1416400286,9631«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ Հայ Ազգային Կոնգրես խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն ասաց, որ ուզում է խնդրին անդրադառնալ այլ կտրվածքով ու պատմեց այս օրենքի նախապատմությունը:

«Մինչ 2004-ից ուժի մեջ մտած այս օրենքի ընդունումը՝ 2003 թվականը, ես և Պաշտպանության բոլոր նախարարները հայտարարություն էինք անում և բոլոր՝ ժամկետային զինծառայությունից խուսափողներին, այդ թվում և զորամասից դասալքություն կատարածներին զորակոչերի ընթացքում հրավիրում էինք ծառայության և ասում էինք՝ ովքեր գան, ներկայանան, գնում են ծառայության ու ոչ մի քրեական հետապնդման չեն ենթարկվում: Ֆորմալ առումով զինվորական դատախազը նույնիսկ ոտնահարում էր քաղաքացիական տարածքային դատախազների լիազորությունները, և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկը եթե գալիս էր զինկոմիսարիատ, մենք զինկոմներին արգելել էինք հետախուզվողներին ներկայացնել ոստիկանության բաժին: Նա նույն օրը գնում էր զրոհավաքակայան, բժշկական զննություն էր անցնում, ստուգվում և գնում ծառայության: Դա, բնականաբար, հանգեցնում էր քննչական մարմինների, դատախազական մարմինների դժգոհությանը, քանի որ որոշակի սպասելիքներից զրկվում էին: Մենք մինչև 2003 թվականի աշնանային զորակոչը այս մեխանիզմով ենք արել»,- ասաց Գագիկ Ջհանգիրյանը:

Նա նշեց, որ լոբբինգի  արդյուքնում ոմանք բերեցին այս նախագիծը, որն ըստ էության այն ժամանակ էլ էր հակասահմանադրական, հիմա էլ է հակասահմանադրական, քանի որ քաղաքացիները Սահմանադրությամբ պարտավոր են զինծառայություն կրել:

«Հիմա մենք իրենց չենք պատժում դրա համար, ինչ-որ ֆինանսական մուտքեր ապահովելու դիմաց ազատում ենք այդ պարտականությունից, որի իրավունքը մենք չունենք: Եվ խախտում ենք այն սկզբունքը, որ բոլոր քաղաքացիները, անկախ իրենց սոցիալական, նյութական դրությունից հավասար են օրենքի ու Սահմանադրության առաջ: Հիմա, արդյոք լուծե՞ց այս նախագիծն այն խնդիրը, որի գործարկումը հիմա տիկին Հրանուշ Հակոբյանը ուզում է երկարաձգել: Ո՛չ»,- ասաց Գագիկ Ջհանգիրյանը: Նշենք, որ այս նախագծի հիմնական զեկուցողը ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն է:

Այնուհետև Գագիկ Ջհանգիրյանն ասաց, որ 2003-2004 թվականներին ընդհանուր առմամբ 15.000 հետախուզվող կար, որոնցից 11.000-ը հստակ ՀՀ քաղաքացիներն էին, 4000-ը՝ այն կոնտինգենտն էր, որ ծնողների հետ 3-րդ, 5-րդ դասարանում՝ մինչև կցագրումը, գնացել են երկրից դուրս, և նրանց մենք չէինք էլ կարող որպես ՀՀ քաղաքացիների ենթարկել քրեական հետապնդման:

«Հիմա, տասը տարի գործում է այս օրենքը, և ամեն տարի գլխավոր դատախազը հաղորդում է ներկայացնում:  9918 հոգի հետախուման մեջ են դեկտեմբերի 31-ի դրությամբ: Սա չորրորդ ամիսն է վերջանում, ու եթե ամեն ամիս էլ 50 հոգու են հայտարարեն, ուրեմն արդեն տասը հազարն անցել է: Տասը տարվա ընթացքում հետախուզվողների թիվը կրճատվել է 400-500-ով: Այս օրենքը չի գործում: Այս օրենքից օր առաջ ազատվելը Պաշտպանության գերատեսչության համար դրական է»,- հավելեց Գագիկ Ջհանգիրյանը:

[youtube id=”pFJVEjrDNPQ” width=”700″ height=”390″ fullwidth=”yes”]

Pin It on Pinterest