Դեկտեմբերի 1-ից 3-ը Վարշավայում տեղի է ունեցել Եվրոպայում Դեմոկրատների և ազատականների դաշինք կուսակցության (ALDE) տարեկան հերթական համագումարը, որին մասնակցել է նաև ALDE անդամ հանդիսացող Հայ Ազգային Կոնգրեսի պատվիրակությունը:
Համագումարի շրջանակներում Կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը մի շարք հանդիպումներ են ունեցել ինչպես ALDE կուսակցության ղեկավար կազմի, այնպես էլ եվրոպական տարբեր հաստատությունների ներկայացուցիչների հետ:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրեն Միքայել Լինկի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, 4+4+4 բանակցությունների արդյունքում Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, մտքեր են փոխանակվել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի՝կողմից ՀՀ ԱԺ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացման հարցերի շուրջ:
ALDE կուսակցության նախագահ Հանս վան Բաալենի հետ հանդիպմանը քննարկվել են կուսակցության առաջիկա անելիքները, Հայաստանում և տարածաշրջանում ստեղծված իրավիճակն ու առաջիկա միջոցառումների հետ կապված հարցեր: Կոնգրեսի ներկայացուցիչները ALDE-ի նախագահին հրավիրել են դեկտեմբերի 17-ին կայանալիք Հայ Ազգային Կոնգրեսի համագումարին:
ALDE-ի փոխնախագահ, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Իլհան Քյուչուքի հետ հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել Կոնգրես-ALDE համագործակցության, Եվրոպական խորհրդարանի կողմից ՀՀ ԱԺ ընտրություններին ներկայացուցչական դիտորդական առաքելություն ուղարկելու հնարավորությունների վերաբերյալ:
ALDE Քաղաքական պատասխանատու Ֆիլիպ Հանսենի հետ քննարկմանը անրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին, Հայաստանում կայանալիք առաջիկա ընտրություններին Կոնգրեսի մասնակցության հարցերին: Պրն Հանսենը ներկայացրել է ALDE կուսակցության առաջնահերթությունները և պատրաստակամություն հայտնել աջակցել Կոնգրեսին՝ մի շարք ծրագրերի իրականացման հարցում: