Ազգային Ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբացկության ղեկավար Լեւոն Զուրաբյանի ելույթը «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումների ժամանակ:
«Տեղի է ունենում հետեւյալ գործընթացը. Սերժ Սարգսյանը ունի լրջագույն խնդիր՝ կապված Սահմանադրական արգելքի հետ՝ իր երրորդ ժամկետի վերընտրման համար, եւ այդ արգելքը շրջանցելու նպատակով իր թիմակիցների հետ նախաձեռնել է մի սահմանադրական ռեֆորմ, որի ամբողջ իմաստը անցումն է դեպի խորհրդարանական համակարգ, որում Սերժ Սարգսյանը, պահպանելով կա՛մ Ազգային ժողովի նախագահի պաշտոնը, կա՛մ վարչապետի պաշտոնը, եւ համատեղելով այն Հանրապետական կուսակցության ղեկավարի պաշտոնի հետ, իրականում պահպանելու է իր անձնական իշխանության ռեժիմը: Ահա սա է ամբողջ ծրագիրը, որ ձեռնարկել է Սերժ Սարգսյանը իր Հանրապետական թիմի հետ:
Բնականաբար, սրա համար պետք է լինի հանրաքվե. այս հարցը կարող է լուծվել միայն հարաքվեի միջոցով, իսկ այսօր մենք ընդամենը քննարկում ենք այդ հանրաքվեի կանոնների սահմանման հարցը: Մենք ընդունում ենք այդ մարտահրավերը: Կոնգրեսը անկեղծորեն ժողովրդին ասել է, որ կմասնակցի այդ հանրաքվեին եւ այն կվերածի Սերժ Սարգսյանին անվստահություն հայտնելու հանրաքվեի: Մենք ձեզ առաջարկում ենք հետեւյալը. եթե մենք գնում ենք այս գործընթացին, եկեք գոնե խաղանք ազնիվ կանոններով: Եթե դուք չեք ընդունում ազնիվ խաղի կանոնները, դա ընդամենը նշանակում է, որ դուք էլ շատ լավ գիտեք, որ ձեր իշխանությունը չունի ժողովրդի վստահության քվեն: Այլապես դուք չէիք դիմադրի այն պարզ առաջարկներին, որոնք մենք ներկայացրել ենք: Այդ առաջարկները վերաբերում են, ըստ էության, երկու կարեւոր, առանցքային հարցի: Առաջին հարցը այն միջոցառումներն են, որ մենք առաջարկում ենք իրականացնել ընտրական օրենսգրքի փոփոխության հետ կապված, եւ որի մասին բազմիցս խոսվել է, իսկ առաջարկները ուղարկվել են Վենետիկի հանձնաժողով: Դրանք ունեն ԱԺ հինգ խմբակցությունների աջակցությունը:
Երկրորդ առանցքային խնդիրը հեռուստատեսության քարոզչության ապահովումն է, որը հանրաքվեի մասին օրենքում ուղղակի գոյություն չունի: Այսինքն ՝ ապահովված չէ հեռուստատեսությամբ քարոզչության իրավունքը, եւ բնականաբար՝ այդ հարցը պետք է լուծվի՝ միջազգային պրակտիկայի եւ արդարության սկզբունքների հիման վրա:
Առաջին խնդրի վերաբերյալ հնչեց մի փաստարկ Արծվիկ Մինասյանի կողմից, ըստ որի՝ մենք չենք կարող հանրաքվեն անցկացնել մի օրենքով, իսկ ընտրությունները՝ մեկ այլ: Եթե մենք փոխում ենք հանրաքվեի մասին օրենքը, դա արդեն ինչ-որ իմաստով հակասության մեջ է մտնում ընտրական օրենսգրքի հետ եւ ստեղծում է երկու տարբեր իրավական ռեժիմ հանրաքվեների եւ ընտրությունների համար: Այդ փաստարկը բացարձակապես ընդունելի չէ: Մենք այդ փոփոխությունները ուզում ենք մտցնել եւ՛ հանրաքվեի մասին օրենքի մեջ, եւ՛ ընտրական օրենսգրքի մեջ, քանի որ մենք վստահ ենք, որ այդ առաջարկների իրականացման բացակայության պատճառով այդ ընտրությունները կեղծվում են: Դուք ասում եք՝ թող այս հանրաքվեն էլ այսպես կեղծվի, հետո նոր կսկսենք ձեռնարկել բարեփոխման մեթոդներ: Սա՞ է ձեր առաջարկը: Այն որեւէ քննադատության չի դիմանում:
Ես ավելի շատ ցանկանում եմ կենտրոնանալ հեռուստատեսության քարոզչության խնդրի վրա: Մենք մի պարզ առաջարկ ենք արել, եւ պարզվում է, որ այդ առաջարկը ունի աջակցություն եւ՛ «Ժառանգություն», եւ՛ ՕԵԿ, եւ՛ ԲՀԿ խմբացկությունների կողմից: Միջազգային պրակտիկան նման հանրաքվեների անցկացման ժամանակ հաստատում է խաղի հետեւյալ կանոնները՝ կա «այո» եւ կա «ոչ»: Բոլոր քաղաքական ուժերը, որոնք ցանկանում են մասնակցել հանրաքվեին, պետք է պաշտոնապես իրենց դիրքորոշումը հայտնեն եւ գրանցվեն՝ որպես կամ «այո»-ի, կամ «ոչ»-ի կողմնակից, որից հետո «այո»-ի եւ «ոչ»-ի ընտրարշավների համար ստեղծվում են բացառապես հավասար կանոններ: Շատ պարզ բան է, ոչ թե մասնակիցների համար է ստեղծվում, այլ «այո»-ի եւ «ոչ»-ի ընտրարշավների համար: Ամբողջ միջազգային պրակտիկան հիմնված է այս պարզ սկզբունքի հիման վրա: Իսկ մյուս դեպքում դուք խախտում եք արդարությունը, հանրաքվեի մաքրությունը եւ լեգիտիմությունը: Դրա համար մենք առաջարկել ենք հետեւյալը՝ 30 օ՞ր է, ամեն օր եւ՛ «այո»-ի, եւ՛ «ոչ»-ի կողմնակիցները հանրային հեռուստաընկերության եթերում ունենան անվճար 30-ական րոպեներ՝ իրենց ելույթների համար: Կասեք՝ ինչպես պետք է բաշխվի այդ ժամանակը «այո»-ի եւ «ոչ»-ի կողմնակիցների միջեւ, դրա մեխանիզմն էլ ենք առաջարկել՝ կարող են ստեղծվել դաշինքներ: Երբ քաղաքական կուսակցությունները եւ հասարակական կազմակերպությունները միավորվում են 10-ից ավելի դաշիքների մեջ, ապա նրանք ԱԺ-ի կողմնակիցների հետ ստանում են հավասար իրավունքներ՝ եթերում հանդես գալու եւ վստահված անձ նշանակելու համար: Ի՞նչն է այստեղ անընդունելի, ի՞նչ պրոբլեմ ունեք, հավասար, արդար հնարավորություն է բոլորի համար՝ եւ՛ խմբակցությունների, եւ՛ արտախորհրդարական կուսակցությունների, եւ՛ հասարակական կազմակերպությունների: Հենց սա կլիներ ժողովրդավարական հանրաքվե, ինչու՞ չեք ընդունում, իսկ դուք ի՞նչ եք առաջարկում: Ասում եք՝ միայն խմբակցություններին տալիս ենք օրական 2-ական րոպե: Այսինքն՝ նախ արտախորհրդարանական կուսակցություններին, հ/կ-ներին դեն եք գցում: Երկրորդը՝ սրանով խախտվում է հավասարության սկզբունքը: Օրինակ, պատկերացնենք, որ այնպես է ստացվում, որ ԱԺ 5 խմբակցություն «այո» դիրքորոշման կողմնակից է, իսկ 1 խմբակցություն՝ «ոչ»-ի: Սա նշանակում է, որ օրական 10 րոպե կխոսեն «այո»-ի կողմնակիցները, եւ ընդամենը 2 րոպե՝ «ոչ»-ի կողմնակիցները: Կարող է եւ հակառակը լինել, բայց սրանով խախտվում է երկու կարեւոր սկզբունք. առաջինը՝ նախ, շատ քիչ ժամանակ է տրվում այդ դեբատի համար, եւ երկրորդը՝ խատվում է «այո»-ի եւ «ոչ»-ի ընտրարշավների միջեւ հավասարությունը: Ձեր տված լուծումով այդ հավասարությունը կվերականգնվի միայն այն դեպքում, եթե 3-3 բաժանվի, բայց մենք ինչու՞ մեր հույսը պետք է դնենք ինչ-որ պատահականությունների վրա: Սա օրենք է, որը գործելու է նաեւ ապագա բոլոր հանրաքվեների համար: Այսինքն՝ սա միանշանակ խախտում է արդարության բոլոր սկզբունքները:
Ինձ մոտ հարց է առաջանում: Հեղինակը կարող էր ընդունել մեր առաջարկությունները, հետո թող մեծամասնությունը մեկ առ մեկ մերժեր կամ ընդուներ, բայց, չգիտես ինչու, հեղինակը ընտրել է մեծամասնության հետ այդ հարցը համաձայնեցնելու մարտավարությունը: Այսինքն՝ մեր առաջարկներից ընդունել է միայն նրանք, որոնք կարողացել է համաձայնեցնել մեծամասնության հետ: Ինչու՞ է այդպես վարվել: Ի վերջո մենք հասկանում ենք, իշխանությունը ընդունել է միայն այն առաջարկները, որոնք որեւէ կերպ չեն վտանգում այս հանրաքվեում իրենց հաղթանակը: Հասկանալի բան է, բայց հեղինակները ինչու՞ են այդ բանին գնացել: Ասեմ՝ ինչու. ցավոք սրտի՝ պետք է արձանագրենք, որ Հանրապետական կուսակցությունը եւ Դաշնակցությունը այսուհետեւ դաշնակցում են ոչ միայն այս սահամանադրական փոփոխություններին «այո» ասելու գործում, այլ նաեւ այդ «այո»-ն կեղծելով՝ ոչ լեգիտիմ հերթական Սահմանադրություն ունենալու գործում: Մի բան էլ ասեմ. Դաշնակցությունը ում հետ որ համագործակցել է, այդ ուժերը հետո շատ վատ վախճան են ունեցել:
Հաջողություն ձեզ:
[youtube id=”_NT4COI9grk” width=”700″ height=”390″ fullwidth=”yes”]