Դեկտեմբերի 14-ի Ազգային ժողովի արտահերթ նիստում շարունակվեց «Քրեական օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկումը: Ելույթով հանդես եկավ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Ելույթը ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի գործընկերներ՝ սակավաթիվ, բայց հետևողական: Ես, իհարկե, կարող եմ ձեզ մի քիչ զարմացնել, բայց պետք է ասեմ, որ քննարկելով ապօրինի հարստացման քրեականացման օրենքը, պետք է հայտարարեմ, որ «Հայ Ազգային Կոնգրեսը» այս օրենքի հեղինակն է և պահանջատերը: Դա իրականում երկար պատմություն է և միայն «100 քայլ» ծրագրին չի վերաբերում, որի մասին խոսեց հարգարժան պարոն Բագրատյանը, որի ղեկավարությամբ էլ մշակվեց «Հայ Ազգային Կոնգրեսի» «100 քայլ» ծրագիրը: Սա այո՛, այդ ժամանակներից սկսած բավականին երկար մի պատմություն է, և մենք շատ հետևողականորեն հետապնդել ենք այս հարցը: Ի սկզբանե համարել ենք, որ երկրում թալանին վերջ տալու գործիքներից կարևորագույնը սա է: Ինչո՞ւ, որովհետև հենց ժողովրդի աչքին է երևում այդ ամենը. բարձր պաշտոնատար անձինք դղյակներ են կառուցում, շքեղ մեքենաներ են քշում, դաչաներ, չգիտեմ ինչ հարստություններ ունեն, ունեցվածքներ արտասահմանում, բայց իրենք ամբողջ կյանքում ստացել են բավականին ցածր պետական աշխատավարձ, և արդեն միայն այդ անհամապատասխանությունը նրանց եկամուտների և ունեցվածքի միջև, կարծես թե, պետք է հիմք ծառայի, որ պետությունը, Դատախազությունը, իրավապահ մարմինները անհանգստանան, բայց չգիտես ինչու, որևէ մեխանիզմ անհանգստության համար մեր պետական համակարգում չի եղել:

Այս պատմության մեջ կուզեմ հիշեցնել մի դրվագ: 2013 թվականի մայիսին «Հայ Ազգային Կոնգրեսը» դիմեց Դատախազությանը՝ Տարոն Մարգարյանի հետ կապված խնդրով: Ի դեպ, կուզեի մի պարզաբանում տալ. քավ լիցի, մենք անձնական խնդիր Տարոն Մարգարյանի հետ չունենք, ուղղակի սա միակ դեպքն է, որ մեզ պաշտոնապես Դատախազությունը պատասխանել է, և ես այդ պատասխանը դեռ կկարդամ: 2013-ի մայիսին դիմեցինք Դատախազությանը Տարոն Մարգարյանի խնդրով, որովհետև իր եկամուտների և ունեցվածքի մեջ հայտնաբերվել էր մոտ 10 մլն դոլարի անհամապատասխանություն, որի համար նա ոչ մի ողջամիտ բացատրություն չուներ: Դատախազությունը մեզ մի շատ տարօրինակ պատասխան ուղարկեց. «Այս դիմումը ենթակա չէ քննարկման: Բովանդակային առումով այն հանցագործության կատարման մասին հաղորդման բնույթ չունի: Հիշատակված չէ որևէ տեղեկություն գույքը հանցավոր ճանապարհով ստացված լինելու, գույքի հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով որևէ արարք կատարելու մասին: Կատարված հանցագործության մասին Կոնգրեսի գրությունը որևէ տեղեկատվություն չի պարունակում, իսկ Քրեադատավարական օրենսգրքով և Վճռաբեկ դատարանի 2007-ի նախադեպային որոշմամբ՝ քրգործ կարող է հարուցվել կամ գործի հարուցումը մերժել հանցագործության հատկանիշներ մատնանշող տվյալների առկայության դեպքում»:

Այսինքն՝ Դատախազությունը մեզ ըստ էության ասաց, որ այստեղ որևէ հիմք չկա գործը քննելու համար՝ փակելով աչքերը այդ ակնհայտ և ոչնչով չբացատրվող անհամապատասխանության վրա: Մենք նաև մեր՝ 2013-ի նոյեմբերի «Համատարած և համակարգված կոռուպցիա Հայաստանում» հարցապնդման մեջ անդրադարձել ենք կոնկրետ 7 բարձրաստիճան պաշտոնյաների անուններին՝ նույնպես նշելով կոնկրետ արտահայտված անհամապատասխանությունը եկամուտների և ունեցվածքի միջև և, բնականաբար, կառավարությունից ստացել ենք մոտավորապես նմանատիպ պատասխան: Սա էր պատճառը, որ 2016-ի ապրիլին ներկայացրել ենք օրենքի մի նախագիծ, որով առաջարկում ենք, որ Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, եթե նման տեղեկություններ է ստանում, ապա իր եզրակացությունը ուղարկի Դատախազություն և նման դեպքերում գործին ընթացք կտրվի: 2016-ի մայիսի 14-ին հայտարարություն արեցինք, որով պահանջեցինք, որ վավերացվի ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ 20-րդ հոդվածը, որը վերաբերում է ապօրինի հարստացման կրիմինալիզացիային: Հայաստանը թեև վավերացրել է ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիան, բայց այս հոդվածը չի վավերացվել, այսինքն՝ վավերացվել է վերապահումով: Եվ պահանջեցինք, որ սա լինի և վերջապես բոլոր պաշտոնատար անձանց եկամուտները և ունեցվածքը ստուգվեն՝ այդ անհամապատասխանության առումով:

Ասեմ, որ դրական ենք գնահատում, որ գոնե այս տարբերակով իշխանությունները, ի վերջո, արձագանքեցին: Դա դեռ նախկին վարչապետի կողմից մշակված մի օրինագիծ էր և, բնականաբար, չենք կարող չասել, որ ապօրինի հարստացման քրեականացումը վատ քայլ է, բայց ես միանգամից պետք է ասեմ, որ դա լիովին չի համապատասխանում մեր սպասումներին: Այն ունի իր թերությունները: Մեկի մասին խոսեցի հարց ու պատասխանի ժամանակ. օրենքը ուժի մեջ է մտնում 2017-ի հունիսի 1-ից: Կներեք տիկին նախարար, Ձեր բացատրությունները համոզիչ չէին մեզ համար, ոչ մի բան չէր խանգարում օրենքն անմիջապես ուժի մեջ դնել, իսկ եթե հետո դրա համար պետք լինեին ինչ-որ գործիքներ, դրանք կարող էիք հետո բերել, բայց օրենքը սկսեր գործել, որովհետև միգուցե անգամ եթե փոխկապակցված անձանց հետ կապված գործիքներ չկան, գոնե կգործեր այն պաշտոնյաների առումով, ովքեր իրենց անունով են այդ հարստությունները կուտակել: Գոնե այդ գործիքը կունենայիք: Այնպես որ սա համոզիչ պատասխան չէր:

Բայց ավելի կարևոր է մեկ այլ բան. այն որ այս օրենքը ոչ թե հետադարձ ուժ չունի, այլ հետադարձ ազդեցության որևէ մեխանիզմ չի նախատեսում: Համաձայն ենք, որ եթե նոր հանցանք է սահմանվում, այն չի կարող հետադարձ ուժ ունենալ: Եթե այդ անհամապատասխանությունը եղել է անցյալում, զուտ այդ հանցանքի սահմանմամբ ոչ ոք չի կարող դատվել: Պետք էր նախատեսել որևէ այլ հետադարձ ազդեցության մեխանիզմ: Սա պարզ հանցանք չի, որ մենք նոր ենք սահմանում և նոր դառնում է հանցանք: Սա ոչ միայն հանցանք է, այլև այլ հանցանքի ցուցիչ է: Առնվազն եթե այս հանցանքը կա, նա պարունակում է իր մեջ պաշտոնական դիրքի չարաշահում և պետք է լիներ որևէ մի մեխանիզմ, որը ՀՀ դատախազությանը թույլ չտար ջրել մեր դիմումը ունեցվածքի և եկամուտների անհամապատասխանության մասին: Օրինակ՝ կարող ենք նախատեսել այսպիսի մի բան: Եկեք լիազորություններ տանք Էթիկայի հանձնաժողովին, որ նրանք և՛ լիազորություն, և՛ պարտավորություն ունենան հավաքել նման տեղեկություններ բոլոր պաշտոնատար անձանց մասին և եթե տեսնում են նման անհամապատասխանություն դրա մասին, եզրակացությունը ուղարկեն Դատախազություն: Դրանից հետո կարող ենք տեսնել, թե ինչպես Դատախազությունը կարող է չզբաղվել և չփորձի հասկանալ, թե ինչ է թաքնված այդ անհամապատասխանության ներքո: Սա այն պաշտոնատար անձանց դեպքում երբ անհամապատասխանությունը տեղի է ունեցել մինչև այս օրենքի ուժի մեջ մտնելը: Թե չէ այսպես ստացվում է, որ հայտարարում ենք ամնիստիա, այսինքն՝ մինչև 2017-ի հունիսը եթե շատ մեծ անհամապատասխանություն է առաջացել եկամուտի և ունեցվածքի միջև, այդ մարդիկ անձեռնմխելի են այնքան ժամանակ մինչև իրենց գործողությունները ապացուցող հանգամանքներ, տեղեկություններ չենք գտել, իսկ այն մարդիկ, ովքեր 2017-ից հետո են արել, այ դրանց կարելի է հանցագործության կոնկրետ ապացույցներ չգտնել, այլ հենց այդ անհամապատասխանությունը դարձնել նրանց պատժելու հիմք:

Սա աբսուրդ է մեր կարծիքով և առաջարկում ենք այս մեխանիզմը, իմ ասած կամ մեկ այլ ձևով, տարածել բոլոր պաշտոնատար անձանց վրա, ընդ որում՝ 1991 թվականից սկսած, որ ոչ ոք չկարծի, որ սա մենք չենք ուզում, որ վերաբերի մեզ: Ես Լևոն Տեր-Պետրոսյանի անունից ուզում եմ հայտարարել, որ ինքը պատրաստ է առաջինը անցնել այս ստուգումը: Թող փորձեն գտնել որևէ անհամապատասխանություն իր եկամուտների և ունեցվածքի միջև: Չեն գտնի: Բագրատյանի եկամուտների և ունեցվածքի միջև էլ որևէ անհամապատասխանություն չեն գտնի:  Այս օրինագիծը, իհարկե, առաջընթաց է: Մի բանով, որի համար մենք շատ երկար կռվել ենք, պայքարել ենք, բայց այսօր ստացել ենք մի բան, որը թեև առաջընթաց է, բայց դեռ բավարար չէ, և ես հայտարարում եմ, որ ՀԱԿ-ը իր նախընտրական ծրագրի ամենակարևոր քայլերից մեկը կհամարի հենց ապօրինի հարստացման քրեականացմանը հետադարձ ուժի մեխանիզմ գտնելը: Եվ 1991-ից բոլոր պաշտոնյաներին կստուգենք», – ասաց Լևոն Զուրաբյանը:

Նյութի աղբյուրը`Hayastan24.com

Pin It on Pinterest