904a44c9f835d747346c2f2b072223b0iLur.am-ի զրուցակիցն է ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը

Պարոն Մանուկյան, դուք գազամատակարարման ոլորտն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամ եք: Ե՞րբ է հանձնաժողովը պատրաստվում ներկայացնել իր զեկույցը:

-Առաջիկայում հանձնաժողովը շատ խիտ ռեժիմով հանդիպումներ կանցկացնի գործադիրի հետ, Ռոբերտ Նազարյանի ղեկավարած Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ: Ինչ հարցեր  մնացել են բաց կամ անպատասխան, դրանց լիարժեք պատասխանները ստանալուց եւ քննարկելուց հետո հանձնաժողովը կամփոփի իր աշխատանքներն ու առաջիկա քառօրյային կներկայացնի ամփոփիչ զեկույց:

-Այս պահի դրությամբ՝ այն, ինչ բացահայտել է հանձնաժողովը, ձեզ համար որքանո՞վ է գոհացուցիչ:

-Ինձ մեծ բան չի տվել, քանի որ այն, ինչ գիտեի՝ ապօրինություններ, անխնա, անիմաստ, չտրամաբանված ծախսեր, նույն կարծիքին մնացել եմ: Դրան ընդամենը միացել է փաստաթղթավորված մասը: Այս հարցին իմ մոտեցումը ոչ թե սոսկ տնտեսագիտական, փաստաթղթային, թվային էր, այլ նաեւ քաղաքական, որովհետեւ կարող ես բաներ գտնել, որոնք օրենքի շրջանակներում են արված, փաստաթղթային հիմքն ապահովելով են արված, բայց եթե դրանից հետո անգամ սահմանին գազը ստանում են 189 դոլարով եւ քաղաքացուն վաճառում 400 դոլարով, ես չեմ հասկանում: Ես կարող եմ հիմնավորել, որ քաղաքացուն գազը 400 դոլարով վաճառելը չտրամաբանված, չհաշվարկված քայլ է: Հանգիստ կարելի է հիմնավորել, որ քաղաքացուն վաճառվող գազի սակագինը էժանանալու տեղ ունի:

-Այսինքն՝ միանշանա՞կ է, որ գազը նման բարձր սակագնով քաղաքացում վաճառվում է անհիմն կերպով:

-Իհարկե:

-Սկանդալային մի հարց էլ կապված էր սահմանին գազի գնի թանկացման հետ, երբ իշխանությունները թաքցրել էին այդ փաստը, կուտակել ավելի քան 500 մլն դոլարի պարտք, եւ հետո ստիպված եղան այդ գումարը փակել «Հայռուսգազարդ» ընկերության ՀՀ կառավարությանը պատկանող 20 տոկոս բաժնեմասը «Գազպրոմ»-ին տալով: Ի վերջո, ո՞վ է պատասխան տալու դրա համար:

-Ես ԱԺ ամբիոնից երկու անգամ ասել եմ, որ սա համարեք դատախազությանն ուղղված հաղորդում՝ հանցագործության մասին: Եթե դատախազությունը գործ հարուցի եւ քննի այդ փաստերը, այդ ժամանակ պատժվելու հարց կլինի: Իմ կարծիքով, պատժվելու արժանի են Էկոնոմիկայի նախկին նախարար Արմեն Մովսիսյանը, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Սերժ Սարգսյանը, որ այս ժողովրդին նպատակային աղքատացման են տարել:

-Իսկ ձեր հանձնաժողովի զեկույցն այս հարցում ինչ-որ դեր կարո՞ղ է արդյոք ունենալ:

-Այս պահին չեմ կարող ասել: Քանի որ խնդիրը քաղաքական դաշտում է, արձագանքը եւս կախված է քաղաքական որոշումից, քաղաքական պատվերից: Քանի որ հանձնաժողովում ՀՀԿ-ն մեծամասնություն է, մեծ հույսեր չեմ ակնկալում, որ բացահայտեն կամ հայտարարեն այն, ինչ կա:

-Իսկ Սերժ Սարգսյանը  արդյոք չի՞ փորձի «փուռը տալ» նախկին նախարարին կամ վարչապետին:

-Դա իրենց գործն է, դա քաղաքական որոշման հարց է: Ես չեմ կարող ասել:

 

Pin It on Pinterest