումը: Բնականաբար դա կնշանակի ՀՆԱ-ի անկում, բյուջեի եկամուտների գահավիժում, սոցիալական ծախսերի կրճատում և դրա հետ կապված սոցիալական պայթյուն: Բնական է, որ կառավարությունը նման քայլի չի գնա: Երկրորդ հնարավորությունը նոր պարտքերի կուտակումն է: Սակայն սա էլ ելք չէ, քանի որ Հայաստանի պետական պարտքը մոտենում է 60 տոկոսանոց սահմանին, ինչից հետո միջազգային ֆինանսական հաստատությունները ընդհանրապես կդադարեն որևէ պարտք տալ Հայաստանին, կամ էլ այնպիսի պայմաններով կտան, որն ավելի կխորացնի Հայաստանի պարտքային փոսը: Եվ երրորդ հնարավորությունը՝ դա դեֆոլտն է: Այսինքն կառավարության որոշումը պետական պարտքի հետ վճարման պարտավորության չկատարումը»,- փաստեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավարը:

Լևոն Զուրաբյանի բնորոշմամբ՝ եթե մենք ունենայինք պատասխանատու կառավարություն, ապա նա կարձագանքեր այս ցուցանիշներին ու կներկայացներ այն հաղթահարելու պլան՝ ըստ տարիների, որը չի արվել. «Ի՞նչ է կատարվում մի երկրի հետ, որի զարգացումը հետ է ընկնում պարտքի ծավալներից: Այն գնալով ավելի շատ է խրվում պարտքի մեջ, իսկ այդ դեպքում միջազգային կառույցները տրվելիք նոր պարտքերի պայմանները սկսում են փոխել՝ ավելացնելով տոկոսները: Երկրի շարունակական քայքայման ծրագիր է ներկայացվել: Հարգելի կառավարություն, պետք չէ վեց ամիս էլ պահել իշխանությունը, քանի որ ամենաանարդյունավետ կերպով մսխելու եք այս երկրի հնարավորությունը, քանի որ այն փաստաթուղթը, որ բերել եք, իրականում հրաժարականի մանիֆեստ է: Մի չարչարեք ժողովրդին, թող գան նրանք, ովքեր գիտեն երկրի զարգացման բանալին: Իսկ նման ծրագիր կարող է ներկայացնել միայն ՀԱԿ-ը»:

Pin It on Pinterest