levon-tp_mtorelis1995թ. ապրիլի 21-23-ը Գիտությունների Ազգային ակադեմիայի նիստերի դահլիճում, պետական բարձր մակարդակով, տեղի ունեցավ Հայոց ցեղասպանությանը նվիրված միջազգային գիտաժողով “Ցեղասպանության հարցեր” թեմայով, որին ներկա էին 16 երկրներից ժամանած գիտնականներ: Ելույթ ունեցան նաև ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը

Մեծարգո նախագահ,

Մեծարգո ներկաներ,

Այս օրերին հայ ժողովուրդը, նշելով իր ազգային ողբերգության 80-ամյակը եւ գլուխ խոնարհելով 1,5 միլիոն նահատակների սուրբ հիշատակի առջեւ, մեկ անգամ եւս հավաստում է ապրելու իր անկոտրում կամքը եւ ժողովուրդների համաշխարհային ընտանիքում իր արժանի տեղն զբաղեցնելու վճռականությունը։

Հայաստանի մայրաքաղաքում գումարված միջազգային այս գիտաժողովն ըստ այդմ մենք դիտում ենք նախ՝ որպես հարգանքի տուրք Ցեղասպանության զոհերի հիշատակին, եւ երկրորդ՝ որպես բարեկամության ցույց մեր նորանկախ պետականության նկատմամբ։

Խորապես գնահատելով ձեր պրոֆեսիոնալիզմն ու իրազեկությունը, ես չեմ հանդգնի մտնել Հայոց ցեղասպանության հետ կապված պատմական եւ իրավագիտական բարդ խնդիրների հորձանուտը, այլ պարզապես կբավարարվեմ մի քանի հայտնի ճշմարտությունների արձանագրմամբ, որը, իմ կարծիքով, հույժ անհրաժեշտ է արդի հայ հասարակության քաղաքական գիտակցության ձեւավորման տեսակետից։

Պատմական փորձի ռացիոնալ յուրացման եւ անցյալի սխալները չկրկնելու առումով, կարծում եմ, ժամանակն է իրերը գնահատել սառը դատողությամբ՝ հրաժարվելով զգացական ընկալումներից եւ հոգեբանական պայմանականություններից։

  1. Հայոց ցեղասպանությունն անտեղի է բացատրել հայ եւ թուրք ժողովուրդների կրոնական, էթնիկական, ռասայական անտագոնիզմով կամ տնտեսական եւ սոցիալական մրցակցությամբ, քանի որ Օսմանյան կայսրության մեջ ձեւավորված modus vivendi-ն դարերի ընթացքում, համենայն դեպս, կարողացել էր ապահովել նրանց քիչ թե շատ խաղաղ համակեցությունը։ Ճիշտ է՝ այդ համակեցությունը հիմնված էր կայսրության մահմեդական եւ քրիստոնյա ժողովուրդների ամենեւին ոչ իրավահավասար դրության վրա, բայց պետությունը, համենայն դեպս, երաշխավորում էր որոշակի հավասարակշռություն։

Հայոց ցեղասպանությունը զուտ քաղաքական ծրագիր էր՝ թելադրված Օսմանյան կայսրության կոնկրետ պետական շահերից։

Բալկանյան ժողովուրդների ազատագրումից հետո հայկական հարցը եւրոպական գերտերությունների կամքով մտավ միջազգային քաղաքականության ոլորտը՝ ձեւակերպվելով Բեռլինի դաշնագրի 61-րդ հոդվածում որպես Օսմանյան կայսրության հայկական նահանգներում բարենորոգումների անցկացման ծրագիր։

Թուրքիայի համար այդպիսով պարզ դարձավ, որ եւս մեկ պատերազմ՝ եւ նա կորցնելու է նաեւ Հայաստանը։ Դրանից խուսափելու միակ միջոցը հայ ժողովրդի ֆիզիկական բնաջնջումն էր, որ թուրքական իշխանությունները մեթոդիկ կերպով իրականացրեցին 1878–1915 թվականների ընթացքում։

Հայ ժողովրդի բնաջնջման ծրագրի մտահղացման, մշակման եւ իրագործման ողջ պատասխանատվությունն ըստ այդմ կրում են սուլթան Համիդը եւ երիտթուրքերի կառավարությունը։

  1. Եւրոպական գերտերությունները՝ Անգլիան, Ֆրանսիան, Գերմանիան եւ Ռուսաստանը 1878–1914 թվականների ընթացքում ոչ միայն որեւէ գործնական քայլ չկատարեցին Օսմանյան կայսրության հայկական նահանգներում բարենորոգումների ծրագրի իրականացման ուղղությամբ, այլեւ իրենց անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար։ Այսինքն՝ հայկական հարցի միջազգայնացմամբ գրգռելով օսմանյան իշխանություններին, գերտերություններն իրենց հոգնություն չպատճառեցին վայրկյան անգամ մտածել հայ ժողովրդի ֆիզիկականգոյության տարրական երաշխիքների մասին, որով եւ չափվում է Ցեղասպանության հարցում նրանց բարոյական, իսկ Գերմանիայի դեպքում՝ նաեւ ուղղակի պատասխանատվության բաժինը։
  2. Նկատի ունենալով Օսմանյան պետության եւ հայ ժողովրդի ուժերի ակնհայտորեն անհակակշռելի հարաբերակցությունը, ինչ- պես նաեւ Արեւելյան հարցում գերտերությունների միջեւ գոյություն ունեցող հակասությունները, դժվար է չխոստովանել, որ կենաց-մահու այդ պայքարում հայերն ի սկզբանե դատապարտված էին կործանման։ Հայ ժողովուրդն իր բոլոր կարողությունների գերլարմամբ հանդերձ ի զորու չէր վիժեցնելու Օսմանյան պետության մշակած հրեշավոր ծրագիրը, մանավանդ որ՝ հայերի մոտ, ցավոք սրտի, ակնհայտորեն բացակայում էր այդ ծրագրի գոյության գիտակցությունն անգամ։
  3. Տիրապետող այն տեսակետը, թե հայ ժողովուրդը կարող էր խուսափել արհավիրքից, հրաժարվելով Թուրքիայի ներքին գործերին եւրոպական երկրների միջամտությանը նպաստելու գաղափարից եւ փորձելով հայկական նահանգների բարենորոգումների հարցը լուծել թուրքական իշխանությունների հետ անմիջական համագործակցությամբ, կարծում եմ, հեռու է իրատեսությունից, քանի որ, անկախ հայերի կամքից, եւրոպական պետություններն այլեւս չէին կարող հրաժարվել հայկական նահանգների բարենորոգումների պատրվակով Թուրքիայի վրա ազդելու քաղաքականությունից։

Դրանով հանդերձ, պարտավոր ենք հավաստել, որ հայ քաղաքական մտքի երկու հոսանքներն էլ, այն է՝ կղերա-բուրժուական եւ հեղափոխական հոսանքները, թեեւ անհետեւողականորեն, բայց ժամանակ առ ժամանակ փորձել են համագործակցել թուրքական իշխանությունների հետ, որի բարձրակետը Իթթիհադի եւ Հայ հեղափոխական դաշնակցության համագործակցությունն էր։ Այդ համագործակցության պատճառով լիովին բթացվեց հայ ժողովրդի զգոնությունը, եւ 1908–1914 թթ. ժամանակամիջոցը բացարձակապես չօգտագործվեց ինքնապաշտպանության պատրաստվելու համար։

Որքան էլ դառը լինի, պետք է խոստովանել, որ հայ քաղաքական մտքի երկու հոսանքներն էլ հասու չեղան ոչ միայն վիժեցնել հայ ժողովրդի բնաջնջման պետական ծրագիրը, որ, ինչպես վերը նշվեց, գրեթե անհնար էր, այլեւ գոնե տարրական միջոցներ ձեռնարկել նրա հետեւանքները նվազագույնի հասցնելու համար։

  1. Եթե ոչ Ցեղասպանությունից, ապա գոնե նրա կործանարար հետեւանքներից խուսափելու վերջին հնարավորությունը հայ ժողովուրդը կորցրեց 1914 թվականին, երբ Էրզրումում գումարված Հայ հեղափոխական դաշնակցության 8-րդ ընդհանուր ժողովի որոշմամբ պարտավորություն ստանձնեց մասնակցել Օսմանյան կայսրությունում հայտարարված ընդհանուր զորահավաքին։

Մերժելով զորահավաքը, թեեւ, միեւնույն է, հայ ժողովրդին չէր հաջողվելու կանխել ծրագրված հաշվեհարդարը, ավելին՝ դրանով լրացուցիչ ծանրակշիռ պատրվակ էր ստեղծվելու իշխանությունների բռնություններն արդարացնելու համար, այդուհանդերձ, պահպանելով զինական ուժը, շատ վայրերում, մասնավորապես Տարոնում, հնարավոր էր կազմակերպել ավելի լուրջ ինքնապաշտպանություն եւ խուսափել իսպառ բնաջնջումից։

  1. 1920 թվականին, շարունակելով պահպանել հավատարմությունը Անտանտի երկրներին, Հայաստանի Հանրապետության վարիչները չկարողացան ճիշտ գնահատել Խորհրդային Ռուսաստանի եւ Քեմալական Թուրքիայի հզորացմամբ ստեղծված նոր իրադրությունը, որի պատճառով կորցրին թե՛ Հայաստանի անկախությունը, թե՛ նրա տարածքների մի մասը։ Մինչդեռ հայ-թուրքական եւ հայ-ռուսական ուղղակի պայմանավորվածությունների միջոցով, ակնհայտորեն, Հայաստանի համար հնարավոր էր ապահովել ավելի բարեհաջող ապագա։
  2. Այսօր Հայաստանը եւ Թուրքիան, որպես հարեւան պետություններ, պարտավոր են հաստատել փոխշահավետ առեւտրա-տնտեսական կապեր եւ բարիդրացիական հարաբերությունների միջոցով աստիճանաբար հաղթահարել պատմական հակասություններն ու վերականգնել հայ եւ թուրք ժողովուրդների փոխադարձ վստահությունը, որի համար կողմերից պահանջվում է դրսեւորել համապատասխան քաղաքական կամք եւ բարոյական կեցվածք։

Ամփոփելով խոսքս, ես հաջողություն եմ մաղթում Հայոց ցեղասպանության 80-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի աշխատանքին, համոզված լինելով, որ այն կդառնա կարեւոր հանգրվան՝ մարդկության դեմ գործված այդ ահավոր հանցագործության գիտական ուսումնասիրության գործում։

Շնորհակալություն ուշադրության համար։

21 ապրիլի, 1995 թ.

«Հայաստանի Հանրապետություն», 22 ապրիլի, 1995 թ.։

Pin It on Pinterest