
Գագիկ Յանգիրյան »»
Ազգային Ժողովում գլխավոր դատախազի տարեկան հաղորդման քննարկման ժամանակ Հայ ազգային կոնգրես խմբակցության անունից պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հանդես եկավ ելույթով, որը ներկայացնում ենք ստորեւ.
Դատախազության հաղորդումը ցանկանում եմ օգտագործել որպես հարմար առիթ՝ քննարկելու այդ մարմնի տեղի, դերի, լիազորության եւ այդ լիազորության իրացման հետ կապված հարցերը: Ինչու մե սա կարեւորում, որովհետեւ մենք գտնվում ենք դատաիրավական բարեփոխումների փուլում, եւ ԱԺ Պետա-իրավական հարցերի հանձնաժողովում արդեն քննարկման առարկա է դարձել Քրեական դատավարության մասին օրենսգրքի նախագիծը, եւ դրա որոշ դրույթներ ինձ մոտ մտահոգություն են հարուցում:
Ուզում եմ ասել, որ բոլոր առաջավոր երկրներում, կլինի անգլո-սաքսոնական, թե մայրցամաքային համակարգով, դատախազությունը շատ կարեւոր դեր է խաղում՝ անկախ նրանից, թե դա արդարադատության համակարգի մարմին է, թե դատական, ինչպես օրինակ, Ֆրանսիայում է, թե՛ դա ինքնուրույն մարմին է, ինչպես արեւելյան Եվրոպայի շատ երկրներում: Պետք է ասել նաեւ, որ դատախազության վերաբերյալ կա ԵԽ նախարարների կոմիտեի 2000թ. համապատասխան հանձնարարական, եւ այն փորձը, որը ես ուսումնասիրել եմ որպես իրավաբան եւ համակարգի երկար տարիների աշխատակից, ինձ բերել է մի շարք հետեւությունների, որոնք ուզում եմ ներկայացնել:
Խնդիրը նրանում է, որ, ըստ իս, 1995-ից հետո, երբ ընդունվեցին մի շարք օրենքներ, գնալով դատախազության՝ Սահմանադրության 103-րդ հոդվածով վերապահված լիազորություններն սկսեցին մեկնաբանվել խիստ սահմանափակ, ես կասեի՝ նաեւ թերի: Ասածս հիմնավորելու համար նշեմ, որ 103 հոդվածով սահմանված լիազորությունները դատախազության բացառիկ լիազորություններն են: Այսինքն, Սահմանադրությունը որեւէ այլ պետական մարմնի նման լիազորություններով չի օժտել: Ընդհանրապես, բոլոր սահմանադրական մարմինների լիազորությունները բացառիկ են՝ այլ մարմինների մենք չենք կարող դրանք վերահասցեագրել, փոփոխել եւ այլն: Եվ այն ձեւակերպումը, որ դատախազությունն իր լիազորությունները իրականացնում է «օրենքով սահմանված կարգով», չի նշանակում, որ այլ մարմիններ էլ են այդ լիազորություններն իրականացնում: Դա ուղղակի նշանակում է, որ իր լիազորությունները Դատախազությունը պետք է իրականացնի օրենքներով սահմանված դեպքերում ու կարգով: Սա շատ կարեւոր է, որպեսզի մենք հասկանանք Դատախազության դերը մեր երկրում:
Այն կոնցեպտը, որը դրված է Քրեական դատավարության օրենսգրքի հիմքում, ինձ բերեցին այն համոզման, որ այն աշխատանքային խումբը, որը գրել է քրդատ նախագիծը, գտնվել եւ գտնվում է օպերատիվ- հետախուզական մարմինների խստիվ ճնշման տակ: Քանի որ նախագծի վրա աշխատողները գիտաշխատողներ են, օպերատիվ-հետախուզական եւ քննչական մարմինները՝ ամեն մեկը վերմակը քաշում է իր վրա: Եւ նրանց լծակները շատ ավելի շատ են, քան դատախազության լծակները: Եվ ստացվում է, որ այդ վերմակը շատ դեպքերում Դատախազությունից են քաշում: Մենք պետք է, որպես օրենսդիր եւ քաղաքական մարմին, որը շահագրգռված է իրավապահ մարմինների հակակշիռների ու զսպումների մեխանիզմը ապահովելու հարցում, կարողանակք այս բալանսը ճիշտ պահպանել: Օրինակ՝ նոր Քրդատ օրենսգրքի նախագծով, դատախազը չի կարող գնալ դեպքի վայր, չի կարող դիակի զննությանը մասնակից լինել, փորձագետին հարցեր տալ, մասնակցել որեւէ քննչական գործողության, չի կարող տեսնել վկային, ճանաչել տուժողին: Եղբայր, եթե որեւէ մեկին դատախազը չի տեսնելու, մեղադրանքը դատարանում ո՞նց է պաշտպանելու: Ինքն այդ հոսկողությունը ինչպե՞ս է իրականացնելու: Սա նման է այն խնդրին, որ ասում ենք՝ բժիշկը պետք է ճիշտ ախտորոշի հիվանդությունը, ճիշտ բուժում նշանակի, բայց նա հիվանդին զննելու իրավունք չունի: Ա՛յ քեզ բան: Ստացվում է, որ մենք ուզում ենք ստեղծել մի դատախազություն, որը գրասենյակային աշխատողներից է բաղկացած լինելու՝ նստելու են, թղթերը բերելու են, զեկուցելու են, հետ են տանելու եւ այլն: Այսինքն, մենք ռեալ դատախազական վերահսկողությունը հանում ենք մինչդատական վարույթից:
Տեսեք, մենք ունենք նաեւ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն, որն ունի նախնական վերահկողության փուլեր, ձեւեր: Օրինակ՝ խուզարկություններ, հեռախոսազրույցների գաղտնալսում կատարելուց առաջ պետք է դատրանից թույլտվություն ստանալ: Կա նաեւ հետագա դատական հսկողություն: Բայց այս հսկողությունը մենք դարձրել ենք ֆորմալ մի բան՝ արդեն կատարված գործողություններին գնահատական կամ արձագանք, եւ արդեն կայացված որոշումների բեկանում կամ հաստատում: Այն ժամանակ, երբ դատախազությունն ինքը սեփական քննչական ապարատն ուներ, այս հսկողության մեխանիզմներն այդքան էական չէին, որովհետեւ ցանկացած գործ դատախազը կարող էր վերցնել եւ հանձնարարել իր ենթակայության տակ գտվող քննիչին: Բայց հիմա այդ քննչական ապարատը հանել ենք դատախազությունից (եւ շատ ճիշտ ենք արել), բայց մենք հիմա էլ նեղացնում ենք այն հսկողության ավանդական մեխանիզմենրը, որոնք հարյուր տարի գործել են: Քաղաքական մեծամասնության ուշադրությունը հրավիրում եմ այս խնդիր վրա, որովհետեւ սա շատ վտանգավոր միտում է: Կունենանք դատախազություն, որը Սահմանադրությամբ կունենա լիազորություններ, բայց օրենքներով այդ լիազորությունները կմոտեցնենք զրոյի, միեւնույն ժամանակ, կշարունակենք դատախազությունից պատասխան պահանջել:
Նոր Քրդատի մասին եւս մի բան. ներկայումս օպերատիվ-հետախուզական գործողությունների նկատմամբ դատախազության վերահսկողությունը խիստ ֆորմալիզացված է: Ուժեղ դատախազը կարող է ինչ-որ բաների տեղյակ լինել, թույլին ընդհանրապես բանի տեղ չեն դնում: Բայց մենք այդ էլ ենք հանել նոր նախագծով: Մինչդեռ, շատ երկրներում դատախազի համաձայնությամբ որոշակի օպերատիվ-հետախուզական գործողություններ են իրականացվում, եւ խիստ վերահսկողության տակ են գտնվում: Ասենք՝ չի կարող մի գործողություն երկու ամսից ավելի տեւել: Մենք այս բոլորը ջուրն ենք լցրել: Ես ուզում էի նաեւ անդրադարձ կատարել դատախազության լիազորություններին, հատկապես, որ Սահմանադրությունն այդ հնարավորությունը տալիս է: Տեսեք՝ դատախազությունն ըստ այդմ մշակում է քրեական քաղաքականությունը: Մինչդեռ, մեր երկրում, որեւէ մեկը քրեական քաղաքականություն չի մշակում: Եթե դա մշակվում է, դա դատախազությունը պետք է անի: Եթե դատախազությունը հանցագործությունների դեմ պայքարի ոլորտում որեւէ լիազորություն չունի, այդ դեպքում այս 70 էջ հաղորդման մեջ ինչու՞ է 20 էջ վիճակագրություն ներկայացվել: Արդյո՞ք դատախազությունը չպետք է հնարավորություն ունենա հարցադրումներ անելու՝ ինչու՞ է աճել ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների քանակը, ինչու՞ են ընկել հանցագործությունների բացահայտման ցուցանիշները, ինչո՞վ եք զբաղված: Կարծում եմ, թե՛ օրենքը, թե՛ Սահմանադրությունը հնարավորություն են տալիս: այսպիսի օրենսգիրք, որը մենք պատրաստվում ենք ընդունել, խայտառակություն կլինի: Ցավում եմ, որ գլխավոր դատախազը չի օգտագործել իր լծակները, որպեսզի կանխի նման նախագծի մուտքը Ազգային Ժողով:
– See more at: http://www.ilur.am/news/view/45720.html#sthash.Y9Okel0q.dpuf