azatutyun.am

Ըստ Տեր-Պետրոսյանի, Հայաստանի կարծիքը Ղարաբաղի վերաբերյալ այլևս ոչ ոք չի հարցնում

Հայաստանի կարծիքը Ղարաբաղի վերաբերյալ այլևս ոչ ոք չի հարցնում: Այսօր հրավիրված մեծ ասուլիսի ժամանակ նման հայտարարություն արեց առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ կարծիք հայտնելով նաև, որ Ռուսաստանը այլևս երբեք դուրս չի գա Ղարաբաղից։

«Մենք ոչ միայն պարտվել ենք այս պատերազմում, ավելի վատ բան է տեղի ունեցել, եթե Ռոբերտ Քոչարյանի մեղքով Ղարաբաղը դուրս դրվեց կարգավորման գործընթացից, այս պարտությունից հետո արդեն Հայաստանն է դուրս դրվել որպես հակամարտող կողմ, Հայաստանի կարծիքը ոչ ոք չի հարցնում: Հայաստանը ոչ մի որոշում չի կարող ինքնուրույն կայացնել Ղարաբաղի վերաբերյալ: Այդ ծանր պատերազմական պարտությունից հետո ավելի ծանր գուցե այն է, որ մենք այլևս խաղացող չենք այս խաղում», – հայտարարեց Տեր-Պետրոսյանը:

Անդրադարձավ նաև ընտրություններից հետո հնարավոր կոալիցիոն համագործակցությանը, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդն ասաց՝ կփորձեն սխալ որոշում չկայացնել:

Նա նաև մանրամասներ փոխանցեց հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի հետ իր ունեցած հանդիպումից։ Պատմեց՝ հանդիպմանը Փաշինյանին ասել է, որ առաջին գործը պետք է լինի փաստաթղթով ֆիքսել այն ժառանգությունը, որը Ղարաբաղի հարցում, ստացել էր Սերժ Սարգսյանից:

«Պիտի Նիկոլ Փաշինյանին հարցնեք՝ ցույց տուր այդ ասածիդ ձայնագրությունը, իր տանն եմ ես եղել, հաստատ ձայնագրել է, թող ցույց տա, սա մեկ, երկրորդ՝ ես գնացել եմ նրան մեկ բան ասելու, եթե հետևել եք իմ հրապարակումներին, ինձ միշտ մտահոգել է Ղարաբաղի հարցը, անկախ այն բանից՝ Քոչարյանի օրոք, Սերժ Սարգսյանի օրոք, թե Նիկոլ Փաշինյանի: Ես նրան ասել եմ հետևյալը՝ քո առաջին գործը պետք է լինի ֆիքսել այն ժառանգությունը Ղարաբաղի հարցում, որ դու ստացել ես Սերժ Սարգսյանից, փաստաթղթով, հարց է տալիս՝ ի՞նչ փաստաթուղթ, ասում եմ՝ հենց հիմա ես քեզ թելադրում եմ, նամակ ես գրում արտաքին գործերի նախարարին, Մնացականյանին գրում ես նամակ՝ պահանջում եմ երկու օրվա ընթացքում ինձ ներկայացնել Ղարաբաղի կարգավորման իրավիճակը ապրիլի 18-ի դրությամբ», – ասաց առաջին նախագահը:

Ինչ վերաբերում է Տեր-Պետրոսյանի հասցեին հնչող մեղադրանքներին, որ նա առաջին պատերազմի հաղթանակը այդպես էլ չկարողացավ ամրագրել, հակադարձեց. «Հաղթանակը ես ամրագրված փոխանցել եմ հաջորդ իշխանություններին, իսկ դրա մասին ես շատ երկար եմ խոսել, վերջին անգամ իմ ասուլիսներում, հրապարակումներում: Պարզ բան էր՝ Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը տրամադրված էին այնպես, որ ոչ մի դեպքում ինձ չպետք է թույլ տան այդ ծրագիրն իրականացնել, ոչ մի դեպքում, ես չեմ չափազանցնում, եթե ես փորձեի դա անել, Հայաստանում սկսվելու էր քաղաքացիական պատերազմ: Ես դրանից խուսափելու համար հրաժարական տվեցի»:

Հարցին՝ Ադրբեջանն այդ պահին պատրա՞ստ էր ստորագրել, եթե ներքին խոչընդոտը չլիներ, Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանեց. «Այն ժամանակ Ադրբեջանը շատ ավելի պատրաստ էր, քան դրանից հետո՝ այս ամբողջ 23 տարիների ընթացքում»:

Pin It on Pinterest