Կարելի էր, իհարկե, փորձել զբաղվել սիզիփոսյան աշխատանքով, եւ մանրամասն ուսումնասիրել ներկայացված բյուջեի կատարողականում բերված բոլոր թվերը, եւ անկեղծ ասած, նախորդ տարիներին մենք հենց այդպես էլ վարվել ենք: Այստեղ հնչեցին կոչեր, որ մենք ավելի շատ սառը ուղեղով դատենք եւ այլն: Խնդիրն այն է, որ այդ թվերի վերլուծությունը, մի կես տոկոս այս կողմ, կես տոկոս այն կողմ՝ եկամուտներ, ծախսեր եւ այլն, իրականությունը հասկանալու համար ոչինչ չի տա:
Իրականությունը հասկանալու համար պետք է հասկանալ ռազմավարական հարցը՝ արդյո՞ք մեր տնտեսության զարգացման խնդիրը ճիշտ ռազմավարական հենքի վրա է դրված: Առավելեւս, որ այս հարցը ռազմավարական նշանակություն ունի, որովհետեւ տնտեսության զարգացումը ազգային անվտանգության հարց է դարձել: Եկեք անկեղծ լինենք, որ մեր բանակը, ինչ որ պետք էր, ռազմի դաշտում արել է՝ ապացուցել է 90-ական թվականներին, ապացուցել է անցյալ տարվա օգոստոսին: Կռվելու հարցում մենք խնդիր չունենք՝ մեր տղաները, մեր բանակը լավ են կռվում: Մենք ունենք խնդիր՝ դիմանալու տնտեսապես: Որովհետեւ այսօր Ադրբեջանը շատ պարզ քաղաքականություն է որդեգրել, այն է՝ տեսնելով, որ Հայաստանի տնտեսությունը զարգացման նշույլ անգամ ցույց չի տալիս, ուղղակի աճեցնել սեփական ռազմական պոտենցիալը, մշտապես մեծացնել ճնշումը շփման գծի մոտակայքում, այդ ճնշումը հասցնել այնպիսի մի աստիճանի, որին արդեն ոչ թե բանակը, այլ մեր տնտեսությունը ուղղակի չի դիմանա: Եվ այդ առումով կարեւոր է, որ մենք ոչ թե զբաղվենք մեկ տարվա կտրվածքով թվերի վերլուծությամբ, ոչ թե մեկ կառավարության գործունեության վերլուծությամբ, այլ վերլուծենք մեր տնտեսության զարգացմումը որոշակի ռազմավարական ժամանակահատվածի կտրվածքով:
Այդ բանն անելու համար ես ուզում եմ անդրադառնալ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման յոթ տարիների արդյունքներին:
2008-ին դոլարային արտահայտությամբ մեր ՀՆԱ-ն կազմել է 11 մլրդ 662 մլն դոլար: Այսօր այդ ցուցանիշը 10 մլրդ 887 մլն է: Այսինքն, մեր ՀՆԱ-ն չի աճում, անգամ պակասել է: Երկրորդ տվյալը՝ ներդրումներ/ՀՆԱ հարաբերակցությունը 2008-ին եղել է 40 տոկոս եւ աստիճանաբար իջնելով՝ 2014-ին արձանագրվել է 17%: Խոսում էիք զարգացման մասին, ասում էիք՝ գործարար ակտիվությունն ավելացել է, պետք է դրական բաները նշել: Սրա՛նք են զարգացումը հասկանալու համար անրհաժեշտ իրական թվերը: Արտաքին ուղղակի ներդրումները կատաստրոֆիկ անկում են ապրել՝ 2010-ի 2,5 մլրդ դոլարից այսօր մնացել է 1 միլիարդից քիչ, իսկ 2015-ի առաջին եռամսյակով ընդհանրապես աղետ է: Պետական պարտքը այս նույն ընթացքում աճել է 1 մլրդ 667 մլնից մինչեւ 4 մլրդ 933 մլն դոլար, այսինքն, արդեն մեր պետական պարտքը կազմում է ՀՆԱ-ի 48 տոկոսից ավելին: Մի կողմ թողենք, որ սա վտանգավոր է եւ այլն, բայց պրոբլեմն այն է, որ ռազմավարական իմաստով մենք չենք տեսնում, որ մեր պետությունը կարող է այս պարտքի տակից դուրս գալ: Հակառակը՝ նա այսօր կարող է փաստորեն գոյատեւել միայն պարտք կուտակելով, բայց դա էլ է գալիս ու բախվում անլուծելի մի սահմանի, որովհետեւ արտաքին վարկավորումն ու ֆինանսավորումը կանգնել է՝ չկա:
Հիմա տեսնենք, թե այս առումով ինչ է կատարվում առեւտրային դեֆիցիտի հետ: 2008-ին ունեցել ենք 2 մլրդ 155 մլնի դեֆիցիտ, այս տարի՝ 2014-ի տվյալներով, առեւտրային դեֆիցիտը (արտահանում-ներմուծում բացասական հաշվեկշիռը-խմբ.) կազմել է 2 մլրդ 882 մլն դոլար, այսինքն, իրականում աճում է: Սա նշանակում է, որ մենք տարիներ շարունակ ապրում ենք ուրիշ ազգերի հաշվին, եւ այստեղ պետք չէ մեղադրել ժողովրդին, այստեղ պետք է մեղադրել իշխանություններին: Որովհետեւ ժողովուրդը պատրաստ է աշխատել եւ ցույց է տալիս, որ ցանկացած այլ երկրում նա շատ լավ էլ աշխատում է եւ գումարներ է վաստակում: Իսկ այստեղ չի կարողանում, որովհետեւ դրան խանգարում է իշխանությունների կողմից ստեղծված տնտեսական մոդելը: Եվ այն պահին, երբ տրանսֆերտները պակասեցին 40 տոկոսով, հիմնականում՝ Ռուսաստանից եկող, եւ ըստ էության՝ դադարեց արտաքին ֆինանսավորումը, մենք տեսանք, որ տնտեսության այն պարազիտային մոդելը, որի մասին մենք այսքան տարի խոսում էինք, սկսեց փլուզվել: Այլ կերպ, քան փլուզում, հնարավոր չէ անվանել այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանի տնտեսության մեջ: Բնական է, որ դա ունի իր հետեւանքները՝ գործազրկությունը 7 տարվա մեջ մնացել է նույն՝ 18 տոկոսի սահմաններում: Որեւէ առաջընթաց չկա, եւ բնական արդյունքն այն է, որ 2008-ին Հայաստանից հեռանում էր 23 հազար մարդ, ապա հիմա արտագաղթի միջին տեմպը տարեկան հասնում է 50 հազարի: Իսկ ընդանուր առմամբ, Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին Հայաստանից հեռացել է ավելի քան 300 հազար մարդ: Սա իմ հորինած տվյալները չեն, սա պաշտոնական վիճակագրություն է:
Սա նշանակում է, որ ռազմավարական առումով մենք պարտվում ենք, եւ պարզվում է, որ Ադրբեջանը շատ ճշգրիտ հաշվարկել է իր քաղաքականությունը՝ խեղդելով Հայաստանին, այդ թվում նաեւ՝ կոռումպացված իշխանությունների ձեռքերով, մենք հայտնվում ենք գնալով անելանելի վիճակում, եւ կարծում եմ, ոչ մեկի համար գաղտնիք չի, որ պատրաստվում են որոշակի ճնշումներ Հայաստանի վրա, որ ղարաբաղյան խնդիրը լուծվի այն տարբերակով, որը, ըստ էության, նպաստավոր կլինի Ադրբեջանի համար: Եվ նման պլանն իրագործվելու միայն մեկ հնարավորություն կա՝ եթե Հայաստանի տնտեսությունը շարունակի մնալ այն վիճակում, ինչպիսին կա:
Հասկացեք՝ Ադրբեջանի այս պլանները ձախողելու միակ հնարավորությունը Հայաստանում արմատական փոփոխություններն են եւ տնտեսության թռիչքաձեւ աճը: Արտաքին ճնշումները կասեցնելու որիշ ճանապարհ չկա: Բայց մենք համառորեն շարունակում ենք գնալ այս ճանապարհով: Ավելին՝ չգիտես ինչու իշխանություններն անգամ չեն ցանկանում ընդունել, որ երկիրը գտնվում է ճգնաժամի մեջ: Ցանկացած բժիշկ հիվանդին բուժելուց առաջ պետք է ախտորոշում կատարի: Մենք այդ ախտրոշումն էլ չենք ուզում անել. մենք ջայլամի նման գլուխներս ավազի մեջ թաղելով՝ ասում ենք, որ ոչ մի ճգնաժամ չկա, ի սեր Աստծո: Ո՞ւմ ենք խաբում, Ադրբեջանի՞ն: Ադրբեջանը շատ լավ գիտի, թե ինչ է կատարվում մեր երկրում: Այդքան հետախուզություն ունեն, թեեւ հետախուզություն էլ պետք չի, ընդամենը կարող են կարդալ մեր պաշտոնական վիճակագրության տվյալները: Բայց մենք, չգիտես ինչու, վախենում ենք արձանագրել, ախտորոշել մեր տնտեսության վիճակը, ասել, որ՝ այո, ճգնաժամ է, այո, պետք է հակաճգնաժամային միջոցներ ձեռնարկել, պետք է արմատապես վերանայել Հայաստանի տնտեսական մոդելը: Ինչու՞ չենք անում սա: Ինչո՞ւ Ռուսաստանը, որը մեզանից շատ ավելի լավ վիճակում է գտնվում, այդ ամենն արել է՝ ստեղծել է հակաճգնաժամային կառավարման մարմիններ, մշակել է հակաճգնաժամային զարգացման ծրագիր՝ ճգնաժամային վիճակներին հատուկ բազմաթիվ էլեմենտներով հանդերձ: Ինչո՞ւ մենք սա չենք անում: Որովհետեւ այս ամենը ցույց է տալիս, որ մենք չունենք ռազմավարական տեսողություն ունեցող իշխանություն: Մենք ունենք կոնյուկտուրային, օրվա խնդիրներով զբաղվող իշխանություն: Ամեն օրը, ամեն ամիսն ինչքան ձգեցին,համարում են մեծ հաղթանակ: Բայց ինչի՞ հաշվին: Մի օր գալու է, եւ փլուզվելու է այդ ամեն ինչը:
Ես սթափվելու կոչ եմ անում: Այս փաստաթղթերը ոչ մի նշանակություն չունեն՝ ռազմավարական առումով մեր տնտեսությունը գտնվում է ծանրագույն հիվանդ վիճակում եւ դարձել է սպառնալիք Հայաստանի եւ Ղարաբաղի ազգային անվտանգությանը:
[youtube id=”nCQ-cVpcaAE” width=”700″ height=”390″ fullwidth=”yes”]