«Ազատություն»

Ոգևորիչ խոստումների, ականջահաճո խոսքերի փոխարեն դառը ճշմարտություն։ Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) մոտեցումն է նախընտրական քարոզչությանը, որն այսօր անցկացրեցին Կոտայքի Քաղսի համայնքում։ ՀԱԿ պատգամավորի թեկնածու Արամ Մանուկյանն ասում է՝ իրենք ոչ միայն իրենց, այլև ընտրողների նկատմամբ են ազնիվ։

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ուժում հավատացած են՝ միակն են, որ իրատեսական լուծում են առաջարկում ընտրողներին: «Անալգին»-ը դառը դեղ է, հաճելի չի խմելը, բայց ստիպված ես խմել, երբ որ գլուխդ ցավում է, հիմա մեր երկրի գլուխը ցավում է, էն էլ ոնց է ցավում, և եթե հանկարծ այս խաբեբաները, շառլատանները, որոնք խոստումներ են ցրում աջ ու ձախ, դրանք առնվազն շառլատան են, սուտասան են և ցավալիորեն եմ նորից ասում, միակ տեղը, որ ձեզ կարող է ճշմարտությունը, դառը ճշմարտությունը ասեն, էդ մենք ենք, մենք մենակ ենք մնացել», – ասաց Մանուկյանը:

«Պատմականորեն ինքը ճիշտ դուրս եկավ և քաղաքական ռեալիզմի, իրատեսության, ողջախոհության այդ ուղու վերադարձի առաքելությունը էլի դրած է իր ուսերի վրա», – նշեց ՀԱԿ շտաբի պետ Լևոն Զուրաբյանը:

Հայ ազգային կոնգրեսում համոզված են՝ եթե հունիսի 20-ի ընտրությունների արդյունքում ներկայիս իշխող ուժը չհեռացվի իշխանությունից, ապա երկրին ավելի վատ օրեր են սպասվելու։ Արամ Մանուկյանը վարչապետի պաշտոնակատարին չարիք է համարում երկրի համար, նույն բնորոշումն է տալիս նաև մրցապայքարում հայտնված երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

«Որ Մարտի 1-ի կազմակերպիչն էր, Մարտի 1-ի գլխավոր ամբաստանյալը, քրեական աշխարհի հայրը, քրեական աշխարհը զգացե՞լ եք ոնց է ոգևորվել Քոչարյանին աջակցելու համար, ինչ միջոցներ են կիրառում, քանի տեղ են շտաբ բացում, ինչ մեթոդներ են կիրառում, չե՞ք տեսել: Ո՞ւր է գալիս Ռոբերտ Քոչարյանը, Նիկոլից վրեժ լուծելու, որ իրան КГБ-ի պադվալում պահել ա, ուրիշ մոտիվացիա չունի», – նշեց Մանուկյանը:

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կարող է երկիրն այս իրավիճակից հանել, քանի որ նա փորձառու է, այդ փորձը քաղաքական ուժերից և ոչ մեկը չունի, վստահ է Արամ Մանուկյանը։ Թեկնածուն ընտրողներին հորդորում է՝ տարբերել իրենց խոսքը մյուս քաղաքական ուժերի խոստումներից. «Մենք ասում ենք՝ ժողովուրդ, խելքի եկեք, ժողովուրդ, լրջացեք, ժողովուրդ, եկեք այդ կրակը մարենք, կրակ, որը տարածվում է, որը շատանում է, և մարդիկ կա՛մ շշմած են, կա՛մ թմրած են, կա՛մ ուզում են խաբվել, կա՛մ խաբված են, այս սթափ խոսքը չի աշխատում: Ժամանակն այնքան կարճ է, այս 10-12 օրվա մեջ, ցավոք սրտի, մենք չենք հասցնի այսպիսի հանդիպումներ անել, որ մտահոգ խոսք ասենք, անկեղծ խոսք ասենք և ասենք այն, ինչ որ իրականում լինելու է»:

Այնուամենայնիվ, արձանագրում են՝ նախընտրական քարոզչության անցած օրերին արդեն հասցրել են դրական արդյունքներ գրանցել. «Երևանում արդեն բավականին Հայ ազգային կոնգրեսի ընտրարշավը լուրջ արդյունքներ է տվել և Գյումրիում ու Վանաձորում, այսինքն խոշոր քաղաքներում տեսնում ենք, որ արդեն ժողովուրդը կարծես ուզում է դուրս գալ այս Նիկոլ-Ռոբերտ երկընտրանքից»:

Փաշինյան-Քոչարյան գզվռտոցը նպաստել է՝ ընտրողներից շատերը կողմնորոշվեն և հենց իրենց ընտրեն, վստահ են Հայ ազգային կոնգրեսում։ «Ստացվում է այսպես՝ ունենք թաքնված մի հատ զանգված, որին չենք էլ տեսնում, բայց ես դա զգում եմ իսկապես, որոնք գալու են Կոնգրեսին քվեարկեն, որովհետև այդ վտանգների բնազդային զգացողությունը, որ մենք դեռևս այս արհավիրքից դուրս չենք եկել և կարող ենք նաև Հայաստանը կորուստների առաջ կանգնեցնել շատերին արդեն հասու է», – ասաց Արամ մանուկյանը:

Հայ ազգային կոնգրեսն այսօր նախընտրական քարոզչություն է իրականացրել նաև Գեղարքունիքի մարզում։

Pin It on Pinterest