Երեւան, 2018, ապրիլի 17
Ապրիլի 17-ին Ազգային Ժողովում տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի «ընտրությունը» վարչապետի պաշտոնում: Ինչպես նրա պաշտոնավարման առաջին երկու ժամկետներում, այս անգամ էլ նա պաշտոնը ստանձնեց՝ շրջապատված փշալարերով, ոստիկանական շղթաներով եւ հազարավոր ցուցարների բողոքի ներքո:
Հերթական անգամ ստեղծված լարվածության գլխավոր պատճառը՝ Սերժ Սարգսյանի կողմից երրորդ ժամկետով սեփական իշխանության երկարաձգման ծրագիրն է, որի իրականացման նպատակով կեղծվեցին 2015թ-ի Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ու 2017թ. Ազգային ժողովի ընտրությունները, եւ որը Հայաստանի ժողովրդի կողմից արդարացիորեն ընկալվում է որպես բռնապետությունը հավերժացնելու անթաքույց փորձ:
Այսպիսով, Հայաստանում չի կտրվում ժողովրդի ազատ կամարտահայտության մերժմամբ ոչ լեգիտիմ իշխանության ձեւավորման արատավոր շղթան, ինչը վտանգում է երկրի զարգացման որեւէ հեռանկար: Պետական ինստիտուտները, այսպիսով, չեն ստանում ժողովրդի վստահությունը, հաշվետու չեն նրա առջեւ եւ ազգային շահերը սպասարկելու փոխարեն շարունակում են ծառայել մի խումբ մարդկանց հարստացման նպատակին: Արդյունքում չի դադարում արտագաղթը, չի հաղթահարվում աղքատությունը, թուլանում է երկրի պաշտպանունակությունը, ինչը հատկապես վտանգավոր է արտաքին ծանրագույն մարտահրավերների պայմաններում:
Նման պայմաններում բնական է հանրության եւ հատկապես երիտասարդության ընդվզումը, ով որեւէ հեռանկար չի տեսնում իր ապագայի համար:
Այս վիճակում պահանջում ենք իշխանություններից գործել բացառապես օրենքի շրջանակներում, զերծ մնալ իրենց սահմանադրական իրավունքը իրացնող խաղաղ ակցիաների մասնակցների նկատմամբ ապօրինի բռնություններից եւ հալածանքներից, հարգել քաղաքացիների ազատությունները: Կոնգրեսը անթույլատրելի է համարում նաեւ ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառումը, մասնավորապես քաղաքացիների կյանքի եւ առողջության համար բեկորային վնասվածքներ առաջացնելու իրենց վտանգավորությունը ապացուցած ձայնային նռնակների օգտագործումը:
Հայաստանի ժողովուրդը երբեք չի հանդուրժելու բռնապետության հաստատումը եւ պայքարը հանուն ժողովրդավարության հետեւողականորեն շարունակվելու է մինչեւ վերջնական հաղթանակ:
Հայ Ազգային Կոնգրես