Այսօր ես կարճ եմ խոսելու, որովհետեւ իմ ընկերները հանգամանորեն ներկայացրին սույն հանրահավաքի հետապնդած նպատակը, այն է՝ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի Երեւանում ընթացող համաժողովի ուշադրության հրավիրումը Հայաստանում մոլեգնող լայնածավալ քաղաքական հալածանքների ու քաղբանտարկյալների առկայության աղաղակող փաստի, ինչպես նաեւ ընդհանրապես ժողովրդավարության բնագավառում տիրող անհանդուրժելի իրավիճակի վրա։ Իսկ թե ինչու է համաժողովն անցկացվում ժողովրդավարական ազատություններն ու մարդու իրավունքները սանձարձակորեն ոտնահարող մի երկրում, թողնում եմ նրա կազմակերպիչների խղճին։
Այնուամենայնիվ, չեմ կարող շրջանցել որոշ ուշագրավ զարգացումներ, որոնց ականատեսն ենք վերջին շրջանում։ Դրանցից առաջինը միջազգային հանրության եւ միջազգային կազմակերպությունների վերաբերմունքի, կամ ավելի ճիշտ, արտահայտչաոճի փոփոխությունն է քաղբանտարկյալների հարցում։ Եթե մինչեւ վերջերս տարբեր երկրների կամ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները Հայաստանի կապակցությամբ խուսափում էին քաղբանտարկյալ տերմինից ու դրա փոխարեն օգտագործում նրա սահմանումը (քաղաքական գործունեության համար կամ քաղաքական դրդապատճառներով բանտարկված անձինք), ապա այժմ ուղղակի ու միանշանակորեն արտասանում են այդ տերմինը։ Անշուշտ, սա մի կողմից Հայ Ազգային Կոնգրեսի եւ հանձինս ձեզ մեր ողջ ժողովրդի համառ ու հետեւողական պայքարի արդյունքն է, իսկ մյուս կողմից Սերժ Սարգսյանին ուղղված նախազգուշացում՝ հայ–թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերում վերջինիս հնարավոր տատանումներն ու խուսանավումները կանխելու նպատակով։ Այս վերջին նպատակին են ծառայում նաեւ Հայաստանում մարդու իրավունքների 2009թ. վիճակի վերաբերյալ ԱՄՆ-ի պատքարտուղարության 2008թ. համեմատ բավականին խստացված զեկույցի, ինչպես նաեւ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների ու մարդու իրավունքների գրասենյակի եւ Եւրոխորհրդի խոշտանգումների դեմ պայքարի կոմիտեի ուշացած զեկույցների հրապարակումները։
Հաջորդ ուշագրավ երեւույթը իշխանական ճամբարում նկատվող աննախադեպ խուճապն է եւ դրա հետեւանքով սկիզբ առած ներքին գզվռտոցն ու ինքնահոշոտման գործընթացը։ Ընդդիմության հասցեին հոխորտանքը պակասել է, տեղը զիջելով փոխադարձ քննադատություններին ու մեղադրանքներին։ Այդպիսի բան սովորաբար տեղի է ունենում իշխանության մոտալուտ վախճանի զգացողության պարագայում, երբ ամեն ոք մտածում է պատասխանատվությունից խուսափելու եւ սեփական կաշին փրկելու մասին։ Քոչարյանա-սերժական վարչախումբը ձախողված է բոլոր առումներով՝ թե՛ արժեքային, թե՛ տնտեսական, եւ թե՛ ազգային։ Միայն մեկ բնագավառում է նա տպավորիչ հաջողության հասել, այն է՝ սեփական ժողովրդին թալանելու գործում, եւ այժմ բացարձակապես տառապում է հափշտակածը պահպանելու սեւեռուն մտահոգությամբ։ Ավազակապետությունն ունի խուճապահար լինելու երկու ակնհայտ պատճառ. առաջին՝ տնտեսական վիճակի բարելավման լիակատար անկարողությունն ու սոցիալական դժգոհության ահագնացող վտանգի գիտակցումը, եւ երկրորդ՝ Ղարաբաղի խնդրի աղետալի հանգուցալուծման վերահաս իրողությունը։ Առաջին պատճառը մեկնաբանության կարիք չունի, իսկ երկրորդի մասին հարկ եմ համարում նշել հետեւյալը։
Սկսենք նրանից, որ հակառակ թվացյալ հրատապությանը, ներկա պահին անիմաստ ու ավելորդ է խոսել հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման մասին, քանի որ այն, ինչպես 2008թ. հոկտեմբերից ի վեր բազմիցս պնդել ենք, կախված է բացառապես Ղարաբաղի խնդրի լուծումից կամ, ավելի ճիշտ, Ղարաբաղյան կարգավորման գործընթացում էական տեղաշարժի արձանագրումից։ Իսկ էական տեղաշարժ հասկացության տակ, Մինսկի խմբի համանախագահների միջեւ գոյացած կոնսենսուսի համաձայն, այսօր հասկացվում է ոչ այլ ինչ, եթե ոչ հինգ շրջանների անմիջական վերադարձը Ադրբեջանին, անորոշ թողնելով ապագայում լուծվելիք մնացյալ սկզբունքային հարցերը, ինչպիսիք են, մասնավորապես, խաղաղապահ ուժերի կամ դիտորդների տեղակայումը, Լաչինի միջանցքի ռեժիմը եւ Ղարաբաղի վերջնական կարգավիճակը։ Այսինքն, հայկական կողմը կատարում է միանգամայն շոշափելի, կարելի է ասել, նյութական զիջում, դրա դիմաց ստանալով միայն դատարկ ու չերաշխավորված խոստումներ, եթե, իհարկե, հաշվի չառնենք հաղորդակցության ուղիների մասնակի ապաշրջափակումը եւ հայ–թուրքական սահմանի բացումը։ Որպես հայկական կողմին արվող գրեթե համարժեք փոխհատուցում, շատ է խոսվում տարածքների վերադարձից հետո Ղարաբաղին շնորհվելիք միջանկյալ կարգավիճակի մասին, բայց թե ինչ բովանդակություն է դա ենթադրում, ոչ ոք չի բացատրում։ Թերեւս բացատրելու կարիք էլ չկա, քանի որ միջանկյալ կարգավիճակի էությունն, ըստ երեւույթին, պարզապես կայանալու է նրանում, որ Ղարաբաղի չճանաչված իշխանություններն այսուհետեւ ճանաչված են համարվելու։ Տարածքների վերադարձի շուրջ միջնորդական առաքելության ներսում ձեւավորված կոնսենսուսի պարագան, անշուշտ, չի բացառում համանախագահ երկրների միջեւ տարաձայնությունների գոյությունը Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման վերաբերյալ։ Ավելին, հիմքեր կան պնդելու, որ այդ հարցում կան մոտեցումների ու մտադրությունների լուրջ տարբերություններ, որոնց մասին ես հավանաբար կխոսեմ մի այլ, ավելի պատեհ առիթով։ Կարեւոր է միայն շեշտել, որ նույնիսկ գլխավոր հաշտարարի պատիվը վիճարկելու իրողության առկայությամբ, այդ տարբերությունները որեւէ կերպ չեն խանգարում տարածքների վերադարձի կոնկրետ հարցում միջնորդական ջանքերի համատեղմանը։ Իսկ այն լրացուցիչ հանգամանքը, որ Թուրքիան ու Ադրբեջանը նույնպես մեծապես շահագրգռված են այդ հարցում, եւ վերջինս նաեւ պաշտոնապես համաձայնել է համանախագահ երկրների մշակած ծրագրին կամ, այսպես կոչված, «Մադրիդյան նորացված առաջարկին», ավելի է բարդացնում հայկական կողմի առանց այդ էլ բարդ վիճակը։
Ըստ այդմ, ամեն ինչ այժմ կախված է հայկական կողմի դիրքորոշումից։ Սերժ Սարգսյանը, հետեւաբար, կանգնած է դժվարին, եթե ոչ ճակատագրական երկընտրանքի առջեւ, այն է՝ կա՛մ ստորագրել առաջարկված համաձայնագիրը, դրանով հարուցելով սեփական ժողովրդի ցասումը, կա՛մ՝ ժամանակ շահելու համար մերժել այն՝ դրանով էլ գրգռելով միջազգային հանրությանը, իր բոլոր բացասական հետեւանքներով։ Իրավիճակի պարադոքսն այն է, որ երկու դեպքում էլ նա, անկասկած, իշխանությունը կորցնելու է. ստորագրելու պարագայում նրան տապալելու են ներքին ուժերը, այդ թվում նախկին ու ներկա կոալիցիոն գործընկերները, իսկ մերժելու պարագայում՝ միջազգային հանրությունը, նրա վերաբերյալ կուտակած առատ կոմպրոմատների օգտագործմամբ, սկսած կեղծված ընտրություններից ու խոցելի լեգիտիմությունից, ավարտած հոկտեմբերի 27-ի ու մարտի 1-ի սպանդներով, քաղաքական հալածանքներով, անձնական կոռուպցիայով եւ անվայել հոբբիներով։ Չմոռանանք, որ այդ ամենի մասին, որպես ճնշման միջոց, նրան ժամանակ առ ժամանակ արդեն իսկ հիշեցնում են, ինչի արտահայտությունն են, մասնավորապես, ԱՄՆ-ի պետդեպարտամենտի եւ միջազգային կազմակերպությունների վերը նշված զեկույցները, ինչպես նաեւ մոսկովյան մամուլի վարկաբեկիչ հրապարակումները։ Թեեւ այլընտրանքների արդյունքը, ինչպես նշեցինք, նույնն է լինելու, այսինքն՝ իշխանության անխուսափելի կորուստը, սակայն Սերժ Սարգսյանն, իմ կարծիքով, ընտրելու է ոչ թե մերժման, այլ ստորագրման տարբերակը եւ շուտով, կամա թե ակամա, սկուտեղի վրա Ադրբեջանին է հանձնելու Մինսկի խմբի համանախագահության կողմից գրեթե վերջնագրի ձեւով պահանջված հինգ շրջանները։ Որովհետեւ այդ դեպքում նա կարող է վստահ լինել, որ միջազգային հանրությունից կստանա, եթե ոչ իշխանությունը պահպանելու, ապա առնվազն անձնական անձեռնմխելիության եւ ունեցվածքը վայելելու երաշխիքներ, ընդհուպ մինչեւ քաղաքական ապաստանի տրամադրումը, ինչը բացառված է հակառակա պարագայում։
Այսպիսով, դարձյալ հանգում ենք այս տխուր իրավիճակից ելք փնտրելու ցավագին հարցին, որին ես հանգամանորեն անդրադարձել եմ դեռեւս 2009թ. սեպտեմբերի 18-ի հանրահավաքում, մասնավորապես նշելով հետեւյալը. «Իրադարձությունների ընթացքն, իհարկե, բոլորովին այլ կլիներ, եթե Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը, արձագանքելով Կոնգրեսի՝ ժամանակին հնչեցրած ահազանգին, տեր կանգներ ԵԱՀԿ Բուդապեշտյան գագաթնաժողովի որոշմամբ սահմանված հակամարտության կողմի իր կարգավիճակին եւ Հայաստանի իշխանություններին արգելեր հանդես գալու իր անունից։ …Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման աննպաստ ընթացքը շրջելու առումով շատ ավելի մեծ նշանակություն կունենար Սերժ Սարգսյանի հրաժարականը եւ Հայաստանում սահմանադրական կարգի վերականգնումն ու լեգիտիմ իշխանության ձեւավորումը։ Եթե անգամ իշխանափոխությունը չհանգեցներ Ղարաբաղյան կարգավորման տրամաբանության արմատական փոփոխությանը, ապա առնվազն նախադրյալներ կստեղծեր էապես բարելավելու ներկայումս քննարկվող ծրագիրը։ Լեգիտիմ իշխանությունը հարկադրված չէր լինի անհարկի զիջումներ կատարելու եւ նահանջելու հայկական կողմի երբեմնի ուժեղ դիրքերից, որքան էլ դրանք խարխլված լինեն Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ապաշնորհ ու անպատասխանատու քաղաքականության հետեւանքով։ Իշխանափոխությունն, ըստ այդմ, Ղարաբաղյան կարգավորման ներկա գործընթացի վրա վճռորոշ ազդեցություն գործելու եւ նրա վտանգավոր հետեւանքները կանխելու միակ միջոցն է»։ Թեեւ այդ ելույթից անցել է ավելի քան կես տարի, Հայ Ազգային Կոնգրեսը հիմա էլ գտնում է, որ դրությունը թեկուզ մասնակիորեն շտկելու այլ ճանապարհ գոյություն չունի։
Առաջին հայացքից թվում է, թե մոտավորապես նույն ելքն է առաջարկում նաեւ Վարդան Օսկանյանը, թերթերից մեկին տված հարցազրույցում. «Մենք այսօր շրջադարձային փուլում ենք,– գրում է նա,– Հայաստանը նախկինում էլ այդպիսի փուլում եղել է։ Երբ հանգամանքները, գործընթացի իներցիան, միջնորդների ընկալումները մեզ համար շահավետ չեն, պետք է ոչ թե սպասել իրավիճակի զարգացմանը, այլ կտրուկ քայլերի գնալ։ Անհրաժեշտ է շեշտադրումների ու նույնիսկ դիրքորոշումների փոփոխություն, որը սակայն պետք է լավ հիմնավորված լինի։ Նման փոփոխություն եղավ 98-ին՝ իշխանափոխության արդյունքում։ Իշխանափոխության դեպքում նախորդ իշխանության դիրքորոշման հետ չհամաձայնելը եւ փոխարենը այլ բան առաջարկելն ավելի ընկալելի է» (Կապիտալ, 19.03.2010թ.)։ Մի կողմ դրած այն խնդիրը, թե հենց Ղարաբաղի պարագայում ինչպիսի աղետալի հետեւանքների հանգեցրին 98-ի իշխանափոխությունն ու դիրքորոշումների փոփոխությունը, այս պնդումն ուշագրավ է բոլորովին մի այլ առումով։ Երբ տվյալ պնդումը համադրում ենք մամուլի այն հրապարակումներին, որոնց համաձայն՝ Ռոբերտ Քոչարյանը, Փարիզում կայացած հանդիպման ժամանակ, Սերժ Սարգսյանից պահանջել է իրեն վարչապետ նշանակել, իսկ այնուհետեւ հրաժարական տալ եւ այդպիսով հարթել նախագահի աթոռին վերաբազմելու իր ճանապարհը, ապա ստացվում է, որ Օսկանյանի նկատի առածը ոչ թե օրինական ընտտրությունների միջոցով իրականացած իշխանափոխություն է, այլ սովորական պետական հեղաշրջում, այսինքն՝ ոչ այլ ինչ, եթե ոչ ճիշտ 98-ի կրկնությունը։ Ի դեպ, այդ ծրագրին, ըստ երեւույթին, անմասն չեն նաեւ Դաշնակցությունը, Բարգավաճ Հայաստանը եւ Ազգային Խորհրդի նախագահն՝ իր շրջապատով։ Իսկ որ Քոչարյանի փարիզյան արկածախնդրության մասին տեղեկությունն ստույգ է, կողմնակիորեն ապացուցվում է վերջինիս դեմ հանրապետականների սանձազերծած կատաղի քարոզչության իրողությամբ։ Թեեւ մյուս կողմից, այդ քարոզչությունը միանգամայն արտառոց ու անհամոզիչ է, քանի որ Հանրապետական կուսակցությունը, կոալիցիոն մյուս ուժերի հետ մեկտեղ, տասը տարի շարունակ անվերապահորեն պաշտպանել ու գովաբանել է Քոչարյան–Օսկանյան զույգի վարած Ղարաբաղյան քաղաքականությունը եւ, հետեւաբար, հավասարապես կիսում է դրա ձախողման պատասխանատվությունը։ Ինչեւէ, Քոչարյանի երազանքը, որքան էլ մարդկայնորեն հասկանալի, դատապարտված է անկատար մնալու, որովհետեւ նախ՝ Սերժ Սարգսյանը ում-ում, բայց նրան երբեք կամովին վարչապետ չի նշանակի, եւ երկրորդ՝ եթե հանգամանքների պարտադրանքով ստիպված էլ լինի նշանակել, միջազգային հանրությունը դա չի հանդուրժի, եւ մինչեւ ամենաերիտասարդ թոշակառուն վարչապետից նախագահ դառնա, կկանգնի Հաագայի դատարանի առջեւ։ Չեմ ուզում խոսել մի ավելի անկարեւոր հարցի մասին, որը վերաբերում է Ղարաբաղին բանակցային գործընթացից դուրս մղելու խնդրի առնչությամբ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի տարածած ստապատիր մեկնաբանությանը։ Այդ հարցին ես հանգամանորեն անդրադարձել եմ 2009թ. սեպտեմբերի 18-ի քիչ առաջ վկայակոչված ելույթում, որին ավելացնելու բան չունեմ։
Կարող է հարց ծագել, թե Քոչարյանի ինչին է պետք նորից նախագահ դառնալ։ Իհարկե, պետք չէր, եթե նա վստահ լիներ, որ Սերժ Սարգսյանը գոնե մինչեւ նախագահական ժամկետի ավարտը կմնա իր պաշտոնին։ Այդ վստահությունը նա չունի եւ սարսափում է այն մտքից, որ կորցնելով Սարգսյանի «տանիքը», որն ստեղծելու համար նույնիսկ տասը մարդու արյան պատասխանատվության տակ է ընկել, կկորցնի ոչ միայն իր իշխանության օրոք ձեռքբերած հսկայական կարողությունը, որի մասին վերջերս ծավալուն հրապարակում եղավ մոսկովյան մամուլում, այլեւ կկանգնի արդարադատության առջեւ։ Այդ սարսափը նա տենդագին կերպով փորձում է փոխանցել նաեւ քրեաօլիգարխիկ համակարգի պարագլուխներին, նրանց ներշնչելով մոտավորապես հետեւյալը. «Արա, չե՞ք ջոկում, որ էս անճարակը հեսա վլաստը կորցնելու ա։ Գալու ա Լեւոնն ու սաղիս հերն անիծի, ունեցած-չունեցածներս ձեռքներիցս խլի։ Մի բան արեք, սրանից պրծնենք, թե չէ կորած ենք»։ Չեմ կարծում, սակայն, թե այս հոգեբուժական սեանսները, որոնցից մեկն, ըստ լուրերի, օրերս տեղի է ունեցել Դուբայում, արձագանք կգտնի օլիգարխների նուրբ հոգիներում, որովհետեւ նախ՝ նրանք «նաղդը» թողած «նիսիայի» ետեւից չեն ընկնի, եւ երկրորդ՝ նրանք լավ գիտեն, որ որքան էլ պետական գործերում անճարակ, բայց գողական հարաբերություններում Սարգսյանը Քոչարյանին «ծալած», «փաթթած» ու «ոլորած» ունի։ Կներեք, որ ստիպված եմ խոսել «վերխուշկեքի» դասական լատիներենով, քանի որ նրանք ուրիշ լեզու, այդ թվում Հայաստանի պետականը, չգիտեն։ Մի խոսքով, Քոչարյանի «դվիժենիների» պատճառը ոչ թե Ղարաբաղի ու Հայաստանի համար ստեղծված ծանր կացությունից ելք գտնելու մտահոգությունն է, այլ սեփական կաշվի ու հարստության փրկությունը։ Նա թքած ունի թե՛ Ղարաբաղի, թե՛ Հայաստանի վրա։
Այսպիսով, ո՛ր կողմից էլ դիտարկելու լինենք, ավազակապետության հիմնովին փտած նավը բոլորիս աչքի առջեւ խորտակվում է։ Դա երեւում է թե՛ իշխանական ճամբարում տիրող խուճապից ու ներքին գզվռտոցից, թե՛ տնտեսական ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ կառավարության անճարակ ու հուսահատ գործողություններից, թե՛ քրեաօլիգարխիկ կապիտալի տենդագին արտահանումից, թե՛ պատերազմի վտանգի մասին հիստերիկ պաշտոնական քարոզչությունից, թե՛ ժողովրդավարության ու մարդու իրավունքների հարցերում սաստկացող միջազգային ճնշումներից, եւ թե՛ մանավանդ Ղարաբաղյան կարգավորման սրընթաց ու ակնհայտորեն անբարենպաստ զարգացումից։ Ամբողջ խնդիրն այն է, որ հանցավոր վարչախումբը, իր հետ միասին, չխորտակի նաեւ Ղարաբաղն ու Հայաստանը, մի՛ բան, որ եղել ու մնում է Հայ Ազգային Կոնգրեսի գլխավոր մտահոգությունն ու գործողությունների առանցքը։ Մեր տեղն այս զգայուն իրավիճակում մենք տեսնում ենք խնդիրներն ավելի չբարդացնելու, արտաքին ճնշումների սաստկացմանը չնպաստելու, երկիրը ցնցումներից զերծ պահելու, մի խոսքով՝ վնասները նվազագույնի հասցնելու (damage control) դերում, որքան էլ իշխանություններն անհաղորդակից մնան Հայաստանի եւ Ղարաբաղի առջեւ կանգնած մարտահրավերները դիմագրավելու նպատակով ազգային համերաշխության հաստատմանը միտված մեր անկեղծ ձգտմանը։
Այս բախտորոշ պահին, ժողովրդի սիրտը շահելու շնորհիվ նրա աջակցությունն ստանալու առիթի բացթողումը, վերջին հաշվով, հանդիսանալու է կարճատես իշխանությունների ամենաճակատագրական սխալը եւ թե՛ իրենց ու թե՛ երկրին բաժին ընկնելիք դժբախտությունների պատճառը։