Ազգային ժողովի պետա-իրավական հարցերի հանձնաժողովի ՀՀԿ-ական մեծամասնությունն այսօր հերթական անգամ մերժեց Հայ ազգային կոնգրեսի ներկայացրած՝ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրինագիծը:
Նմանատիպ օրինագիծ հանձնաժողովում մերժվել էր նախորդ նստաշրջանի ժամանակ: Հիմնական զեկուցող Գագիկ Ջհանգիրյանի խոսքով՝ մերժման պատճառները զուտ քաղաքական են ինչպես նախորդ, այնպես էլ այս դեպքում:
Այսօրվա օրինագիծը, որի տակ ստորագել են Կոնգրեսի խմբակցության բոլոր պատգամավորները, մասնավորապես, առաջարկում է վերանայել գործող օրենքի այն դրույթը, որով թույլատրվում է Զինված ուժերի մասնակցյունը արտակարգ դրության պայմաններում:
Ներկայացնղ Գագիկ Ջհանգիրյանը նշեց, որ գործող օրենքը պարունակում է դրույթներ, որոնք ուղղակի հակասում են Սահմանադրությանը: Բացի այդ, օրենքի մի քանի դրույթներ էլ հակասում են ՀՀ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքին:
Պատգամավորը հիշեցրեց, որ Սահմանադրությունը թվարկում է Զինված ուժերն օգտագործել թույլատրող 3 դեպք եւ մեկ պայման` ՀՀ Զինված ուժերը կարող են օգտագործվել բացառապես ՀՀ-ի վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում, այն էլ` միայն ռազմական դրություն հայտարարելու պայմանով:
«Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում հայտարարվում է ռազմական դրություն, եւ կարող է հայտարարվել ընդհանուր կամ մասնակի զորահավաք, եւ որոշում է ընդունվում զինված ուժերի օգտագործման մասին: ՀՀ զինված ուժերի օգտագործմանը վերաբերող որեւէ այլ նորմ ու դրույթ մեր Սահմանադրությունը չի պարունակում« – ասաց Ջհանգիրյանը:
Մինչդեռ, նրա խոսքով՝ 55 հոդվածի 14 կետը սահմանում է, որ սահմանադրական կարգին սպառնացող վտանգի դեպքում, խորհրդակցելով ԱԺ նախագահի, վարչապետի հետ, նախագահը հայտարարում է արտակարգ դրություն, եւ իրավիճակից բխող միջոցառումներ են կազմակերպվում:
«Մեր ընդդիմախոսներն էլ գտնում են, որ իրավիճակից բխող միջոցառումները ենթադրում են, որ նախագահը ինչ ուզի՝ այն էլ կարող է անել` կարող է զինուժ օգտագործել: Այդպես ստացվում է, որ եթե նախագահը Սահմանադրության մի կետով ունի ամեն ինչ անելու լիազորություն, ապա իրավական ակտեր գրելն անտեղի է», – ասաց Ջհանգիրյանը:
Նրա խոսքով՝ նախագահը իրավունք չունի Զինված ուժերը օգտագործել արտակարգ դրության պայմաններում, քանի որ Սահմանադրությամբ նրան այդպիսի լիազորություն տրված չէ:
Ներկայացված նախագծում նախատեսվում է բնական ու տեխնոգեն աղետների հետեւանքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում ԶՈւ միջոցների՝ մարդկային ռեսուրսի, տեխնիկայի օգտագործումը, միայն բացառապես առանց զենքի ու զինամթերքի:
Քննարկման արդյունքում, ինչպես եւ ակնկալում էր հիմնական զեկուցողը, ՀՀԿ-ական մեծամասնությունը 5 ձայնով՝ ընդդեմ 4-ի, դեմ քվեարկեց նախագիծը քառօրյա նիստում ներառելու հարցին: Գագիկ Ջհանգիրյանը քննարկման ժամանակ նշեց նաեւ, որ նախորդ անգամ օրինագծի մերժումից հետո այն լիագումար նիստին արտահերթ քնարկման չդրվեց միայն տեխնիկական պատճառներով: Ենթադրվում է, որ այս մերժումից հետո առաջիկա քառօրյա նիստին Կոնգրեսը արտահերթ քննարկման ռեժիմով օրինագիծը կմտցնի օրակարգ:
Աղբյուրը՝ ilur.am