Մինչ «լռության օրը» ՀԱԿ–ը Ռոբերտ Քոչարյանին առաջարկում է պատասխանել միայն մեկ հարցի` ինչպես պատահեց, որ «Ընդհանուր պետություն» խաղաղության պլանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն առաջարկեցին բանակցային երեք և ոչ` երկու կողմերին։

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. ՀԱԿ փոխնախագահ, ընտրական ցուցակի երկրորդ համար Լևոն Զուրաբյանն այսօր մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպմանն արձագանքեց քարոզարշավի ընթացքում ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, թե Արցախը բանակցային եռակողմ ֆորմատից դուրս է մնացել 1996թ–ից, երբ Ալիևի ու Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչներ Վաֆա Գուլուզադեն ու Ժիրայր Լիպարիտյանը բանակցել են երկուսով` առանց Արցախի ներկայացուցչի։

«Ուրեմն, դրանով նա հիմնավորում է այն փաստը, որ իր կարծիքով, Լևոն Տեր–Պետրոսյանն է հանել Ղարաբաղը բանակցային պրոցեսից»,– ասաց Զուրաբյանը` հավելելով, որ քանի որ քարոզարշավի ընթացքում իրենք առիթ չեն ունեցել արձագանքելու Քոչարյանի այդ հայտարարությանը, որոշել են անել այսօր վերջին նախընտրական ասուլիսում։

Զուրաբյանը չհերքեց` ՀՀ նախագահի գլխավոր խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Ժիրայր Լիպարիտյանն ու Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Վաֆա Գուլուզադեն այդ տարիներին իսկապես մի քանի անգամ հանդիպումներ են ունեցել եվրոպական տարբեր քաղաքներում։ Բայց դրանք, ըստ նրա, ուղղված են եղել եռակողմ ֆորմատի բանակցային գործընթացին օժանդակելուն։

«Ինչ որ այնտեղ քննարկվեց, արդյունքները բերվեցին եռակողմ ֆորմատի բանակցությունների համար,– ասաց Զուրաբյանը,– հանդիպումները ոչ մի նշանակություն չունեն բանակցային ֆորմատի հետ։ Կողմերը կարող են նույնիսկ իրար հետ չհանդիպել, դա կոչվում է մաքոքային դիվանագիտություն` միջնորդները նախ այս կողմի հետ են հանդիպում, հետո` այն։ Բայց բանակցային ֆորմատը մնում է եռակողմ»։

Լևոն Զուրաբյանը շեշտեց, որ բանակցային եռակողմ ֆորմատը պահպանվել է նաև Քոչարյանի պաշտանավարման առաջին տարիներին։ Իսկ 1998թ–ի նոյեմբերին կարգավորման ««Ընդհանուր պետություն» խաղաղության պլան» անունը կրող փաստաթուղթը ներկայացվել է երեք կողմերին` Երևանին, Բաքվին ու Ստեփանակերտին։

«Եթե ինքը պնդում է, որ այդ ժամանակ արդեն չկար եռակողմ ֆորմատ, այս փաստին ի՞նչ բացատրություն կտա։ Ինքն այդ բացատրությունը չունի»,– ասաց Զուրաբյանը` հավելելով, որ մինչ «լռության օրը» Ռոբերտ Քոչարյանին առաջարկում է պատասխանել այդ մեկ հարցին` ինչպես պատահեց, որ «Ընդհանուր պետություն» խաղաղության պլանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն առաջարկեցին բանակցային երեք, այլ ոչ թե երկու կողմերին։

Pin It on Pinterest