[youtube id=”o4LXXz9rXDM” width=”700″ height=”390″ fullwidth=”yes”]
(17 դեկտեմբերի, 2016թ.)
Իմ վերջին հոդվածներից մեկում ես նշել էի, որ «Հայաստանի բոլոր չարիքների՝ սոցիալական ծանրագույն վիճակի, բնակչության աղքատության, զանգվածային արտագաղթի, բանակի թերզինվածության, ապօրինի ընտրությունների, արդարադատության չգոյության, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ոտնահարման արմատը կոռուպցիան է՝ պետական պաշտոնյաների կողմից ազգային հարստության համատարած ու անհագ թալանը» (iLur.am. 19.10.2016; «Չորրորդ իշխանություն». 20.10.2016)։ Սակայն սա այսբերգի միայն տեսանելի մասն է։ Անտեսանելին 1998 թվականից ի վեր Հայոց պետականաշինության հիմքում դրված քաղաքական փիլիսոփայությունն է, այլ կերպ ասած՝ Ղարաբաղյան ստատուս-քվոն պահպանելու եւ հարյուր տարի էլ շրջափակումների պայմաններում զարգանալու ռազմավարությունը։ Թե ժամանակին կանխատեսված ինչպիսի կործանարար հետեւանքների է հասցրել այս փիլիսոփայությունը, կարծում եմ, ավելորդ է պարզաբանել։ Փաստն այն է, որ ժողովրդագրական, տնտեսական եւ ռազմական առումներով 1998 թվականին մենք ունեինք մի երկիր, իսկ այսօր ապրում ենք բոլորովին մի այլ երկրում։ Դա նշանակում է, որ այն կարեւորագույն խնդիրը, որը շատ ավելի ուժեղ վիճակում կարող էինք լուծել 18 տարի առաջ, այժմ հարկադրված ենք լուծել անհամեմատ թուլացած վիճակում։ Իսկ մի քիչ էլ հապաղելու պարագայում անխուսափելիորեն կհայտնվենք սրանից վատթար դրության մեջ, կրկնելով 1920 թվականի արկածախնդրությունը, երբ, ձգտելով առավելագույն տարածքային ընդարձակման, կորցրինք Հայաստանի Հանրապետության ունեցած տարածքի մոտավորապես կեսը։
Թվում էր, թե 2008 թվականի տնտեսական ճգնաժամի դեռեւս չհաղթահարված հետեւանքները, արտագաղթի ահագնացող տեմպերը, վտանգավոր չափերի հասած պետական պարտքը, դրա հետ կապված դեֆոլտի սպառնալիքը եւ մանավանդ ապրիլյան պատերազմի առաջացրած ցնցումը սթափեցնող ազդեցություն կունենան Հայաստանի իշխանությունների վրա՝ նրանց ստիպելով արմատապես վերանայել Ղարաբաղի հարցում իրենց որդեգրած ապակառուցողական, աղետաբեր քաղաքականությունը, եւ նշված մարտահրավերները դիմագրավելու բոլորովին այլ ռազմավարություն մշակել։ Սակայն դատելով վարչախմբի արձագանքից, կարծես թե, այս հարցում էլ մեզ հիասթափություն է սպասում, քանի որ ակնկալված ռացիոնալ քայլերի փոխարեն, նա հրապարակ է նետել մի նոր անհեթեթ գաղափարախոսություն, որը կրկին մեզ դեպի փակուղի է առաջնորդում, դրանից բխող բոլոր բացասական հետեւանքներով։ Խոսքը վերաբերում է «ազգ-բանակ» ձեւավորելու մտահղացմանը, որը ցավալիորեն տեղ է գտել անգամ նոր կառավարության ծրագրում։ Մի կողմ դնելով հարցի բարոյական կողմը, որը վերաբերում է որպես «ազգ-բանակի» կառուցման առաջին քայլը դիտվող նոր հարկատեսակի կիրառմանը, ես կանդրադառնամ միայն այդ հասկացության քաղաքական բովանդակությանը։
* * *
Դրա համար, սակայն, նախեւառաջ անհրաժեշտ է պարզել, թե իրականում ինչ է թաքնված տվյալ հասկացության տակ։ Ամազոնուհիներին չհաշված, պատմությանը հայտնի է «ազգ-բանակի» ստեղծման երեք հաջողված դեպք՝ առաջին երկուսը միջնադարյան Մոնղոլիայում եւ Շվեյցարիայում, իսկ երրորդը՝ ժամանակակից Իսրայելում, նկատի առնելով, անշուշտ, որ միջնադարի պարագայում «ազգ» բառն օգտագործվում է պայմանականորեն։ Երեւույթի մասին տարրական պատկերացում կազմելու համար, կարծում եմ, արժե թեկուզ համառոտակի անդրադառնալ նշված դեպքերից յուրաքանչյուրին։
XIII դարի սկզբին Չինգիզխանը, զենքի ուժով միավորելով միմյանց դեմ դարերով մարտնչած մոնղոլական տասնյակ ցեղերին, միջցեղային հարաբերությունների ավանդական համակարգը փոխարինեց բանակային կուռ կառուցվածքով։ Բոլոր տղամարդիկ զորակոչվեցին բանակ՝ հերթագայությամբ ծառայելով տասնյակներից, հարյուրյակներից, հազարյակներից ու տասհազարյակներից (թուման) կազմված նրա ստորաբաժանումներում։ Դա մի կողմից արթնացրեց մոնղոլների «ազգային» ընդհանրության գիտակցությունը, մյուս կողմից՝ հնարավորություն ընձեռեց ստեղծելու մի այնպիսի ահեղ զինական ուժ, որի շնորհիվ այդ փոքրաթիվ ժողովուրդը կարճ ժամանակի ընթացքում կերտեց աշխարհի ամենաընդարձակ ցամաքային կայսրությունը, տիրելով Խաղաղ օվկիանոսից մինչեւ Լեհաստան ու Անատոլիա ընկած եւ իրենից գրեթե 200 անգամ ավելի բնակչություն ունեցող տարածքին։ Այդ հսկայածավալ կայսրությունը, սակայն, գոյատեւեց ընդամենը հինգ-վեց տասնամյակ, Կուբիլայ Մեծ խանի մահվան տարում (1294թ.) բաժանվելով չորս մասի՝ նվաճումների դադարումից հետո մոնղոլների ռազմական էներգիայի սպառման, կայսրությունը միավորող գաղափարախոսություն ձեւավորելու անկարողության եւ գլխավորապես մոնղոլ ժողովրդի փոքրաքանակության պատճառով։
Ինչպես նշվեց, «ազգ-բանակի» ձեւավորման հաջորդ հաջողված փորձը շվեյցարականն է, որի դրդապատճառներն ու հետապնդած նպատակները, սակայն, տարբերվում են մոնղոլականից։ Եթե մոնղոլների պարագայում դա ուղղված էր իրենց նվաճողական նկրտումներին հագուրդ տալուն, ապա շվեյցարացիների մոտ թելադրված էր թշնամական միջավայրում սեփական երկրի գոյատեւումն ապահովելու պահանջից։ Գերմանա-ֆրանսա-իտալական խառը բնակչություն ունեցող ալպյան հովիտների ավատատիրական իշխանությունները շվեյցարական դաշնության ձեւավորման ավելի քան հինգհարյուր տարիների ընթացքում (1291–1815 թթ.), հարկադրված լինելով դիմագրավելու ահեղ հարեւանների՝ Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Ավստրիայի շարունակական հարձակումները, ապավինել են բացառապես սեփական ուժերին եւ մարտունակ բանակի կերտումը դիտել որպես ազգային գերխնդիր։ Ու թեեւ վերջին 200 տարիներին Շվեյցարիան, օժտված լինելով չեզոք երկրի կարգավիճակով, արտաքին վտանգների չի ենթարկվել, եւ Եւրոպական մայրցամաքում տեղի ունեցած բոլոր, այդ թվում, առաջին եւ երկրորդ համաշխարհային պատերազմները շրջանցել են նրան, ավանդույթի ուժով, այսօր էլ բանակը մնում է շվեյցարացիների համազգային հոգածության առարկան, որում զորակոչվածի, պայմանագրային ծառայողի, կամավորի եւ պահեստազորայինի հանգամանքով ներգրավված են 18-ից 50 տարեկան բոլոր առողջ տղամարդիկ։ Պատահական չէ, որ ոմանց կողմից Շվեյցարիան, մեկ շնչին ընկնող զինվորականների թվով, համարվում է աշխարհի ամենառազմականացված պետությունը, որն ի վիճակի է, փայլուն պատրաստված պահեստազորի մոբիլիզացիայի շնորհիվ, մեկ-երկու օրում տասնապատկել իր զինված ուժերի թվաքանակը։
Քանի որ «ազգ-բանակ» գաղափարի հայ ջատագովներն ընդօրինակման առարկա են համարում իսրայելյան փորձը, հարկ է առաջանում դրան անդրադառնալ մի փոքր ավելի մանրամասնորեն։ «Ազգ-բանակի» իսրայելյան ծրագրի իրականացման դրդապատճառն, ըստ էության, չի տարբերվում շվեյցարականից, թելադրված լինելով թշնամական միջավայրում ժողովրդի անվտանգությունն ու պետության գոյատեւումն ապահովելու միեւնույն պարտադրանքից։ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 1947թ. նոյեմբերի 29-ի բանաձեւի հիման վրա Պաղեստինը բաժանվեց երկու հավասար մասի՝ տասնչորսհազարական քառակուսի կիլոմետր տարածքներով։ Իսրայելը ճանաչեց այդ բանաձեւը եւ Պաղեստինում բրիտանական մանդատի ժամկետի սպառման օրը, 1948թ. մայիսի 14-ին, հռչակեց իր անկախությունը։ Պաղեստինցի արաբներն ու արաբական երկրները հրաժարվեցին ենթարկվել ՄԱԿ-ի բանաձեւին եւ հաջորդ օրն իսկ պատերազմ հայտարարեցին Իսրայելին, սակայն ջախջախիչ պարտություն կրելով, հարկադրված զինադադար կնքեցին։ Այսպիսով, անխտիր բոլոր հարեւան արաբական պետություններից համակեցության մերժում ստանալով, Իսրայելն, իր գոյությունը պահպանելու համար, ստիպված եղավ բացառապես ապավինել սեփական ռազմական ուժին եւ հնարավորինս հզորացնել իր բանակը, ինչի շնորհիվ կարողացավ հաղթանակներ տանել նաեւ հետագա պատերազմներում։ Արաբա-իսրայելյան հակամարտության մթնոլորտն արմատապես բարելավվեց 1978–1979 թթ. Քեմփ-Դեվիդյան համաձայնագրերի ստորագրումից եւ Եգիպտոսի ու Հորդանանի հետ Իսրայելի կնքած հաշտության պայմանագրերի վավերացումից հետո։ Իսկ 1993 թվականին Իսրայելի պետությունը ճանաչվեց նաեւ Պաղեստինի Ազատագրության կազմակերպության (PLO) կողմից, ինչը սկիզբ դրեց Իսրայելա-Պաղեստինյան հաշտության գործընթացին, որը մինչ օրս դեռ չի ավարտվել։ Հարկ է ավելացնել, որ գոյապահպանության եւ երկրի անվտանգության ապահովման գլխավոր առաքելության իրականացումից բացի, իսրայելական բանակաշինության ծրագիրը կողմնակիորեն նպաստել է նաեւ ազգային մի քանի այլ խնդիրների լուծմանը, մասնավորապես, բազմաթիվ երկրներից ներգաղթած տարալեզու ու տարամշակույթ քաղաքացիների խայտաբղետ զանգվածից ընդհանուր լեզվով ու մշակույթով միասնացած ժամանակակից ազգի ձեւավորման, գիտության եւ տեխնիկական մտքի սրընթաց զարգացման, ինչպես նաեւ ռազմա-արդյունաբերական համալիրում ներդրվող նոր տեխնոլոգիաները տնտեսության զանազան ոլորտներում կիրառելու առումներով։ Իսրայելական զինված ուժերի առանձնահատուկ դերի արտահայտությունն է նաեւ այն, որ զինապարտությունը տարածվում է ոչ միայն տղամարդկանց, այլեւ կանանց վրա եւ, որ այդ երկրի վերջին վաթսուն տարիների ութ վարչապետերից երեքը (Ռաբին, Շարոն, Բարաք) եղել են գեներալներ, իսկ երկուսը (Բեգին, Շամիր)՝ երկրապահական «Իրգուն» կազմակերպության լեգենդար հրամանատարներ։
Ժամանակի սղությունը թույլ չի տալիս ավելի հիմնավորապես լուսաբանել «ազգ-բանակի» ստեղծման պատմական այս նախադեպերը եւ խորանալ դրանցից յուրաքանչյուրի բովանդակության առանձնահատկությունների, տնտեսական, ժողովրդագրական եւ հասարակական զարգացումների վրա նրանց ունեցած ազդեցության եւ այլ հարցերի մեջ։ Կարծում եմ, սակայն, որ այս թռուցիկ ակնարկն անգամ հստակ պատկերացում է տալիս այն մասին, թե ինչպիսի դրդապատճառներ ու գործոններ են ազդել նման գաղափարի հղացման վրա, եւ որքան ռեսուրսներ են պահանջվել դրա իրականացման համար, նկատի ունենալով, անշուշտ, թե՛ մարդկային, եւ թե՛ նյութա-տնտեսական ռեսուրսները։ Դրդապատճառների վերաբերյալ, ինչ որ պետք էր, արդեն ասվեց։ Իսկ ռեսուրսների մասին ավելորդ է խոսել, որովհետեւ քանի խոսքը վերաբերում է հաջողված փորձերին, նշանակում է, դրա համար անհրաժեշտ ռեսուրսները լիուլի բավարարել են։
* * *
Ներածական այս հիմնադրույթներից բնականաբար բխում է, որ «ազգ-բանակի» կառուցման հայկական տարբերակի ճարտարապետները պարտավոր են, առաջին հերթին, պատասխանել հետեւյալ երեք հարցերին. ինչպիսի՞ պարտադրանքից է թելադրված այդ ծրագիրը, ի՞նչ խնդրի լուծմանն է կոչված այն, եւ որքա՞ն ռեսուրսներ են պահանջվելու նրա իրականացման համար։ Խախտելով հարցերի հաջորդականությունը, նախ անդրադառնանք ռեսուրսներին։ Ի տարբերություն, որպես օրինակ բերվող, Իսրայելի, որի հրեա բնակչության թվաքանակը անկախությունից ի վեր անշեղորեն աճել եւ 600 հազարից այսօր հասել է շուրջ 7 միլիոնի, Հայաստանի բնակչությունը 1988թ. երկրաշարժից ու խորհրդային փակ սահմանների փլուզումից հետո անընդհատ նվազել է՝ մի գործընթաց, որն այս պահին էլ դադարելու կամ թեկուզ դանդաղելու որեւէ միտում չի դրսեւորում։ Մարդկային ռեսուրսների առումով Հայաստանի իշխանությունները մեծ հույսեր են կապում Սփյուռքի հետ։ Ինքս սփյուռքահայ լինելով, ինձ իրավունք եմ վերապահում ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ այդ ակնկալիքը բացարձակ ցնորք է եւ ինքնախաբեություն։ Բավական է հիշեցնել, որ 1990-ականների եռամյա պատերազմին մասնակցել է ընդամենը 12 սփյուռքահայ։ Այդ թիվը ժամանակին ցավով հրապարակել է ոչ այլ ոք, քան պատերազմի բոլոր մանրամասներին տիրապետող Վազգեն Սարգսյանը։
Ինչ վերաբերում է նյութական ռեսուրսներին, ապա այստեղ էլ պատկերը նույնքան տխուր է, որքան մարդկային ռեսուրսների պարագայում։ Հայաստանի տնտեսությունը, 1994–2008 թվականների որոշ վերելքից հետո սոսկալի անկում է ապրում, ընդ որում, ցավոք, առանց առողջացման որեւէ հեռանկարի։ Ինչպես ասում են՝ թունելի վերջում լույս չի երեւում։ Դա ամենեւին չի նշանակում, թե Հայաստանում ազգային հարստություն չի ստեղծվում։ Անշուշտ ստեղծվում է, բայց 2001 թվականից ի վեր, բարձրաստիճան պաշտոնյաների կողմից դրա անխնա թալանի պատճառով ծախսվում է սեփական բիզնեսների զարգացման, շքեղ ապարանքների կառուցման եւ Աֆրիկայում առյուծի որսով զբաղվելու վրա, իսկ մնացյալ գումարը կուտակվում է արտասահմանյան բանկերում։ Որպեսզի պատկերացնեք, թե ինչ ծավալի թալանի մասին է խոսքը, նշեմ, որ այն միանգամայն բավարար էր այսօր 300000 բնակչությամբ Ղարաբաղ եւ գերժամանակակից զինատեսակներով հագեցած բանակ ունենալու համար։ Եթե Հայաստանի տնտեսության ներկայիս վիճակը ողբալի չլիներ, ապա իշխանությունները, զոհված ու հաշմանդամ զինծառայողների ընտանիքների կարիքները հոգալու համար, ոչ մի այլ պարագայում չէին ընդունի ժողովրդից 1000-ական դրամ մուրալու խայտառակ օրենքը, ինչը, առաջին իսկ քայլով «ազգ-բանակ» գաղափարը վարկաբեկելուց բացի, ծանր հարված հասցրեց պետության արժանապատվությանը, մեզ ծաղրի առարկա դարձնելով աշխարհի առջեւ։ Նյութական ռեսուրսների առումով եւս առանձնապես հույս չպետք է դնել Սփյուռքի էական աջակցության վրա։ Նախ՝ Սփյուռքն ինչո՞ւ պիտի օգնի Հայաստանին, որի հարստությունը թալանվում է սեփական իշխանավորների կողմից, եւ երկրորդ՝ երախտագիտությամբ գնահատելով հանդերձ սփյուռքահայ բարերարների եւ հասարակ ժողովրդի կողմից անկախության շրջանում Հայաստանին ցուցաբերված մարդասիրական օգնությունը, չպետք է մոռանալ, որ այն երբեք չի գերազանցել մեր երկրի տարեկան բյուջեի երկու-երեք տոկոսը։ Իսկ սա, եկեք համաձայնենք, չնչին նպաստ է մի այնպիսի ծախսատար ծրագրի իրականացման գործին, ինչպիսին «ազգ-բանակի» կառուցումն է։ Անգամ եթե Հայաստանի ողջ տարեկան բյուջեն տրամադրվեր այդ ծրագրի իրականացմանը, դա նույնպես անբավարար կլիներ։
* * *
Այժմ անցնենք այն հարցին, թե ինչպիսի՞ պարտադրանքից է թելադրված «ազգ-բանակի» կառուցման հայկական ծրագիրը կամ, թե ո՞րն է դրա հղացման դրդապատճառը։ Ինչպես տեսանք, մոնղոլների պարագայում դրդապատճառը այլ երկրներ նվաճելու նրանց ձգտումն էր, իսկ միջնադարյան Շվեյցարիայի եւ ժամանակակից Իսրայելի դեպքերում՝ թշնամական միջավայրում սեփական ժողովուրդների անվտանգությունն ու պետականության գոյատեւումն ապահովելու խնդիրը։ Հայ ժողովրդի նվաճողական նկրտումների մասին ծիծաղելի է խոսել, եթե, իհարկե, նկատի չունենանք Բաքուն գրավելու, Արեւմտյան Հայաստանն ազատագրելու եւ ծովից-ծով Հայաստան ստեղծելու ցնորամիտ անուրջները։ Ինչ վերաբերում է «ազգ-բանակի» ստեղծման հարցում անվտանգության ու գոյատեւման անհրաժեշտությունից բխող պարտադրանքին, ապա շվեյցարական փորձը պետք է լիովին զանց առնել, որովհետեւ միջնադարն ավարտվել է, եւ պետությունների հարաբերություններն այսօր կարգավորվում են միջազգային իրավունքի բոլորովին այլ սկզբունքներով։ Թվում է, թե այս տեսակետից Հայաստանի խնդիրները համեմատելի են Իսրայելի խնդիրների հետ։ Իրոք համեմատելի են, սակայն լուրջ վերապահումներով։
Նշվեց արդեն, որ արաբա-իսրայելյան տեւական առճակատման հիմքը միջազգային իրավունքին հակասող այն իրողությունն է, որ արաբական երկրները հրաժարվեցին ենթարկվել Պաղեստինի բաժանման վերաբերյալ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1947թ. նոյեմբերի 29-ի ընդունած բանաձեւին եւ Իսրայելի անկախության հռչակման հաջորդ օրը պատերազմ հայտարարեցին վերջինիս։ Իսրայելին, հետեւաբար, այլ բան չէր մնում, քան ապավինել սեփական ուժերին եւ ձեռնամուխ լինել «ազգ-բանակի» կառուցման գործին։ Այսինքն Իսրայելը ոչ թե կամովին է հանգել այդ մտքին, այլ իսկզբանե պարտադրված է եղել դիմելու նման բացառիկ քայլի։ Ի դեպ, Եգիպտոսի ու Հորդանանի հետ հաշտության պայմանագրերի կնքումից եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո անգամ այդ պարտադրանքը չի վերացել, քանի որ 21 արաբական եւ իսլամական պետություններ, ՄԱԿ-ի կանոնադրության ոգուն հակառակ, այդպես էլ մինչ օրս Իսրայելի հանրապետությունը չեն ճանաչել, ինչը լրջագույն մտահոգության առարկա է շարունակում մնալ վերջինիս համար։
Իսկ այժմ տեսնենք, թե, անգամ բավարար ռեսուրսների առկայության պարագայում, ինչն է Հայաստանին ստիպում ընթանալ Իսրայելի որդեգրած ճանապարհով։ Ի տարբերություն Իսրայելի, Հայաստանը ճանաչված է ՄԱԿ-ի անդամ բոլոր պետությունների կողմից, բացառությամբ Պակիստանի։ Սահմանակից հարեւաններից միայն երկուսի՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ է, որ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ չունի։ Մյուս երկու հարեւանների՝ Վրաստանի ու Իրանի հետ իսկզբանե հաստատված են ջերմ բարեկամական հարաբերություններ, որոնք փոխշահավետության եւ աշխարհաքաղաքական նկատառումներով, ոչ միայն բնավ խաթարելի չեն, այլեւ խորացման ու ավելի արդյունավետ համագործակցության հեռանկար են ցուցանում։ Անկախությունից ի վեր Իսրայելը վեց լայնածավալ պատերազմներ է մղել իր չորս հարեւանների՝ Եգիպտոսի, Սիրիայի, Հորդանանի ու Լիբանանի դեմ (1948, 1956, 1967, 1973, 1982, 2006 թթ.), չհաշված Իրաքի միջուկային կենտրոնին հասցված օդային հուժկու հարվածը (1981թ.)։ Մինչդեռ Հայաստանը սահմանային ռազմական առճակատման մեջ է գտնվել միայն հարեւաններից մեկի՝ Ադրբեջանի հետ։ Այս առումով, իմիջիայլոց, տեղին է նշել, որ ներկայիս Հայաստանի վիճակը տարբերվում է ոչ միայն Իսրայելի, այլեւ Հայաստանի առաջին հանրապետության վիճակից, որն իր գոյության երկուսուկես տարիների ընթացքում պատերազմել է իր չորս հարեւաններից երեքի՝ Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի հետ։
Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հակասությունների վերացումն ու բարիդրացիական հարաբերությունների հաստատումը կախված են ընդամենը մեկ հարցի՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումից, որին մանրամասն կանդրադառնամ քիչ հետո։ Չպետք է անկարեւոր համարել այն իրողությունը, որ հակառակ այդ հարցում Ադրբեջանի հանդեպ Թուրքիայի ցուցաբերած անվերապահ քաղաքական աջակցությանը, վերջինս, շրջափակումից բացի, Հայաստանի դեմ որեւէ այլ թշնամական գործողություն չի ձեռնարկել եւ ոչնչով չի կարողացել խանգարել Ղարաբաղի տարածքային ընդարձակմանը։ Ավելին, գուցե պարադոքսալ հնչի, ցուցադրական աջակցությամբ մեծ հույսեր ներշնչելով ու դրանով անզիջողականության մղելով Ադրբեջանին, Թուրքիան որոշ առումով նույնիսկ նպաստել է արցախյան բանակի արձանագրած հաջողություններին։ Եթե, հակամարտության հարցում կողմերից մեկին աջակցելու փոխարեն, նա չեզոքություն պահպաներ ու դրանով Ադրբեջանին անզիջողականության չդրդեր, ապա Քելբաջարից հետո վերջինս չէր կորցնի իր տարածքի հավելյալ հինգ շրջանները։ Թուրքիայի ապակառուցողական միջամտությունն, այսպիսով, ոչ թե թուլացրել, այլ ավելի եւս սրել է Ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված լարվածությունը։
Ինչեւիցե, վերոշարադրյալից ակնհայտորեն հետեւում է, որ Հայաստանը զերծ է իր գոյությանն սպառնացող գրեթե բոլոր այն արտաքին վտանգներից, որոնք անկախության ավելի քան քառասուն տարիներին սպառնացել են Իսրայելին եւ այսօր էլ դեռ շարունակում են սպառնալիք մնալ։ Հետեւաբար, մեր երկիրը, անշուշտ ուշադրության կենտրոնում պահելով ազգային բանակի հզորացման անհրաժեշտությունը, ամենեւին պարտադրված չէ հետեւելու «ազգ-բանակի» կառուցման իսրայելյան օրինակին։ Արաբական եւ իսլամական աշխարհի հետ Իսրայելի ունեցած խնդիրների համեմատությամբ, Հայաստանի ու Ղարաբաղի խնդիրները շատ ավելի լոկալ ու լուծելի են։ Այդ պատճառով է, մասնավորապես, որ միջազգային հանրությունը դրանք առայժմ առաջնահերթություն չի դիտում։ Այս ամենից բացի, Իսրայելյան փորձի ընդօրինակումը խոցելի է նաեւ մի այլ՝ մեթոդաբանական առումով։ Ամենեւին պարտադիր չէ, որ որեւէ երկրում կիրառված արդյունավետ համակարգը կիրառելի լինի նաեւ ուրիշ երկրներում։ Չինական տնտեսական բարեփոխումների հրաշքն, օրինակ, կարող էր տեղի ունենալ միայն Չինաստանում։
Մի խոսքով, մեր պարագայում «ազգ-բանակի» կառուցման ծրագիրը ձախորդ, չմտածված, վտանգավոր ծրագիր է, որի միակ արդյունքը լինելու է արտագաղթի խթանումը եւ Հայաստանի ու Ղարաբաղի վերջնական հայաթափումը։ Տպավորություն է ստեղծվում, որ վարչախումբը մտադիր է «ազգ-բանակ» ծրագիրն իրականացնել նրա բաղադրիչներից մեկի՝ ազգի վերացման գնով։ Այսինքն՝ որոշ ժամանակ անց մենք գուցե հզոր բանակ ունենանք, բայց հարց է՝ ազգ մնացած կլինի, թե՞ ոչ։
* * *
Բնականաբար հարց է առաջանում. եթե, ինչպես տեսանք, Հայաստանն իր անվտանգ գոյությունը պահպանելու համար պարտադրված չէ դիմելու «ազգ-բանակի» ստեղծման ծայրահեղ քայլին, ապա այդ խնդիրն իր առջեւ դնելով, ի՞նչ նպատակ է հետապնդում մեր երկրի իշխանությունը։ Կարելի է, իհարկե, մտածել, եւ այդպես մտածողներ կան, որ «ազգ-բանակ» գաղափարի առաջքաշումը իշխող կուսակցության հերթական հայրենասիրախաղերից կամ նախընտրական փուչ կարգախոսներից մեկն է՝ «ազգովի դառնանք ֆիդայի», «համաշխարհային ազգ», «ազգ-կազմակերպություն», «ծովից-ծով Հայաստան», «Քուռ-Արաքսյան հանրապետություն», «ոչ մի թիզ հող», «համահայկական բանկ», «Գյումրին՝ տեխնոպարկ», «Դիլիջանը՝ ֆինանսական կենտրոն», «Ստամբուլը՝ արյան ծով» հեքիաթների շարքից։ Եթե այդպես է, ուրեմն «ազգ-բանակի» գաղափարն այնքան էլ վտանգավոր չէ, որովհետեւ նախորդ փուչիկների պես շուտով կպայթի։
Իսկ եթե վարչախմբի մտադրությունն այս անգամ լուրջ է, ապա անհրաժեշտ է հարցին անդրադառնալ նույնքան լրջորեն։ Շատ խելք պետք չէ հասկանալու համար, որ այդ գաղափարը ստատուս-քվոյի պահպանման միեւնույն ռազմավարությունն է՝ մատուցված ուրիշ փաթեթավորումով։ Այսինքն, մեր իշխանությանը հոգեհարազատ մարկետինգի տրամաբանությամբ՝ իր սնանկությունն ապացուցած, բարոյապես մաշված եւ սպառողին ձանձրացրած բրենդը փոխարինվել է մի այլ, ավելի գրավիչ ու բարեհունչ բրենդով։ Այլ կերպ ասած, դաս չքաղելով անցած 18 տարիների դառը փորձից, վարչախումբը որոշել է շարունակել Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հավերժ առճակատման տխրահռչակ քաղաքականությունը, որն այս կարճ ժամանակամիջոցում արդեն իսկ տնտեսական, սոցիալական, ժողովրդագրական ու բարոյահոգեբանական բազում ավերներ է գործել Հայաստանում եւ Ղարաբաղում։ Դա նշանակում է առնվազն եւս 18 տարի ենթարկվել այդ ավերներին, մինչեւ Հայաստանից ու Ղարաբաղից բան չմնա, եւ խնդիրն ինքնըստինքյան կորցնի իր ակտուալությունը։
Բազմիցս է ասվել, որ Հայաստանի ու Ղարաբաղի անվտանգության, տնտեսական զարգացման եւ ժողովրդագրական վիճակի բարելավման գլխավոր երաշխիքը Ղարաբաղյան հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն է։ Պարզվում է, սակայն, որ այս տարրական ճշմարտությունն ըմբռնելու համար 18 տարին էլ չի բավականացրել մեր իշխանություններին։ Իրականում խնդիրը մեկն է՝ Ղարաբաղի հարցի լուծումը, որից հետո հայ-թուրքական հարաբերությունները կկարգավորվեն ինքնաբերաբար։ Իսկ Ղարաբաղի հարցի լուծման այլ տարբերակ, քան փուլայինը, գոյություն չունի։ Այսօր բանակցությունների սեղանին, ըստ էության դրված է կարգավորման փոխզիջումային նույն առաջարկը, ինչ 1997 թվականին, այն է՝ որոշ տարածքների զիջման դիմաց Ղարաբաղին միջազգայնորեն ճանաչված միջանկյալ կարգավիճակ շնորհելու, իսկ վերջնական կարգավիճակի հարցը ապագային թողնելու տարբերակը՝ երաշխավորված ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում խաղաղապահ ուժերի տեղակայմամբ։
Արդի աշխարհում նվաճողի միջնադարյան իրավունքն ու ջունգլիների օրենքն այլեւս չեն գործում, եւ հակամարտությունների կարգավորման այլ տարբերակ, քան փոխզիջումը, գոյություն չունի։ Բանկօտտոմանյան կամ ոչմիթիզական մտածողություն ունեցող մեր անզիջողականների կողմից շատ սիրված Իսրայելի օրինակը նույնպես դա է ապացուցում։ Քեմփ-Դեվիդյան հաշտությունը կայացնելու համար վերջինս Եգիպտոսին վերադարձրեց շուրջ 60 հազար քառակուսի կիլոմետր զբաղեցնող Սինայի թերակղզին, իսկ Պաղեստինի Ազատագրության կազմակերպության կողմից իր պետությունը ճանաչելու դիմաց լիակատար ինքնավարություն շնորհեց արաբական Պաղեստինին, պատրաստ լինելով, որոշ խնդիրների լուծումից հետո, ճանաչել նաեւ նրա անկախությունը։ Դրանք դժվարին, ցավոտ փոխզիջումներ էին, հանուն որոնց կայացման Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթը եւ Իսրայելի վարչապետ Իցխակ Ռաբինը նույնիսկ կյանքով հատուցեցին։ Այնպես որ, եթե անհրաժեշտություն կա անպայման օրինակ վերցնելու Իսրայելից, ապա պետք է վերցնել ոչ թե «ազգ-բանակի», այլ «խաղաղություն այժմ (Peace now)» շարժման օրինակը։ Հակամարտությունների փոխզիջումային կարգավորման կանոնը «թույլատրված է» խախտել միայն գերտերություններին։ Այդ բանը չգիտակցող Սադդամ Հուսեյնը, զավթելով Քուվեյթը, կործանեց թե՛ իրեն, թե՛ իր երկիրը։
«Փոխզիջման այլընտրանքը պատերազմն է» պնդումը, ապացուցված պատմական անթիվ օրինակներով, վիճարկելի չէ։ Կարիք չկա նաեւ բացատրելու, թե ինչպիսի ողբերգական հետեւանքներ են ունենում պատերազմները։ Ոչ իսկ բուն պատերազմը, այլեւ նրա սպառնալիքն անգամ հղի է այդպիսի հետեւանքներով, որոնցից ամենացցունը զանգվածային արտագաղթն է։ Հայաստանը բնակչութչունից դատարկվում է ոչ այնքան սոցիալական ծանր պայմանների, աղքատության, արդարության բացակայության եւ կոռուպցիայի, որքան պատերազմի վերսկսման տեւական վտանգի պատճառով։ Սա միայն մեզ հատուկ երեւույթ չէ, եւ այդ առթիվ ամենեւին չպետք է բարդույթավորվել։ Մեր աչքի առջեւ, վերջին մի քանի տասնյակ տարիների ընթացքում, պատերազմի կամ դրա սպառնալիքի պատճառով միլիոնավոր մարդիկ են արտագաղթել նաեւ Վրաստանից, Ադրբեջանից, Իրաքից, Լիբանանից, Սիրիայից, Աֆղանստանից, Սուդանից, Ուկրաինայից եւ մի շարք այլ երկրներից։
* * *
Ղարաբաղյան հակամարտության այն հանգուցալուծմանը, որին Հայաստանը առավելագույն ջանքերի գնով կարող է հասնել ներկայումս, շատ ավելի շահեկան պայմաններով մենք կարող էինք հասնել դեռեւս 1998 թվականին։ Եթե դա տեղի ունեցած լիներ, ապա ոչ միայն կխուսափեինք անցած տասնութ տարիների անտեղի տառապանքներից ու կորուստներից, այլեւ այսօր կունենայինք բոլորովին մի այլ՝ ծաղկուն, մարդաշատ, զարգացող երկիր եւ ապահով Ղարաբաղ։ Ցավում եմ, որ այս պարզ ճշմարտությունները ժամանակին չհասկացվեցին իմ որոշ գործընկերների կողմից, եւ մենք կորցրեցինք հարցի լուծման հարմարագույն պահը։ Հուսով եմ, որ այս պնդումը կընկալեք ոչ թե որպես ոմանց ուղղված կշտամբանք, այլ որպես զգուշացում առ այն, որ եթե նորից ժամանակ կորցնենք, հետագայում ստիպված ենք լինելու հարցը լուծել ավելի վատ պայմաններով ու շատ ավելի թույլ վիճակում։ 1998 թվականի իշխանափոխության կործանարար հետեւանքների պատճառը պետք է փնտրել ոչ թե գործող անձանց փոփոխության, այլ քաղաքականության շարունակականության խաթարման մեջ։
Անցյալը մի կողմ դրած, ակնհայտ է, որ այսօր մենք կրկին կանգնած ենք Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հերթական պահը բաց չթողնելու հրամայականի առջեւ, ինչի վկայությունն են, մասնավորապես, վերջին շրջանում այդ ուղղությամբ Ռուսաստանի գործադրած լուրջ ջանքերը։ Մի առիթով ես ասել եմ, որ Ղարաբաղի հարցի լուծման բանալին գտնվում է Ռուսաստանի ձեռքում, եւ նրա այդ ջանքերն, արդ, գալիս են ապացուցելու տվյալ պնդման ճշմարտացիությունը։ Ընդ որում, Արեւմուտքը եւս, որի առաջնահերթությունների շարքում, ինչպես նշվեց, Ղարաբաղյան կարգավորումը տեղ չի գրավում, վստահաբար, ոչ միայն գիտակցում, այլեւ գնահատում է Ռուսաստանի առանձնահատուկ դերակատարությունն այդ հարցում։
Հայ Ազգային Կոնգրեսը, իր նախորդի՝ Հայոց Համազգային Շարժման պես, Հայաստանի միակ կուսակցությունն է, որը ոչ միայն երբեք չի թաքցրել, այլեւ բազմիցս հրապարակավ հայտարարել է փոխզիջման եւ խաղաղության կողմնակցի իր դավանանքը։ Հետեւաբար, ոչ միայն սկզբունքի տեսակետից, այլեւ իրավիճակի թելադրանքով Կոնգրեսն առաջիկա խորհրդարանական ընտրություններին պետք է մասնակցի սպառազինությունների մրցավազքի դադարեցման, նոր պատերազմի վտանգի բացառման, Ղարաբաղի հարցի լուծման, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման կառուցողական ծրագրով, որը բխում է ոչ թե մեր կուսակցության, այլ բացառապես Հայաստանի ու Ղարաբաղի ժողովրդի կենսական շահերից։ Այդ ծրագիրը, բնականաբար, հնարավոր է իրականացնել միայն ընտրություններում Կոնգրեսի հաղթանակի կամ Ազգային Ժողովում պատկառելի ներկայություն ունենալու պարագայում։
Սակայն, քանի որ ընտրությունները դեռ հեռու են ու դրանից հետո էլ, մինչեւ 2018թ. ապրիլը, Հայաստանում պահպանվելու է նախագահական համակարգը, անհրաժեշտ է հաշվի նստել այն հանգամանքի հետ, որ Ղարաբաղի հարցի լուծման պատասխանատվությունը եւս մեկուկես տարի դրված է լինելու Սերժ Սարգսյանի վարչակազմի եւ նրա հենարանը հանդիսացող կուսակցությունների վրա։ Մյուս քաղաքական ուժերը, այդ թվում Հայ Ազգային Կոնգրեսը, առայժմ, կարծիք արտահայտելուց բացի, գործընթացի վրա ազդեցության որեւէ այլ լծակ չունեն։ Դա չի նշանակում, անշուշտ, որ նրանք, եթե ոչ իրավական, ապա առնվազն բարոյական պատասխանատվություն չպետք է ստանձնեն եւ, ձեռքերը լվանալով, մի կողմ քաշվեն։ Մի այնպիսի համազգային խնդրի լուծման հարցում, ինչպիսին Ղարաբաղյան հակամարտությունն է, խաղաղության եւ հաշտության կողմնակից բոլոր կուսակցությունները, քաղաքացիական կազմակերպությունները եւ մտավորական խավերը պարտավոր են զորավիգ կանգնել օրվա իշխանություններին, անկախ նրանց նկատմամբ ունեցած վերաբերմունքից։ Արտաքին սպառնալիքի կամ ներքին կայունության խախտման վտանգի պարագայում մենք միշտ առաջնորդվել ենք այս սկզբունքով, ինչի վկայությունն է, մասնավորապես, հոկտեմբերի 27-ին, ապրիլյան պատերազմի ժամանակ եւ Սասնա ծռերի հետ կապված դեպքերի օրերին մեր դրսեւորած դիրքորոշումը։
Մյուս քաղաքական ուժերը կա՛մ անզիջողականներ ու ոչմիթիզհողականներ են, կա՛մ էլ, այդպիսին չլինելով, ազգադավ կոչվելու վախից, չեն համարձակվում Ղարաբաղի հարցում դիրքորոշում արտահայտել։ Հակառակ այն հանգամանքին, որ ոչմիթիզհողականներից շատերը հողերի ձեռքբերման հետ որեւէ կապ չեն ունեցել, իսկ որոշ մասը, Վարուժան Ավետիսյանի դիպուկ արտահայտությամբ, պարզապես զինվորի ու ազատամարտիկի արյան վրա ձեռք տաքացնողներ են, նրանց գոյությունն ամենեւին արտառոց չպետք է համարել։ Այդպիսի ծայրահեղական ուժեր կան անգամ զարգացած ժողովրդավարական երկրներում, այդ թվում, սույն ելույթում բազմիցս հիշատակված Իսրայելում։ Արտառոցն ու ապշեցուցիչը Հանրապետական կուսակցության եւ կոալիցիոն կառավարության ներկայացուցիչների պահվածքն է։ Այդ կուսակցության ոչ մի անդամ եւ պետական ոչ մի պաշտոնյա, լղոզված ու կցկտուր խոսքերից բացի, երբեւէ փոխզիջման վերաբերյալ հրապարակային հստակ հայտարարությամբ հանդես չեն եկել։ Հասարակությանը խաղաղության նախապատրաստելու եւ դրա ընդդիմախոսներին հակադարձելու գործում նրանք փաստորեն լքել, մենակ են թողել իրենց նախագահին։ Այնինչ դա պետք է լիներ ոչ թե Հայ Ազգային Կոնգրեսի, այլ առաջին հերթին, հենց իրենց գործը։ Պահն է, վերջապես, գիտակցելու, որ Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում հաջողության հասնելու համար Սերժ Սարգսյանին անհրաժեշտ է հանդես գալ ժողովրդի մեծամասնության, քաղաքական ուժերի եւ հասարակական կազմակերպությունների աջակցությունը վայելող առաջնորդի, եւ ոչ թե սեփական երկրի ներսում լուրջ խնդիրներ ունեցող թույլ ղեկավարի հանգամանքով։ Իսկ դրա համար ոչ թե պետք է էժանագին «հայրենասիրական» հոխորտանքներով թեւաթափ անել նրան, այլ, ընդհակառակը, խրախուսել կատարելու Ղարաբաղյան կարգավորման վճռական քայլը։ Այլապես, բանակցությունների ընթացքում նրա փաստարկների հետ ոչ ոք հաշվի չի նստի։
Ժողովուրդները, որպես կանոն, երախտագիտություն են հայտնում այն առաջնորդներին, ովքեր իրենց ոչ թե նույնիսկ հաղթական պատերազմ, այլ խաղաղություն են պարգեւում։ Այս իրողությունը հատուկ է ոչ միայն ժամանակակից աշխարհին, այլեւ խորապես գիտակցվել է անգամ միջնադարում։ Որքան էլ միջնադարյան հեղինակները գովերգեին իրենց թագավորների կամ սուլթանների զինական առաքինություններն ու քաջագործությունները, նրանց կողմից, այդուհանդերձ, ավելի բարձր էին դասվում այն պետական այրերը, որոնք խաղաղություն եւ բարօրություն էին պարգեւում իրենց ժողովուրդներին, թեկուզ դրանք նվաճված լինեին փոխզիջումների գնով։ Հայ իրականության մեջ այդ գաղափարը հստակորեն ձեւակերպել են մանավանդ XI–XIII դարերի հռչակավոր մատենագիրներ Արիստակես Լաստիվերտցին եւ Հովհաննես Երզնկացին։ «Թագաւորաց օրէն է աշխարհի խաղաղութիւն եւ շինութիւն հոգալ»,– գրում է Լաստիվերտցին։ Ի դեպ, միջին պարսկերենից փոխառված հայերեն «շէն» եւ ասորերեն «šaynā» արմատներից ածանցյալ «շինութիւն» եւ «mšaynūta» բառերն ունեն երկու իմաստ՝ «խաղաղություն» եւ «բարօրություն», ինչը նշանակում է, որ ժողովրդական լեզվամտածողության մեջ այդ երկու գաղափարները բացարձակապես նույնացվել են, արտացոլելով այն ըմբռնումը, որ եթե չկա խաղաղություն, բարօրություն լինել չի կարող (մանրամասն տե՛ս Լ. Տեր-Պետրոսյան, Խաչակիրները եւ հայերը, հտ. Բ, Երեւան, 2007, էջ 28–29)։ Սերժ Սարգսյանին, արդ, մնում է հետեւել մեր նախահայրերի իմաստությանը եւ անսալ ռացիոնալ քաղաքականության թելադրանքին, ինչը չի կարող ըստ արժանվույն չգնահատվել ժողովրդի կողմից։
* * *
Ելույթիս կապակցությամբ հնարավոր, ավելի ճիշտ, անխուսափելի չարախոսությունները կանխելու նպատակով, հարկադրված եմ նաեւ կատարել հետեւյալ երկու զգուշացումները.
Առաջին. Արտաքին սպառնալիքների դիմակայման եւ ներքին կայունության ապահովման հարցերում իշխանություններին զորավիգ կանգնելու մեր սկզբունքային դիրքորոշումն ամենեւին վարչախմբի հետ համագործակցություն չի նշանակում։ Մենք եղել ենք վերջինիս ամենախիստ, սկզբունքային ու հետեւողական քննադատն ու այսուհետեւ էլ չենք դադարելու այդպիսին լինել, կտրականապես բացառելով մաս կազմել հայ ժողովրդի գլխին անհամար աղետներ բերած Հանրապետական կուսակցության ձեւավորած որեւէ կոալիցիայի։ Գաղափարական, քաղաքական եւ բարոյական սկզբունքներով մենք միմյանցից բոլորովին տարբեր, հակոտնյա կուսակցություններ ենք, որոնց հարաբերությունները իշխանություն-ընդդիմություն ձեւաչափից այն կողմ չեն կարող անցնել։
Եւ երկրորդ. Ադրբեջանի ղեկավարությունը չարաչար սխալված կլինի, եթե այս ելույթի հաշտարար ոգին եւ հայ ժողովրդի խաղաղության ձգտումը թուլության նշան համարի ու ավելի եւս կոշտացնի իր դիրքորոշումը Ղարաբաղի հարցում։ Ապրիլյան պատերազմը, կարծում եմ, նրան ապացուցած պետք է լինի վտանգի պահին հայ ժողովրդի միավորվելու ու ցանկացած ոտնձգության հուժկու հակահարված հասցնելու կարողությունը։ Սեփական նախաձեռնությամբ սանձազերծված հաջորդ պատերազմում, երբ էլ այն պատահի, Ադրբեջանը, հաստատաբար, դառը պարտություն կկրի ու եւս մի քանի շրջան կկորցնի։ Իսկ թե դրանից հետո ինչ տեղի կունենա, միայն Աստծուն է հայտնի։ Հակառակ իր ռազմաշունչ հռետորաբանությանը, Իլհամ Ալիեւին ես համարում եմ ռացիոնալ մտածող պետական գործիչ, որն ընդունակ է համաչափ քայլ կատարել խաղաղության հաստատման նաեւ սեփական ժողովրդին խիստ անհրաժեշտ ուղղությամբ, ինչպես ժամանակին իմ «Պատերազմ, թե՞ խաղաղություն» հոդվածին ընդարձակ ելույթով ողջախոհաբար արձագանքեց իր հայրը՝ հանգուցյալ Հեյդար Ալիեւը։
Պատկերացնում եմ, թե այս ելույթից հետո ինչպիսի վայնասուն է բարձրանալու Հայաստանի քաղաքական ու տեղեկատվական դաշտում։ Մեզ բախտ է վիճակվելու կրկին ականատես լինել տգիտության, կարճատեսության, պոռոտախոսության շքեղ մի տոնահանդեսի։ Մենք արժանանալու ենք բազմազան մաշված պիտակների, եւ արդեն որերորդ անգամ մեզ գամելու են անարգանքի սյունին, ի հաստատումն հայ քաղաքական մտքի օրիգինալությունը բնորոշող հետեւյալ պարադոքսալ սիլլոգիզմի.
a. Զիջում ես մասը, մյուս մասը կարողանում ես պահպանել.
b. Ոչինչ չես զիջում, կորցնում ես ամեն ինչ.
c. Մասը պահողները հռչակվում են դավաճաններ. Ամեն ինչ կորցնողները կոչվում են հայրենասերներ։
Ինչո՞ւ ենք, ուրեմն, մեր անցավ գլուխը փորձանքի տակ դնում։ — Որովհետեւ Հայաստանում ճշմարտության երեսին ուղիղ նայող ուրիշ ուժ չկա։ Եթե մենք էլ մյուսների պես լռենք, ողջախոհության ճրագը մեր երկրում վերջնականապես կմարի։ Ուստի, անկախ այն բանից, թե մեզ ինչ պիտակներ կփակցնեն, ես Կոնգրեսին առաջարկում եմ խիզախաբար ընտրությունների գնալ «Խաղաղություն, Հաշտություն, Բարիդրացիություն» նշանաբանով։ Դա չի կարող հասկացողություն չգտնել ժողովրդի ճնշող մեծամասնության մոտ, որովհետեւ Հայաստանի ու Ղարաբաղի փրկության, ապահովության ու զարգացման այլ ճանապարհ գոյություն չունի։ Հեղինակավոր քաղաքագետների ու տնտեսագետների, այդ թվում, մեր հայրենակից Տարոն Աճեմյանի կողմից Հայաստանն արդեն իսկ դասվում է ձախողված պետությունների, այսինքն՝ Աֆղանստանի, Սոմալիի, Լիբիայի, Եմենի, Հարավային Սուդանի, Իրաքի եւ նմանատիպ այլ երկրների շարքին։ «Խաղաղություն, Հաշտություն, Բարիդրացիություն» նշանաբանի իրագործումը պատեհություն է ընձեռում կարճ ժամանակի ընթացքում դուրս գալու այդ դժբախտ ընկերակցությունից։ Հետեւաբար, Հայաստանի ու Ղարաբաղի հանրապետություններն իրավունք չունեն բաց թողնելու այդ պատեհությունը։ Իսկ ինչ վերաբերում է Հայ Ազգային Կոնգրեսի տվյալ պահի մարտավարությանը, ապա, իմ կարծիքով, ցանկալի կլիներ, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մենք մասնակցեինք այս նշանաբանի կամ քաղաքական պլատֆորմի շուրջ ձեւավորված դաշինքով։ Այդպիսի դաշինք կազմելու ցանկություն հայտնող կուսակցությունների առջեւ մեր դռները պետք է բաց լինեն։
Ավարտելով խոսքս, Ղարաբաղյան կարգավորման հարցում Կոնգրեսի դիրքորոշումն ավելի հստակեցնելու համար, չխուսափելով որոշ կրկնություններից, հարկ եմ համարում շեշտել, որ այդ դիրքորոշումը հիմնված է հետեւյալ առարկայական (օբյեկտիվ) ելակետերի վրա.
ա. Առանց այդ խնդրի լուծման Հայաստանը եւ Ղարաբաղը զրկված են ապահովության, զարգացման ու բարգավաճման որեւէ հեռանկարից. տասնութ տարին քիչ ժամանակ չէր, այդ բանն ըմբռնելու համար։
բ. Այլ լուծում, քան այն, ինչ դրված է բանակցությունների սեղանին, գոյություն չունի։ Պահը բաց թողնելու դեպքում հաջորդ լուծումը մեզ համար ավելի վատն է լինելու։
գ. Կարգավորման արդյունքում կողմերն իրենց հաղթող կամ պարտվող չպետք է զգան, այլապես երկարաժամկետ կտրվածքով նրանց հարաբերությունները հղի կլինեն հակամարտության վերականգնման մշտական վտանգով։
դ. Հայ Ազգային Կոնգրեսը, ինչպես արդեն նշվեց, կարծիք արտահայտելուց բացի, կարգավորման գործընթացի վրա ազդեցության այլ լծակ չունի։
ե. Հարցի լուծման պատասխանատվությունն ամբողջապես ընկած է իշխող վարչախմբի եւ նրա հենարանը հանդիսացող քաղաքական ուժերի վրա։ Ուզո՞ւմ են ականջալուր լինել մեր կարծիքին՝ շատ լավ, չե՞ն ուզում՝ մեղքը իրենց վիզը։
զ. Եթե մեր իշխանությունն ի զորու լինի հասնելու ավելի շահեկան, հաղթողական լուծման, մենք միայն կողջունենք դա եւ ներողություն կխնդրենք նրանցից։
է. Մենք հավասարապես ցավում ենք հակամարտության պատճառով ոչ միայն հայերի, այլեւ ադրբեջանցիների կրած անհամար տառապանքների համար եւ անկեղծորեն հավատում երկու ժողովուրդների խաղաղ համակեցությանն ու բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը։
Ելույթս գուցե դառը ստացվեց, բայց իմ նպատակը ոչ թե մարդկանց վհատեցնելն էր, այլ, ընդհակառակը, ազգին ներկայիս հեղձուկ իրավիճակից հուսադրիչ ու արժանապատիվ ելք ցույց տալը՝ ազգ, որի ուրախության ու հպարտության միակ առարկան այսօր Հենրիկ Մխիթարյանն է։