Երեւան, 2018, հուլիսի 3
Հայ Ազգային Կոնգրեսը ողջունում է Հայաստանի կառավարության ջանքերը մարտիմեկյան ոճրագործությունը բացահայտելու ուղղությամբ` «2008 թվականի փետրվարի 23-ից մինչև նույն թվականի մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու դեպքի առթիվ» ՀՔԾ կողմից քրեական գործի հարուցումը դիտարկելով որպես այդ նպատակով կատարված կարևորագույն քայլ: Կարծում ենք, որ Հատուկ քննչական ծառայությունը խփել է ճիշտ նշանակետին` որպես հանցագործության բացահայտման բանալի դիտելով քոչարյանական ռեժիմի կողմից իշխանության հակասահմանադրական բռնազավթման փաստը: Ակնհայտ է, որ այս գործի քննությունը անխուսափելիորեն կհանգեցնի մարտիմեկյան ոճրագործությանն առնչվող բոլոր հանցագործությունների` սպանությունների, հազարավոր քաղաքացիների նկատմամբ գործադրված բռնությունների և հալածանքների, քաղաքացիների սահմանադրական իրավունքների, ՀՀ Նախագահի թեկնածուի ազատ տեղաշարժի և այլ իրավունքների սահմանափակումների, Սահմանադրական դատարանի անդամների նկատմամբ ճնշումների, ընտրությունների կեղծման, կեղծ մեղադրանքներով դատավարությունների և այլ հանցագործությունների ամբողջական բացահայտմանը: Համոզված ենք նաև, որ գործի համակողամնի քննության արդյունքում կարդարացվեն և կրած զրկանքների դիմաց փոխհատուցումներ կստանան անխտիր բոլոր քաղբանտարկյալները:
Հայ ժողովրդի և հայոց պետության պատմության այս զարհուրելի էջը փակելու նպատակով, Հայ Ազգային Կոնգրեսը պատրաստ է ամենայն օժանդակություն ցուցաբերել քննությանը և քննչական մարմիններին տրամադրել իր ձեռքի տակ առկա բոլոր փաստաթղթերը: Կոնգրեսը այս հարցերով իր ներկայացուցիչ է նշնակում Կոնգրեսի փոխնախագահ` Լեւոն Զուրաբյանին:
Հայ Ազգային Կոնգրես