Փետրվարի 7-ին ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հանդես եկավ հայտարարությամբ.

Առաջիկա խորհրդարանական ընտրություններին Հայ Ազգային Կոնգրեսը եւ Հայաստանի Ժողովրդական կուսակցությունը կմասնակցեն դաշինքով: Հավատարիմ մնալով 2008 թվականին ստեղծված «Հայ Ազգային Կոնգրես» քաղաքական ուժերի միավորման հռչակված ծարգրերին, մենք միասնաբար առաջնորդեցինք համաժողովրդական Շարժումը եւ պայքարեցինք Հայաստանում ժողովրդավարության հաստատման համար, իշխանության կոռուպցիայի եւ մենաշնորների դեմ: Մեր սկուզբունքային եւ գաղափարական համագործակցության շնորհիվ, «Հայ Ազգային Կոնգրես» խմբակցությունը գործեց՝ որպես ժողովրդին եւ հասարակությանը հուզող ամենակարեւոր հարցերը խորհրդարանում բարձրացնող մի ատյան, որը բացահայտում էր իշխանության չարաշահումները եւ միաժամանակ ներկայացնում երկրի զարգացման հիմնավոր ծրագրեր:

Արժեւորելով ժամանակի փորձությանը դիմացած այս համագործակցությունը, ընտրությունեների ենք գնում, դնելով մեր առջեւ հետեւյալ նպատակները.

  • Շուտափույթ կարգավորելով ղարաբաղյան հակամարտությունը, հաստատել արժանապատիվ խաղաղություն, ապահովել Լեռնային Ղարաբաղի անվտանգությունն ու ինքնորոշման իրավունքը, բացել հաղորդակցության բոլոր ուղիները տարածաշրջանում
  • Վերացնել կոռուպցիան, մենաշնորհները, վերջ դնել պետական պաշտոնյաների թալանին, ապօրինի հարստացման համար քրեական պատասխանատվության կանչել պաշտոնյաներին հետադարձ ուժով՝ սկսած 1991 թվականից
  • Պարզեցնել հարկային եւ մաքսային համակարգը, նվազեցնելով հարկատեսակների քանակը 16-ից մինչեւ 6 եւ պակասեցնելով դրույքաչափերը մինչեւ 15 տոկոս
  • Պաշտպանել ներդրումները իշխանությունների կամայականություններից, խթանել ազատ մրցակցությունը
  • Սակագնի հաստատման մեթոդաբանության փոփոխության  արդյունքում նվազեցնել գազի ու էլեկտրական էներգիայի  սակագները առնվազն 25 տոկոսով
  • Շեշտակիորեն բարձրացնել կենսաթոշակները, նվազագույն թոշակը հասցնելով առնվազն սպառողական զամբյուղի մակարդակի:
  • Իրականացնել վարկային համաներում գյուղացիական տնտեսությունների համար
  • Վերականգնել նախագահական-խորհրդարանական համակարգը եւ ժողովրդի կողմից նախագահի ուղիղ ընտրությունները, ապահովել ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը մաքոր համասնական սկզբունքով առանց վարկանիշային դրույթների

Այս եւ բազմաթիվ այլ խնդիրների լուծման նպատակով, Հայ Ազգային Կոնգրես –ՀԺԿ դաշինքը սկսում է իր ընտրարշավը: Աստված մեզ եւ մեր ժողովրդին օգնական:

Pin It on Pinterest