«Այդ ընտրությունների բոլոր բացասական հետևանքների մեղավորները Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են». Լեւոն Տեր-Պետրոսյան

a1plus.am

Հասանք ֆինիշին և հրաշալի քարոզարշավ անցկացրինք՝ լուրջ, զուսպ, գրագետ, համբերատար և սառնասիրտ։ Այսպես իր ելույթը սկսեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Հայ Ազգային Կոնգրեսի եզրափակիչ հանդիպմանը իրենց համակիրների հետ։

Լևոն Տեր-Պետրոսյանը մի փոքր ավելի ուշ միացավ հանդիպմանը՝ կրկին ընդհատելով կուսակցության անդամների ելույթն ու հոտնկայս ծափահարությունների ներքո նստելով դահլիճում։

Ելույթում նա նշեց, որ լրջանալու պահն էլ արդեն հնացած միտք է։ Մենք դառնագույն պարտություն ենք կրել։ Դա առաջին դժբախտությունն է։ Երկրորդ դժբախտությունը, ըստ նրա, կարող են դառնալ այս ընտրությունները։

«Տեսնում ենք, թե ինչ ուժեր են ներքաշված այս ընտրություններում, ինչ միջոցների եմ դիմում։ Պարզապես պատերազմ են հայտարարել միմյանց նկատմամբ։ Ինձ համար նրանց կողմից սպասելի է ցանկացած արկածախնդրություն։ Լրջանալու պահը հնացած է, որովհետև հիմա եկել է սթափվելու պահը»։

Նրա խոսքով՝ երկու նախագահներին արած իր առաջարկն անգամ չհասկացան իրենց շարքերում եղած որոշ մարդիկ, սկսեցին խոսել, թե ինչպես կարելի է դաշինքի առաջարկ անել այնպիսի մարդկանց, որոնց հետ մենք ունեցել ենք լրջագույն բախումներ և այլն. «Զգացական տեսակետից նորմալ արձագանք է, սակայն քաղաքական տեսակետից սրա արժեքը զրոյական է։ Երբ պետությունը կանգնում է վտանգի առաջ, բոլոր նորմալ քաղաքական ուժերը, որքան էլ իրար հոշոտած լինեն, մոռացության են մատնում ամեն ինչ ու լծվում են երկիրը ոտքի կանգնեցնելու խնդրին։ Եթե Քոչարյանն ու Սարգսյանը համաձայնեին իմ առաջարկին՝ պայմանով, որ երեքս էլ չէինք հավակնում պետական պաշտոնի, այսօր Նիկոլի ֆենոմեն գոյություն չէր ունենա»։

Այս ընտրությունների բոլոր բացասական հետևանքների գլխավոր մեղավորները, Տեր-Պետրոսյանի խոսքով, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են, որ չհամաձայնեցին իր առաջարկին։

«Մեզ 20 տարի լռեցրին, աղավաղեցին մեր գաղափարները։ Ասում էինք խաղաղություն, ասում էին՝ հողերն է ուզում տալ, ասում էինք՝ կոմպրոմիս, ասում էին՝ ավելի շատ է ուզում տա։ Եթե ասում էինք՝ Թուրքիայի հետ պետք է հաշտվել, ասում էին՝ թուրք է, անգամ ասում էին՝ հրեա է։ Բայց 2008թ․ մենք ունեցանք հզոր շարժում, որտեղ մի ամբողջ սերունդ դաստիարակվեց։ Դա նույնն էր, ինչ տեղի ունեցավ Ղարաբաղյան շարժման սկզբնավորման շրջանում։ Դա համալսարան էր, երկու սերունդ ունեցավ այդ համալսարանը։ Այսօրվա սերունդն այդ համալսարանը չուներ», – ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը։

Ինձ համար նրանց կողմից սպասելի է ցանկացած արկածախնդրություն

Նրան այս ընտրությունների արդյունքն այնքան էլ չի հետաքրքրում, որքան ընտրությունների նորմալ անցկացումը, չնայած դա աբսուրդ է. «Տա աստված, որ մրցակցությունը չվերածվի ֆիզիկական բախման։ Թեև անելու են ամեն ինչ, գնալու են ամեն ինչի։ Արդեն պատրաստել են ոչ միայն իրենց նախընտրական գրոհները, այլև հետընտրական»։

Եթե նորմալ ընտրություններ լինեն, նա չի կասկածում, որ կհայտնվեն խորհրդարանում։ Եվ ինչպիսի կազմ էլ լինի, զսպող ուժ կարող է լինել, որ թույլ չի տա այնպիսի սխալների կրկնումը, որ եղել են Փաշինյանի իշխանության օրոք։

Pin It on Pinterest