«Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության փոխնախագահ, ԱԺ պատգամավորի թեկնածու Լևոն Զուրաբյանի վերլուծությամբ՝ ռուսական կողմը 5 տարի հետո չի հեռանալու Արցախից, թեև լրանալու է այդ ժամանակ խաղաղապահների առաքելության առաջին ժամկետը։
«Ռուսաստանը չի եկել, որ 5 տարի հետո գնա։ Եվ Ադրբեջանն էլ է դա հասկանում, Ադրբեջանն էլ է հասկանում, որ ինքը հինգ տարի հետո չի կարողանա ասել՝ ոչ։ Եթե պլանավորում է ասել՝ ոչ, դա կարող է իր համար ունենալ շատ ծանր հետևանքներ»,- այս մասին Լևոն Զուրաբյանն ասաց «Հետք»-ին տված հարցազրույցում։
Խոսելով նախընտրական մթնոլորտի լարվածության մասին՝ ՀԱԿ-ի ցուցակով պատգամավորի թեկնածուն նշեց, որ մթնոլորտը կապված է նրա հետ, որ ընտրությունները սովորական չեն։ Ընտրությունները պատերազմի նվաստացուցիչ պարտության հետևանք են, և ժողովուրդը հետպատերազմյան ընկճախտի մեջ է։ Նրա խոսքով, քաղաքական ուժերը կստեն, եթե ասեն, թե կարող են մարդ հավաքել, քանի որ հանրությունը քաղաքականությամբ չի ցանկանում զբաղվել։
«Մենք փորձում ենք հասկացնել ժողովրդին, որ սրանք ընտրություններ չեն, սա պետության փրկության օպերացիա է, հատուկ օպերացիա, որ Հայաստանում լինի իշխանություն, որը կարող է, այնուամենայնիվ, կառավարել երկիրն այս ճգնաժամի վիճակում»,- հայտարարեց Լևոն Զուրաբյանը։ Նրա խոսքով, որքան շատ ներկայացուցիչներ ունենան Ռուբերտ Քոչարյանն ու Նիկոլ Փաշինյանը նոր խորհրդարանում, այդքան մեծ է քաղաքացիական պատերազմի վտանգը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։